Սասնա ծռեր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։
Սասնա ծռեր | |
---|---|
Հայոց էպոսի գլխավոր հերոս Սասնա Դավիթը՝ ըստ Հակոբ Կոջոյանի | |
Տեսակ | էպոս |
Ժանր | ազգային էպոս |
Հեղինակ | հայ ժողովրդական բանահյուսություն |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | հայերեն (բարբառներ՝ մոկաց, մշո, սասնա, արարատյան) |
Գրվել է | (հստակեցված չէ) արաբական արշավանքների ժամանակահատվածում |
Կերպարներ | Սասունցի Դավիթ և Մեծ Մհեր |
Հրատարակչություն | |
Հրատարակվել է | 1874 |
Թվային տարբերակ | թվային տարբերակի հղում |
Վիքիքաղվածք | Սասնա ծռեր |
David of Sassun |
Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ մոկաց, մշո, սասնա, ինչպես նաև արարատյան։
Էպոսի պատումներից մեկը 1874 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը՝ հրատարակելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ 1889 թվականին էպոսի մի տարբերակ գրի է առել Մանուկ Աբեղյանը, իսկ արդեն 1939 թվականին Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), հունարեն, ռուսերեն, գերմաներեն, վրացերեն, թուրքերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ։ Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար, Մհեր Աբեղյան, Էդուարդ Իսաբեկյան, Արտաշես Հովսեփյան և ուրիշներ), երաժշտության մեջ (Գևորգ Բուդաղյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ Արման Մանարյան, 2010 թվական, մուլտֆիլմ), թատրոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, իսկ Արցախյան պատերազմի տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ Հայաստանի անկախ Հանրապետությունում էպոսի հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» անունով մետրոպոլիտենի կայարան։
«Սասնա ծռեր» էպոսն ընդգրկված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[1]։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Էպոսի բովանդակություն
խմբագրելՀայոց դյուցազնավեպը սկսվում է Բագրատունիների թագավորության արքա Գագիկի դստեր՝ Ծովինարի և Բաղդադի անհավատ խալիֆի ամուսնությամբ։ Ծովինարի գեղեցկության մասին խալիֆը տեղեկացել էր իր հարկահաններից, ովքեր Հայաստան էին ժամանել տուրքերը ստանալու։ Նկատելով չնաշխարհիկ արքայադստերը՝ հարկահավաքները միանգամից խալիֆին տեղեկացնում են Ծովինարի գեղեցկության մասին։ Խալիֆը Ծովինարին մեկ անգամ տեսնելուց հետո իր ստորադասներին հրամայում է ամեն գնով Բաղդադ տանել գեղեցկուհուն։ Շուտով հայոց աշխարհ են ժամանում վերջինիս պատվիրակները, ովքեր սպառնում են Ծովինարին՝ խալիֆին կնության չտալու դեպքում պատերազմ մղել։
Այս հարցի շուրջ հայոց ավագանու անդամներն ունեին հակասական դիրքորոշում․ անդամների մի մասը կտրականապես դեմ էր մուսուլման խալիֆի և խաչապաշտ արքայադստեր ամուսնությանը, իսկ մյուս մասը՝ ընդհակառակը, պնդում էր, որ արյունահեղությունից խուսափելու համար հարկավոր է Ծովինարին տալ խալիֆին կնության։ Գիտակցելով իրավիճակի լրջությունը և ցանկանալով զերծ մնալ հազարավոր ահերից՝ Ծովինարն ինքնակամ որոշում է կայացնում ամուսնանալ և հորը խնդրում իրեն կնության տալ Բաղդադի խալիֆին։ Գագիկը ևս հակված չէր այս տարբերակին, բայց ստիպված էր հարգել դստեր կամահայտնությունն ու հայկական պետականության շահերը։
