Եդոմացիները Եդոմի երկիրը բնակեցնող սեմական էթնիկ խումբ։ Ըստ Աստվածաշնչի (Ծննդ. 25:30) նրանք համարվում են Հակոբի երկվորյակ եղբայր Եսավի ժառանգները, ում կոչում էին նաև Եդոմ (եբրայերեն՝ אֱדוֹם‎ [Է՛դոմ, այսինքն՝ կարմիր], հին հունարեն՝ Ἰδουμαία [Իդումայա], լատին․՝ Idumaea [Իդումէա])[1]։ Ըստ Աստվածաշնչի՝ հրեաներն ու եդոմացիները երկու երկվորյակ եղբայրներից սերած ժողովուրդներ են։

Եդոմացիների անունը հանդիպում է ասորական հուշարձանների վրա, որտեղ այն սեպագիր լեզվով կարդացվում է որպես «ուդումի» կամ «ուդում»։ Նրանք ապրում էին Նեգևում և Հյուսիսային Սինայում, խոսում էին եդոմական լեզվով։ Երկրորդ Օրինաց գիրքը հատկապես ընդգծում է եդոմացիների և հրեաների փոխհարաբերությունները (Բ Օրինաց 23։7)։ Եդովմացիների կազմում առանձին խումբ էին կազմում ամաղեկացիները։

Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ եդոմացիները որպես ազգություն գոյություն են ունեցել Ք.ա. առնվազն 11-րդ դարից սկսած ու դադարել են գոյություն ունենալ Հռոմեական Կայսրության կողմից վարված Հրեական Պատերազմների ժամանակաշրջանում՝ Ք.հ. 66-135 թվականներին[1]։

Պատմություն

խմբագրել
 
Պետրա, Հորդանան

Ծաղկման շրջանում եդոմացիներն այնքան ուժեղ էին, որ կարող էին կազմել մինչև 20000 հոգանոց բանակ։ Նրանք խորթ չէին մշակութային զարգացմանը, ինչպես ցույց են տալիս իրենց տարածաշրջանի բազմաթիվ քաղաքների ավերակները՝ տաճարներով ու դամբարաններով։ Եդոմեայի մայրաքաղաքն էր Պետրան, որը այժմյան Հորդանանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։

Եդոմացիներին հպատակեցրեց Դավիթ արքայի բանակը՝ Հովաբի գլխավորությամբ՝ ըստ ավանդական ժամանակագրության, մոտ 10-րդ դարի կեսերինմ.թ.ա.։ Եդոմացիների մի մասը փախել է Եգիպտոս և ընդունել փարավոնի կողմից քաղաքացիություն Փառանի երկրում։ Եդոմացի արքայազն Ադերը ամուսնացել է փարավոնի կնոջ քրոջ հետ։ Դավիթ արքայի մահից հետո Ադերը վերադարցել է իր երկիրը[2]։ Արդյունքում Եդոմեայի անկախությունը կորավ, և նրանք դարձան Իսրայելի հարկատուն մինչև Հուդայի թագավորության ղեկավար Հովրամի իշխանությունը[3][4], երբ Եդոմեան նորից անկախացավ։

Բաբելոնացիների հետ եդոմացիները մասնակցել են Երուսաղեմի պաշարմանը և կործանմանը՝ մ.թ.ա. 586 թվականին։ Մինչև մ.թ.ա. 6-րդ դարի վերջը նրանք գրավեցին հարավային Իսրայելի մի մասը։

Մ.թ.ա. III դարի վերջին Նաբաթեական թագավորության ձևավորմամբ՝ Եդոմեայի տարածքի մեծ մասը մտավ նրա կազմի մեջ։

Մ.թ.ա. 2-րդ դարի վերջին արևմտյան եդոմացիներին նվաճվեց և ստիպեց հուդայականություն ընդունել Հրեաստանի թագավոր Հասմոնյան դինաստիայի Հովհաննես Հիրկանոս I-ը։

 
Հերովդես I Մեծ

1-ին դարում մ.թ.ա ազգությամբ եդոմացի Հերովդեսը Հռոմի որոշմամբ կառքվեց Հրեաստանի թագավոր Հերովդես I Մեծ։ Նա բնաջնջեց Հասմոնյան տոհմը և հիմնեց նոր իշխող դինաստիա։

Նրանք վերջնականապես լքեցին պատմական ասպարեզը հռոմեացիների կողմից Երուսաղեմի կործանումից (մ.թ. 70թ.) և շրջակա տարածքները հռոմեական գավառների վերածելուց հետո։

106 թվականին Եդոմեան կորցրեց վասալ թագավորության կարգավիճակը, նրա տարածքի զգալի մասը մտավ հռոմեական Արաբիա նահանգի կազմի մեջ։ Դրանից հետո նրա պետականությունն այդպես էլ չվերականգնվեց, իսկ Եդոմիա անունը դադարեց գոյություն ունենալ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Եդոմ և Եդոմացիներ – Հանրագիտարան – Mashtoz.org». mashtoz.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. Գ Թագավորներ 11:14-25.
  3. Բ Թագ. 8.
  4. Բ Մնացորդաց 21:8-10.
  NODES