Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թուրքմենստան (այլ կիրառումներ)

Թուրքմենստան, պետություն Ասիայում։ Սահմանակից պետություններն են Ղազախստանը, Ուզբեկստանը, Աֆղանստանը և Իրանը։ Ընկած է Կասպից ծովի և Ամուդարյա գետի միջև, ըստ որում՝ Թուրքմենստանի կազմի մեջ են մտնում կասպիցծովյան մի քանի մանր կղզիներ։ Անապատների և օազիսների երկիր է։ Տարածքի մեծ մասը գրավում է Կարակում անապատը։ Հարավում Իրանի սահմանով ձգվում են Թուրքմենախորասանյան և Կոպետդաղի լեռները։

Թուրքմենստան
Türkmenistan
Թուրքմենստանի դրոշ
Դրոշ
Թուրքմենստանի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Անկախ, չեզոք Թուրքմենստանի ազգային հիմն
Թուրքմենստանի դիրքը
Թուրքմենստանի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Աշգաբադ
37°58′N, 58°20′E
Պետական լեզուներ Թուրքմեներեն
Շրջանային լեզուներ Ռուսերեն, Ուզբեկերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
 -  Թուրքմենիստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդով
Անկախություն Սկսած ԽՍՀՄ-ից 
 -  Հայտարարված Հոկտեմբերի 27, 1991 
 -  Հաստատված Դեկտեմբերի 8, 1991 
Տարածք
 -  Ընդհանուր 488,100 կմ²  (52-րդ)
 -  Ջրային (%) 4.9
Բնակչություն
 -  Դեկտեմբեր 2006 նախահաշիվը 5,110,023  (113-րդ)
 -  Խտություն 9.9 /կմ² (208-րդ)
25.6 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $45.11 բիլիոն (86-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $8,900 (95-րդ)
ՄՆԶԻ (2003) 0.738 (միջին) (97-րդ)
Արժույթ Թուրքմենական մանաթ (TMM)
Ժամային գոտի TMT (ՀԿԺ+5)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+5)
Ազգային դոմեն .tm
Հեռախոսային կոդ +993

Անվանում

խմբագրել

Անվանումը ստացել է թուրքմեն ժողովրդի անունից[1]։

Պատմություն

խմբագրել

Հնագույն շրջան

խմբագրել

Թուրքմենստանի տարածքում մարդիկ բնակվել են դեռևս հին քարի դարից։ Նոր քարի դարի մշակույթի հետքեր հայտնաբերվել են Զեյթունում և Չոբան-թեփեում։ Նախնադարյան համայնական կարգերի քայքայմանը մեծապես նպաստել է հողագործության մեջ արհեստական ոռոգման կիրառումը։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակում առաջացել են առաջին քաղաքները և պետական միավորումները, ձևավորվել Թուրքմենստանի հնագույն ժողովուրդները, զարգացել են ստրկատիրական հարաբերությունները։ Տարածվել է զրադաշտականությունը։ Մ. թ. ա. 7-րդ դարում Թուրքմենստանի տարածքի մի մասը մտնում էր Միդիայի, 6-4-րդ դարերում՝ Աքեմենյանների պետության մեջ։ Մ. թ. ա. 4-րդ դարի վերջին Թուրքմենստանը գրավեցին Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը, իսկ մ. թ. ա. 3-րդ դարի կեսին նախալեռնային գոտում առաջացավ Պարթևական թագավորությունը։ Մ. թ. 224 թվականին Պարսից Սասանյանները գրավեցին Հարավային Թուրքմենստանը։ 6-րդ դարի կեսին Թուրքմենստանում հայտնվեցին թուրքալեզու ցեղեր, որոնք թուրքացրին տեղական քոչվոր բնակիչներին։ 7-րդ դարի կեսին Թուրքմենստանը գրավեցին արաբները, բնակչությունը բռնի իսլամացվեց։ Արաբների դեմ բռնկվեցին ապստամբություններ։