Հասնելով Բաղդադ՝ Ծովինարը պայման է դնում խալիֆի առաջ, որ նա առաջիկա մի տարին չպետք է մոտենա իրեն։ Արաբաց խալիֆը համաձայնվում է այդ պայմանի հետ և արքայադստեր համար առանձին դղյակ կառուցում։ Ըստ հին հայկական ավանդական սովորության՝ Համբարձման տոնի ժամանակ հայ կանայք դուրս էին գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում։ Ծովինարն այդ օրը դուրս էր եկել զբոսանքի և երկարատև շրջածությունից հետո որոշում է դույզն-ինչ դադար առնել։ Ծարավի զգացումը խեղդում էր գեղեցկուհի նորահարսին և դեպի երկինք ուղղված նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղյուր է բխում։ Սառնորակ աղբյուրի ջուրն ուներ մոգական կարողություն, որի շնորհիվ էլ Ծովինարը հղիանում է իր խմած ջրից։ Լսելով կնոջ հղիության լուրը՝ Բաղդադի խալիֆը հրամայում է մահապատժի ենթարկել նրան, սակայն Ծովինարը խնդրում է ժամանակ տալ իրեն, որպեսզի վախճանվի երեխաներին ունենալուց հետո։ Այսպիսով, հայոց Գագիկ թագավորի դուստրը ծնում է երկու դյուցազուն, որոնցից մեկի անունը կնքվում է Բաղդասար, մյուսինը՝ Սանասար։ Նրանք հասակակիցներից տարբերվում էին իրենց օրեցօր աճի կարողությամբ և զորեղությամբ։
Սասունի հիմնադրումը՝ Սանասար և Բաղդասար
խմբագրելՀալվոր նայեց դարգահի վերա,
Էդոր վերին հարկեր տեսավ,
Քարեր հանած էդա բարձր հարկեր,
Տեսավ քարափներ պատ շարած,
Զարմացած մնաց, հարցուց, ասաց.
— Էդո՞ր անուն դնեմ։
Աստված ձեր տուն շինի,
Ես ի՞նչ անուն դնեմ էս տան։
Աստված բարի տա ձեզ,
Դուք ինչքա՞ն ուժ ունիք,
Որ վեր հաներ եք էս մե՜ծ-մեծ քարեր։
Վա՜, էս ի՞նչ սասան քարեր են.
Սանասարն ու Բաղդասարը՝ Ծովինարի որդիները, ոչ թե օրով, այլ ժամով էին մեծանում և տակավին հինգ տարեկան չդարձած՝ ահ ու սարսափի մեջ են գցում Բաղդադի ավագանու երեխաներին։ Այս հողի վրա վեզիրների և խալիֆի միջև վիճաբանություն է տեղի ունենում, որի արդյունքում որոշվում է տղաներին հեռացնել Բաղդադից։ Գագիկ արքայի թոռների հետագա մանկությունն անցնում է հայոց երկրում, քանի որ Բաղդադից նրանց հեռացնելուց հետո վերջիններս հանգրվանել էին իրենց պապի մոտ։ Կարճ ժամանակահատվածում Բաղդասարն ու Սանասարը մեծանում եմ՝ վերածվելով աննկարագրելի ուժի տեր դյուցազունների։ Շուտով նրանք ուղևորվում են այն ավազանի մոտ, որտեղից կյանք են ստացել։ Սանասարը կրտսեր եղբորն առաջարկում է նետվել ծովի ալիքների մեջ, սակայն Բաղդասարը հրաժարվում է։ Սանասարը համարձակորեն ձգտվում է ծովի ալիքներին ընդառաջ, սակայն ջրերը հետ են քաշվում, իսկ քաջարի դյուցազունն ընկնում է ստորերկրյա թագավորություն։
Այստեղ հրաշք է կատարվում․ կյանքի աղբյուր համարվող Մարութա Բարձրիկ Սուրբ Աստվածածինը Սանասարին է հանձնում Թուր Կեծակին (կայծակնային սուր) և Քուռկիկ Ջալալին։ Առասպելական այդ ձին ուներ աննկարագրելի արտասովոր հատկություններ, քանզի մարդկային լեզվով խոսելուց բացի նա նաև կարողանում էր անծայրածիր ճանապահներ անցնել և թռչել առ արեգակ։ Կենսատու ջրերում Սանասարը ձեռք է բերում նաև անխոցելի զենք ու զրահ, իսկ բազուկի վրա դրոշմվում է յուրօրինակ մի խաչ։ Ծովի ջուրը Սանասարին դարձնում է իրական մի հսկա, որ անգամ եղբայրը նրան չի ճանաչում և վերջինիս տեսնելով՝ ահարկու փախչում է։ Շուտով նա իմանում է եղելությունը, որից հետո միայն քաջազունները շարունակում են իրենց ճանապարհը։ Շուտով