Նոր քարի դար կամ Նեոլիթ (հուն․՝ νέος , նեոս՝ նոր, և հուն․՝ λίθος , լիթոս՝ քար), քարի դարի վերջին դարաշրջանը, հաջորդել է մեզոլիթին։ Տևել է մոտ երկու հազարամյակ՝ մ․թ.ա. 10-րդ հազարամյակի կեսերից մինչև մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերը։

Քարի դար

Հին քարի դար
(Պալեոլիթ)
Ստորին պալեոլիթ (մոտ 2,6 միլիոն - 100 հզ տարի առաջ)
Միջին պալեոլիթ (300 - 30 հզ տարի առաջ)
Վերին պալեոլիթ (50 - 10 հզ տարի առաջ)
Միջին քարի դար
(Մեզոլիթ)
Էպիպալեոլիթ (20 - 10 հզ տարի առաջ)
Սուբնեոլիթ (12 - 9,5 հզ տարի առաջ)
Նոր քարի դար
(Նեոոլիթ)
Վաղ նեոլիթ (9,5 - 8,5 հզ տարի առաջ)
Ուշ նեոլիթ (8,5 - 7,5 հզ տարի առաջ)

Քարի դարի պորտալ
Նեոլիթյան գործիքներ

Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և ոսկրե հղկված գործիքների օգտագործմամբ, խեցեգործության և երկրագործության առաջացմամբ, վերջը՝ վաղ մետաղամշակությամբ (էնեոլիթի սկզբնավորմամբ)։ Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, որսորդական և ձկնորսական յուրացնող տնտեսությանը զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ նստակյաց երկրագործությամբ (ցորենի, գարու, ոսպի և այլ բույսերի մշակությամբ), կենդանիների (շուն, այծ, ոչխար, խոզ, ավելի ուշ՝ խոշոր եղջերավոր անասուններ) ընտելացմամբ և բուծմամբ։ Արմատավորվել և զարգացել է մանածագործությունը, հյուսելը։ Մայրիշխանությունը հասել է իր ծաղկմանը և աստիճանաբար տեղի տվել հայրիշխանությանը։ Զգալիորեն աճել է բնակչությունը, աստիճանաբար կազմավորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցեղային լեզուները։ Հանրության կյանքում կատարված այդ արմատական փոփոխություններն ընդունված է անվանել «նեոլիթյան հեղափոխություն» (անգլիացի հնագետ Գ․ Չայլդի հետևությամբ)՝ որպես մարդկության պատմության մեջ առաջին տնտեսական հեղաշրջում։

Ըստ նորագույն տվյալների՝ Մերձավոր Արևելքում հնագույն երկրագործական-անասնապահական մշակույթի սկիզբը հասնում է մ․թ․ա․ 8—7-րդ հազարամյակները (Երիքովը՝ Պաղեստինում, Ջարմոն՝ Հյուսիս-Արևելյան Միջագետքում, Չաթալ-Հույուկը՝ Փոքր Ասիայում ևն)։ Եվրոպայում նեոլիթյան մշակույթը զարգացել է Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան մշակույթի զգալի ազդեցությամբ, այդ երկրամասերից Եվրոպա են թափանցել մի շարք մշակովի բույսեր, ընտանի կենդանիների տեսակներ և այլն։ Հայաստանի տարածքում նեոլիթյան կայաններ ու բնակավայրեր են հայտնաբերվել Թալինի շրջանում (Զաղաներ, Արեգունի բլուր, Բառոժ և այլն) և Արարատյան դաշտում (Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր, Տերտերի ձոր և այլն)։ Գտնվել են քարե (օբսիդիան, որձաքար և այլն) պրիզմայաձև միջուկներ, դանակներ, հղկված, գայլիկոնված կոթատեղի փորվածքով կացիններ, մուրճեր, գուրզեր, բրիչներ, աղորիքներ, սանդեր, մանգաղներ, նետասլաքներ, ոսկրե ասեղներ, ուլունքներ, իլիկի գլուխներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 226
  NODES
os 1