Ռեքվիեմ
Ռեքվիեմ (լատին․՝ «Requiem aeternam dona eis, Domine»՝ «Հավերժ հանգիստ տուր նրանց, Տեր» տեքստի առաջին բառերից), սգո հոգեհանգստի մեսսա։ Կաթոլիկական հանդիսավոր մեսսայից տարբերվում է որոշ մասերի՝ «Gloria», «Credo» բացակայությամբ, որոնց փոխարեն մտցված են սկզբում «Requiem», ապա՝ «Dies irae» («Ցասման օրը»), «Tuba mirum» («Հրաշագործ եղջյուրը»), «Lacrimosa» («Արտասվագին») և այլն։
1570 թվականին հռոմեական եկեղեցին խստորեն կանոնակարգեց ռեքվիեմի կազմը։ Ռեքվիեմներ գրել են Յո. Օկեգեմը (XV դ), Օրլանդո դի Լասսոն, Ջովաննի Պալեստրինան (XVI դ), Ֆրանչեսկո Քավալլին, Անտոնիո Լոտտին, Ֆրանչեսկո Դուրանտեն, Նիկոլո Ցոմելլին (XVII - XVIII դդ)։ 18-րդ դարում ռեքվիեմը կորցրել է ծիսական նշանակությունը՝ կատարվել համերգներում։ Ժանրի բարձրագույն նվաճումներից է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը» (1791 թ.)։ XIX դ. ռեքվիեմի ժանրին դիմել են Լուիջի Քերուբինին, Ռոբերտ Շումանը, Ֆերենց Լիստը, Անտոն Բրուքները, Անտոնին Դվորժակը, Կամիլ Սեն-Սանսը, Գաբրիել Ֆորեն, առավել նշանակալի են Հեկտոր Բեռլիոզի (1837 թ.), Ջուզեպպե Վերդիի (1874 թ.) ռեքվիեմները, Յոհաննես Բրամսի «Գերմանական ռեքվիեմը» (1868 թ., գրված է գերմաներեն տեքստով, ավանդական լիթուրգիական լատինականի փոխարեն)։
20-րդ դարում այդ ժանրում ստեղծված երկերից առանձնանում է Բենջամեն Բրիտտենի «Ռազմական ռեքվիեմ»-ը, որում լիթուրգիական տեքստը զուգակցված է Ու. Օուենի բանաստեղծությունների հետ։
Հայ կոմպոզիտորներից մեկ մասանի ռեքվիեմներ են գրել Ալեքսանդր Հարությունյանը, Ալեքսանդր Աճեմյանը և այլք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեքվիեմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |