Քմերներ կամ կամբոջիացիներ, ազգ, Կամբոջայի հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թվաքանակը 16 միլիոն (2008 թ.), որոնցից 14,2 միլիոնը բնակվում է Կամբոջայում, 1,4 միլիոն մարդ` Թաիլանդում, և 895 հազարից մինչև 1,3 միլիոն մարդ` Վիետնամի հարավում, որոնց վիետնամցիներն անվանում են քմեր-կրոմ, այսինքն «ներքին քմերներ» (ի նկատի ունեն Մեկոնգ գետի ցածրադիր վայրերը)։

Քմերներ
Ընդհանուր քանակ

մոտ 16 մլն

Բնակեցում
Կամբոջա Կամբոջա 14,2 մլն
Թաիլանդ Թաիլանդ 1,4 մլն
Վիետնամ Վիետնամ 895 հազ.
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 241 հազ.
Ֆրանսիա Ֆրանսիա 68 հազ.
Ավստրալիա Ավստրալիա 25,71 հազ.
Կանադա Կանադա 25 հազ.
Մալայզիա Մալայզիա 11 381
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 6 918
Լաոս Լաոս 4 հազ.
Բելգիա Բելգիա 3 հազ.
Լեզու(ներ)
քմերերեն
Հավատք(ներ)
բուդդայականություն
Ազգային պար քմերուհու կատարմամբ

Լեզուն

խմբագրել

Քմերները խոսում են Ավստրոասիական լեզվաընտանիքի մոն-քմերական ճյուղին պատկանող քմերերեն (կամբոջիական) լեզվով։ Օգտագործում են քմերական գիրը։

Քմերների մեծամասնությունը դավանում է բուդդայականություն, հատկապես դրա թերավադա հարավային ճյուղը։ Կամբոջայի հոգևորական ընտանիքներում կրոնական աստիճանակարգը փոխանցվում է տղամարդուց նրա քրոջ որդուն` մայրական կողմից, քանի որ քմերական հոգևորականները պահպանում են չամուսնանալու ավանդույթը[1]։

Պատմական ակնարկ

խմբագրել

Մարդաբանորեն քմերները հարավային մոնղոլոիդներ են, սակայն կրում են նաև վեդդաավստրալոիդների որոշ գծեր, որը ընդգծված է հատկապես լեռնային քմերների մոտ։

Քմերները ձևավորվել են մեր թվարկության սկզբին, քմերական բազմաթիվ ցեղերի համախմբման արդյունքում։ Առավել հավանական է` հարավային Հնդկաչինի բնիկների և հարևան ինդոնեզիական ցեղերի միախառնումից, ինչպես նաև առավել զարգացած մշակույթ ունեցող հարևան երկրների, հատկապես Հնդկաստանի ազդեցության շրջանակներում։

Հնդկաստանի և քմերների քաղաքակրթությունները սերտորեն կապված էին միմյանց հետ, սակայն ոչ միշտ էր դա բարեկամական բնույթ կրում, որը համապատասխանաբար ազդեցություն է թողել այդ երկու քաղաքակրթությունների մշակույթի վրա[2]։ Սակայն այդ գործընթացին ներգրավված չեն եղել լեռնային քմերները, որոնք բնակվում էին Չինաստանի հարավարևմտյան, Վիետնամի արևմտյան, Լաոսի, Մյանմայի, Թաիլանդի հյուսիսարևելյան և Կամբոջայի հյուսիսարևելյան դժվարամատչելի շրջաններում։

Քմերներն իրենց հզորության գագաթնակետին հասել են 802-1431 թվականներին, երբ ստեղծվել էր Քմերական կայսրությունը (Կամբուջադեշա կամ Անգկորյան թագավորություն)։ Քմերներն անկախություն են ձեռք բերել 1953 թվականին[3]։ 1970-1975 թվականներին ստեղծվել էր Քմերական Հանրապետությունը, իսկ 1976-1979 թվականներին` իշխանության եկած Կարմիր քմերների (Դեմոկրատական Կամպուչիա) վարած քաղաքականության արդյունքում տուժեց ոչ միայն քմերների, այլ նաև այդ տարածքներում բնակվող մյուս ազգերի մշակույթը։

Հիմնական զբաղմունքը

խմբագրել

Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (հատկապես բրինձ, եգիպտացորեն), ինչպես նաև խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ և ձկնորսությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ledgerwood J. Khmer Kinship: The Matriliny/Matriarchy Myth // Journal of Anthropological Research, Vol. 51, No. 3 (Autumn, 1995), p. 248
  2. Bosch R. Khmer Sculpture // The Metropolitan Museum of Art Bulletin, Vol. 18, No. 5 (May, 1923), p. 129
  3. Pouvatchy J. Cambodian-Vietnamese Relations // Asian Survey, Vol. 26, No. 4 (Apr., 1986), p. 440
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քմերներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
  NODES