Քաշմիր
Քաշմիր (քաշմիրի՝ कॅशीर, کٔشِیر, դոգրի՝ कश्मीर, բալթի, کشمیر, Դևանագարի՝ कश्मीर), վիճելի տարածք Հինդուստան թերակղզու հյուսիս-արևմտյան հատվածում, պատմական նախկին իշխանություն Հիմալայներում։ Քաշմիրի բաժանումներն ամրագրված չեն սահմանների մասին պաշտոնական համաձայնությամբ, իսկ կոնկրետ շրջանը համարվում է լարվածության օջախ այն զբաղեցնող երկրների, առավելապես Հնդկաստանի և Պակիստանի միջև։
Քաշմիրը հյուսիսում սահմանակցում է Աֆղանստանին, արևելքում՝ Չինաստանի Սինչզյան-Ույղուրական և Տիբեթի ինքնավար շրջաններին, հարավում՝ Հնդկաստանի Հիմաչալ-Պրադեշ և Փանջաբ նահանգներին, իսկ արևմուտքում՝ Պակիստանին։
Ներկայումս Քաշմիրը բաժանված է հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգի (ներառյալ Լադախ պրովինցիան), որի տարածքը 101 387 կմ² և բնակչությունը՝ 10,1 մլն մարդ, Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Ազադ Քաշմիր ինքնահռչակ չճանաչված պետության[1] («Ազատ Քաշմիր»), որի տարածքը 13 000 կմ², իսկ բնակչությունը՝ 3,6 մլն մարդ, Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Գիլգիտ-Բալիստան շրջանի («հյուսիսային տարածքներ»), որի տարածքը 72 500 կմ² և բնակչությունը՝ 1 մլն մարդ և իրավասորեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքների, որի մակերեսը 37 555 կմ² և բնակչությունը մի քանի հազար են։ Քաշմիրի ընդհանուր տարածքը 222 236 կմ² է։
Ստուգաբանություն
խմբագրել«Նիլամաթա Պուրանեում» ասվում է, որ Քաշմիր անվանումը գալիս է का «ջուր» և शिमिरि śimiri «չորացնել» բառերից, որը նշանակում է «չորացրած ջուր»։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Քաշմիրը համարվում է Քաշյապա-միր (Քաշյապմիր կամ Քաշյապմերու) անվանման հապավում, որը նշանակում է «Քաշյապի ծով» կամ «Քաշյապի լեռ»։ Լեգենդի համաձայն, Քաշյապա իմաստունը ցամաքեցնում է ներկայիս Քաշմիրի հովտի տեղում եղած Սատիսար լիճը։ Նիլամաթա Պուրանը հայտնում է, որ «Քաշմիրա» անվանումը նախորդում է ներկայիս «Քաշմիր» անվանմանը։ Այնուամենայնիվ, քաշմիրցիները խոսակցականում ասում են «Քյոշիր», որը «Քաշմիր» անվանման հնչյունային հապավումն է։
Պատմական քաշմիրյան «Ռաջատարանգինի» ժամանակագրության մեջ նկարագրված է Կալհանը 12-րդ դարում, նաև ասված է, որ Քաշմիրի հովտում եղել է լիճ։ Այն ցամաքեցվել է մեծ իմաստուն Քաշյապի կողմից։
Պատմություն
խմբագրելՔաշմիրի ակունքները գալիս են Սրինգար հնագույն առևտրային քաղաքից, որը տեղակայված է բարձրալեռնային Հիմալայներում։
Իր երկար և ամբողջական պատմության ընթացքում քաղաքը եղել է քարավանային ուղիների խաչերուկ (այդ թվում պատմական Մետաքսի ճանապարհ) Հեռավոր Արևելքի, Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի միջև։ Քաշմիրի հյուսիսը բնակեցվել է հիմնականում իսլամի հետևորդներով, հարավը՝ հինդուիզմի, իսկ արևելքը՝ բուդդիզմի։ Սակայն, ընդհանուր առմամբ, ենթադրվում է, որ դավանանքները կարողացել են պահպանել հարաբերակցության անհրաժեշտ հավասարակշռությունը և ընդհանուր ինքնությունը։