եղբայրներն ականատես են լինում, թե ինչպես է լեռներից հոսող մի ուժգին առու կտրում-անցնում մի մեծ գետի ամբողջ հոսանքը։ Գայթակղված այդ ջրի զորությունից՝ Սանասարն ու Բաղդասարը գտնում են առվի հոսքի սկզբնակետը և վերջինիս ակունքների վրա վիթխարի ապառաժներից ամրոց կառուցում։ Շուտով Սանասարն ու Բաղդասարը ձեռնամուխ են լինում իրենց հիմնադրած ամրոցի հարակից տարածքների բնակեցմանը և այդ նպատակով հայոց աշխարհից 40 ընտանիք բերելով՝ հաստատում են այստեղ։ Այսպիսով՝ առասպելական տեսանկյունից՝ սա է Սասուն քաղաքի հիմնադրման պատմությունը։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո եղբայրները ցանկանում են անվանում տալ իրենց հիմնադրած բնակավայրին։ Հենց այս ժամանակ էլ նրանց պատահաբար հանդիպում են ծերունի մի սերմնացանի, որից էլ խնդրում են անուն մտածել բարձրաբերձ և վահաշուք քաղաք-ամրոցի համար։ Այսպիսով՝ հենց այդ ծերունին էլ քաղաքի անունը կնքում է Սասուն, քանի որ այն կառուցված էր սասան քարերից։ Նա իր խոսքը մեկնաբանում է հետևյալ կերպ․
Սասունի հիմնադրումից հետո քաջազունները մեկնում են Պղնձե քաղաք, որտեղ Սանասարն ամուսնանում է այդ քաղաքի արքայի դստեր՝ Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն-Ծամի կամ պարզապես Դեղձունի հետ։ Վերջինս Սանասարին տեսել էր իր երազում և վերջինիս այդ մասին տեղեկացրել էր նամակի միջոցով։ Բաղդասարն էլ իր հերթին ամուսնանում է Դեղձուն-Ծամի քրոջ հետ և մեկնում Բաղդադ։ Սանասարն ու Դեղձունն ունենում են երեք որդի՝ Մհերը, Օհանը և Ցռան Վերգոն։ Էպոսի վիպական երկրորդ ճյուղում Սանասարի և Բաղդասարի գործը շարունակում է եղբայրներից ավագի որդին՝ Մհերը։
Առյուծաձև Մհեր․ Սասունի ազատումը Մըսրի հարկերից
խմբագրելՀոր պես Մհերը ևս անմարդկային զորության տեր պատանի էր և մեծանում էր օր օրի։ Դեռահաս Մհերը արմատախիլ էր անում ծառերը և դրանք թեթև թղթի պես բարձում, իսկ ձի հեծնելու մասին անգամ չէր մտածում, քանզի ցանկացած նժույգ ճկվում էր նրա զորությունից։ Ըստ ժողովրդական բանասիրության՝ Մհերը պատրաստ էր իր ամբողջ ուժն ու եռանդը ներդնել հանուն հայրենիքի և հայրենյաց ժողովրդի բարօրության։ Դրա վառ ապացույցն է երիտասարդ Մհերի և մարդակեր առյուծի մենամարտը։ Այդ առյուծը ներխուժել էր Սասնա աշխարհ և նստելով դեպի ջրհորները տանող ճանապարհին՝ ժողովրդին մատնել էր սովի։ Տեսնելով այս ամենը՝ Մհերը խիզախորեն գնում է առյուծին ընդառաջ և երկու կես անում վերջինիս։ Ժողովուրդը ցնծում է այս կապակցությամբ և Սանասարի որդուն շնորհում «Առյուծաձև» կամ պարզապես «Առյուծ Մհեր» պատվանուններով։ Մարդակեր առյուծին հաղթելուց հետո Մհերը ստանում է հորը պատկանող Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին և Խաչ պատերազմին։ Այս ամենից հետո Մեծ Մհերը դառնում է Սասնա տան ղեկավար։
Շուտով գալիս է Մհերի ամուսնության ժամանակը․ նրա ավագ եղբայրը՝ Ձենով Հովանն և քեռին՝ Թորոսը, գնում են Կարս՝ Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դևի գերության մեջ։ Շուտով լուրը հասնում է Առյուծաձև Մհերին, որը, ժամանելով Կարս, սպանում է հրեշավոր դևին և նրա փահլևաններին, իսկ չքնաղագեղ արքայադուստր Արմաղանին իրեն առնում է կնության։ Սակայն այս ժամանակահատվածում Սասունը Մըսրին դարձել էր հարկատու, քանի որ Սանասարի մահվանից հետո՝ մինչև Մհերի