Ջրամատակարարում

(Վերահղված է Ջրմուղից)

Ջրամատակարարում, բնակչությանը, արդյունաբերական ձեռնարկությունները, տրանսպորտը և այլ օբյեկտներ ջրով ապահովելու միջոցառումների համախումբ։ Ջրամատակարարման խնդիրներն իրականացնող ինժեներական կառույցների համալիրը կոչվում է Ջրամատակարարման համակարգ կամ ջրմուղ։ Ըստ սպասարկվող օբյեկտների նշանակման տարբերում են կոմունալ և արտադրական (արդյունաբերական կամ գյուղատնտեսական) ջրմուղներ։ Ջրի առավել խոշոր սպառողներն են մետալուրգիական, քիմիական, նավթավերամշակման արդյունաբերական ձեռնարկությունները և ՋԷԿ-երը։ Ջրի օգտագործման հետ կապված որոշ միջոցառումներ (գյուղատնտեսական ոռոգում, հիդրոէներգետիկայի խնդիրներ ) Ջրամատակարարմանը չեն վերաբերում։ Ջրամատակարարման նպատակների համար օգտագործում են ջրի մակերևութային (գետեր, ջրամբարներ, լճեր, ծովեր) և ստորգետնյա (գրունտային և արտեզյան) աղբյուրների ջրեր։ Բնակչության կարիքների համար առավել պիտանի են ստորգետնյա ջրերը։ Սակայն խոշոր բնակավայրերի Ջրամատակարարման համար հարկ է լինում օգտվել նաև խմելու ջրի մակերևութային աղբյուրներից։ Բնական աղբյուրներից ջուրը ստանալու, այն մաքրելու և սպառողներին մատուցելու համար ծառայում են հետևյալ կառույցները, ջրընդունիչները (տես Ջրառու կառույց), առաջին բարձրացման պոմպակայանները, մաքրման կառույցները, մաքուր ջրի ռեզերվուարները, երկրորդ և հաջորդ բարձրացումների պոմպակայանները, որոնք մաքրված ջուրը մատուցում են քաղաքին կամ արդյունաբերական ձեռնարկությանը, ջրտարները և ջրմուղ ցանցերը։ Ջրամատակարարման ընդհանուր սխեման կարող է փոփոխվել ըստ որոշակի պայմանների։ Եթե աղբյուրի ջուրը մաքրման ենթակա չէ, ապա սխեմայից դուրս են գալիս մաքրման և դրա հետ կապված կառույցները։ Եթե աղբյուրը բարձր է ջրով մատակարարվող օբյեկտից, ապա ջուրը կարող է մատուցվել ինքնահոսով, և պոմպակայանների անհրաժեշտությունը վերանում է։ Այսպիսի սխեմայով Ջրամատակարարում առավել տարածված է Հայաստանում։ Ջրաճնշումային աշտարակների և ռեզերվուարների դասավորությունը կախված է տեղի ռելիեֆից։ Երբեմն կառուցում են բարձրացնող պոմպակայաններ, որոնք վերցնելով ջուրը քաղաքի հիմնական ցանցից, մատուցում են այն բարձրադիր շրջաններին։ Արդի Ջրամատակարարման համակարգերի պոմպակայանները, որպես կանոն, հանդերձվում են էլեկտրական հաղորդակ ունեցող կենտրոնախույս պոմպերով, ինչպես նաև կարգավորիչ, ապահովիչ և վերահսկիչ չափիչ ապարատներով։ Պոմպակայանների մի մասն ունի հեռուստակառավարման և լրիվ ավտոմատացման համակարգեր։ Մաքրման կառույցներում ջուրը պարզեցվում է և ախտահանվում։ Պարզեցման պրոցեսը, կախված ջրի պղտորությունից և սպառողների պահանջներից, իրականացվում է պարզարանների և զտիչների միջոցով։ Մաքրված ջուրը օբյեկտ է հասցվում ջրտարներով, իսկ օբյեկտի տարածքով տարածվում ջրմուղ-ցանցի միջոցով։ Բարեկարգ բնակելի շենքերն ու որոշ հասարակական շենքեր ունեն տաք ջրի մատակարարման համակարգեր (տես Տաք ջրամատակարարում)։ Արդյունաբերական ձեռնարկությունների