Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

(Վերահղված է Հայկական ԽՍՀից)

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (կրճատ՝ ՀԽՍՀ, 1936-1991 թթ. գոյության շրջանում՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՍՀ, 1920-1936 թթ.՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա՝ ՀՍՍՌ) (ռուսերեն՝ Армянская Советская Социалистическая Республика), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր, 15 միութենական հանրապետություններից մեկը։

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
 Հայաստանի Հանրապետություն (1918-1920) 1920 դեկտեմբերի 2 - 1991 սեպտեմբերի 21 Հայաստանի Հանրապետություն 
Emblem of the Armenian SSR, with a fixed Hammer and Sickle under the star to the prior always used one.
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Երևան
Մակերես 29,743 կմ²
Բնակչություն 3,544,695 մարդ (1990)
Լեզու Հայերեն, ռուսերեն
Ազգություն Հիմնականում Հայեր
Կրոն աթեիզմ[1][2][3]
Հիմն Հայկական ԽՍՀ Պետական Օրհներգ
Արժույթ ԽՍՀՄ Ռուբլի
Պատմություն

Պատմություն

խմբագրել
 
Հայաստանի խորհրդայնացում 1920-ի մայիս-1921-ի հուլիս ամիսների ընթացքում
 
Անդրկովկասի Սովետական Դաշնության սահմանները 1921-1926 թվականներին, Աղստաֆայի շրջանը ՀՍՍՀ մաս է կազմում

Հիմնվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով (տե՛ս Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։ Մինչ այդ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։

 
ՀԽՍՀ զինանշանի վաղ տարբերակը (1922)

Նոյեմբերի 30-ին Հայ-հեղկոմը ողջույնի հեռագիր է հղել Ռուսաստանի ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինին և կրկին «Հայաստանի բոլոր բանվորների և գյուղացիների անունից» խնդրել է Կարմիր բանակի օգնությունը։ Նույն օրն ստացվել է Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի հեռագիրը, որով խորհրդային Ադրբեջանը, հօգուտ խորհրդայնացած Հայաստանի, հրաժարվել է «վիճելի» համարվող Զանգեզուրից, Ղարաբաղից և Նախիջևանից։ Սակայն կարճ ժամանակ անց, հետ կանգնելով իր խոստումներից, Ադրբեջանը պայքար է սկսել վերոնշյալ գավառների համար։ Նոյեմբերի 30-ին Հայաստանի խորհրդայնացման առիթով շնորհավորական նամակներ են ստացվել Ն. Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։

Երևանյան համաձայնագրով (դեկտեմբերի 2)՝ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք, իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ։ Դեկտեմբերի 6-ին, Սարգիս Կասյանի գլխավորությամբ, Երևան մտած Հայհեղկոմը հենց սկզբից խախտել է համաձայնագիրը, ըստ որի՝ հեղկոմում (օրենսդիր և գործադիր մարմին էր) պետք է ընդգրկվեր նախկին կառավարությունից 2 հոգի։ Այնուհետև բոլշևիկները չեն կատարել համաձայնագրի նաև մյուս կետերը։ Հայաստանում հաստատվել է բոլշևիկյան կուսակցության մենիշխանություն։ Քարոզչական արշավանք է սկսվել նախկին իշխանությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Ըստ վարչական բաժանումների՝ հեղկոմներ են ստեղծվել նաև գավառներում, շրջաններում (գավառակներ), գյուղերում։ Հայհեղկոմի իշխանությունը չի տարածվել այն տարածքների վրա, որոնք գրավել կամ ռազմակալել էին թուրքական զորքերը՝ Ալեքսանդրապոլի և Նախիջևանի գավառները, Վրաստանը՝ Լոռու «չեգոք գոտին», խորհրդային Ռուսաստանը՝ Ղարաբաղը և Ձանգեզուրը, որոնք վերահսկում էին Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ գործող ուժերը։ Հայհեղկոմի առաջին դեկրետով ստեղծվել է Արտակարգ հանձնաժողով (ռուսական հապավումը՝ Չեկա՝ Չրեզվիչայնայա կոմիսիա), որի նպատակը «հակահեղափոխական ու Խորհրդային Հայաստանի» դեմ պայքար ծավալելն էր։ Նախկին դատական համակարգը փոխարինվել է «ժողովրդական դատարաններով» և դրոշը «հեղափոխական տրիբունալներով»։ Հայաստանի Հանրապետությունում գործած օրենքները փոխարինվել են Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) օրենսդրությամբ։

Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության՝ [ՀԿ(բ)Կ] կենտկոմը կազմակերպել ու ղեկավարել է խորհրդային իշխանության հաստատման գործընթացը։ Ձևավորվել են գավառային ու շրջանային կազմակերպությունները, առաջին սկզբնական կուսումնական բջիջները (կազմակերպություններ)։ Չնայած իր անվանը՝ Հայաստանի կոմկուսը ինքնուրույն ու անկախ կազմակերպություն չէր, չուներ իր ծրագիրն ու կանոնադրությունը, Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության՝ [ՌԿ(բ)Կ] բաղկացուցիչ մասն էր և Հայաստանում իրականացրել է նրա քաղաքականությունը։