1846 և 1947 թվականների ընթացքում եղել է մեծ կիսանկախ պետություն, որը բրիտանացի գաղութատիրական վարչակազմը պաշտոնապես վաճառել է հինդուիստական մահառաջաներին, էթնիկ դոգրային։ 1949 թվականին Հնդկաստանի և Պակիստանի միջև պակիստանա-հնդկական առաջին պատերազմի արդյունքում Քաշմիրը նրանց միջև բաժանվեց գրեթե հավասարապես և այդ կարգավիճակում է մինչև այժմ։ Նահանգի շուրջ հակամարտությունը հանգեցրել է 1965 թվականին պակիստանա-հնդկական երկրորդ պատերազմին և 1999 թվականին Կարգիլյան պատերազմին։
Բուդդայականությունը և հինդուիզմը Քաշմիրում
խմբագրելՄաուրյաների պետության կայսր-բուդդիստ Աշոկա Մեծը, լեգենդի համաձայն, հիմնադրել է Քաշմիրի հին մայրաքաղաք Շրինագարին, որի ավերակները ժամանակակից Սրինագար քաղաքի ծայրամասում է։ Քաշմիրը երկար ժամանակ մնացել է Հնդկաստանում բուդդայականության ամրոց[2]։
Համաձայն բուդդայական աղբյուրների, Քաշմիրում հաղթեց Սարվաստիվադա փիլիսոփայական դպրոցը[3]։ Արևելյան և կենտրոնաասիական վանականները նկարագրել են իրենց այցելությունները Քաշմիր։ Մեր թվարկության 4-րդ դարի ավարտին հայտնի վանական Կումարաջիվան Քաշմիրում Բանդահադատայի մոտ ուսանել է Դիրգհագմա և Մադհայագամա։ Նա դարձել է մեծ թարգմանիչ և շնորհիվ նրա աշխատանքների բուդդայականությունը տարածվել է Չինաստան։ Նրա մայրը՝ Ջիվան, ամենայն հավանականությամբ, Քաշմիրում մեկուսի կյանք է վարել։ Բուդդայական վանական Վիմալակշան ճանապարհորդել է Քաշմիրից Կուչա և հետո դասավանդել է Կումարաջիվային։
Շանկարան 8-րդ դարի վերջում կամ 9-րդ դարի սկզբում Քաշմիրում այցելել է Sarvajñapīṭha IAST տաճար։
Մշակույթ և խոհանոց
խմբագրելՔաշմիրի խոհանոցն իր մեջ ներառում է դում-ալուն (խաշած կարտոֆիլը մեծաքանակ համեմունքներով), չամանը (կոշտ պանիր), ռոգան ջոշը (գառան միսը համեմունքներով), յակինը (գառան միսը, պատրաստված կաթնաշոռով և քիչ համեմունքներով), լակխը (սպանախի նման տերևներ), ռիստա-գուշտաբան (լոլիկով և կաթնաշոռով կոլոլակ), դանիվալ-կորմը և, իհարկե, պանիրը։ Ավանդական վազվանը պատրաստում են տոներին, որը տևում է մի քանի օր, երբ տապակում են բանջարեղենը և միսը՝ սովորաբար գառան։ Խոհարարները կարող են բաղադրատոմսն ընտրել իրենց հայեղոցությամբ։
Շատ տեղերում ալկոհոլն արգելված է։ Թեյը պատրաստում են երկու տարբեր եղանակներով․ նուն-չայ կամ աղի թեյ, որն ստացվում է վարդագույն (անվանում են դեղձի գույնով թեյ) և կախվախ, որը տոնական թեյ է, պատրաստվում է զաֆրանով, համեմունքներով (հիլ, դարչին), շաքարով և մի քանի տեսակ թեյի տերևներով։
Զբոսաշրջության պատմությունը Քաշմիրում
խմբագրել19-րդ դարում Քաշմիրն իր մեղմ կլիմայով գրավեց զբոսաշրջիկներին։ Հինդուսներից բացի ազատ Քաշմիր սկսեցին այցելել նաև եվրոպացի մարզիկները և ճանապարհորդները։ Ռավալպինդիի երկաթգիծն արագ հասանելիություն ապահովեց դեպի Սրինագար։ Երբ հունիսի սկզբին Սրինագարում եղանակը տոթ է դառնում, ապահովված անգլիացիները և հինդուսները տեղափոխվում են Քաշմիրի ամառային «մայրաքաղաք» դարձած առողջարանային Գուլմարգ քաղաք։ Մեկ այլ հայտնի հանգստավայր է դարձել Ռավալակոտ բնակավայրը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Azad Kasmir». Encyclopædia Britannica.(չաշխատող հղում)
- ↑ A.K. Warder, Indian Buddhism. Motilal Banarsidass 2000, page 256.
- ↑ A.K. Warder, Indian Buddhism. Motilal Banarsidass 2000, pages 263—264.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաշմիր» հոդվածին։ |