Միջին դար

խմբագրել

IX—X դդ. Թուրքմենստանը մտնում էր Սամանյանների պետության մեջ։ Այս շրջանում զարգանում էին հողի սեփականության ֆեոդալական ձևերը։ 1040—1157 թվականներին Թուրքմենստանը գտնվում էր սելջուկյան պետության կազմում։ XIII դ. ընկավ խորեզմշահերի, իսկ 1219—1221 թվականներին՝ թաթար-մոնղոլների իշխանության տակ։ Երկիրն ավերվեց, բնակիչները գաղթեցին դեպի Բալխաշ։ 1357—1359 թվականներին թուրքմենները ապստամբեցին մոնղոլ կառավարիչների դեմ։ Հուլավյան դինաստիայի անկումից և Օսկե Հորդայի թուլացումից հետո Թուրքմենստանը մտավ Լենկթեմուրի պետության մեջ։ XVI—XVII դդ. գտնվում էր Իփվայի, Բուխարայի խանությունների, Իրանի Սեֆյան շահերի իշխանության տակ։ XVII—XVIII դդ. թուրքմենների մի մասը գաղթեց Ռուսաստան և բնակվեց Հյուսիսային Կովկասում։ 1869 թվականին ռուսները հիմնեցին Կրասնովոդսկը։ 1882 թվականին Թուրքմենստանի տարածքում կազմավորվեց Անդրկասպյան մարզը։ Ռուսաստանին միանալով՝ Թուրքմենստանում վերջացան միջֆեոդալական և արտաքին պատերազմները։ Թուրքմենստանը ներքաշվեց ռուսական կապիտալի տնտեսապես զարգացման ոլորտը։

Նորագույն շրջան

խմբագրել

1917 թվականին, Փետրվարյան հեղափոխությունից հետո, Թուրքմենստանի քաղաքներում ստեղծվեցին բանվորական դեպուտատների սովետներ։ 1917—1918 թվականների ձմռանը սովետական իշխանություն հաստատվեց Անդրկասպյան մարզում, 1918 թվականի ապրիլի 30-ին ՌՍՖՍՀ-ի կազմում հռչակվեց Թուրքեստանի ԻՍՍՀ։ 1918 թվականին Անդրկասպյան շրջանը գրավեցին անգլիական օկուպանտները, որոնք սեպտեմբերի 20-ին Անդրկասպյան ավազուտներում գնդակահարեցին Բաքվի 26 կոմիսարներին։ 1919 թվականի մայիսի 17-ին սկսվեց կարմիր բանակի զորամասերի հակահարձակումը։ Սովետական իշխանությունը Մերձկասպյան շրջանում վերականգնվեց։ 1920 թվականին կազմավորվեցին հորեզմի ժողովրդական Սովետական Հանրապետությունը և Բուխարայի ժողովրդական Սովետական Հանրապետությունը, որոնց կազմում թուրքմեններով բնակեցված տարածքները մնացին մինչև 1924 թվականը։ Քաղաքացիական պատերազմը քայքայեց երկրամասի տնտեսությունը, դադարեց նավթի հանույթը։ Շարքից դուրս եկավ Անդրկասպյան երկաթուղին, կրճատվեցին ցանքատարածությունները։ 1920—1923 թվականներին Թուրքմենստանում անցկացվեց առաջին հողաջրային ռեֆորմը, որը կարևոր նշանակություն ունեցավ ագրարային հարցի լուծման համար։ 1924 թվականին տեղի ունեցավ Միջին Ասիայի ազգայինպետական բաժանումը։ 1925 թվականի փետրվարի 20-ին կազմավորվեց Թուրքմենական ՍՍՀ, որը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ։ 1925—1927 թվականներին կատարվեց հողա-ջրային երկրորդ ռեֆորմը, որը վերջ տվեց նահապետական ֆեոդալական մնացուկներին հողօգտագործման մեջ։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին ստեղծվեցին ժամանակակից արդյունաբերության հիմքերը։ իրականացվեց կուլտուրական հեղափոխությունը։ Աճեց բանվոր դասակարգի թիվը։ Սկսվեց գյուղատնտեսության կոլեկտիվացումը։ Թուրքմենստանը վերածվեց ինդուստրիալ-ագրարային սովետական սոցիալիստական հանրապետության՝ զարգացած արդյունաբերությամբ, մեքենայացված գյուղատնտեսությամբ։ Ձևավորվեց թուրքմենական սոցիալիստական ազգը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941—1945) հանրապետությունը մեծապես օգնեց ռազմաճակատին (նավթ, բամբակ, պարեն)։ 19 հազար մարդ արժանացան ԽՍՀՄ շքանշանների և մեդալների, 78-ը՝ Սովետական Միության հերոսի կոչման։ Հետպատերազմյան տարիներին է՝ լ ավելի զարգացավ արդյունաբերությունը, հատկապես նավթի և գազի հանույթը, Էներգետիկան, բարձրացավ ժողովրդի կուլտուրական մակարդակը։ 304 մարդ արժանացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։

