Վիշապաքար (նաև՝ վիշապներ, վիշապ քարակոթողներ), մեգալիթյան հուշարձան, քարակոթող, որի նմուշները հայտնաբերվել են միայն Հայկական լեռնաշխարհում։ Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն[1]։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի տարածքում[2]։

Վիշապ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիշապ (այլ կիրառումներ)

Վիշապներ դիցաբանության մեջ

խմբագրել

Որոշ ուսումնասիրողների ենթադրությամբ՝ Վիշապը նախապես պաշտվել է իբրև ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Վիշապը դիտվել է նաև ջրերի ակունքներն ու գանձերը հսկող ահարկու հրեշ։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է աստվածության կամ դյուցազնի ձեռքով Վիշապի սպանությունը և նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաև նրան զոհաբերվող կույսերի ազատումը։ Ըստ հին եգիպտական առասպելի, Վիշապին՝ իբրև խավարը մարմնավորող ուժի, հաղթում է արևի աստված Ռան, ըստ հին հայկական առասպելի, Վիշապի դեմ մարտնչում և հաղթում է Վիշապաքաղ Վահագն աստվածը։ Վիշապամարտության առասպելները տարածված են եղել հայ ժողովրդական հին բանահյուսության մեջ (օրինակ՝ Տիգրանի, Արտավազդի մասին վիպասանություններում, «Սասնա ծռեր» դյուցազներգությունում, հեքիաթներում)։ Դրանք հետագայում թափանցել են նաև քրիստոնեական գրականության մեջ։ Ըստ մի առասպելի, Վիշապին սպանում և զոհաբերվող կույսին ազատում է Սուրբ Գևորգը։ Այլ առասպելում Վիշապը ներկայացվում է արևը կլանող, չար ու կործանարար ուժ, որի դեմ մարտնչում են հրեշտակները (ամպրոպի որոտն իբր կռվի ձայնն Է, փայլակը՝ Գաբրիել հրեշտակապետի սրի փայլը, շանթը՝ հրեղեն նետը, ծիածանը՝ աղեղը)[փա՞ստ]։

Ըստ Մանուկ Աբեղյանի վիշապները նվիրվել են պանթեոնի սիրո աստվածուհուն՝ Աստղիկ դիցուհուն։ Գրիգոր Ղափանցյանի կարծիքով դրանք խորհրդանշել են մեռնող և հարություն առնող աստվածությանը՝ Արա Գեղեցիկին[1]։

Վիշապներ Հայաստանի տարածքում

խմբագրել

Հայաստանում՝ Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին, Գառնիում, Ճորոխ գետի ավազանում և այլուր հայտնաբերվել են վիշապի պաշտամունքին նվիրված հնագույն բազմաթիվ քարակոթողներ։ Դրանք հայտնի են «Վիշապներ» անունով։ Կերտվել են միակտոր քարից (ամենամեծը՝ 5,06 մ բարձրության), ձկան տեսքով, վրան՝ օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թռչուններ պատկերող քանդակներով, սովորաբար դրվել են աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Ենթադրվում Է, որ այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների կուռքեր։Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և հյուսիսարևելյան տարածքներում (պատմական Հայաստանի Տայք, Գուգարք, Այրարատ և Սյունիք նահանգներ) ներկայացված են եղել «վիշապների» եզակի մշակույթը, որոնք 2-5 մ երկարության քարակոթողներ են, երբեմն՝ ձկնակերպ:Այս կոթողները գտնվում են ծովի մակերևույթից 2000-3000 մ բարձրության վրա, ﬔծ մասամբ՝ ջրով հարուստ կամ ճահճոտ մարգագետիններում, գրեթե ﬕշտ առնչվում են կրոմլեխ-դամբանաբլուրների ու նրանց անﬕջական ﬕջավայրի հետ, ուստի, ամենայն հավանականությամբ, նաև թաղման ծեսին առնչվող հուշակոթողներ են[փա՞ստ]։

