Պուանտիլիզմ
Պուանտիլիզմը (ֆր.՝ Pointillisme, բառացիորեն՝ «կետայնացում») գեղանկարչական ոճ է, որում ամբողջական պատկերը ստանում են հիմնական գույներով նկարված առանձին-առանձին մանր կետերի բազմության միջոցով երկրորդական և միջանկյալ գույների տեսողական խաբկանք ստեղծելով։ Պուանտիլիզմը գեղանկարչական մեթոդ է, որը ձևավորվել է գեղանկարչության՝ պոստիմպրեսիոնիզմի էտապին անցնելու ժամանակ։ Պատմականորեն, ի հակադիր գեղանկարչության աբստրակտ ձևին՝ պուանտիլիզմը հանդիսացել է գեղարվեստական պատկերավորման այլընտրանքային եղանակ։
Պուանտիլիզմի տեխնիկայի հիմքում ընկած են դիտորդի հեռանկարային տեսողական ընկալումը և նրա երևակայելու ընդունակությունը, որոնց շնորհիվ բազմաթիվ գունավոր կետերը միավորելով (որոշ հեռավորության վրա, կամ՝ ամբողջական պատկերի մասշտաբները փոքրացնելով)՝ դիտորդը տեսնում է մեկ ամբողջական պատկեր՝ ավելի բազմազան նրբերանգներով, քան իրականում պատկերված է։ Այս երևույթի հետ անմիջականորեն առնչվում է դիվիզիոնիզմը (անգլերեն՝ division՝ բաժանում)։ Դիվիզիոնիզմը պուանտիլիզմի այլընտրանքային անվանում է, որի հիմքում, սակայն, ընկած են առավել առաջավոր մեթոդներ։
Պուանտիլիզմի մեթոդը հակադրվում է հիմնական գույներն իրար խառնելու ավանդական մեթոդին գեղանկարչության մեջ։ Այլ կերպ ասած՝ պուանտիլիստական ոճի նկարներում հիմնական գույներից բացի՝ որևէ այլ գույն չի կիրառվում։ Պուանտիլիզմի անալոգն է քառագույն CMYK՝ տպագրությունը, որն ընկած է որոշ գունավոր տպիչների և ավելի լայնամասշտաբ գունավոր տպագրության հիմքում (Cyan՝ կապույտ, Magenta՝ կարմիր, Yellow and Black՝ դեղին և սև)։ Հեռուստացույցների և համակարգիչների էկրաններին պատկերների ցուցադրման հիմքում ևս ընկած է պուանտիլիզմի սկզբունքը. պատկերներն արտացոլվում են կարմիր, կանաչ և կապույտ գույներով (RGB՝ Red, Green, Blue), որոնց միախառնումը դիտորդի համար ներկայանում է ամենատարբեր նրբերանգներով ամբողջական պատկերների տեսքով։
Պուանտիլիստական պատկերը դիտելիս առանցքային նշանակություն ունի նեյրոպլաստիկան։ Երկու անհատներ կարող են զննել միևնույն պատկերը, այսինքն՝ «ստանալ» և յուրաքանչյուրն իր աչքերի ցանցաթաղանթներին «հաղորդել» ֆոտոռեալիստիկ պատկերն արտացոլող միևնույն լուսաքվանտները (ֆոտոնները), սակայն նա, ում միտքը հիանում է պուանտիլիզմի տեսությամբ, «կտեսնի» բոլորովին այլ պատկեր, քանի որ նրա գլխուղեղի տեսողական կեղևում պատկերն այլ կերպ է ընկալվում[1]։
Պուանտիլիզմի հիմնադիրը, եզրի ծագումը
խմբագրելՊուանտիլիզմի հիմնադիր է համարվում Ժորժ Սյորան, որն այս ոճի հիմքում դրեց գույնի տեսությունը և լուսագիտությունը (օպտիկան)։ Պուանտիլիզմ եզրը արվեստի քննադատների կողմից առաջին անգամ գործածվել է 1880 թ.՝ այս ոճում ստեղծագործող նկարիչների աշխատանքները ծաղրաբար վերագրելու նպատակով։ Ներկայումս «պուանտիլիզմ» եզրը զրկվել է իր երբեմնի ծաղրական իմաստավորումից։
Ականավոր ներկայացուցիչները
խմբագրելՊուանտիլիստական ոճի մեջ լրջորեն աշխատել են մի քանի նկարիչներ, որոնց ստեղծագործությունների թվում առանձնանում են՝ Սյորայի, Սինյակի և Քրոսսի աշխատանքները[2]։
- Չակ Քլոուզ
- Անրի-Էդմոնդ Քրոսս
- Ջոն Ռոյ
- Ժորժ-Պիեր Սյորա
- Փոլ Սինյակ
- Մաքսիմիլյեն Լյուս
- Վինսենթ վան Գոգ-ը նույնպես ուսումնասիրել և գործածել է պուանտիլիզմի տեխնիկան իր աշխատանքներում։
Պուանտիլիզմը երաժշտության մեջ
խմբագրելՊուանտիլիզմ եզրը գործածվում է նաև երաժշտության մեջ՝ 20-րդ դարի երաժշտական ոճի որոշակի ստեղծագործություններ վերագրելիս։
Պուանտիլիզմը երաժշտության մեջ կոմպոզիցիայի ժամանակակից մեթոդներից է՝ սերիական տեխնիկայի տեսակ, երբ երաժշտության միտքը շարադրվում է ինտոնացիոն և ռեգիստրային առումով միմյանցից հեռացված, պաուզաներով անջատված, կարճատև մեկուսի հնչյունների միջոցով։ Կարևոր նշանակություն է ստանում յուրաքանչյուր հնչյունի գունատեմբրային երանգավորումը, ինչպես նաև աղմկային էֆեկտները։ Սերիական տեխնիկայում և դոդեկաֆոնիայում ամեն մի հնչյունի ինքնուրույն լինելը՝ պուանտիլիզմում հասնում է ծայրահեղության։ Պուանտիլիզմում կապակցված մեղեդու (լեգատո) կատարումը բացառվում է[3]։
Ի տարբերություն նկարչության, երաժշտության մեջ պուանտիլիզմը թափ է առել 20-րդ դարի երկրորդ կեսին ետպատերազմյան շրջանում։ Երաժշտական այս ոճի հիմնադիրն է համարվում Անտոն Վեբերնը։ Պուանտիլիզմի ոճով ստեղծագործել են ՝ Կարլհայնց Շտոկհաուզենը (Karlheinz Stockhausen), Լուիջի Նոնոն (Luigi Nono), Պիեր Բուլեզը (Pierre Boulez)։
Տես նաև
խմբագրելԱղբյուրները
խմբագրել- ↑ Schwartz, Jeffrey M.; Begley, Sharon (2003). The Mind and the Brain: Neuroplasticity and the Power of Mental Force. Harper Perennial. էջ 337. ISBN 0060988479.
- ↑ Pointillist Artists at Artcyclopedia: Gallery
- ↑ "Энциклопедический музыкальный словарь", Изд. Советская Энциклопедия, 1966
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուանտիլիզմ» հոդվածին։ |