 
Ալեքսանդր Բեկզադյան

ՀՍԽՀ իշխանությունները, չունենալով պետական կառավարման փորձ, մեխանիկորեն կիրառել են ՌՍԴԽՀ կառավարման և տնտեսական համակարգը։ Հաշվի չառնելով Հայաստանի առանձնահատկությունները՝ երկրում գործադրվել է Ռուսաստանում իրականացվող, բայց իրեն արդեն սպառած «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը, որտեղ կարևորը պարենմասնատրումն էր։ Հացի և այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը վերածվել է ժողովրդի, առաջին հերթին՝ գյուղացիության կողոպուտի, առաջացել է սով և դժգոհություն բնակչության մեջ։ Այդ քաղաքականությունը պատճառ է դարձել նաև Հայհեղկոմում և ՀԿ(բ)Կ կենտկոմում 2 ներհակ խմբավորումների առաջացման համար։ Ս. Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ալեքսանդր Բեկզադյանը այդ քաղաքականության մեղմ, իսկ Ավիս Նուրիջանյանը, Ի. Դովլաթյանը, Գևորգ Աթարբեկյանը (Չեկայի նախագահ) բռնի կիրառման կողմնակիցներ էին։ Վերջիններիս իրականացրած քաղաքականության հետևանքով բռնությունների են ենթարկվել բնակչության տարբեր խավերի բազմաթիվ ներկայացուցիչներ։ 1920 թվականի վերջին և 1921 թվականի սկզբին նախկին հայկական բանակի շուրջ 1400 սպաների «վերադաստիարակելու» նպատակով հեռացրել են Հայաստանից և մեկուսացրել Բաքվի բանտերում ու Ռյազանի (Ռուսաստան) համակենտրոնացման ճամբարներում։ 1921 թվականի հունվարին պաշտոնից հեռացվել է ՀՍԽՀ Կարմիր բանակի հրամանատար Դրոն։ Նրան թույլատրվել է մեկնել Մոսկվա, իսկ հետագայում՝ արտասահման։

Աքսորյալներին (նրանց թվում՝ գեներալներ Թովմաս Նագարբեկյան, Մովսես Սիլիկյան և ուրիշներ) Երևանից մինչև Աղստաֆա կայարան՝ 170 կմ, սառնամանիքին ստիպել են անցնել ոտքով։ Սարդարապատի հերոսներից գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն սպանվել է աքսորավայրում, իսկ գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանն ինքնասպան է եղել՝ չդիմանալով Չեկայի նվաստացումներին։

 
Ալեքսանդր Մյասնիկյան

ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն փետրվարի 1-ին Հայհեղկոմից պահանջել է պայքար ծավալել դաշնակցություն կուսակցությունը Հայաստանում վերացնելու ուղղությամբ։ Բանտարկվել են հայտնի գործիչներ Համազասպ Օհանջանյանը, Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Ռուբեն Դարբինյանը, Համազասպը (Սրվանձտյան) և ուրիշներ։ Վերջինս, ինչպես նաև Նիկոլայ Ղորղանյանը, Հրանտ Տեր-Մարգարյանը, Երանոս Թարվերդյանը և ուրիշներ Ա. Նուրիջանյանի ցուցումով կացնահարվել են Երևանի բանտում։

Հասարակության բոլոր խավերում առաջացած ծայրահեղ դժգոհության հետևանքով 1921 թվականի փեռրվարին երկրում տարերայնորեն սկսվել է ապստամբություն՝ ընդգրկելով Կոտայքը, Բաշ Գառնին, Դարալագյազը, Բաշ Ապարանը և այլ շրջաններ։ Փետրվարի 16-ին խմբապետներ Մարտիրոսի, Սմբատի, Կարո Սասունու խմբերը շրջապատել են Երևանը, իսկ Հայաստանում մնացած դաշնակցության առաջնորդներն ստանձնել են ապստամբության ընդհանուր ղեկավարությունը՝ նրան կազմակերպված ընթացք տալու համար։ Հայհեղկոմը և նրա տրամադրության տակ եղած փոքրաթիվ ուժերը 2 զրահագնացքով թողել են Երևանը և նահանջելով՝ կենտրոնացել Ղամարլու (Արտաշատ) Վեգի Բասար (Արարատ) շրջանում։ Փետրվարի 18-ին ապստամբները մտել են Երևան։ Նրանց օգնել է այն հանգամանքը, որ Հայաստանում տեղակայված բոլշևիկյան զորքերի ստորաբաժանումները զբաղված էին Վրաստանի խորհրդայնացումով։

Դեռևս 1921 թվականի փետրվարի 7-ին ՀՍԽՀ ռազմգործժողկոմի տեղակալ Հովսեփ Լազյանի նախագահությամբ կազմակերպվել էր Լոռու ռագմահեղափոխական կոմիտեն։ Փետրվարի 13-ին Լոռու «չեզոք գոտում» ապստամբություն է սկսվել, և վրացական ճակատ տեղափոխված զորքերը 11-րդ բանակի մյուս ստորաբաժանումների հետ ձեռնամուխ են եղել Վրաստանի խորհըրդայնացմանը։ Եռօրյա մարտերից հետո փետրվարի 15-ին ազատագրվել է «չեզոք գոտին», որը ենթարկվելու էր խորհրդային Հայաստանի կառավարությանը։

 
Սարգիս Լուկաշին

Երևանում ստեղծվել է ապստամբների ժամանակավոր կառավարություն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Վերջինս հրապարակել է հրաման. «...Մինչև կառավարության կազմվելը իշխանությունը գտնվում է Հայրենիքի փրկության կոմիտեի ձեռքում»։ Սակայն Վրաստանի խորհրդայնացումից (փետրվարի 25) հետո Կարմիր բանակը ձեռնամուխ է եղել ապստամբության ճնշմանը։ Մ. Վելիկանովի գլխավորությամբ այն 2 ուղղությամբ շարժվել է դեպի Երևան։ Ապստամբները, հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը, ավելորդ զոհեր չտալու համար, այլևս չեն դիմադրել և Բաշ Գառնիով նահանջել են դեպի Դարալագյազ, ապա՝ Զանգեզուր, որտեղ շարունակվում էին Գարեգին Նժդեհի ղեկավարած ինքնապաշտպանական մարտերը։ 1921 թվականի ապրիլի 2-ին բոլշևիկյան զորքերը վերագրավել են Երևանը։ Նույն թվականի մայիսի 21-ին ՀՍԽՀ հեղկոմը վերակազմվել է ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհ), որի նախագահ է նշանակվել Ալեքսանդր Մյասնիկյանը։

Հայաստանի խորհրդայնացումից հետո էլ Գարեգին Նժդեհը չի ենթարկվել բոլշևիկների իշխանությանը՝ գիտակցելով, որ Ձանգեզուրի հարցում խորհրդային Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանցիներին։ Հայաստանի նոր կառավարությունը պահանջել է ճանաչել խորհրդային իշխանությունը։ 1920 թվականի դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվել է համազանգեզուրյան առաջին համագումարը, որը մերժել է այդ պահանջը և երկրամասը հռչակել «Ինքնավար Սյունիք» ու կազմել կառավարություն։

Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո մասնակիցները (բազմաթիվ հայ մտավորականներ ու զինվորականներ) հաստատվել են Ձանգեզուրում։ Ստեղծված պայմաններում 1921 թվականի ապրիլի 26-ին Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության, իսկ հունիսի 1-ին՝ Հայաստանի Հանրապետության (վարչապետ՝ Ս. Վրացյան, սպարապետ՝ Գ. Նժդեհ)։ Խորհրդային կառավարությունը բազմիցս փորձել է պատվիրակությունների միջոցով Գ. Նժդեհին համոզել հեռանալ Ձանգեզուրից։ Վերջինս, միայն հուլիսի 15 թվականին համոզվելով, որ երկրամասն անցնելու է խորհրդային Հայաստանին, անցել է Իրան։ Փոփոխություններ են մտցվել երկրի վարչական կառուցվածքում։ 1921 թվականի հուլիսի 20-ի ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով՝ հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։

 
Գարեգին Նժդեհ

1921 թվականի փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում տեղի է ունեցել ռուս-թուրքական խորհրդաժողով։ Կնքված պայմանագրով՝ ՀՍԽՀ թվականի սահմանն անցկացվել է Ախուրյան և Արաքս գետերով։ Թուրքիային է տրվել նաև Սուրմալուի գավառը, որը երբևէ նրա կազմում չի եղել։ Նախիջևանի երկրամասը և Շարուրի գավառը հանձնվել են Ադրբեջանին։ Այս դաշնագրի կնքմանը (հայկական կողմը չի մասնակցել) նպաստել են ազգությունների ժողկոմ Ի. Ստալինը և խորհրդային Ադրբեջանի ղեկավարները։ Նույն թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով վավերացվել է հայկական տարածքների այդ բռնազատումը, որին արդեն մասնակցել է նաև ՀՍԽՀ պատվիրակությունը (ստորագրել են Ա. Մռավյանը և Պ. Մակինցյանը)։

Ադրկովկասի 3 խորհրդային հանրապետությունների միջև սահմանային հարցերը լուծելու նպատակով 1921 թվականի հուլիսի 2-7-ը Թիֆլիսում հրավիրվել է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստ։ Հուլիսի 4-ի նիստում քվեարկությամբ որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ թվականին։ Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ պահանջելով հարցի վերջնական լուծումը փոխադրել Մոսկվա՝ ՌԿ(բ)Կ կենտկոմ։ Սակայն հաջորդ օրը հրավիրված Կովբյուրոյի պլենումի արտահերթ նիստն առանց քվեարկության որոշել է. «...Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի ՍԽՀ սահմաններում՝ նրան տալով մարզային լայն ինքնավարություն՝ Շուշի կենտրոնով»։ Անօրինական այս որոշումն ընդունվել է Ն. Նարիմանովի ու Ի. Ստալինի ճնշմամբ։ ՀԿ(բ)Կ կենտկոմը 1921 թվականի հուլիսի 16-ի նիստում սխալ և անբավարար է ճանաչել այդ որոշումը և բողոքել դրա դեմ։ Հայաստանի ղեկավարության և արցախահայության հաստատակամ ու հետևողական ջանքերի շնորհիվ Ադրբեջանի իշխանությունները, 1923 թվականի հուլիսի 7-ին ԼՂ-ն անջատելով իր դաշտային մասից, կազմել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։

 
Իոսիֆ Ստալին

Նույն՝ Կովբյուրոյի հուլիսի 7-ի նիստում ընդունվել է նաև մեկ այլ որոշում, վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնվել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը։ Վերջինս էլ հուլիսի 16-ին որոշում է ընդունել Ախալքալաքն ու Ծալկան, որպես Թիֆլիսին տնտեսապես կապված շրջաններ, Վրացական ՍԽՀ կազմի մեջ մտցնելու նպատակահարմարության մասին, իսկ Կովբյուրոյի հուլիսի 7-ի նիստով որոշվել է Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։

Միջազգային վեհաժողովներում Հայկական հարցի արծարծման նախաձեռնողը սփյուռքի հայկական շրջաններն էին՝ նախկին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ, և ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի, ապա՝ Գաբրիել Նորատունկյանի ղեկավարությամբ։ Մեծ տերությունների հրավիրած Լոնդոնի խորհրդաժողովում (1921 թվականի փետրվար-մարտ) Հայկական հարցը նենգափոխվել է. առաջարկվել է Թուրքիայի արևելյան նահանգներում ստեղծել «Հայկական ազգային օջախ»։ Թուրքական պատվիրակությունը չի ընդունել անգամ այդ առաջարկը։ Հաջորդ՝ Լոգանի (Շվեյցարիա) խորհրդաժողովում (1922 թվականի նոյեմբեր- 1923 թվականի հուլիս) «Հայկական ազգային օջախի» խնդիրը վերջնականապես մերժվել է, և Ազգերի լիգայի քննարկմանն է ներկայացվել հայ գաղթականության հարցը։ Ապարդյուն քննարկումներից հետո Ֆրիտյոֆ Նանսենի առաջարկությամբ այդ հարցը 1929 թվականին հանվել է Ազգերի լիգայի օրակարգից։ Մինչ այդ Ֆ. Նանսենը մեծ ծավալի աշխատանք է կատարել հայ գաղթականության ներգաղթը խորհրդային Հայաստան կազմակերպելու համար։ Բացի այդ՝ մոտ 320 հազար հայ գաղթականներ կարողացել են ստանալ անձը հաստատող փաստաթուղթ՝ «Նանսենյան անձնագիր»։ ՀՍԽՀ և ԽՍՀՄ Կառավարությունների ջանքերով 1921-1936 թվականին կազմակերպվել է հայրենադարձություն, որի ընթացքում խորհրդային Հայաստան է ներգաղթել 42 հազար հայ։