Վիշապաքարերից շատերի եզրամասում պատկերված են զոհաբերված ցլի կամ եզան գլուխը, կաշին ու վերջույթները, հաճախ նաև կենդանու բերանից հոսող ջրի շիթեր։ Զոհաբերված կենդանու պատկերից պարզ է դառնում, որ այս կոթողները ﬕ ժամանակ տնկված են եղել ուղղահայաց դիրքով և, ըստ էության, պատկերել են զոհասյուն, որի վրա գցվել է զոհ կենդանու կաշին՝ գլխի ու վերջույթների հետ ﬕասին։ Վիշապաքարեր հայտնաբերվել են Ճորոխի ավազանում, Ջավախքում, Արագածի լանջերին, Գեղամա լեռներում, Լճաշեն գյուղի մոտ, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Արտանիշի ծոցի մոտ, Վայոց ձորում, Սելիﬕ լեռնանցքում և Մարտունիի ﬔրձակայքում։ Վիշապաքարեր հայտնաբերել են Սմիռնովը և Մառը, որոնք  1909 թվականին «վիշապներ» են գտել Գեղամա լեռներում, վկայում են, որ դրանք հայերի կողﬕց կոչվում են վիշապներ, իսկ քրդերի ու թուրքերի կողﬕց՝ աժդահակներ: Արագածի հարավային լանջի վիշապաքարերը կոչվել են օղզի («հսկայի») գերեզմաններ։ Գեղամա ու Արագածի ﬔկական վիշապաքար կոչվել է համապատասխանաբար Դիքթաշ և Թիքմաթաշ «կանգուն քար»: Տարբեր անվանուﬓեր ունեն Ջավախքի «վիշապները». Մուրջախեթի կոթողը տեղի հայերի կողﬕց կոչվում է Կաթքար:Ակնհայտ է, որ վիշապ բառն այստեղ հանդես է գալիս «հսկա, վիթխարի» իմաստով։ Այն նախ գործածվել է օձերի ու ձկների ﬔծ չափը բնութագրելու համար (վիշապ օձ, վիշապ ձուկն), ապա ընդհանրացել է։ Հայերեն վիշապ բառն հավանաբար իրանական փոխառություն է և հանգում է *vaišāpa- չվկայված նախաձևին։ Մեր բառը հիմնականում նշանակում է «հսկաօձ, վիշապ» և Աստվածաշնչում հաճախ համապատասխանում է հուն. δράκων բառին (հմմտ., օրինակ, Ելք է.9-12՝ Մովսեսի գավազանի հայտնի դրվագը), երբեﬓ գործածվում է նաև «ծովա-հրեշ, հսկա ձուկ, կետ» իմաստով։ Վիշապաքարերը հնում կոչվել են գեղեր։ Այս բառը նա բխեցնում է հնդեվրոպական հիմնական առասպելի գլխավոր պերսոնաժներից ﬔկի՝ օձի անվանուﬕց[փա՞ստ]։

