Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեզու (այլ կիրառումներ)

Լեզուն (լատին․՝ lingua) միջաձիգ-զոլավոր մկաններից բաղկացած մկանային օրգան է։ Նրա ձևի և դիրքի փոփոխությունը մեծ նշանակություն ունի ծամելու և խոսելու գործողության համար, իսկ նրա լորձաթաղանթում գտնվող նյարդային հատուկ վերջավորությունների շնորհիվ լեզուն դառնում է ճաշակելիքի (համի) օրգան։

Մարդու լեզուն
Լեզվի կառուցվածքը

Լեզուն կազմված է գլխավոր մասից կամ մարմնից (corpus linguae), որը դարձած է դեպի ծայրը(apex), և ստորին-հետին մասից կամ արմատից (radix linguae), որի միջոցով լեզուն կպչում է ստորին ծնոտին և կորճոսկրին։ Նրա վերին կորը երեսը դարձած է դեպի քիմքին ու ըմպանը և կոչվում է մեջք(dorsum)։ Դիակից անջատած լեզուն, եթե նախապես չեն պնդացրել ֆիքսող հեղուկում, կորցնում է իր մեջքի կորությունը և դառնում է տափակ։ Լեզվի ստորին երեսը (facies infertor linguae) ազատ է միայն իր առջևի մասում, հետին մասը զբաղեցնում են լեզվի մկանները, որոնք կպչում են ստորին ծնոտին, կորճոսկրին և մախաթ ելունին։ Կողքերից լեզուն սահմանվում է կողմնային եզրերով (margo laterals)։ Լեզվի մեջքը բաժանում են երկու մասի՝ առաջային, մեծ(մոտ 2/3), բերանային մաս (pars oralis), որը համարյա հորիզոնական դիրք ունի բերանի խոռոչի հատակում, և հետին՝ ըմպանային մաս (pars pհaryngea), որը գրեթե ուղղաձիգ է և դարձած է դեպի ըմպանը։

Լեզվի առաջային և հետին բաժինների սահմանում միջին գծի վրա գտնվում է մի փոսիկ, որը կոչվում է կույր անցք (foramen caecum linguae)։ Լեզվի առաջային բաժնի լորձաթաղանթը օժտված է բազմաթիվ պտկիկներով։ Պտկիկները գրանցում են տարբեր համեր և պարունակում են հազարավոր համային կոճղեզներ։ Կոճղեզները ունենում են 20-30 սենսոր բջիջ, որոնք իրենց ծայրերին ունեն համային ելուստներ։

Լեզվի պտկիկները(papillae linguales) լինում են հետևյալ ձևերի.

  1. Թելանման և կոնաձև պտկիկներ (papillae filiformes et conicae),
  2. Սնկաձև պտկիկներ (papillae fungiformes),
  3. Պատնեշավոր (խրամապատ) պտկիկներ (papillae valatea),
  4. Թերթաձև պտկիկներ (papillae foliatae)

Համազգաց պտկիկներում կան ծայրամասային նյարդային վերջույթներ, որոնք կազմում են համի զգայական համակարգի ընկալիչները։

Լեզվի մկաններն առաջացնում են նրա մկանային զանգվածը, որը երկարաձիգ ֆիբրոզ խտրոցով (septum linguae) բաժանվում է երկու համաչափ կեսերի։ Խտրոցի վերին եզրը չի հասնում մինչև լեզվի մեջքը։ Լեզվի մկանները բաժանվում են 2 խմբի՝

  1. արտաքին, կմախքային մկաններ, որոնք ոսկրերի վրա ունեն ամրացման կետ (punctum fixum) և իրենց կծկումներով փոփոխում են լեզվի դիրքը(m. genioglossus, m. hyoglossus և m. styloglossus)
  2. ներքին մկաններ, որոնք կպած չեն ոսկրերին, տեղավորված են լեզվի հաստության մեջ և փոփոխում են լեզվի ձևը (mm.longitudinales superaior et inferior. transversus և verticalis)։

Ավելի ճիշտ է լեզվի մկանները ըստ զարգացման, կառուցվածքի և ֆունկցիայի բաժանել 3 խմբի

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 516
  NODES