Ազդարար (հանդես)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազդարար (այլ կիրառումներ)
«Ազդարար», Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվող հայկական պատմա-մշակութային, գրական-հասարակական հանդես, պարբերական։ Հայկական առաջին և Հնդկաստանի առաջին ոչ անգլերեն տպագիր պարբերականն է[1][2][3]։
Ազդարար | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 16, 1794 |
Հրատարակիչ | Հարություն Շմավոնյան |
Երկիր | Հնդկաստան |
Գրասենյակ | Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Լուծարվել է | մարտ 1796 |
Azdarar Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 16-ին։ «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար (տետրակ) յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։
Ազդարարը՝ հայ իրականության մեջ առաջին պարբերականը, լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում, 1794 թվականին հոկտեմբերի 16-ին, խմբագիրն է եղել քահանա Հարություն Շմավոնյանը, հրատարակվել է մինչև 1796 թվականը (18 համար), դադարել է նյութական դժվարությունների պատճառով։ Տպագրել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով։ Ազդարարը գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին։ Տպագրել է նաև բարոյախրատական բովանդակությամբ բանաստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդվածներ, իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։ «Ազդարարի» առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։ Շմավոնյանը թղթակցություններ էր ստանում Մադրասից, Կալկաթայից, Բասրայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, նաև նյութեր էր տպագրում Երևանից և Շուշիից։ Ազդարարի հրապարակախոսներից աչքի էր ընկնում Սեթ Մամյանը։ Ազդարարի գրական բաժնում տպագրվել է Հակոբ Սիմեոնյան Այուբյանցի Հեյդար խանի պատմությունը, Շմավոնյանը թարգմանել է նաև ամերիկացի մանկագիր Թովմաս Դեյի Փոքրիկ Ջեկի պատմությունը, Ադիսոնի Միրզայի տեսիլքը, Ստիլլի Սանտոն Բարսիսայի պատմությունը։ Տպագրել է նաև Խաչատուր Կեսարացու «Պատմութիւն պարսիցը»։
Վերահրատարակում
խմբագրել«Ազդարարի» թողարկումը վերսկսվել է 2007 թվականին, Կալկաթայում։ Այն լույս է տեսել ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։ Վերահրատարակվող «Ազդարարի» խմբագիրն է Մարտիկ Սարգսյանը։ Նոր «Ազդարարը» տարբեր բարեգործների կողմից հովանավորվող գունավոր հանդես է՝ բաղկացած 48 էջից[4][5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Kartar Lalvani (2016 թ․ մարտի 10). The Making of India: The Untold Story of British Enterprise. Bloomsbury Publishing. էջեր 383–. ISBN 978-1-4729-2484-1. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱԶԴԱՐԱՐ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
- ↑ «Վերահրատարակվում է «Ազդարարը»». Հայաստանի Հանրապետություն. 2007 թ․ դեկտեմբերի 26.
- ↑ Աղալարյան, Քրիստինե (2009 թ․ մարտի 27). «Վերահրատարակվում է «Ազդարար» հանդեսը». Հետք. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
Գրականություն
խմբագրել- Հանրագիտակ, Մշակույթի աշխարհ, Երևան, 2007, 220 էջ, ՀԳՄ հրատարակչություն
- Գալեմքյարյան Գ., Պատմութիւն հայ լրագրութեան, հ. 1, Վնն., 1893
- Լևոնյան Գ. Ջ., Հայոց պարբերական մամուլը, Ալեքսանդրապոլ, 1895
- Մխիթարյան Մ. Հ., Առաջին հայ պարբերականը, «ՊԲՀ», 1964, №4
- Գալեմքյարյան Գ., Պատմութիւն հայ լրագրութեան, հ. 1, Վնն., 1893
- Ավդալբեգյան Թ., Հայագիտական հետազոտություններ, Ե., 1969, էջ 233—42, 246—54
- Կարինյան Ա. Բ., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 1, Ե., 1956
Արտաքին հղում
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազդարար (հանդես)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 115)։ |