Բազմաթիվ գիտնականներ են զբաղվել «վիշապների» ուսումնասիրությամբ և առաջարկել դրանց բազմապիսի ﬔկնություններ։ Վիշապաքարերի իմաստաբանության հենքում ընկած գլխավոր տարրերն են զոհաբերված ցլի կամ եզան գլուխը՝ մորթու և վերջույթների հետ ﬕասին, և ջրի պաշտամունքը: Այսպես, 2012 թվականին Ա. Բոբոխյանի, Ա. Ջիլիբերտի և Պ. Հնիլաի արշավախմբի կողմից իրականացված հետախուզության արդյունքում արձանագրվել են վիշապաքարեր ծովի մակերևույթից 2000-3000 մ բարձրության վրա։ Դրանք ﬔծ մասամբ՝ ջրով հարուստ կամ ճահճոտ մարգագետիններում են պատահում: Գրեթե ﬕշտ առնչվել են ﬕջին չափի (4-10 մ տրամագծով) կրոմլեխ-դամբարանաբլուրների ու նրանց անﬕջական ﬕջավայրի հետ, որոնք ընկած են՝դամբարանի կամ դամբարանանման քարաշար պատվանդանի կենտրոնում: Արշավախմբի նախնական ուսուﬓասիրությունները թույլ են տվել  ենթադրել, որ վիշապաքարը թաղման ծեսին առնչվող հուշարձան է՝ հուշակոթող։ Վիշապաքարով դամբարանը նախկինում անհայտ հուշարձանների յուրահատուկ ﬕ տեսակ է եղել, որը  բարձրաբերձ լեռներում առանձնացած ծիսական արարողությունների սրբազան ﬕ ﬕջավայր է։ Հատկապես տպավորիչ է Արագածի լեռնազանգվածի հարավային լանջին գտնվող Կարﬕր Սարի սրբազան գոտին, որից բացվող տեսարանը (ﬕ կողﬕց՝ Մասիսով, մյուս կողﬕց՝ քառագագաթ Արագածով) ստեղծում է տպավորություն, թե մարգագետինն իր սեփական տիեզերքի կենտրոնն է։ Կարﬕր Սարի դամբանադաշտն ունի առնվազն ութ վիշապաքարով դամբանաբլուր: Այս դամբարանադաշտը վիշապաքարերի ﬕնչ այժմ հայտնի աﬔնաﬔծ կուտակուﬓ է ﬔկ պատմաաշխարհագրական ﬕջավայրում: Այս վիշապաքարերից ﬔկը բացառիկ է այն առումով, որ նրա վրա կա ժայռապատկեր: Ներկայումս վերանայման կարիք ունի այն տեսակերտը, ըստ որի՝ վիշապաքարերը նախապատմական ոռոգովի համակարգերի հանգուցակետերին տեղադրված հուշարձաններ են եղել։ Արշավախումբը չի ժխտել նաև այս միտքը, որ վիշապաքարերը որոշակի առնչությունը ջրի հետ, քանի որ վիշապաքարերի ﬔծագույն մասը գտնվում է ջրով հարուստ ﬕջավայրերում։ Իսկ դրանց վրա առկա հիմնական տիպերից ﬔկը ձուկ է մարﬓավորում[փա՞ստ]։

Վիշապակոթողն ինքը ակնհայտորեն հանդես է գալիս որպես զոհասյուն, Տիեզերական ծառի մոդել։ Դա ավելի է ընդգծվում որոշ նմուշների վրա պատկերված զույգ թռչուններով, ﬕ դեպքում ՝ սյան վրա կանգնած։ Սրանք հիշեցնում են վեդայական ու հունական ավանդույթները, որտեղ տիեզերական ծառի երկու կողﬔրում հանդես են գալիս թռչուններ, որոնք նույնացվում են արևի ու լուսնի հետ: Զոհասյունը, ինչպես ﬕ շարք ավանդույթներում, կարող էր ներկայացված լինել նաև փայտե սյան (երբեﬓ՝ T-աձև) տեսքով։ Այս առնչությամբ գայթակղիչ է նման զոհասյան պատկեր տեսնել նույն մշակութային տարածքների ժայռապատկերներում։ Հասկանալի է, սակայն, որ ժայռապատկեր ների ﬔկնաբանման հարցերում պետք է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել, և այս ներկայացված մեկնությունները փորձնական են ու խիստ վարկածային։ Զարմանալի չէ, որ վիշապաքար-զոհասյան պատկերագրության հիմնական տարրերն են ցուլը և ձուկը, որոնք հայոց տիեզերագիտական պատկերացումներում հանդես են գալիս աշխարհի նեցուկի դերում[3]։

Վիշապների հայտնագործում

խմբագրել
 
Վիշապների տարածույթը Հայկական լեռնաշխարհում

Վիշապներն առաջինը սկսել է ուսումնասիրել հայ գրող Ատրպետը 1880-­ական թվականներից։ Աշխատանքները հրատարակվել են 1926 թվական­ից։ Իսկ 1909 թվականին Նիկողայոս Մառի և Յակով Սմիռնովի արշավախումբը Հայաստանում Գառնու տաճարի հնագիտական պեղումների ժամանակ տեղաբնակներից լսում են բարձր սարերում գտնվող վիշապների մասին։ Գիտնականները բարձրացան Գեղամա լեռներ, հաստատելու համար վիշապների գոյությունը և նրանք արդյոք գիտական նշանակություն ունե՞ն, թե՞ ոչ։ Գեղամա լեռների արշավախմբի գործունեության արդյունքները հրատարակվել են 1931 թվական­ին[4]։

Գիտնականները լեռնային քոչատեղիում հայտնաբերեցին մեգալիթյան քարե քանդակներ, որոնց հայերը անվանում էին «վիշապ» իսկ քրդերը «աժդահա յուրտ» Քանդակների մեծ մասը ձկան տեսք ունեին։ Վիշապներից ամենամեծը 4,75 մ բարձրություն և 55 սմ լայնություն ուներ։ 1909 թվականին բոլոր վիշապները տապալված էին, նրանց մի մասը ծածկված էր հողով[փա՞ստ]։

Շուտով Գեղամա լեռների բարձրաբերձ այլ բնակավայրում գտնվեցին այլ վիշապներ։ 1910 թվականին Նիկողայոս Մառը և Յակով Սմիռնովը արդեն հայտնաբերել էին 27 նմանատիպ մեգալիթյան հուշարձան։ Շուտով նմանատիպ վիշապներ հայտնաբերվեցին Սևանի ավազանում, հարավային Վրաստանում և արևելյան Թուրքիայում[փա՞ստ]։

Առաջին հայտնաբերված վիշապները
Նիկողայոս Մառի և Յակով Սմիռնովի արշավախմբի 1909 թվականի գտածոները (Գեղամա լեռներ
)
Առաջին հայտնաբերված վիշապները
Նիկողայոս Մառի և Յակով Սմիրնովի արշավախմբի 1909 թվականի գտածոները (Գեղամա լեռներ
)

Թվագրում

խմբագրել

Վիշապների թվագրումը որոշակի դժվարություն է ներկայացնում։ Հուշարձանները տեղադրվել են բնակավայրերից հեռու, որոնց օրգանական մնացորդների ռադիոածխածնային անալիզը հնարավորություն կտար որոշել մոտավոր տարիքը։ Սակայն Աժդահա յուրտում գտնված №1 վիշապի վրա կային խաչի պատկերներ և հայերեն գրեր, թվագրված 13-րդ դարով։ խաչերի և գրվածքի դիրքը ցույց են տալիս, որ 13-րդ դարում վիշապը դեռ ուղղահայաց դիրքում էր։ 1963 թվականին Գառնու տարածքում պեղվեց վիշապ, որի վրա կար Արգիշտի Ա թագավորի սեպագիր արձանագրությունը։ Այս վիշապը թվագրվում է մ․թ․ա․ 2-ին հազարամյակի սկիզբ - մ․թ․ա․ 1-րդ հազարամյակ[5]։ Պիոտրովսկին  վիշապակոթողների ստեղծման աﬔնահավանական թվագրումը համարում է մ.թ.ա. I հազարամյակի կեսերը։ Այս տեսակետը վերանայելու հնարավորություն բացվել է Գառնիի վիշապակոթողի շնորհիվ, որի վրա փորագրված է ուրարտական Արգիշտի թագավորի սեպագիր ﬕ արձանագրություն (մ.թ.ա. VIII դարի 1-ին կես)։ Այն հայտնաբերվել է 1963 թվականի պեղոմների ժամանակ, Գառնիի տաճարից արևմուտք, պալատական սրահում[փա՞ստ]։