մեծանալը, ոչ ոք չէր կարողացել պահպանել երկրի հզորությունը։ Հերթական տարում Սասուն են ժամանում Մըսրի արաբ հարկահանները, որոնց Մհերը հրաժարվում է հարկ վճարել։ Քեռի Թորոսը Մհերին հորդորում էր մեղայականով գնալ Մըսր ու Մելիքին խնդրել որպեսզի նա կրճատի հարկերը, սակայն հայոց քաջազունն անում է բուն հակառակը՝ հեծում է Քուռկիկ Ջալալին և ուղևորվում արաբական աշխարհ։ Մինչ այդ նա նաև իմացել էր այն մասին, որ Մըսրա մեծ Մելիքն իրեն ձեռնոց է նետել և հրավիրել Մըսր՝ կռվի։ Մըսրում Մելիքը միանգամից նկատում է Սանասարի որդու հպարտ կեցվածքն ու արիությունը և միանգամից կանչում մարտադաշտ։ Տեսնելով, որ չի կարողանա հաղթել Մհերին՝ Մըսրա Մելիքը դաշն է կնքում հայոց դյուցազնի հետ և թելադրում իր պայմանը։ Ըստ այդ պայմանի՝ իրենցից ով առաջինը մահանա, պարտավորվում է մինչև իր կյանքի վերջը տիրություն անել կռվում զոհվածի ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին, և իհարկե՝ երկիրը։ Բացի այդ՝ Մելիքը Սասունին ազատում է բոլոր տեսակի հարկերից և դաշնակցային կապեր պաշտպանում Սասնա աշխարհի հետ։
Մըսրա Մելիք տեսավ, որ Մհեր չի հաղթվի. տեսավ՝ Մհեր շատ ազնավուր, հաստա՛տ մարդ է. Ասաց. Սասնա Մհեր, քելե մենք մի պայման կապենք։ Ես կասեի՝ մեջ աշխարքին ինձնեն ուժեղ մարդ մի չկար՝ ամա ես ու դու չը կարցանք իրար հաղթենք։ |
Ժամանակ անց Մըսրա Մելիքը վախճանվում է։ Մահից առաջ նա իր կնոջը խնդրել էր մերձենալ Մհերի հետ, որպեսզի նրանց սերունդը մեծանալով զորեղանա և պաշտպանի Մըսրը։ Հավատարիմ մնալով Մելիքին տված ուխտին՝ Մհերը պարտավորվում է մեկնել արաբական աշխարհ, որպեսզի տեսակցի Մելիքի այրիացած կնոջը։ Արմաղանն ամեն կերպ ցանկանում է կանխել ամուսնու մենկնումը Իսմիլ խանումի մոտ, սակայն վերջինս անդրդվելի էր։ Նա հեծում է Քուռկիկ Ջալալին աստվածային նժույգով սրընթաց շարժվում Մըսր։ Շուտով նա հանդիպում է Մելիքի այրի կնոջը, որը նենգաբար գինով արբեցնում է Մհերին և վերջինս հակառակ իր կամքին հղիացնում է Իսմիլին։ Այդպես, արևելքի տիրուհին երկար ժամանակ Մհերին գինով պահում է Մըսրում և ծնվում է նրանց որդին, որ պիտի դառնար Մըսրի տիրակալը։
Մըսրա Մելիքի երակներում եռում է հսկա հոր արյունը, նա ժառանգել է նաև նրա ուժը, իսկ սրտում զգում է մարդկանց և բոլոր ժողովուրդների վրա իշխելու բուռն ծարավ, որը նրան ներշնչել է իր մայրը։ Լույս աշխարհ բերելով իր այդ որդուն՝ Մհերը դրանով իսկ Իսմիլ խանումի հոգում ծնում է այն հույսը, թե «հիմա կշողշողա Մըսրա աստղը, իսկ Սասնա աստղը կխավարի»։ Իսմիլի կողմից Մելիքին տրվող այդ խրատները, իբրև հրաշագործ հակաթույն, սթափեցնում են Մհերին, և նա իր հոր հրեղեն ձիով Մըսրից սլանում է հայրենյաց Սասուն։ Մհերը վերադառնում է իր սիրեցյալ կնոջ մոտ, որը երդվել է քառասուն տարի հրաժարվել ամուսնական կյանքից։ Բայց Մհերը խախտել է տալիս նրան այդ երդումը, ցանկանալով վառել Սասնա ճրագը, որպեսզի վերջինիս լույսից խավարի Մըսրա աստղը, և իր ուստրերն ու դուստրերը պաշտպան ունենան այն աղետների դեպքում, որ կարող է նրանց գլխին բերել Մըսրա Մելիքը։ Սակայն հայ փափկասուն տիկնոջ երդմնազանցությունը առաջացնում է Աստծո զայրույթը, և վերջիններս մնում են անժառանգ։ Աստծո հետ կապ հաստատելու նպատակով Մեծ Մհերը կառուցում է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը, որի միջոցով կապ է հաստատում տիրոջ հետ և վերջինից արու զավակ խնդրում։ Սակայն Աստված հայտնում է, որ դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ տղայի ծնվելուց անմիջապես հետո նա և իր կինը մահանան։ Անձնազոհ Մհերն ու Արմաղանը շուտով մահանում են, սակայն լույս աշխարհ է գալիս նրանց խարտյաշ որդին, որին կնքում են Դավիթ։
