Սուբստանց
Սուբստանց (լատին․՝ substantial subs-tare - գոյություն ունենալ), փիլիսոփայության կատեգորիա, որը նշանակում է աշխարհի մեջ եղած վերացականը, ընդհանուրը, հաստատունը, որն ապահովում է աշխարհի միասնությունը՝ ներառելով նրա կոնկրետ, եզակի, անցողիկ երևույթների բազմազանությունը։ Տեսական մտածողությունն իսկապես միտում ունի ի մի բերելու երևույթների բազմազանությունը․ Սուբստանցի կատեգորիան ծագում է, երբ այդ միտումը մտահայեցողաբար տարածվում է աշխարհի վրա ընդհանրապես։ Անտիկ փիլիսոփայության մատերիալիստական ավանդույթի մեջ (միլեթյան դպրոց, Հերակլիտ, Անաքսագորաս, Դեմոկրիտ, էլեացիներ, Էպիկուր և այլն)։
Ենթակատեգորիա | էություն | |
---|---|---|
Բնութագրվում է | essence | |
Հակառակը | ակցիդենցիա |
Սուբստանցին համարժեք են առաջնային տարրերը, նյութական մասնիկները, ատոմը և այլն, իսկ իդեալիստական ավանդույթի մեջ՝ պլատոնյան «գաղափարները», Արիստոտելի «անշարժ էությունը» և այլն, որոնք որպես իսկական կեցություն հակադրվում էին զգայական աշխարհի երևույթներին։ Կարևորագույն խնդիր էր նաև շարժման հարցը, ոմանք (Հերակլիտ, Էպիկուր և այլն) Սուբստանցն պատկերացնում էին իբրև ինքնաշարժվող, բայց մեծ մասը (էլեացիներ, Դեմոկրիտ, Արիստոտել և այլն) գտնում էր, որ միասնական, հավերժական, հաստատուն առաջնահիմքին փոփոխականություն (շարժում) վերագրելը տրամաբանական հակասություն կլիներ։ Միջնադարում սկիզբ է առնում երկու (հոգևոր-աստվածային և նրանից կախված՝ նյութական-մարմնական) Սուբստանցների տարբերակումը։ Դեկարտը, բացի բացարձակ Սուբստանցից (աստված) ընդունում է երկու արարյալ, բայց միմյանցից անկախ, ինքնաբավն հավատակից Սուբստանցներ՝ տարածական և մտածող։ Սպինոզայի ուսմունքում Սուբստանցը ինքը բնությունն է՝ վերցված իր միասնության տեսակետից և որպես աշխարհի բազմազանությունն առաջացնելու կարողություն, սուբստանց-բնությունն օժտված է այն բոլոր հատկություններով, որոնք վերագրվում էին աստծուն։ Գերմանական դասական փիլիսոփայությունը ընկալեց սպինոզյան Սուբստանցի գաղափարը՝ հատկապես շեշտելով Սուբստանցի ինքնաշարժումը և հաստատունի ու փոփոխականի, միասնականի ու բազմազանի դիալեկտիկան։
Սուբստանցի կատեգորիան համընկնում է մատերիայի հետ՝ վերցված նրա բոլոր դրսևորումների տեսակետից։ Սուբյեկտիվ իդեալիստական, ֆենոմենալիստական փիլիսոփայությունը (հյումիզմը, պոզիտիվիզմը, պրագմատիզմը) ժխտում է Սուբստանցի հասկացությունը, որպես վերացական-տեսական, մտահայեցողական-մետաֆիզիկական մտակառուցում։
Պատմություն
