Տոլուոլ (իսպ.՝ tolu — տոլուական բալզամ, որից տոլուոլը ստացվել է առաջին անգամ), մեթիլբենզոլ, արոմատիկ ածխաջրածին, անգույն, օդում այրվող հեղուկ է, օրգանական լուծիչ։ Խտությունը՝ 866, 9 կգ/սմ³, հալման ջերմաստիճանը՝ -95°C, եռմանը՝ 110 °C։ 1,27—7,0%: Տոլուոլի գոլորշիներ պարունակող օդը պայթուցիկ է։ Վատ է լուծվում ջրում (0,014%, 20 °C-ում), լավ է լուծվում օրգանական լուծիչներում։ Տոլուոլին բնորոշ են բենզոլային օդակում էլեկտրաֆիլ տեղակալման (գլխավորապես 2, 4, 6 դիրքերում) և մեթիլ խմբի փոխարկման (ռադիկալային մեխանիզմով) ռեակցիաները։ Տոլուոլն անջատում են բենզինների կատալիտիկ ռիֆորմինգի վերջնանյութերից՝ ընտրողական լուծահանման և բազմաթորման միջոցով։ Օգտագործվում է բենզոլի, բենզոյական թթվի, նիտրատոլուոլների, բենզիլքլորիդների, ներկանյութերի և այլ նյութերի արտադրության համար, նաև որպես պոլիմերներիլուծիչ։ Թույլ նարկոտիկ է։ Տոլուոլի գոլորշիների թույլատրելի առավելագույն պարունակությունն օդում 50 մգ/մ³ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 47)։