 
Ֆրիտյոֆ Նանսեն

1921 թվականի դեկտեմբերին և 1922 թվականի հունվարին Հայաստանում իշխանության նշանակովի մարմինները՝ հեղկոմները, փոխարինվել են իշխանության ընտրովի մարմիններով՝ խորհուրդներով։ Ընտրվել են գյուղական, շրջանային, գավառային, քաղաքային խորհուրդներ։ 1922 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 4-ը Երևանում տեղի է ունեցել բարձրագույն օրենսդիր իշխանության՝ Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը, որն ընդունել է երկրի սահմանադրությունը (առաջինը՝ Հայոց պետականության պատմության մեջ)։ Այն որոշ փոփոխություններով խորհրդային Ռուսաստանի 1918 թվականի Սահմանադրության կրկնությունն էր. բաղկացած էր 5 մասից, 12 գլխից և 89 հոդվածից։ Վերջին հոդվածներով սահմանվել են հանրապետության նոր խորհրդանիշները՝ զինանշանը (հեղինակ՝ Մարտիրոս Սարյան) և պետական դրոշը։

1922 թվականի մարտի 12-ին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Կենտգործկոմների լիազոր խորհրդաժողովը որոշել է կազմավորել Անդրկովկասյան Սոցիալիստական խորհրդային Հանրապետությունների Դաշնայիև Միություն (ԱՍԽՀԴՄ)։ 1922 թվականի դեկտեմբերի 10-13-ը Բաքվում տեղի է ունեցել Անդրկովկասի խորհուրդների առաջին համագումարը, որը որոշել է ԱՍԽՀԴՄ-ն վերակազմավորել միասնական հանրապետության՝ Անդրկովկասյան Սոցիալիստական Դաշնային խորհրդային Հանրապետության։ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարում 4 խորհրդային հանրապետություններ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսիան և Անդրդաշնությունը, միավորվել են 1՝ ԽՍՀՄ պետության մեջ։ Համագումարը հաստատել է ԽՍՀՄ թվականի կազմավորման մասին հռչակագիրը և պայմանագիրը։

1921 թվականի գարնանից խորհրդային Ռուսաստանի օրինակով Հայաստանն անցել է նոր տնտեսական քաղաքականության (ռուսերեն հապավումը՝ նէպ՝ նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա), որը փոխարինել է «ռազմական կոմունիզմին» և կիրառվել մինչև 1928 թվականը։ Մտցվել է պարենային հարկ, թույլատրվել են ապրանքադրամական հարաբերություններ, շուկայի, սեփականության տարբեր ձևեր, օտարերկրյա կապիտալի մուտքը տնտեսության մեջ և այլն։ Նէպի շնորհիվ վերականգնվել են Հայաստանի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Վերաշահագործվել են պղնձահանքերը, պղնձաձուլարանները, կառուցվել են ջրանցքներ և ջրէկներ։ Սկզբնական շրջանում երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր են կատարել Երևանի, Լենինականի (Ալեքսանդրապոլ), Ձորագետի, Քանաքեռի ջրէկները։

Խորհրդային Հայաստանի տնտեսական շինություններն իրականացրել են հանրապետության ժողովրդական տնտեսության խորհուրդը և ժողկոմխորհը։ Վերջինիս նախագահն էր Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան, 1883-1937), որը տվյալ բնագավառում մեծ աշխատանք է կատարել, իսկ հետագայում պատասխանատու պաշտոններ է վարել Անդրդաշնության և խորհրդային Միության ղեկավար մարմիններում։

1922 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը ՀԽՍՀ, 1940-ից ՀՍՍՌ, 1966-ից ՀՍՍՀ, գտնվել է ԽՍՀՄ կազմում։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն ՀԽՍՀ վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեով, որին մասնակիցների 94,39 տոկոսը կողմ են քվեարկել Հայաստանի անկախությանը։

Սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կյանք

խմբագրել

Նախապատերազմյան շրջան

խմբագրել

Նէպի կենսագործման շնորհիվ 1925 թվականին հիմնականում ավարտվել էր ԽՍՀՄ տնտեսության վերականգնումը։ Ըստ Համամիութ. կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության (ՀամԿ(բ)Կ) ղեկավարության՝ սոցիալիզմի կառուցման համար հարկավոր էր ինդուստրացնել (արդյունաբերականացնել) երկիրը, կոլեկտիվացնել գյուղատնտեսությունը, կատարել մշակութային հեղափոխություն։ Նույն թվականի դեկտեմբերին ՀամԿ(բ)Կ 14-րդ համագումարն առաջադրել է երկրի արդյունաբերականացման խնդիրը։ Տնտեսության մեջ մեքենայական արտադրության խոշոր ճյուղերի ստեղծման այդ տևական գործընթացը պլանավորվել է հնգամյակներով, որը շարունակվել է խորհրդարանական իշխանության ողջ գոյության ընթացքում։ ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման 1-ին հնգամյա պլանի ընդունման ժամանակ ստալինյան ղեկավարությունը հրաժարվել է նէպ-ից և անցել կառավարման վարչահրամայական եղանակի։ Ամրապնդվել է Ստալինի բռնապետական իշխանությունը, հաստատվել է կուսակցական ամբողջատիրություն (տոտալիտարիզմ)։ Արդյունաբերականացման ծանր ու գրեթե չվճարվող աշխատանքի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ։ 1926 թվականին գործարկվել են Երևանի ձեթ-օճառի գործարանը, կարի առաջին ֆաբրիկան, սկսվել է մեխանիկական գործարանի կառուցումը։ 1927 թվականին շահագործման է հանձնվել Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը՝ Երևանի կարբիդի գործարանը։ Հայաստանում քիմիական արդյունաբերության հիմնադրումը բացատրվում էր երկրի՝ իբր հարուստ էներգետիկ, պաշարներով։ Մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվել է բարձրադիր (1900 մ) Սևանա լճի ջուրը, որը, կասկադով իջեցվելով Արարատյան դաշտ, միաժամանակ օգտագործվել է ոռոգման նպատակով։ Ժամանակի ընթացքում լճի մակարդակի իջեցումն ստեղծել է բնապահպանական լուրջ խնդիր, որը դեռևս ամբողջությամբ չի հաղթահարվել։ Կառուցվել են Երևանի, Ձորագետի, Քանաքեռի, Լենինականի (Գյումրի) և այլ ջրէկներ։