Սասունցի Դավթի ծնունդ և մանկապատանեկություն
խմբագրելԵրրորդ ճյուղում ծնվում է էպոսի գլխավոր հերոսը՝ Դավիթը։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Մանկահասակ սասնեցուն կերակրելու համար վերջինս տակնուվրա է անում ողջ Սասունը՝ հավաքելով բոլոր կաթնատու մայրերին։ Սակայն Դավիթը հրաժարվում է բոլորի կաթից, և Օհանը վճռում է նրան ուղարկել Մըսր՝ Իսմիլ խանումի մոտ։ Բանն այն էր, որ Իսմիլը ժամանակին կիսել էր մահիճը Դավթի հոր՝ Առյուծաձև Մհերի հետ և հենց այս հանգամանքով էլ պայմանավորված էր Օհանի տրամաբանական որոշումը։ Երկար և տաժանակիր ճանապարհը ողբերգական կարող էր լինել նորածին տղայի համար, իսկ Դավթին Մըսր հասնելու լավագույն տարբերակը Քուռկիկ Ջալալին էր։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և սա մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով, հասակ առնում իբրև մի դյուցազուն։ Իր նախնինների պես Դավիթը ևս աճում էր ժամով և վայրկյանով։ Մհերի որդին չորս տարեկան հասակում անգամ խաղի ժամանակ բռնում ու դեն է շպրտում Մըսրա Մելիքի նետած մկունդը, որը հեղինակազրկում է Մըսրա գահի հետագա հավակնորդին։ Մըսրա Մելիքը, տեսնելով Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին հայկական զնդանում՝ ցանկանալով պատժել վերջինիս։ Որպեսզի մանուկ հսկան զրկված լինի ամեն տեսակի փախչելու հնարավորությունից, նրա ճաշի միսն անգամ ոսկրահան էին անում։ Մի անգամ էլ սակայն պալատականները վիրավորում են սպասավորին և սա էլ բարկությունից Դավթին ոսկրոտ միս է տալիս։ Դավիթը ճաշն ուտում է և ոսկորը շպրտում պատի կողմն այնպիսի ուժով, որ զնդանի պատը քանդվում է։
Տեսնելով, որ նրան անազատության մեջ պահելն անիմաստ է՝ Մըսրա Մելիքը վճռում է ազատվել վերջինիցս։ Երկու հոգու ուղեկցությամբ Դավթին ուղարկում են դեպի Սասուն՝ նրան ճանապարհին սպանելու մտադրությամբ։ Սակայն ոչ մի դեպքում դա չի ստացվում, քանի որ սասնա փահլևանը կռահում է ուղեկիցների զազրելի մտադրության մասին և ազատվում նրանցից։ Շուտով Դավիթը ժամանում է Սասուն, ուր հանդիպելով հորեղբորը ծանոթանում է իր ընտանիքի և տոհմի պատմությանը։ Կարճ ժամանակում Դավիթը Սասունում մտնում է կյանքի բնականոն հունի մեջ, սակայն քանի որ նա չէր կարողանում հանգիստ շփվել իր հասակակիցների հետ, նրան կարգում են գառնարած։ Դավիթը, գառների և ուլերի հոտն առաջն արած՝ սարերն է բարձրանում։ Քնով է անցնում, գառներն ու ուլերը ցրվում են, իսկ երբ մանուկ հովիվը նրանց ուզում է հավաքել, չի տարբերում թե որոնք են իրենը, և թե որոնք են անտառի գազանները։ Դավիթը գազաններին քշում-բերում է քաղաք, ապա դիմում նաև դրանց տերերին հետևյալ խոսքերով․
Այսպես Դավիթը փորձում է բազում զբաղմունքներ, սակայն վերջ ի վերջո մի պառավի խորհրդով, որի արտը տրորել էր, որոշում է դառնալ մարտիկ և պաշտպանել հայրենյաց երկրի սահմանները։ Իր նպատակի իրագործման ճանապարհին Դավթին օգնում է իր հորեղբայրը՝ Ձենով Օհանը։
