Ակրոստիքոս, անտիկ պոեզիայից սկիզբ առնող բանաստեղծական ձև, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։

Հաճախ սկզբնատառերից կազմվում է այն անձի անուն-ազգանունը, որին ձոնված է բանաստեղծությունը։ Անցյալում ակրոստիքոսի ձևն օգտագործվել է գրաքննությունը շրջանցելու կամ երկի հեղինակի անունը թաքուն տարածելու համար։ Կիրառվել է նաև չափածո հանելուկների մեջ, որի առաջին տառերից կազմվել է պատասխանը։

Ակրոստիքոսի ձևին հայ բանաստեղծներից դիմել է Եղիշե Չարենցը. իր «Գիրք ճանապարհի» ժողովածուի մեջ նա չորս ակրոստիքոս է նվիրել դստերը՝ Արփենիկ Չարենցին։ Ակրոստիքոս է նաև Վահան Տերյանի հետևյալ բանաստեղծությունը, որի տողերի սկզբնատառերը կազմում են ռուս բանաստեղծ Վեչեսլավ Իվանովի անուն- ազգանունը.[1]

«Վեչեսլավ Իվանով» ակրոստիքոսի հեղինակ Վահան Տերյանը

Վարդավառի վարդերը վառ
Երգող երգչիդ երգում եմ ես.
Չըկար երկրիս նման պարտեզ-
Եվ նա ավե՜ր, չարին ավա՜ր...
Սրտի երգիչ, դու բոցավառ
Լուսե երգով ասա հրկեզ,
Արդյոք «հարյա՜վ» պիտի երգես,
Վառսիրտ երգիչ, երկրիս համար...

Ինչպես կարկուտն արտն անարատ
Վայր է թափում, այնպես առատ,
Այնպես անգութ երկրում իմ որբ,
Նայիր՝ թափված քանի՜ կորյուն-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն արյուն-
Վերքեր-վարդեր արնոտ ու բորբ...

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 10-11.
  Ընթերցե՛ք «ակրոստիքոս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակրոստիքոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 234  
  NODES