«Վիշապների» զարգացման փուլերը դիտարկվում են մ.թ.ա. III հազարամյակի վերջերի և I հազարամյակի 1-ին քառորդի սահմաններում։ 2012 թվականի արշավախումբը վիշապաքարերի ստեղծման առանցքային ժամանակահատվածը նախնականորեն համարում է ﬕջին բրոնզի դարաշրջանը (մ.թ.ա. մոտ 2200-1600 թթ.): Ժայռապատկերներ՝ Ուխտասար, Սյունիք (Կարախանյան, Սաֆյան 1970, № 592) և Արագածի լանջեր կամ Մարտունիի շրջան (Բարսեղյան 1966, 151, № 16), վերագծված Ռաֆայել Մարտիրոսյանի կողﬕց[փա՞ստ]։

Տարբեր վայրերի (Ռադիոնովկա, Փոկա, Փոքր Գիլանլար, Աժդահա յուրտ և այլն) ﬕ շարք «վիշապներ» վերածվել են քրիստոնեական պաշտամունքային կոթողների։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի Վայոց ձորի (Ուլգյուր)՝ հաﬔմատաբար վերջերս հայտնաբերված երկու «վիշապները», հատկապես ﬔծը,որն աչքի է ընկնում ցլի գլխի ծավալային մշակմամբ և իր արձանագրությամբ Հայաստանում (Լճաշեն և այլն) և Հարավային Կովկասի այլ տարածքներում ձիու կամ ցլի գլուխ ուվերջույթներ հանդիպում են մ.թ.ա. II հազարամյակից, որոշ դեպքերում ՝ էլ ավելի վաղ։ Դամբարաններում գտնված կենդանու (սովորաբար՝ ձի, երբեﬓ՝ խոշոր եղջերավոր անասուն) գլուխն ու վերջույթները երբեﬓ ﬔկնաբանվում են որպես անդրաշխարհում գործածվելիք սնունդ[3]։

Վիշապների ձևերն ու չափերը

խմբագրել
 
Վիշապ Երևանի Նոր Նորք շրջանում

Բոլոր գտածոները մեկ քարից են քանդակված, բարձրությունը տատանվում էր 3-5 մետրի սահմաններում։ Վիշապների մեծ մասը ձկան տեսք ունեն, հիմնականում հիշեցնում են լոքո ձուկ։ Հիմնականում մանրամասն քանդակված են ձկան աչքերը, բերանը, պոչն ու խռիկները։ Վիշապների մյուս մասը պատկերում է սմբակավոր կենդանու՝ ցլի կամ խոյի, հավանաբար ներկայացրել է մատուցվող զոհին, որոշ դեպքերում միայն պատկերված է ցցերի վրա ձգված կենդանու մորթին։ Որոշ վիշապների վրա պատկերված են ջուրը խորհրդանշող ալիքավոր գծեր, որոնք հաճախ դուրս են գալիս ցլի բերանից, երկարոտն թռչուններ, հազվադեպ՝ օձեր[փա՞ստ]։

Վիշապների երեք հիմնական տիպերը

խմբագրել
  • ցլակերպ (քառակող, հաստ սալաքարի տեսքով, դիմային մասում հիմնականում ցլի գլխի և վար ընկած վերջույթների պատկերով),
  • ձկնակերպ (կտրվածքում կլորավուն, քանդակված ձկան տեսքով՝ կրելով ձկան անատոմիական մանրամասներ),
  • ձկնացլակերպ (կրում է նախորդ երկուսի հատկանիշները)[2]

Վիշապաքարերի մեծ մասը գտնվել են հորիզոնական՝ ընկած վիճակում։ Սակայն վերը նշված երեք տիպերն էլ մշակված և քանդակված են բոլոր կողմերից։ Ձկնակերպերի պոչը մշակված չէ, ինչը ենթադրել է տալիս, որ վիշապաքարերը, այդ թվում ձկնակերպերը նույնպես նախապես եղել են կանգնած վիճակում[2]։

Վիշապները և ջրանցքները

խմբագրել
 
Խաչքարի վերածած երկու վիշապ Վայոց ձորի Ուլգյուր գյուղատեղիում (Աղավնաձոր)
 