ՀԽՍՀ-ում մասնագիտացել են նաև լեռնահանքի արդյունաբերության մեջ. ընդլայնվել են Ալավերդու և Ղափանի (Կապան) պղնձահանքերն ու ձուլարանները, հայտնաբերվել ու շահագործվել են պղնձի և մոլիբդենի նոր հանքավայրեր, շարք է մտել Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Խորհրդային տերության համար կարևոր տնտեսական ու ռազմական նշանակության պղնձարտադրությունը կազմակերպվել է առանց հաշվի առնելու բնապահպանական հարցերը։

 
Նաիրիտ գործարան

1930-ական թվականներին քիմիայի նոր օջախ է դարձել Ղարաքիլիսան (Կիրովական, այժմ՝ Վանաձոր), որտեղ կառուցվել է քիմիական գործարան՝ կալցիումի կարբիդի արտադրամասով։ 1933 թվականին Երևանում, ԽՍՀՄ-ում առաջինը, հիմնադրվել է արհեստական կաուչուկի գործարան (հետագայում՝ «Նաիրիտ»), որը շահագործման է հանձնվել 1940 թվականին։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը բավարարել է ԽՍՀՄ-ի քլորոպրենային կաուչուկի պահանջարկի մեծ մասը։ Միության նշանակության քիմիական արդյունաբերության զարգացումը հետագայում հանրապետությունում ստեղծել է բնապահպանական բարդ խնդիր։

Լենինականը դարձել է հանրապետության տեքստիլ արդյունաբերության կենտրոնը։ Առաջատար ճյուղերից էր նաև շինանյութերի արտադրությունը։ Լենինական-Արթիկ երկաթուղու կառուցումն էապես խթանել է Արթիկում տուֆի արդյունահանումը։ Կառուցվել են «Արթիկտուֆ» և «Անիպեմզա» տրեստները, Դավալուի (Արարատ) ցեմենտի կոմբինատը և այլն։

 
Սահակ Տեր-Գաբրիելյան

Հայաստանում 1-ին հնգամյակում (1928-1932 թվականներ) գործարկվել են 18, իսկ երկրորդում (1933-1937 թվականներ)՝ 26 արդյունաբերական ձեռնարկություններ։ 3-րդ հնգամյա պլանի (1938-1942 թվականներ) կատարումն ընդհատվել է Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թվականներ) պատճառով։ 1937 թվականին արդյունաբերության համախառն արտադրանքը 1913 թվականի (նախապատերազմյան տնտեսության ամենաբարձր մակարդակի) համեմատությամբ աճել է ավելի քան 12 անգամ։ 1930-ական թվականներին վերջին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70 %-ն էր։ Արդյունաբերականացման հետևանքով ավելացել է երկրի քաղաքային բնակչությունը և, 1939 թվականի մարդահամարի տվյալներով հասել 28,6 %-ի (1913 թվականին՝ 10,4 %)։ Քաղաքային բնակչության աճը շարունակվել է նաև հաջորդ տասնամյակներում։ Հանրապետության արդյունաբերականացման գործում մեծ է ժողկոմխորհի նախագահ (1-ին և 2-րդ հնգամյակի տարիներին) Սահակ Տեր-Գաբրիելյանի (1886-1937 թվականներ) ծառայությունը։ 1938 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ ստեղծվել է գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչությունը պետական գեոդեզիական ցանցի ստեղծման և դրա հիման վրա՝ տեղագրական քարտեզներ կազմելու նպատակով, որն իրականացնում էր պետական հսկողություն գեոդևզիական և տեղագրական աշխատանքների վրա, կազմում և հրատարակում է ընդհանուր աշխարհագրական, քաղաքական, ուսումնական քարտեզներ, ատլասներ և այլն։

Խորհրդային երկրի ղեկավարությունը գյուղում «սոցիալիզմի բազա» ստեղծելու նպատակով առաջ է քաշել գյուղի կոլեկտիվացման ծրագիրը։ 1927 թվականի վերջին ՀամԿ(բ)Կ 15-րդ համագումարը որոշել է անցնել գյուղատնտեսության կոլեկտիվացմանը։ Չնայած այն հայտարարված էր կամավոր, բայց գյուղացիության մեծ մասին պարտադրանքով դարձրել են կոլեկտիվ տնտեսության անդամ։ Կայուն տնտեսություն ստեղծած աշխատասեր գյուղացիները հայտարարվել են դասակարգային թշնամի՝ կուլակ, ունեզրկվել և աքսորվել են։ 1930 թվականի ապրիլին Հայաստանում իբրև «կուլակ» արդեն ունեզրկվել էր 1100 տնտեսություն։ Հարկադրանքի գործադրումը հանգեցրել է գյուղացիության ընդվզման Շամշադինում, Թալինում, Վեդիում, Դարալագյազում և այլ շրջաններում։ Վերջինում 1930 թվականի մարտ-մայիս ամիսներին ապստամբները, Իրանից Նախիջևանով ներթափանցած խմբապետ Մարտիրոսի գլխավորությամբ, գավառից դուրս են քշել կոմունիստներին և գրավել իշխանությունը։ Շարժման կենտրոնը Գնդեվազ գյուղն էր։ Ապստամբությունը դաժանորեն ճնշվել է։ Հակակոլտնտեսային տրամադրության դրսևորում էր անասունների մորթը, բերքի ու գյուղատնտեսական գործիքների միտումնավոր փչացումը՝ կոլտնտեսությանը 222 չհանձնելու համար։ 1929-1934 թվականներին Հայաստանում խոշոր եղջերավորների գլխաքանակը կրճատվել է 30, իսկ մանր անասուններինը՝ 50 %-ով։ Գյուղում ահաբեկման մթնոլորտ ստեղծելու նպատակով 1932 թվականի օգոստոսի 7-ին մտցվել է օրենք, որով ոչ ծանր հանցագործության համար անգամ նախատեսվում էր մահապատիժ։ Գյուղացին դրվել է ծանր հարկման տակ, և արդյունքը եղել է ոչ թե գյուղատնտեսության «սոցիալիստական» վերակառուցումը, այլ նրա քայքայումը։ 1932-1933 թվականներին Ուկրաինայում սկսված սովից մահացել են միլիոնավոր մարդիկ։ Կոլեկտիվացման պատճառով հազարավոր ընտանիքներ (միայն Սևանի ավազանից 6750) արտագաղթել են Հայաստանից։