Աշխարհագրություն

խմբագրել

Թուրքմենստանը միջինասիական հանրապետություններից ամենահարթավայրայինն է։ Գտնվում է Թուրանի դաշտավայրի հարավ-արևմուտքում։ Հարավում բարձրանում են Կոպետդաղի լեռները և Պարոպամիզի հյուսիսային ճյուղավորությունները՝ Բադխիզ (1267 մ) և Կարաբիլ (984 մ)։ Կասպից ծովի ափերը հարավում թույլ են կտրտված, հյուսիսում առաջացնում են Կարա-Բողազ-Գյոլ, Կրասնովոդսկի, Թուրքմենական ծոցերը և Կրասնովոդսկի, Չելեքեն թերակղզիները։ Կան կղզիներ։ Հարավում, Կոպետդաղից հյուսիս-արևմուտքում, ձգվում են Փոքր Բալխան (777 մ) լեռնաշղթաները։ Արևմուտքում է Կրասնովոդսկի սարավանդը (308 մ)։ Տարածքի հարթավայրային մասը զբաղեցնում է Կարակումքի անապատը։ Թուրքմենստանի հարավային շրջանները աչքի են ընկնում բարձր սեյսմիկությամբ։

Օգտակար հանածոներ

խմբագրել

Կարևոր օգտակար հանածոներն են նավթը և գազը։ Կան աղերի հարուստ պաշարներ, բազմամետաղների, սնդիկի, ծծմբի, բենթոնիտի, օզոկերիտի, շինանյութերի հանքավայրեր, հանքային աղբյուրներ։

Կլիման խիստ ցամաքային է, չոր, արեգակնային ինտենսիվ ճառագայթումով։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում —5 °C-ից մինչև 4 °C է, Ատրեկի ստորին հոսանքի շրջանում, բացարձակ նվազագույնը Տաշաուզի մարզում —32 °C է, Կասպից ծովի հարավային սոիին՝ —10,3 °C, հուլիսինը՝ հյուսիսում 28 °C է, հարավում՝ 34 °C, բացարձակ առավելագույնը՝ 50 °C: Տարեկան տեղումները հյուսիսում 80 մմ են, Կարակումներում՝ 80—150 մմ, նախալեռներում՝ 200—300 մմ, լեռներում՝ մինչև 400 մմ։

Ներքին Ջրեր

խմբագրել

Խոշոր գետերն են Ամուդարիան, Մուրղաբը, Թեջենը և Ատրեկը։ Կան աղի և քաղցրահամ լճեր։

Անապատներում տարածված են ավազուտներն ու անապատային հողերը, ցածրադիր վայրերում՝ աղուտներն ու թակիրները, հանրապետության մյուս շրջաններում՝ մոխրահողերը, լեռնային շագանակագույն և ալյուվիալ-մարգագետնային հողերը։ Անապատներում աճում են սաքսաուլ, կանդիմ, չերքեզ, ավազուտային ակացիա, աստրագալներ, լեռներում՝ փետրախոտ, բարձրադիր վայրերում՝ նոսր անտառներ, պիստակենու պուրակներ, գետահովիտներում՝ տուգայան բուսականություն։

Կենդանական աշխարհ

խմբագրել

Անապատներում շատ են կրծողները, կան ջեյրան, բարխանային կատու, գայլ, սողուններ։ Սաներում հանդիպում են ընձառյուծ, վայրի խոյ, բեզուարյան այծ, թռչուններ, գետահովիտներում՝ վարազ, շնագայլ, բուխարական եղջերու, ջրլող թռչուններ։ Հիմնվել են Կրասնովոդսկի, Բադխիզի, Ռեպետեկի, Կելիֆի և Կոպետդաղի արգելավայրերը։ Գետահովիտներն ու դելտային մասերը վերածվել են կուլտուրական լանդշաֆտի, որը Թուրքմենստանի գյուղատնտեսական հիմնական շրջանն է։

Բնակչություն

խմբագրել

Հիմնական բնակիչները թուրքմեններն են (85%[2]), բնակվում են նաև ուզբեկներ (5%[2]), ռուսներ (4%[2]) և այլազգիներ (6%[2])։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 5,7 մարդ է (2014)։ Քաղաքային բնակչությունը կազմում է 50%[3]։ Գլխավոր քաղաքներն են՝ Աշգաբադը (նախկինում՝ Աշխաբադ), Չարջոուն, Տաշաուզը, Մարին, Թուրքմենբաշին (նախկինում՝ Կրասնովոդսկ)։

