Մղոն (լատին․՝ mille passuum` «հազար քայլ» բառից), երկարության միավոր։ Տարածված է միավորների ազգային ոչ մետրական համակարգերում և օգտագործվում է հիմնականում ծովային գործում։ Մղոնի մեծությունը, որ հավասար է միջօրեականի 1՛ աղեղի երկարությանը, տարբեր երկրներում տարբեր է՝ կախված տեղանքի աշխարհագրական լայնությունից և տատանվում է 0, 58 կմ-ից (Եգիպտոս) մինչև 11, 2 կմ (հին չեխական մղոն) սահմաններում։ Մեծ Բրիտանիայում ծովային մղոնը = 1, 853184 կմ, ցամաքային կանոնադրական մղոնը = 1, 609344 կմ (կիրառվում է նաև ԱՄՆ-ում)։

Անգլիայում տեղադրված մղոնացույց քար

Աշխարհագրական մղոնը (գերմանական) հավասար է հասարակածի 1/15° = 7, 4204 կմ։ Հին հռոմեական մղոնը (միլիարիում)= 1, 481 կմ։ Հին և վաղ միջնադարյան հայկական, հռոմեական-փիլետերյան (փոքրասիական) և պարսկական մղոնը = 1, 598 կմ։ Ուշ միջնադարում հայ մատենագրության մեջ օգտագործված մղոնը 1, 852 կմ է։ Արաբական մղոնը = 1, 9176 կմ։ Հին ռուսական մղոնը = 7, 4676 կմ։ Աստվածաշնչում հիշատակվող մղոնը = 1479, 5 մ։

Բազմաթիվ երկրներում կիրառվում է միջազգային ծովային մղոնը, որն ըստ Միջազգային հիդրոգրաֆիական կոնֆերանսի (1929) որոշման, հավասար է 1, 852 կմ՝ միջօրեականի 1՛ աղեղի միջին երկարությանը։

Գրականություն

խմբագրել
  • Մանանդյան Հ., Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում, Ե., 1930։
  • Նույնի, Երատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը, Ե., 1934։
  • Культура раннефеодальной Армении, Е. 1980, էջ 326-355
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 646  
  NODES