Որոշիչ
Որոշիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։
Օրինակ՝ Լուսավոր երազների գրկում ճախրում էին սիրահարված պատանու հոգու թևերը։
Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով
1. գոյականով
Օրինակ՝ Բժիշկ Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։
Օրինակ՝ Արամի ձեռքի ժամացույցը մեխանիկական է։
2. ածականով
Օրինակ՝ Աղջկա հրե աչքերը խելքահան էին արել տղային։
3. դերանունով
Օրինակ՝ Այս հոդվածը շատերին կստիպի խոսել։
4. հարակատար և ենթակայական դերբայներով
Օրինակ՝ Կարդացած գրքերը դրել էր արկղում։
Ինձ ժպտացող աղջիկը դեռ դպրոցում է սովորում։
5. թվականով
Օրինակ՝Հինգ աշակերտ մտավ դասարան։
6. մակբայով
Օրինակ՝ Արագ քայլքը կարող է վնասակար լինել։
Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։
Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝ տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս:
Որոշյալը հաճախ ունենում է մեկից ավելի որոշիչներ, որոնք կոչվում են բազմակի անդամներ և տրոհվում են ստորակետերով։ Եթե բազմակի որոշիչներից մեկն արտահայտված է հարաբերական ածականով, իսկ մյուսը՝ որակական, ապա նրանց միջև ստորակետ չի դրվում, և միշտ հարաբերական ածականը գտնվում է որակական ածականից առաջ։
Օրինակ՝ Փայտե դեղին նստարանին նստել էին ծերունիները։
Որոշչի տեսակ է հետադաս ծավալուն որոշիչը։
Այն դրվում է ենթակայից հետո, տրոհվում է բութով և ստորակետով։ Օրինակ՝
Թագավորը՝ խիզախ, քաջ, իմաստուն, դիմեց ժողովրդին։
Գրականություն
խմբագրել- Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
- Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1969։
- Վ. Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, մաս Ա, Բ, Երևան, 1958, 1964։