Ասիգնատ (ֆր.՝ assignat, լատին․՝ assigno), ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանի թղթադրամ

500 լիվր անվանական արժեքով ասիգնատ

Ընդհանուր տեղեկատվություն

խմբագրել
 
Տարածքային մանդատի նմուշ

Ասիգնատներն սկզբնապես թողարկվել են որպես պարտատոմսեր, որոնց կայունությունն ապահովված է եղել պետական ունեցվածքով, և որոնք եկամուտ են բերել տոկոսի տեսքով։ Այսինքն՝ ասիգնատն իր մեջ համատեղում էր սեփականաշնորհման չեքին և փոխառությանը բնորոշ գծեր։ Ֆրանսիայում նախ թողարկվել են 1000 լիվր անվանական արժեքով, 400 միլիոն լիվր ընդհանուր գումարով ասիգնատներ։ Հետագայում գործածության մեջ են դրվել ավելի ցածր անվանական արժեքով այդպիսի դրամանիշեր։

Ասիգնատները շրջանառության մեջ են գտնվել 1789 թվականից մինչև 1797 թվականը՝ ներառյալ։ Դրանք հայտարարվել են վճարման օրինական միջոց, շրջանառվել մետաղադրամներին համահավասար, իսկ 1793 թվականից համարվել են վճարման միակ օրինական միջոցը։

Ասիգնատները արդեն իսկ 1790 թվականի հունվարին, այսինքն՝ ի հայտ գալուց անմիջապես հետո, մետաղադրամներով գնահատվել են իրենց անվանական արժեքի 96 տոկոսի չափով։ Հետագա թողարկումների ժամանակ դրանց արժեքն ընկել է անընդհատ արագացող տեմպերով։

1795 թվականի ապրիլի 25-ից թույլատրվել է ասիգնատներով իրականացնել այնպիսի գործարքներ, որոնք մինչ այդ կատարվում էին միայն մետաղադրամներով։ 1796 թվականի փետրվարից դրանց թողարկումը դադարեցվել է։ Ֆինանսական ծանր դրությունը հարկադրել է դիմելու նոր էմիսիայի։ Այդ նույն տարվա մարտին օրենք է ընդունվել նոր թղթադրամների՝ տարածքային մանդատների (երբեմն սրանց նույնպես ասիգնատներ են անվանում) թողարկման մասին։ 1797 թվականի վերջերին ընդունվել է մի օրենք, որով շրջանառության մեջ գտնվող բոլոր թղթադրամները հայտարարվել են գործածությունից դուրս եկած[1]։

Ազգայի ժողովի դեկրետներ

խմբագրել

1789 թ. դեկտեմբերի 19 և 21 - ասիգնատներ թողարկելու, այդ նպատակով Արտակարգ դրամարկղ և Հաշվառման դրամարկղ հիմնելու մասին

1790 թ. ապրիլի 16-17 - ասիգնատների մարման ժամկետը անորոշ ժամանակով հետաձգելու մասին

1790 թ. սեպտեմբերի 12 - ասիգնատները մետաղադրամներին համահավասար, լիարժեք դրամ հայտարարելու մասին

1790 թ. սեպտեմբերի 29 - ասիգնատների դիմաց տոկոսների վճարումը չեղարկելու մասին

1792 թ. ապրիլի 3 - 10 լիվր, 50, 25, 15 և 10 սու անվանական արժեքով ասիգնատներ թողարկելու մասին

Ազգային կոնվենտի դեկրետներ

խմբագրել

1793 թ. ապրիլի 3 - պետության հետ հաշվարկները միայն ասիգնատներով կատարելու մասին

1793 թ. ապրիլի 11 - ցանկացած վճարահաշվարկ միայն ասիգնատներով կատարելու մասին

1793 թ. հուլիսի 31 - արքայի դիմապատկերը կրող, 100 լիվրից բարձր անվանական արժեք ունեցող ասիգնատները շրջանառությունից հանելու մասին

1793 թվականի օգոստոսի 1 - ասիգնատները որպես վճարամիջոց ընդունելուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին (առաջին անգամվա համար՝ 3000 լիվր տուգանք և 6 ամսով կալանք, երկրորդ անգամվա համար՝ 6000 լիվր տուգանք և 20 տարվա բանտարկություն)

1795 թ. հունվարի 2 (3-րդ տարվա նիվոզի 13) - ասիգնատները որպես ֆրանկներ թողարկելու մասին

1795 թ. մայիսի 16 (3-րդ տարվա ֆլորեալի 27) - 5 լիվր և ավելի անվանական արժեք ունեցող և արքայի դիմապատկերը կրող ասիգնատները չեղարկելու մասին

Օրենսդրական կորպուսի օրենքներ

խմբագրել

1795 թ. դեկտեմբերի 23 (4-րդ տարվա նիվոզի 2) - ասիգնատներ տպագրող սարքավորումները ոչնչացնելու մասին

1796 թվականի մարտի 18 (4-րդ տարվա վենտոզի 28) - տարածքային մանդատներ թողարկելու և ասիգնատները դրանցով փոխարինելու մասին

1797 թ. փետրվարի 4 (5-րդ տարվա պլյուվոզի 16) - մասնավոր անձանց միջև տարածքային մանդատներով վճարահաշվարկները արգելելու, բոլոր տարածքային մանդատները դեպարտամենտների բյուրոներ հանձնելու և բոլոր չհանձնվածները չեղարկելու մասին

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Травин Д., Маргания О. Европейская модернизация. — АСТ, 2004. — Т. 1.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիգնատ» հոդվածին։
  NODES