Խավարածիր
Խավարածիր կամ էկլիպտիկա (լատին․՝ (linea) ecliptica, հին հունարեն՝ ἔκλειψις՝ թարգմանաբար խավարում), երկնոլորտի մեծ, երևակայական շրջանագիծ է, որի հարթությունում տեղի է ունենում Արեգակի տեսանելի տարեկան շարժումը։
Ժամանակակից, ավելի ճշգրիտ սահմանումն է՝ Երկիր - Լուսին համակարգի բարիկենտրոնի ուղեծրի հարթությամբ երկնոլորտը հատելիս ստացված գիծը։
Նկարագիր
խմբագրելԽավարածրի հարթության նկատմամբ Լուսնի ուղեծրի թեքվածության, Երկիր-Լուսին համակարգի բարիկենտրոնի շուրջ Երկրի պտույտի, ինչպես նաև մոլորակների նկատմամբ Երկրի ուղեծրի պերտուրբացիաների պատճառով, իրական Արեգակը[1] ոչ միշտ է ճշգրտորեն գտնվում խավարածրի հարթության վրա, այլ կարող է նրանից շեղված լինել մի քանի վայրկյան անկյունով։ Կարելի է ասել, որ խավարածրի հարթությունով է անցնում «միջին Արեգակի» ճանապարհը։
Երկնային հասարակածի հարթության նկատմամբ խավարածրի հարթությունը թեքված է մի անկյունով, որը հավասար է՝
ε = 23°26′21.448″ - 46.815″ t - 0.00059″ t² + 0.00181″ t³,
որտեղ՝ t-ն հուլիոսյան հարյուրամյակների քանակն է, 2000 թվականից սկսած։
Այս բանաձևը ճշգրիտ է մոտակա հարյուրամյակների համար։ Ավելի մեծ ժամանակահատվածների համար հասարակածի նկատմամբ խավարածրի հարթության թեքվածությունը տատանվում է, միջին արժեքի համեմատ, մոտավորապես 40 000 տարի պարբերությամբ։ Բացի այդ, այն ենթակա է 18,6 տարի պարբերությամբ և 18,42″ ամպլիտուդով կարճաժամկետ տատանումների։
Ի տարբերություն հեռավոր աստղերի և քվազարների նկատմամբ իր հարթության թեքությունը համեմատաբար ավելի արագ փոփոխող երկնային հասարակածի` խավարածրի հարթությունն ավելի կայուն է։
Անուն
խմբագրելԽավարածիր անունը կապված է հնուց հայտնի այն փաստի հետ, որ Արեգակի և Լուսնի խավարումները տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ Լուսինը գտնվում է խավարածրի հարթության հետ իր ուղեծրի հատման կետերի մոտակայքում։ Երկնոլորտի վրայի այս կետերին ասում են Լուսնի հանգույցներ։ Նրանց պտույտի պարբերությունը խավարածրի վրայով հավասար է մոտավորապես 18 տարվա և կոչվում է սարոս կամ Դրակոնիկ պարբերություն։
Կենդանակերպ
խմբագրելԽավարածրի երկայնքով են դասավորված Կենդանակերպի տասներկու համաստեղությունները։ Բացի դրանցից, խավարածիրն անցնում է ևս մեկ՝ Օձակիր համաստեղությունով։
Խավարածրի հարթությունը ծառայում է որպես հիմնական հարթություն խավարածրային կոորդինատային համակարգում։
Խավարածիրը գրականության մեջ
խմբագրելՍտանիսլավ Լեմի «Պիրկսի պատմությունը» պատմվածքում (պատմվածքների շարք՝ Պատմվածքներ օդաչու Պիրկսի մասին) Խավարածրի հարթությունն արգելված գոտի է հանդիսանում տիեզերանավերի համար, սակայն օդաչու Պիրկսը, հանգամանքներից ելնելով, ստիպված է լինում վարել տիեզերանավն այս հարթությունում և հայտնաբերում է այստեղ ընկած այլմոլորակայինների տիեզերանավ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Այսինքն, Արեգակնային սկավառակի կենտրոնի ճշգրիտ կոորդինատները ժամանակի իրական պահին։ Աստղագիտության և աստղագուշակության մեջ «իրական» եզրույթը երկնային մարմինների և նրանց ուղեծրերի կետերի նկատմամբ ենթադրում է հակադարձ հասկացություն «միջին» եզրույթին, ցույց տալով ճշգրիտ տեղաբաշխումը։ «Միջին» այստեղ նշանակում է «միջինացված», հաշվարկները դյուրին դարձնելու համար։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խավարածիր կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 34)։ |