Մինչև 1937 թվականը կոլեկտիվացումը Հայաստանում հիմնականում ավարտվել էր, իսկ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թվականներ) նախօրեին կոլեկտիվ տնտեսությունների քանակը հասել է 1000-ի՝ ընդգրկելով շուրջ 180 հազար գյուղացիական տնտեսություն։

Սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի ունեցած լուրջ տեղաշարժերն արտահայտվել են 1936 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված ԽՍՀՄ նոր Սահմանադրության մեջ։ Այն հռչակել է «սոցիալիզմի լիակատար հաղթանակը», որը ենթադրում էր սոցիալական արդարություն, ժողովրդավարություն, ժողովրդի բարեկեցություն և այլն, որոնք, սակայն, ոչ միայն գոյություն չունեին, այլև փոխարինվել էին դաժան բռնություններով ու զանգվածային աքսորով։

 
Խորեն Ա Մուրադբեկյան

ԽՍՀՄ հասարակարգի տնտեսական հիմքը արտադրության միջոցների համապետական սեփականությունն էր, որն ստեղծվել էր նախկին տնտեսության բազմակացութաձևության (կապիտալիստական, մասնավոր անհատական, փակ բնատնտեսային) իսպառ վերացման հետևանքով։ Նոր սահմանադրությամբ վերացվեց նաև Անդրկովկասյան Հանրապետությունների Դաշնությունը։ Վրացական, Ադրբեջանական ու Հայկական Հանրապետությունները ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտան ուղղակիորեն։

ԽՍՀՄ Սահմանադրության հիման վրա մշակվել ու ընդունվել են միության 11 հանրապետությունների սահմանադրությունները։ Համաժողովրդական քննարկումից հետո 1937 թվականի մարտին ընդունվել է նաև ՀՍԽՀ նոր Սահմանադրությունը։

1920-1930-ական թվականներին Հայաստանում նույնպես ծավալվել են քաղաքական բռնություններ։ 1923 թվականին Երևանում դաշնակցության «ինքնավերացման» համագումարը որոշում է ընդունել Հայաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Նման համագումար բոլշևիկները կազմակերպել են նաև Հայաստանից դուրս։ Սկսվել է կուսակցության անդամների ցուցակագրումը (շուրջ 4 հազար), որը հետագայում օգտագործվել է բացահայտված դաշնակցականներին վերացնելու համար։

Դաժան հալածանքներ են սկսվել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ 1926 թվականին ընդունված որոշմամբ եկեղեցում արգելել են նշել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ապրիլի 24-ը, որը խորհրդայնացումից ի վեր պետականորեն չէր նշվել։ Սուրբ էջմիածնին արգելվել է կապեր ունենալ Սփյուռքի հետ։ Մինչև 1937 թվականի վերջը ՀՍԽՀ-ում փակվել է շուրջ 800 եկեղեցի, իսկ միայն 1930-1938 թվականին բռնադատվել է 164 հոգևորական, որոնցից 91-ը գնդակահարվել է։ 1938 թվականին Չեկայի գործակալները խեղդամահ են արել Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանին։ Բռնագրավվել են եկեղեցու ունեցվածքը։ 1938 թվականի օգոստոսի 4-ին ՀԿ(բ)Կ ԿԿ-ն որոշում է ընդունել Սբ էջմիածնի վանքը փակելու և կաթողիկոսությունը վերացնելու մասին։ Միայն վերահաս Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականներ) պատճառով փոխված իրադրությունն է կանխել այդ որոշման կենսագործումը։

 
Աղասի Խանջյան

1930-ական թվականների կեսերին Իոսիֆ Ստալինի անձի պաշտամունքը լիովին ձևավորվել էր, իսկ բռնությունների ալիքն իր գագաթնակետին է հասել 1936-1938 թվականներին, որոնք հայտնի են որպես խորհրդային պատմության «սև տարիներ»։ Լենինգրադի (Ս. Պետերբուրգ) կուսկազմկոմիտեի քարտուղար Սերգեյ Կիրովի սպանությունը (1934 թվական) պատրվակ է դարձել բռնություններին նոր թափ հաղորդելու համար։ Բռնաճնշումներն արդարացնելու համար Ստալինը հորինել է այն կեղծ տեսությունը, ըստ որի՝ «որքան մոտենում ենք սոցիալիզմի հաղթանակին, այնքան ավելի է սրվում դասակարգային պայքարը, թշնամու դիմադրությունը դառնում է ավելի կատաղի»։ Հայաստանի կոմկուսը, ընդհուպ մինչև առաջին դեմքերը, նույնպես ենթարկվել են բռնությունների։ 1929 թվականին և 1935 թվականին անցկացվել է շարքերի զտում։ Ընտրական կարգը, դատարանը, տեղական իշխանություններն ամբողջությամբ կախված էին ՀԿԿ ղեկավարությունից և Մոսկվայից։ Հասարակական կազմակերպությունները, արհմիությունները, կոմերիտմիությունը (Հայաստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միություն, ՀԼԿԵՄ, որի շարքերում 1930-ական թվականների վերջին հաշվվում էր 93 հազար մարդ) իրականում ոչ մի իշխանություն չունեին։ 1920-1930-ական թվականներին ՀԿ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղարներից համեմատաբար տևական գործել են Աշոտ Հովհաննիսյանը (1922-1927 թվականներ, հետագայում՝ ՀՍԽՀ ԳԱ ակադեմիկոս, պատմաբան) և Աղասի Խանջյանը (1930-1936 թվականներ)։ Նշանակալի է նրանց ավանդը երկրի տնտեսական ու մշակութային վերելքի և ազգային կադրերի աճի ու դաստիարակության ոլորտներում։