Վիշապ Երևանի Կենտրոն համայնքում

Վիշապները ջրի պաշտամունքին վերաբերող հուշարձաններ են, որոնք սերտորեն կապվում են ջրաբաշխման գործի հետ։ Համարյա բոլոր վիշապների գտնված վայրերը կապված են լեռնային աղբյուրների կամ ջրանցքների հետ[6]։ Նման ոռոգման համակարգեր են հայտնաբերվել, Սևանի Արտանիշ ծովածոցի, Արագած լեռան վրա՝ Արքաշեն գետի աջ ափի և Գեղամա լեռների Թոխմախան լճի և Իմիրզեկ բնակավայրերի մոտ։ Չնայած ոռոգման համակարգի կառույցները հնարավոր չէ ճիշտ թվագրել, բայց գիտնականները վիշապները կապում են հին շրջանի պտղաբերության և ջրի պաշտամունքի հետ[5][7]

Նման այլ կառույցներ

խմբագրել

Գիտնականները նշում են Հյուսիսային Կովկասում ու Եվրոպայում գտնված մենհիրների և վիշապների նմանությունը։ Նմանություն կա նաև հյուսիսային Մոնղոլիայում գտնած հուշարձանների հետ։ Թեև վերը նշվածների հետ համեմատելիս վիշապները ունեն բոլորովին այլ կատարում և հստակ ստեղծվել են այլ ցեղերի կողմից[5][8]։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի հնագույն ժառանգությունը, Պատմամշակույթաին ժառանգության մատենաշար, Հատոր Է
  2. 2,0 2,1 2,2 Վիշապաքարեր. Հայաստանի բարձրադիր հուշարձանները և նրանց պահպանության խնդիրը
  3. 3,0 3,1 Մարտիրոսյան, Հրաչ. «Լեռնային ակունքի ֆառնը, արշալույսի դիցուհին և գլխի ու մորթու զոհածեսը վիշապակոթողների իմաստաբանական հենքում [The 'farn' of mountain springs, the Dawn goddess and the ritual of head and hide within the semantic framework of the vishap stones]». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. Արմեն Պետրոսյան, Արսեն Բոբոխյան «Վիշապ քարակոթողները» Երևան, 2015
  5. 5,0 5,1 5,2 Пиотровский Б. Б. Вишапы. Каменные статуи в горах Армении, Издание Армянского филиала АН СССР, Ленинград, 1939 (ռուս.)
  6. Աշխարհբեկ Քալանթար, Քարե դարը Հայաստանում, Ջրի պատամունքը, Երևան, 2007
  7. Марр, Николай Яковлевич, Смирнов, Яков Иванович Вишапы // Труды Государственной Академии Истории Материальной Культуры, т. I, Ленинград, 1931 (ռուս.)
  8. Мещанинов, Иван Иванович Каменные статуи рыб — вишапы на Кавказе и в Северной Монголии // Записки Коллегии Востоковедов, I, Ленинград, 1926 (ռուս.)

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Пиотровский Б.Б. Вишапы. Каменные статуи в горах Армении, Издание Армянского филиала АН СССР, Ленинград, 1939 (ռուս.)
  • Аракелян Б.Н., Арутюнян Н.В. Находка урартской надписи в Гарни // Историко-филологический журнал Армянской ССР, № 2, 1966 (ռուս.)
  • Марр Н.Я., Смирнов Я.И. Вишапы // Труды Государственной Академии Истории Материальной Культуры, т. I, Ленинград, 1931 (ռուս.)
  • Мещанинов И.И. Каменные статуи рыб - вишапы на Кавказе и в Северной Монголии // Записки Коллегии Востоковедов, I, Ленинград, 1926 (ռուս.)
  • Мифологический словарь/ Гл. ред. Е. М. Мелетинский. — М.:Советская энциклопедия, 1990. — 672 с. (ռուս.)
  • Абегян М. Армянский эпический фольклор, Труды, т. I. Ер., 1966. с. 85-86, на арм. яз. (ռուս.)
  • Վիշապ քարակոթողները, Խմբ. Ա. Պետրոսյան, Ա. Բոբոխյան, Գիտություն, Երևան, 2015, 420 էջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
  NODES
Project 1