խմբագրելԱնտիկ փիլիսոփայության մեջ սուբստանցիա են համարել օդը,ջուրը, հողը, կրակը, որոնք չեն ստեղծվում և չեն ոչնչանում, այլ փոխակերպվում են այլ նյութի և ընկած են նյութական աշխարհի բոլոր առարկաների հիմքում, որպես վերջնական՝ անոչնչանալի և անստեղծելի էություններ։ Փիլիսոփայական մտքի զարգացման ընթացքում սուբստանցիա է համարվել անորոշ նախանյութը՝ ապեյրոնը, որը հավիտենական է, անսպառ և անընդհատ փոխում է գոյության իր ձևերը։ Սուբստանցիայի անորոշ գաղափարին հետագայում փոխարինեց նրա ատոմիստական ուսմունքը։ Սուբստանցիայի ատոմիստական տեսությունը հենվում է այն սկզբունքի վրա, որ տիեզերքում գոյություն ունի անսահման քանակությամբ անստեղծելի ու անոչնչանալի պարզագույն անբաժանելի մասնիկներ՝ ատոմներ, որոնց բազմաբնույթ ու բազմաձև զուգորդություններից, իրարից կշռով, ձևով, շարժման արագությամբ և կառուցվածքի չկրկնվող դասավորվածությամբ տարբերվող որոշակի քանակների միասնությունից էլ կազմված են ամբողջ տիեզերքը և նրա առանձին առարկաներն ու երևույթները։ Կրոնական մտածողության և փիլիսոփայական իդեալիստական դպրոցների տիրապետման դարաշրջանում սուբստանցիա են համարվել հոգևորը, ոգին, աստվածը։ Առաջացել է երկու սուբստանցիաների գաղափարը, որոնք գտնվել են հավիտենական հակասության մեջ՝ հանձինս հոգևոր և նյութական սուբստանցիաների։ Մարդկաըին կյանքի հոգևոր և պրակտիկ֊նյութական գործունեությունը բախվել է այդ հավերժական հակասության՝ հոգու և մարմնի «չլուծվող» առեղծվածին, որի շուրջն էլ ծավալվել են փիլիսոփայական տարբեր դպրոցների, հատկապես մատերիալիստական՝ մի կողմից և իդեալիստական֊կրոնական՝ մյուս կողմից, դարավոր պայքարը։ Հազարավոր տարիներ այս խնդիրը եղել է փիլիսոփայական տարբեր ուղղությունների հիմնական կռվանը։
Սուբստանցիայի դուալիստական վերոհիշյալ ըմբռնումը(այսինքն՝ երկու, իրարից անկախ սուբստանցիաների ընդունումը), ի հակակշիռ նրա մոնիստական ըմբռնման (այսինքն մեկ սուբստանցիայի՝ կամ նյութական, կամ հոգևոր) դարեր շարունակ իշխել է մարդկային տեսական մտածողության մեջ։ Հետագա դարերում բնագիտության զարգացումը անհերքելիորեն ապացուցում է, որ իրոք, գոյություն ունի մեկ՝ նյութական սուբստանցիա, առանց որի ընդունման հնարավոր չէ հասկանալ հոգևոր բոլոր երևույթները՝ հոգեկանը, միտքը, մտածողությունն ու գիտակցությունը, որպես նյութական մատերիայի յուրահատկություններ։ Արդեն իսկ 19֊րդ դարի վերջի և 20֊րդ դարի բնագիտությունը դարակազմիկ հայտնագործություններով անհերքելիորեն ապացուցեց նյութական և հոգևոր աշխարհի միասնությունը, որն էլ, իր հերթին, հնարավորություն տվեց փիլիսոփայությանը սուբստանցիան սահմանել ու վերլուծել որպես աշխարհի համընդանուր անոչնչանալի նյութական էությունն արտացոլող ամացական կատեգորիա։
Գրականություն
խմբագրել- Ս․ Մ․ Հակոբյան, «Փիլիսոփայության հիմունքներ»,Երևան 1994,էջ 33֊35
Արտաքին հղումներ
խմբագրել- Леванюк А. Н. Субстанция // Грицанов А. А. Всемирная энциклопедия: Философия. — М.: АСТ, 2001. — ISBN 5-17-007278-3.
- Тарнас, Ричард. История западного мышления. — М.: Крон-Пресс, 1995. — ISBN 5-232-00228-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 176)։ |