Կենտկոմի առաջին քարտուղար Ամատուն Ամատունին (Վարդապետյան, 1936-1937 թվականներ) պատմության մեջ հիշվում է որպես կադրերի ջարդարար։ Նրա օրոք տեղի է ունեցել ՀԿ(բ)Կ ԿԿ սեպտեմբերյան պլենումը (1937 թվական)՝ Գ. Մալենկովի ու Անաստաս Միկոյանի (Մոսկվա) և Լավրենտի Բերիայի (Թբիլիսի) ղեկավար մասնակցությամբ։ Վերջինս Ստալինի աջ ձեռքն էր Անդրկովկասում, հետագայում՝ նաև Մոսկվայում, երբ 1938 թվականին դարձել է ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ։ Պլենումը բռնությունների սաստկացման նոր փուլի սկիզբ էր, որին զոհ է դարձել նաև ինքը՝ Ա. Ամատունին։ Կենտկոմի առաջին քարտուղար է ընտրվել Գրիգոր Հարությունյանը (1937-1953 թվականներ), որը հրավիրվել է Թբիլիսիից և համարվել է Բերիայի թեկնածուն։

 
Եղիշե Չարենց

1936 թվականի հուլիսին Թիֆլիսում ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի քարտուղար Բերիան կազմակերպել է Ա. Խանջյանի սպանությունը, իսկ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հորինվել են կեղծ գործեր հայ մտավորականների դեմ, որը ղեկավարել է ներքին գործերի ժողկոմ Խաչիկ Մուղդուսին։ Հակահեղափոխության, ազգայնականության և այլ մեղադրանքներով հաշվեհարդարի են են թարկվել Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն Ներսես Ստեփանյանը, գրողներ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Գուրգեն Մահարին, Զապել Եսայանը և ուրիշներ։ 1937 թվականի օգոստին հարցաքննության ժամանակ 3-րդ հարկի պատուհանից իրեն դուրս է նետել (կամ նետել են) Սահակ Տեր-Գաբրիելյանը։ 1937 թվականին Հայաստանում բռնադատվել է 4700 մարդ, որից 3200-ը գնդակահարվել են։ 1938 թվականին գնդակահարվել է 3050 մարդ, բանտարկվել՝ 1500-ը։ ՀՍԽՀ-ում բռնաճնշումների է ենթարկվել 25 հազար քաղաքացի, իսկ խորհրդային իշխանության ժամանակաշրջանում՝ շուրջ 42 հազար, որոնց զգալի մասը գնդակահարվել է։

Այդուհանդերձ, նախապատերազմյան 20 տարվա ընթացքում զգալի վերելք է ապրել հայ մշակույթը։ Ընդլայնվել է դպրոցների ցանցը, քայլեր են կատարվել անգրագիտության վերացման ուղղությամբ։ Բացվել են մի շարք բարձրագույն և տասնյակ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Որակյալ բանվորական կադրեր են պատրաստել գործարաններին ու ֆաբրիկաներին կից գործող ուսումնարանները։ Խորհրդային Հայաստանում հիմնադրվել են թատրոններ, Հայֆիլմ կինոստուդիան, գրողների, նկարիչների ու ստեղծագործ, այլ միություններ։ Գաղափարական կապանքների պայմաններում անգամ ստեղծվել են ազգային մնայուն արժեքներ։

1935 թվականին խոշոր իրադարձություն էր ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի՝ ԱրմՖանի հիմնադրումը, որի հիմքի վրա 1943 թվականի նոյեմբերին ստեղծվել է ՀՍԽՀ ԳԱ-ն։ ԱրմՖանի առաջին նախագահ է ընտրվել երկրաբան Ֆրանց Լևինսոն-Լեսսինգը, իսկ 1938 թվականին՝ արևելագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Հովսեփ Օրբելին։

Հետպատերազմյան շրջան

խմբագրել

Երկրորդ աշխարհամարտից (1939-1945) հետո սփյուռքահայ շրջանները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի կառավարություններին և ՄԱԿ-ին՝ պահանջելով վերականգնել պատմական արդարությունը, հնարավորություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ վերադառնալու իր բուն հայրենիքը։ Նախաձեռնություն է հանդես բերել նաև խորհրդային Հայաստանի ղեկավարությունը։ 1945 թվականի նոյեմբերին ԽՍՀՄ Կառավարությունը որոշում է ընդունել ներգաղթ կազմակերպելու մասին։ ՀԽՍՀ Կառավարությանը կից ստեղծվել է Արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտե։ Սփյուռքում կազմակերպվել են հայրենադարձությանը նպաստող հանձնաժողովներ։

 
Քանաքեռի հիդրոէլեկտրակայան

Հայրենադարձների առաջին կարավանը Բեյրութից (Լիբանան) Հայաստան է հասել 1946 թվականի հունիսին։ Նույն թվականին Լիբանանից, Իրանից, Սիրիայից, Հունաստանից և այլ երկրներից հայրենադարձել է շուրջ 51 հազար հայ, 1947 թվականին՝ 25 հզ., 1948 թվականին՝ 10 հազար։ 1946-1948 թվականներին՝ «մեծ հայրենադարձության» ժամանակ, 12 երկրից մայր հայրենիք է Եկել շուրջ 90 հազար մարդ։ Հետագայում ներգաղթողների թիվը խիստ կրճատվել է՝ 1949 թվականին ՀԽՍՀ բնակիչների և որոշ սփյուռքահայերի նկատմամբ կիրառված քաղաքական բռնաճնշումների հետևանքով։ 1950-ական թվականներին ներգաղթել է 4 հազար, 1960-1970-ական թվականներին՝ 32 հազար մարդ։ Այնուհետև սկսվել է հակառակ գործընթացը՝ հիմնականում կենսամակարդակի անկման պատճառով։ Որոշ թվով հայրենադարձներ և նրանց հարազատներ հեռացել են Հայաստանից, այդ թիվը կտրուկ ավելացել է 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին։

Հայերի ներգաղթը Հայկական Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն (1946-1970-ականներ)