համար կիրառում են Ջրամատակարարման այսպես կոչված շրջանառու համակարգեր, ինչպես նաև ջրի հաջորդական օգտագործմամբ համակարգեր։ Շրջանառու համակարգերը ծառայում են բնական ջրերի ոչ ճիշտ օգտագործումը և աղտոտումը կանխելու համար։ Այդպիսի համակարգերում ջուրը համապատասխան մշակումից հետո կրկին մատուցվում է սպառողներին։ Շրջանառու համակարգերում ջուրը հովացնելու համար կիրառում են խտարաններ, ցայտավազաններ, հովացնող լճակներ։ Ընդ որում աղբյուրից վերցվում է միայն հովացման համար ծախսվող ջրի կորուստներին և անվերադարձ արդյունաբերական ծախսերին հավասար ջրի քանակ, որը կազմում է շրջանառության մեջ գտնվող ջրի մի քանի տոկոսը։ Այսպիսով, շրջանառու համակարգի դեպքում վերցվող ջրի քանակը ավելի քիչ է, քան սովորական ուղղահոս համակարգի դեպքում։ Ջրի հաջորդական օգտագործմամբ համակարգերը կիրառում են այն դեպքերում, երբ մի արտադրական սպառողի արտանետած ջուրը կարող է օգտագործել մեկ այլ սպառող։ Դա նույնպես փոքրացնում է աղբյուրից վերցվող ջրի ծավալը։ Բնակչությանը մատուցվող ջուրը ենթարկվում է խիստ սանվերահսկողության (տեսՋրի վարակազերծում)։ Ջրամատակարարումը ունի հազարամյակների պատմություն։ Դեռևս Հին Եգիպտոսում ստորգետնյա ջրերի օգտագործման համար կառուցել են խոր ջրհորներ, գործադրել պարզունակ մեխանիզմներով սարքավորումներ, կավե, փայտե, ավելի ուշ՝ նաև մետաղե խողովակներ։ Հին Հռոմում գոյություն են ունեցել Ջրամատակարարման բավական խոշոր կենտրոնացված համակարգեր, պահպանվել են նաև ջրանցույցներ։ Եվրոպայում կենտրոնական Ջրամատակարարման համակարգեր են սկսել կառուցել 12-րդ դարից։ 12-14-րդ դարերին ջրմուղներ են կառուցվել ռուսական մի շարք քաղաքների ու ամրոցների համար։ Մոսկվայի Կրեմլի ինքնահոս ջրմուղը կառուցվել է 15-րդ դարում։ Էնեոլիթի և բրոնզի դարաշրջաններում Հայկական լեռնաշխարհը ծածկված Էր բերդ-շեների խիտ ցանցով։ Պաշարման ժամանակ ջուրը մատակարարվում Էր գաղտնուղիներով (Շենգավիթ)։ Մ․ թ․ ա․ 9-8-րդ դարերում ուրարտական Մենուա թագավորը Տուշպա (Վան) քաղաքի Ջրամատակարարման համար կառուցել է 80 կմ երկարության ջրանցք (տես Մենուայի ջրանցք), որը հետագայում վերագրվել է Ասորեստանի Շամիրամ թագուհուն։ Մեզ են հասել Էրեբունի ամրոցում օգտագործված քարե և խեցե խողովակներ։ Հին և միջնադարյան Հայաստանում քաղաքների Ջրամատակարարման, կենցաղսպասարկման (բաղնիքներ, կոյուղի) համար արտադրել են կավե հատուկ փողրակներ, որոնք կոչվել են ագուգայք։ Գառնի բերդի, Արտաշատ քաղաքի և այլ բերդերի ու հնագույն բնակավայրերի պեղումների ժամանակ գտնվել են բաղնիքներ և թրծած կավից խողովակներ։ Մինչև այժմ էլ գրեթե ամբողջությամբ պահպանվել է Ամբերդի ջրտարը (10-րդ դար)։ Այն ժամանակի համար կատարյալ Ջրամատակարարման ցանց են ունեցել Դվինը, Անին և այլ քաղաքներ։ Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են նաև ջրի զտման համար ծառայող տուֆաշեն աշտարակներ։

Աերացված ծորակի ջուր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  NODES