Ասմունք
Ասմունք, ասմունքը հիմնված է հնչերանգային (ինտոնացիոն) հենքի և ստեղծագործության հուզական բովանդակության վրա, իսկ նյութը հիմնականում էպիկական և քնարական ստեղծագործություններն են, որոնք ներկայացվում են դրամատիկական-թատերային արտահայտչամիջոցներով։ Ասմունքի արվեստը ձևավորվել է հնագույն ժամանակներում, երբ դեռևս հստակ բաժանված չէին հեղինակի և կատարողի գործողությունների շրջանակները։ Արվեստի այդ տեսակը Հին Հունաստանում ներկայացնում էին աեդոսներն ու ռապսոդները, միջնադարյան Եվրոպայում՝ ժոնգլյորներն ու տրուբադուրները, Հին Ռուսիայում՝ սկոմորոխները, հին Հայաստանում՝ վիպասաններն ու գուսանները։ Հեթանոսական շրջանում և միջնադարում հայ ժողովրդական ավանդավեպերը մշակել և կատարել են վիպասանները, իսկ գուսանները ոչ միայն կատարել, այլև ստեղծագործել են։ Գրականության զարգացմանը զուգընթաց՝ ասմունքը դրսևորվել է նաև որպես զուտ կատարողական արվեստ։
Գրական երկերի կատարումներով հանդես են եկել նշանավոր դերասաններ Էլիզ Ռաշելը, Վիրգինիա Դեժազեն (Ֆրանսիա), Յոզեֆ Կայնցը (Ավստրիա), Հենրի Իրվինգը (Անգլիա), Պավել Մոչալովը, Միխայիլ Շչեպկինը, Արկադի Ռայկինը (Ռուսաստան), Պետրոս Ադամյանը, Ազնիվ Հրաչյան, Վերգինե Գարագաշյանը (Հայաստան) և ուրիշներ։ Նոր և նորագույն ժամանակներում հայ ասմունքի ճանաչված ներկայացուցիչներից են Ստեփան Քափանակյանը, Արուս Ոսկանյանը, Հայկուհի Գարագաշը, Թամար Դեմուրյանը, Հրաչուհի Ջինանյանը, Խորեն Աբրահամյանը, Վլադիմիր Աբաջյանը, Շահում Ղազարյանը, Սուսաննա Գաբրիելյանը, Արթուր Ութմազյանը, Սիլվա Յուզբաշյանը և ուրիշներ։ Ասմունքի ամենանշանավոր հայ վարպետը Սուրեն Քոչարյանն է. նա է ստեղծել «Մեկ դերասանի թատրոնը»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասմունք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 567)։ |