Հրապարակ, ճարտարապետորեն կազմակերպված, շենքերով և այլ կառույցներով կամ տնկարկներով երիզված բաց տարածություն։ Քաղաքային հրապարակների նախատիպերը եղել են Կրետեի, Եգիպտոսի, Բաբելոնի, Ասորեստանի պալատային և տաճարային համալիրների շքահանդեսային բակերը։ Դրանց ուղղանկյուն հատակաձևը և պարագծային կառուցապատումը պահպանել են հին հունական ագորաները, հին հռոմեական ֆորումները։ Նման պարփակ բնույթ (գրեթե միշտ անկանոն հատակագծով) ունեցել են XII-XIV դդ. եվրոպական քաղաքների հրապարակները, գլխավորը եղել է առևտրական հրապարակը։ Վերածննդի ժամանակաշրջանում ստեղծվել են հիմնականում կանոնավոր երկրաչափական ձևերով հրապարակներ։ Բարոկկո ոճը քաղաքաշինության պրակտիկա է ներմուծել բոլորաձև, բազմանկյուն և բարդ ուրվագծերով հրապարակներ։ Միջնադարյան ռուսական քաղաքներում ստեղծվել են կրեմլյան, առևտրական, տաճարային հրապարակներ։ XVIII դ. լայն տարածում են գտել բաց, տարածական կոմպոզիցիայով հրապարակները։ Միջնադարյան Հայաստանի քաղաքային հրապարակները (Վան, Կարս, Անի, Երևան և այլն) նույնպես ունեցել են հասարակական և քաղաքաշինական մեծ դեր։ Երևանի հրապարակներից (Խանբադի, Հուսեյն Ալի խանի կամ Մզկիթի, Զալ խանի, Ֆահլա-բազարի) Գլխավորը՝ Մեծը կամ Շուկայինը (Ղանթար), ունեցել է բազմակի նշանակություն (առևտուր, ժամանց, նույնիսկ մարզական միջոցառումներ) և եղել քաղաքի գլխավոր հասարակական կենտրոնը։ Ըստ X դ. արաբ պատմիչ ալ Մուկադդասի, Դվինի հրապարակը եղել է խաչաձև։ Ժամանակակից քաղաքաշինության մեջ քաղաքային հրապարակները ստորաբաժանվում են երկու տիպի՝ տրանսպորտային և հետիոտների։ Տրանսպորտային հրապարակները կատարում են քաղաքային տրանսպորտի շարժման հանգուցակետի դեր։ Շարժման մեծ ինտենսիվությամբ հրապարակները կառուցվում են մի քանի հարկով՝ գետնի մակերեսի վրա, ստորգետնյա, վերգետնյա։ Տրանսպորտային հրապարակները հաճախ ունեն հատուկ նշանակություն՝ ստեղծվում են կայարանների, խոշոր գործարանների, ստադիոնների, հանդիսասրահների, ցուցասրահների առջև, ավտոմեքենաների ընդարձակ կանգառներով։ Հետիոտների համար նախատեսված հրապարակները նույնպես կարող են ունենալ հատուկ նշանակություն։ Գլխավոր հրապարակները կարող են լինել թատերական, առևտրի, մեմորիալ (ի պատիվ պատմական մեծ իրադարձությունների, պետական ականավոր գործիչների և այլն)։ Նման հրապարակների հորինվածքում հաճախ տեղ է տրվում մոնումենտալ քանդակագործության և գեղանկարչության ստեղծագործությունների։ Գլխավոր հրապարակը կամ գլխավոր հրապարակների համակարգերը քաղաքի կենտրոնի միջուկն են և սովորաբար ունեն մեծ չափեր, առավել տպավորիչ, մոնումենտալ կառուցապատում (օրինակ, համապետական ու քաղաքային հիմնարկությունների շենքեր), այստեղ անց են կացվում շքերթներ, տոնական ցույցեր, միտինգներ, ժողովրդական զբոսանքներ։ Տարբեր նշանակություն ունեցող հրապարակները կարող են կանաչապատված լինել կենտրոնում, պարագծով և խառը։

Հանրապետության հրապարակը Երևանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 621
  NODES
Done 1