Տնտեսություն

խմբագրել

Թուրքմենստանը ինդուստրիալ-ագրարային հանրապետություն Է՝ բազմաճյուղ արդյունաբերությամբ և մեքենայացված գյուղատնտեսությամբ։ Մտնում է Միջինասիական տնտեսական շրջանի մեջ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 1975 թվականին, 1940 թվականի համեմատությամբ, ավելացել է 10 անգամ։ Թուրքմենստանը աչքի է ընկնում նավթի, բնական գազի, քիմիական հումքի հանույթով և վերամշակմամբ, մեքենաշինական և տեքստիլ արդյունաբերությամբ, բամբակի, կարակուլի, մետաքսի, բրդի արտադրությամբ։ Զարգացած է թեթև և սննդի արդյունաբերությունը, գորգերի արտադրությունը։ Միութենական մյուս հանրապետություններ է արտահանում նավթ, նավթամթերքներ, գազ, բամբակ, մետաքս, կարակուլ, գորգեր, նատրիումի սուլֆատ, ծծումբ, յոդ, բրոմ, բենթոնիտ, կաբել, նավթահան պոմպեր, ցեմենտ, սուպերֆոսֆատ։ Ներմուծում է սև մետաղներ, մեքենաներ և սարքավորումներ, հաց, անտառանյութ, հանքային պարարտանյութեր։ Արտադրանքը արտահանվում է արտասահմանյան 50 երկիր։ Արդյունաբերության ճյուղերից առաջատարներն են՝ Էներգետիկան, գազի, նավթի, քիմիական, մեքենաշինական, թեթև, յուղի, գինեգործական, շինանյութերի արդյունաբերությունը։ Նավթահանքերը և նավթավերամշակող արդյունաբերությունը տեղաբաշխված են Կրասնովոդսկի մարզում։ Կառուցվել են Վիշկա-Կրասնովոդսկ, Չելեքեն—Կրասնովոդսկ և այլ նավթամուղներ։ Բնական գազի գործող հանքավայրերից են Աչակը, Նաիպը, Շատլիկը։ 1969 թվականին շարք է մտել Մայսկոյե—Աշխաբադ—Բեզմեին գազամուղը։ 2014 թվականին Թուրքմենստանը արտադրել է 22.3 միլիարդ կվտ/ժ էլեկտրաէներգիա[4]։ Քիմիական արդյունաբերությունը թողարկում է յոդ, բրոմ, նատրիումի սուլֆատ, գլաուբերյան աղ, սուպերֆոսֆատ, ծծմբաթթու, ֆտորային ալյումին։

Առողջապահություն

խմբագրել

2014 թվականին 1000 բնակչին ծնունդը կազմել է 19,4[5], մահացությունը՝ 6,13[5]: 1974 թվականին գործել են 270 հիվանդանոցային հիմնարկ՝ 25,8 հզ. մահճակալով (10 մահճակալ 1000 բնակչին), կանանց և մանկական 212 կոնսուլտացիա։ Ծննդատներում մահճակալների թիվը կազմել է 2957։ Աշխատել են 6,6 հզ. բժիշկ (1 բժիշկ 388 բնակչին), 19,2 հզ. միջին բուժաշխատող։ Բժիշկներ են պատրաստում Թուրքմենական բժշկական ինստիտուտը (Աշխաբադ), միջին բուժաշխատողներ՝ բժշկական միջնակարգ 4 հաստատություններ։ Գործում են մեծահասակների 12 առողջարան ու պանսիոնատ՝ 3,2 հզ. մահճակալով, մանկական 6՝ 1,6 հզ. մահճակալով։ Առողջարաններից հայտնի են Բայրամ-Ալին, Ֆիրյուզան, Արչմանը, Մոլլակարան։

Գրականություն

խմբագրել

Ժողովրդական բանավոր ստեղծագործությունը և գրականությունը սկզբնավորվել է վաղ անցյալում։ Ժողովրդական չափածո ստեղծագործությունը եղել է թուրքմենական գրականության կարևորագույն աղբյուրներից մեկը։ Հատուկ ժանր են հեքիաթները, աղջկական երգերը՝ լյալեները, հանելուկները, առակներն ու ասացվածքները։ Հին և միջնադարյան գրականությունը գրվել է պարսկերենով և արաբերենով։ Աչքի են ընկել բանաստեղծ-զորավարներ Բուրխանեդդին Սիվասին, Մուհամեդ Բայրամ խանը և նրա որդի Ռահիմ խանը, բանաստեղծ Բարխուդար Թուրքմենը։ Ժողովրդին հասկանալի լեզվով գրականությունն սկսել է զարգանալ XVIII դ.: Դասական շրջանի առաջին բանաստեղծը Դովլեթմամեդ Ագադին է (1700—1760)։ Նրա «Ազատ քարոզ» չափածո պոեմ-տրակտատը թուրքմենական գրականության եզակի ստեղծագործություններից է, որտեղ արտացոլված են առաջավոր գաղափարներ։ Թուրքմենական դասական գրականության և գրական լեզվի հիմնադիրն է բանաստեղծ Մահթումկուլին (1733—1783). ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է, նրա իրավունքները, մարդկանց փոխհարաբերությունները։ XVIII—XIX դդ. եղել են թուրքմենական գրականության ծաղկման շրջան։ Այդ ժամանակ են ապրել ու ստեղծագործել Անդալիբը (1710—1770), Շեյդաին (1730—1800), Մագրուպին (1735—1805), Մոլլանեպեսը (1810—1862), Կեմինեն (1770—1840), Սեյդին (1775—1836), Զելիլին (1785—1846), Մյատաջին (1822—1884) և ուրիշներ, որոնք գրել են ժողովրդին մատչելի լեզվով։