Հայրենական մեծ պատերազմից հետո անհրաժեշտ էր վերափոխել երկրի տնտեսությունը՝ խաղաղ ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան։ Խնդիր է դրվել մինչև 1950 թվականը վերականգնել ու կրկնապատկել արդյունաբերության համախառն արտադրանքը։ Արդեն 1948 թվականին հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքը 1940 թվականի մակարդակը գերազանցել է 3 %-ով։ 1949-ին շահագործվել է Սևանի ստորգետնյա ջրէկը, որն իր տեսակի մեջ եզակի էր աշխարհում։ Ավարտվել է Ձորագէսի վերակառուցումը, գործարկվել է նրա 2-րդ ագրեգատը, նոր հզորություններ են ավելացվել Քանաքեռի ջրէկում, սկսվել է Սևան-Հրազդան կասկադի խոշորագույն ջրէկի՝ Գյումուշի (այժմ՝ Արգել) շինարարությունը։ Էներգետիկ հենքի ընդլայնումը նպաստել է ժողովրդական տնտեսության և առաջին հերթին արդյունաբերության զարգացմանը։ Ձևավորվել ու զարգացել են ծանր արդյունաբերության նոր ճյուղեր՝ էլեկտրամեքենաշինությունը, հաստոցաշինությունը, մոլիբդենի, շինանյութերի արտադրությունները և այլն։ Կառուցվել են ավելի քան 50 արդյունաբերական ձեռնարկություններ։ 1950 թվականին արդյունաբերական արտադրանքը 1945 թվականի համեմատությամբ աճել է 2,7 անգամ։

Խորհրդային Միության տնտեսվարության մեջ որոշ ժողովրդավարացում է տեղի ունեցել Իոսիֆ Ստալինի մահից (1953 թվականի մարտ) հետո։ Կառավարության որոշմամբ (1955) հանրապետություններին թույլատրվել է ինքնուրույն տնօրինելու հատկացված ֆինանսական միջոցները։ Տեղական ինքնուրույնությունը որոշ չափով ուժեղացնելու նպատակով վերակազմավորվել են ժողովրդական տնտեսության խորհուրդները (ժողտնտխորհուրդներ)։ Հայաստանի ժողտնտխորհի (սկզբնական շրջանում միավորել է ավելի քան 250 ձեռնարկություն) գործունեության շրջանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել արդյունաբերական ձեռնարկություններում գիտատեխնիկական նվաճումներն արմատավորելու համար։ Արդեն 1960 թվականին ժողտնտխորհի կազմում գործել են 20 ԳՀ և նախագծային ինստիտուտներ։

Տնտեսության վերակառուցման և առաջընթացի ապահովման գործում զգալի ավանդ են ներդրել ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարներ Գրիգոր Հարությունյանը (1937-1953) և Սուրեն Թովմասյանը (1953-19601958 թվականին ԽՍՀՄ Կառավարությունը որոշում է ընդունել քիմիական արդյունաբերության զարգացման մասին։ Հայաստանում շարունակվել է «Փոքր հանրապետություն և մեծ քիմիա» կարգախոսի իրականացումը։ Գործարկվել են Երևանի «Պոլիվինիլացետատ», Ալավերդու սուպերֆոսֆատի գործարանները, Կիրովականի ազոտային պարարտանյութերի արտադրամասը և այլն։

 
Անտոն Քոչինյանի կիսանդրին
 
Կարեն Դեմիրճյան

Քիմիական ձեռնարկություններն զգալիորեն նպաստել են ՀԽՍՀ տնտեսության զարգացմանը, սակայն վատթարացրել են բնապահպանական վիճակը, անխնա օգտագործվել է Սևանի ջուրը։ Լճի մակարդակը պահպանելու նպատակով 1961 թվականին ՀԽՍՀ Կառավարության միջնորդությամբ ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշել է կառուցել 48-կմ-անոց Արփա-Սևան ջրատար թունելը (շահագործման է հանձնվել 1981 թվականին)։ Թեև 1970-ական թվականների կեսերից որոշ չափով կասեցվել է մեծ քիմիայի զարգացումը հանրապետությունում, և այն փոխարինվել է փոքր քիմիայով, սակայն բնապահպանական լարվածությունը չի նվագել։ 1965 թվականի համեմատությամբ՝ 1985 թվականին արդյունաբերական արտադրության ծավալն ավելացել է շուրջ 4 անգամ։ Այդ փուլում ժողտնտեսության զարգացման խնդրում մեծ է հանրապետության ղեկավար մարմինների դերը՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարներ Անտոն Քոչինյանի (1966-1974) և Կարեն Դեմիրճյանի (1974-1988) գլխավորությամբ։

1960-1980-ական թվականներ

խմբագրել

1960-1980-ական թվականներին արդյունաբերական խոշոր համալիրներ են ստեղծվել Չարենցավանում, Աբովյանում, Սևանում, Հրազդանում և այլուր։ Միայն 1960-1965 թվականներին շրջաններում կառուցվել են 300-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ կամ արտադրամասեր։ 1969 թվականին սկսվել է ՀԱԷԿ-ի շինարարությունը, որի 1-ին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականին, 2-րդը՝ 1979 թվականին։ Ատոմակայանի էլեկտրաէներգիայի միայն 25 %-ն է սպառել Հայաստանը, մնացածն արտահանվել է Ադրբեջան և Վրաստան։ 1960-1980-ական թվականներին բարելավվել է հանրապետության ճանապարհատրանսպորտային համակարգը։ Կառուցվել են Սևան-Շորժա-Սոթք, Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները, մի շարք ավտոմայրուղիներ, Երևանի մետրոպոլիտենը, մայրաքաղաքի «Զվարթնոց», «Էրեբունի», ինչպես նաև Գյումրիի օդակայանները։

Բնակչություն

խմբագրել

Data.worldbank-ի տվյալների՝ 1991 թվականին Խորհրդային Հայաստանում բնակվել է 3.505.249 մարդ.[4]

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բնակչությունը, 1971-1991[4]


Ղեկավարներ

խմբագրել

ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարներ

խմբագրել

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահներ

խմբագրել

(1920-1921 թթ.՝ ՀԽՍՀ Ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ, 1921-1938 թթ.՝ ՀԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահներ)

ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահներ

խմբագրել

(1921-1946 թթ.՝ ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահներ)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ա. Թևանյան. Արժեհամակարգային խնդիրների մասին
  2. Գ. Հարությունյան. Համակարգային փլուզում. պատճառները և հետևանքները
  3. 168 ժամ։ Է. Անտինյան. Նոր էջ բացելու համար հինը փակել է պետք
  4. 4,0 4,1 «Population, total - Armenia | Data». data.worldbank.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 190  
  NODES