Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղրանկար (այլ կիրառումներ)

Ծաղրանկար, հասարակական-քաղաքական, սոցիալական, կենցաղային թեմայով երգիծական կամ հումորիստական պատկեր, գեղարվեստական տիպայնացման եղանակ։

Մարդկանց կամ տարբեր երևույթներ ծաղրելու, դիմակազերծելու, քննադատելու նպատակով ծաղրանկարիչը դիմում է գրոտեսկի, շարժի։ Ծաղրանկարները լայն առումով այն պատկերներն են, ուր գիտակցաբար ստեղծվում է կատակերգական էֆեկտ, զուգակցվում են իրականն ու երևակայականը, չափազանցվում կամ սրվում են մարդու մարմնի, դեմքի, հագուստի, վարքագծի տիպական գծերը, օգտագործվում անսպասելի զուգորդումներ ու նմանեցումներ։ Ծաղրանկարը մեծ ընդգրկում ունի և կարող է համեմատվել թատերական բուֆոնադի, գրական բուռլեսկի ու էպիգրամի հետ։ Նեղ առումով ծաղրանկարը կերպարվեստի առանձնահատուկ ժանր է (հիմնականում օգտագործում է գրաֆիկայի, մասամբ՝ գեղանկարչության և քանդակագործության միջոցները), երգիծանքի պատկերման հիմնական եղանակ և ունի սոցիալ-քննադատական հստակ գաղափարների նպատակաուղղվածություն։ Կարևոր դեր է խաղում նաև հարակից խոսքը։

Ծաղրանկարը հայտնի է հնագույն, միջնադարի և Վերածննդի արվեստներից։ Սովորաբար ծաղրանկարը վերելք է ապրում հասարակական մեծ ընդհարումների և ժողովրդական զանգվածների ակտիվության շրջանում, երբ դեմոկրատական ուժերը այն ծառայեցնում են որպես պայքարի միջոց։

Ծաղրանկարի զարգացմանը նպաստել են Ուիլյամ Հոգարթը, Ֆ. Դոյան, Ջ. Դիլրեյը, Օ. Դոմիեն, Պ. Գավառնին։ XX դարի ծաղրանկարչության վրա մեծապես ազդել է Ֆրանս Մազերելի քաղաքական գրաֆիկան։

Հետպատերազմյան շրջանի հայտնի ծաղրանկարիչներ են Ժան Էֆֆելը (Ֆրանսիա), Հերլուֆ Բիդստրուպը (Դանիա)։ Խորհրդային տարիներին հայ կերպարվեստի ավագ (Լ. Դենչ, Մ. Բաղդասարյան, Շ. Հովհաննիսյան, Ս. Արուտչյան, Վ. Աճեմյան), միջին (Վ. Պոդպոմոգով, Գ. Յարալյան) և երիտասարդ (Վ. Աբրոյան, Հ. Տեր-Ղազարյան) սերնդի ծաղրանկարիչները ստեղծել են հասարակական-քաղաքական և կենցաղային թեմաներով ուշագրավ ստեղծագործություններ։ Միջազգային համբավի են արժանացել սփյուռքահայ արվեստագետներ Ա. Սարուխանը (Եգիպտոս), Չիկ Տամատյանը (Ռումինիա) և Տ. Աճեմյանը (Լիբանան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 113
  NODES