Կրծողներ (լատին․՝ Rodentia), կաթնասունների դասի ամենամեծ կարգը։ Ընդգրկում է կաթնասունների 1/3-ը։ Մանր և միջին չափերի (մարմնի երկարությունը՝ 3 սմ - 135 սմ, քաշը՝ 7 գրամից մինչև 90 կգ) կենդանիներ են։ Գլխուղեղի մեծ կիսագնդերը փոքր են կամ թերզարգացած, հարթ մակերևույթով։ Ատամները հարմարված են բուսական կոշտ կերեր կրծելուն։ Խիստ զարգացած են կտրիչները, որոնք աճում են կենդանու ամբողջ կյանքի ընթացքում։ Ժանիքներ չունեն։ Տարածված են բոլոր աշխարհամասերում։ Հայտնի է ժամանակակից 33 ընտանիք, 481 ցեղ, մոտ 2300 տեսակ, Հայաստանում՝ 26 տեսակ։ Կրծողների մեծ մասը կիսաստորգետնյա կյանք է վարում, փորում են խոր և բարդ բներ։ Մկները, առնետներն ապրում են գետնի վրա, կուրամկներն ունեն լրիվ ստորգետնյա, ճահճակուղբը, մշկամուկը, կուղբը՝ կիսաջրային, սկյուռները, քնամոլները՝ ծառաբնակ ապրելակերպ։ Մորֆոֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունների շնորհիվ կրծողները հեշտությամբ հարմարվում են արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Շատ արագ բազմանում են, տարեկան տալիս են 2—9 սերունդ, յուրաքանչյուր անգամ՝ 2—15 ձագ։ Բարենպաստ տարիներին նրանց քանակը կարող է աճել 100—200 անգամ։ Առանձին տեսակներ (սկյուռ, մշկամուկ, ճահճակուղբ) ունեն արժեքավոր մորթի։ Մեծ մասը վնասատու է, փչացնում է գյուղատնտեսական կուլտուրաները (հատկապես հատիկային), պահեստված մթերքները, ապրանքները և այլն։ Որոշ տեսակներ (արջամուկ, գետնասկյուռ, ավազամուկ, դաշտամուկ և այլն) մարդու և ընտանի կենդանիների սուր վարակիչ, ինչպես նաև հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների՝ ժանտախտի, էնցեֆալիտների, կատաղության հարուցիչների հիմնական կրողներ և տարածողներ են (լվերի, տզերի միջոցով, անմիջական շփմամբ)։

Կրծողների գանգը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 691
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրծողներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրծողներ» հոդվածին։
  NODES