Ճարտարապետություն

խմբագրել

Պահպանվել են մ. թ. ա. VI—V հազա րամյակների ճարտարապետական հուշարձանների մնացորդներ։ Հնագիտական պեղումներով հաստատվել Է, որ կառույցներում կիրառվել են խոշոր ուղղանկյուն հում աղյուս, թաղեր, պատերի և հատակի կավե սվաղ։ Կառուցապատված քաղաքներում կիրառվել է թրծված աղյուս, ձևավոր շարվածք երկրաչափական նախշազարդում։ Կառուցվել են գեղեցիկ խճանկար երեսպատումով դամբարաններ, մզկիթներ, քարվանսարաներ, մինարեթներ։ Գեղարվեստական մշակույթի հուշարձաններից են՝ երկրաչափական որմնազարդերը, խեցեղեն անոթները, քարից, ոսկրից, պղնձից, արծաթից և ոսկուց պատրաստված առարկաները, գեղարվեստական գործվածքները, գորգերը, արձանիկները, քանդակները։

Երաժշտություն

խմբագրել

Թուրքմենստանի բանաստեղծական և երաժշտական բանահյուսությանը բնորոշ են բովանդակության հարստությունը և վառ արտահայտված ազգային ինքնատիպությունը։ Հնագույն ժամանակներից թուրքմենների կյանքում պատվավոր տեղ են ունեցել ժողովրդական բանաստեղծ-երաժիշտների՝ բախշիների երաժշտությունն ու երգերը։ Ժողոովրդական նվագարաններից են՝ դուտարը, գիշակը, գարգի տյուդյուկը և դիլլի տյուդյուկը։ Ամենատարածվածը դուտարն է։ 1935 թվականին Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիային կից բացված թուրքմենական բաժանմունքը մեծապես նպաստել է Թուրքմենստանի երաժշտության զարգացմանը։ 1940 թվականին կազմակերպվել է կոմպոզիտորների միությունը։ Գործում են ֆիլհարմոնիան, օպերայի և բալետի թատրոնը, պարի անսամբլը և երգչախումբը, սիմֆոնիկ նվագախումբը։

Թատրոն

խմբագրել

1929 թվականին կազմակերպվել է թուրքմենական թատրոնը։ Այդ ժամանակ էլ ձևավորվել է թուրքմենական դրամատուրգիան։ Խաղացանկում ընդգրկվել են տեղացի հեղինակների առաջին պիեսները, ինչպես և ռուս ու ադրբեշանցի գրողների երկերը։ Պատանի հանդիսատեսի հանրապետական թատրոնում աշխատում են Մոսկվայի թատերական ինստիտուտի ստուդիայի սաները։ Աշխաբադում գործում են Մահտումկուլիի անվան օպերայի և բալետի, Մոլլանեպեսի անվան ակադեմիական դրամայի, Պուշկինի անվան ռուսական դրամայի թատրոնները։

1926 թվականին Աշխաբադում կազմակերպվել է կինոստուդիա։ Առաջին տարիներին նկարահանվել են փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմեր։ 1930-ական թթ. սկզբից ստուդիան սկսել է թողարկել գեղարվեստական կինոնկարներ։ 1935 թվականին նկարահանվել է առաջին հնչուն գեղարվեստա-վավերագրական «Աննախադեպ արշավ» ֆիլմը։ 1948 թվականին համամիութենական էկրանում ցուցադրվել է «Հեռավոր հարսնացուն» գեղարվեստական կինոնկարը։ Կինոյում պատմա-հեղափոխական թեմայի լուծման նոր էտապ էր «Վճռական քայլ» երկու սերիայով կինոնկարը։

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Թուրքմենստանի բնակչություն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. «Թուրքմենստանի Ուրբանիզացման Մակարդակ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Թուրքմենստանի Էներգետիկա». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 «Թուրքմենստանի Առողջապահություն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքմենստան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 263  
  NODES