Մի հանգամանք Դավթի կյանքում ճակատագրական է լինում։ Նա անակնկալ սիրահարվում է Չմշկիկ-սուլթանին և խոստանում նրա մոտ վերադառնալ յոթ օր հետո, բայց այդ մասին հիշում է միայն յոթ տարի անց, երբ Չմշկիկից արդեն ծնված է լինում իր դուստրը։ Կյանքի վերջին տարում Դավիթը Սասուն քաղաքի ճանապարհին մարտի է բռնվում սեփական որդու՝ Մհերի հետ և անիծում նրան այսպես․ «անմահ լինես և անժառանգ»։ Վերադառնալով Չմշկիկ-սուլթանի մոտ, Դավիթը սպանվում է իր հարազատ աղջկա արձակած նետից։
Պատմական ժամանակահատված
խմբագրել«Սասնա ծռեր» էպոսը գլխավորապես ձևավորվել է զարգացած միջնադարում՝ արաբական արշավանքների ընթացքում։ Բայց , եթե ուշադիր հետևենք հերոսների և սյուժեի զարգացմանը պարզ է դառնում , որ այն հայ ժողովրդի կազմավորման վաղնջական ժամանակներին է անդրադառնում ։ Էպոսի յուրաքանչյուր հերոս , ունի առանցքային նշանակություն և նրանք բացահայտում են աստղագիտական և մաթեմաթիկական մի շարք գիտելիքներ, որոնք անընդմեջ կարող ենք հանդիպել էպոսում ։
Նախնական հիշատակ
խմբագրելԷպոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (Թագավորաց չորրորդ, ԺԹ), հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) երկերում։ Իսկ Դավիթ և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների (Ա.Տենրեյրո, Մ.Աֆոնսո) ուղեգրական նոթերում։ Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարում հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին (Խանդութի ձոր, Խանդութի բերդ, Դավթի թշնամիների գերեզմանները Խլաթի մոտակայքում)։
Գրառումներն ու հրատարակություններ
խմբագրել«Սասնա ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն շրջանից և իր վերջնական և ավարտուն տեսքը ստացել 8-րդ դարում։ Էպոսի Սասունցի Դավիթ ճյուղը իր մեջ պահել է արաբական ազատագրական պայքարում աչքի ընկած ապստամբություններից մեկի՝ Տարոնի ապստամբների կատարած սխրագործությունները, միայն այն տարբերությամբ, որ արաբ ոստիկանին սպանողը ոչ թե Դավիթ Արքայիկն էր, այլ Խութեցի Հովնանը։ Էպոսի մնացած երեք ճյուղերում մենք կարող ենք գտնել հայ առասպելաբանության, հասարակության դասակարգերի, հնագույն դիցարանի մասին տեղեկություններ, որոնք պետք է օգտագործվեն անցնելով խորաքննին ուսումնասիրություններից հետո միայն։ Եվրոպային էպոսը հայտնի է դարձել 16-րդ դարում պորտուգալացի ճանապարհորդներ՝ Մեստրե Աֆոնսոյի և Անտոնիո Տենրեյրոյի շնորհիվ։
«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873 թվականին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնուպոլիսում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874 թվական)։ Երկրորդ տարբերակը 1886 թվականին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889 թ.)։ Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե.Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ։ 1938-1939 թվականներին «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939 թ.)։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին Փարիզում («Սասունական», 1942 թ.)։
Վիպասացների հայրենիք
խմբագրելԷպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։ XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս։ Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմն նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը։ «Սասնա ծռերը» ավանդվել է բանավոր և նրա բնագրերը XIX-XX դդ. տարբեր վիպասաններից գրառված տարբերակներ են, որոնք կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական–տեղագրական երեք մեծ խմբի՝ Սասնա, Մշո և Մոկաց։ Սրանցից բացի, կան նաև խառը։ Նախնական պարզ ու կուռ տիպը, հավանաբար, եղել է Սասունինը, որի տարածումից էլ ստեղծվել են մյուս տարբերակները։
Կառուցվածք ու գլխավոր հերոսներ
խմբագրելԷպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր (երբեմն՝ Առյուծաձև Մհեր), Դավիթ (Թլոլ, Թլոր, Թլվատ, Թառլան մականուններով) և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։
Գրական մշակումներ ու թարգմանություններ
խմբագրել«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903 թ.)։ Փոքր Մհերի ճյուղը բանաստեղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա.Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլիս, 1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր», 1922 թ.)։ Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.) և ուրիշներ։ Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։
Սասնա ծռեր էպոսի բնագրային հրատարակություններ
խմբագրել- Գարէգին Սրուանձտեանց «Գրօց ու բրօց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ», Կ. Պոլիս, 1874:
- Մանուկ Աբէղեան «Դաւիթ եւ Մհէր», Շուշի, 1889, 61 էջ։
- Գրիգոր Խալաթեանց «Սասմա փահլեւաններ կամ Թլօր Դաւիթ եւ Մհէր», Վաղարշապատ, 1899:
- Սասնա ծռեր, հատ. 1, Երևան, 1936։
- Սասնա ծռեր, հատ. 2, մաս 1, Երևան, 1944։
- Սասնա ծռեր, հատ. 2, մաս 2, Երևան, 1951։
- Գրիգորյան Գր., Գրիգորյան Վ. «Սասունցի Դավիթ», Երևան, 1977։
- Հարությունյան Ս., Սահակյան Ա. «Սասնա ծռեր», հատ. Գ, Երևան, 1979։
- Կարապետ Մելիք-Օհանջանյան «Սասնա ծռեր (հայերեն և ֆրանսերեն)», Երևան, 2015, 724 էջ։
Սասնա ծռեր էպոսի համահավաք հրատարակություններ
խմբագրելՍասնա ծռեր էպոսի գրական մշակումներ
խմբագրել- Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ», Թիֆլիս, 1903, 40 էջ։
- Լևոն Մանվելյան «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք (դրամատիկական պոեմ)», Թիֆլիս, 1905։
- Ավետիք Իսահակյան «Սասմա Մհեր», Վիեննա, 1922, 54 էջ, 2-րդ հրտ., Երևան, 1938, 42 էջ։
- Եղիշե Չարենց «Սասունցի Դավիթը», Երևան, 1933, 28 էջ։
- Վաղարշ Վաղարշյան «Սասունցի Դավիթ (ողբերգություն)», Երևան, 1938, 232 էջ։
- Հմայակ Սիրաս «Սասունցի Դավիթ», Երևան, 1939, 151 էջ։
- Կարապետ Սիտալ «Սասնայ ծռեր», Ֆիլադելֆիա, 1939, 1946։
- Սարմեն «Խանդութ Խաթուն», Երևան, 1940, 46 էջ։
- Սողոմոն Տարոնցի «Դավթի երգը», Երևան, 1946, 141 էջ։
- Մկրտիչ Խերանյան «Սասնա տուն», Երևան, 1958, 300 էջ, 2-րդ հրտ., Երևան, 2014, 448 էջ։
- Նաիրի Զարյան «Սասնա Դավիթ», Երևան, 1966, 198 էջ, 2-րդ հրտ., Երևան, 2016, 272 էջ։
- Յակոբ Օշական «Սասունցի Դավիթ (քնարախաղ)», Բեյրութ, 1984, 40 էջ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՅՈԻՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 00743[1] |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասնա ծռեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասնա ծռեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 195)։ |