Արքա (շախմատ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արքա (այլ կիրառումներ)
Արքա (յունիկոդ` ♔♚), շախմատի գլխավոր, սակայն ոչ ուժեղագույն խաղաքարը։ Շախմատ խաղի նպատակն է մատ հայտարարել մրցակցի արքային։
Ենթակատեգորիա | • շախմատի խաղաքարեր • խաղաքար | |
---|---|---|
Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
Մարզաձև | շախմատ | |
Շախմատային նոտագրություն | K |
Արքայի քայլերը
խմբագրելԱրքան կարող է տեղաշարժվել ցանկացած հարևան դաշտ` հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագծով։ Գտնվելով խաղատախտակի անկյունում՝ արքան գրոհում է 3 դաշտ, խաղատախտակի եզրին՝ 5 դաշտ, իսկ մնացած դաշտերում՝ 8 դաշտ։ Ընդ որում, արքան չի կարող տեղափոխվել այն դաշտը, որը զբաղեցրել է սեփական խաղաքարը, ինչպես նաև՝ որը գտնվում է մրցակցի խաղաքարի գրոհի (շախի) տակ։
Շախմատի կանոնների համաձայն՝ արքան չի կարող կանգնել մրցակցի արքայի հարևան դաշտերից որևէ մեկում։ Նաև՝ արքան չի կարող մատ հայտարարել մրցակցի արքային։
Փոխատեղում
խմբագրելՓոխատեղումը քայլ է, երբ կատարվում է արքայի և նավակի միաժամանակյա տեղաշարժ. արքան տեղափոխվում է նավակներից մեկի ուղղությամբ երկու դաշտ, իսկ նավակը տեղադրվում է այն դաշտում, որի վրայով անցել է արքան։ Դեպի արքայական թև կատարվող փոխատեղումը կոչվում է կարճ փոխատեղում (կրճատ նշանակվում է 0-0), իսկ դեպի թագուհու թևը՝ երկար փոխատեղում (0-0-0)։
Փոխատեղումը թույլատրելի է հետևյալ պայմաններին բավարելու դեպքում.
- արքան և նավակը մինչ այդ չեն կատարել ոչ մի քայլ,
- արքայի ու նավակի միջև չկա ուրիշ խաղաքար,
- արքան չի գտնվում շախի տակ, չի անցնում գրոհված դաշտի վրայով և չի հայտնվում գրոհված դաշտում (շախի տակ)։
Շախ
խմբագրելՇախն իրավիճակ է, երբ մրցակցի քայլից հետո արքան հայտնվել է հարվածի տակ։
Բաց շախն իրավիճակ է, երբ մրցակցի խաղաքարերից մեկի քայլից հետո արքան հայտնվել է մեկ այլ խաղաքարի հարվածի տակ։
Կրկնակի շախն իրավիճակ է, երբ արքան գրոհել են մրցակցի միաժամանակ երկու խաղաքարեր։
Եթե արքային շախ է հայտարարված, անհրաժեշտ է հաջորդ քայլով այն դուրս բերել շախի տակից։ Շախից հնարավոր է պաշտպանվել երեք եղանակներից մեկով.
- արքան տեղափոխել այնպիսի դաշտ, որը գրոհված չէ մրցակցի խաղաքարերով,
- արքան պաշտպանել սեփական խաղաքարերից մեկով՝ ծածկելով հարվածից,
- վերցնել շախ հայտարարող խաղաքարը։
Կրկնակի շախից հնարավոր է պաշտպանվել միայն արքայի քայլով։ Եթե շախը հայտարարել է մրցակցի ձին, սեփական խաղաքարով արքային պաշտպանել (ծածկել) հնարավոր չէ։
Մատ
խմբագրելՄատն իրավիճակ է, երբ մրցակցի քայլից հետո արքան հայտնվում է նրա խաղաքարի հարվածի տակ, և խաղացողը չի կարող ոչ մի կերպ պաշտպանվել շախից։
Մատ հայտարարելու դեպքում պարտիան ավարտվում է արքան պաշտպանել չկարողացող խաղացողի պարտությամբ, անկախ նրանից, թե խաղատախտակի վրա ինչպիսի նյութական վիճակ է, և որքան ժամանակ կա մատ հայտարարած շախմատիստի շախմատային ժամացույցի վրա։ Պրոֆեսիոնալ շախմատիստների պարտիաներում գործը մատի գրեթե չի հասնում. շախմատիստը, տեսնելով, որ մրցակցի ճիշտ խաղի դեպքում չի կարող պաշտպանվել, սովորաբար հանձնում է պարտիան։
Պատ
խմբագրելՊատն իրավիճակ է, երբ մրցակցի քայլից հետո խաղացողը քայլ անելու հնարավորություն չունի, քանի որ արքայի ցանկացած քայլից հետո նա հայտնվում է շախի տակ, իսկ ուրիշ խաղաքարեր չկան կամ զրկված են քայլելու հնարավորությունից։ Ընդ որում, արքայի վրա հարված չկա։ Պատի դեպքում պարտիան ավարտվում է ոչ-ոքի։
Արքան շախմատի պարտիայում
խմբագրելՊարտիայի սկզբում սպիտակ արքան զբաղեցնում է е1 դաշտը, սևերինը՝ е8։ Սկզբնախաղում սովորաբար արքայով քայլեր չեն անում, բացառություն է փոխատեղումը, որն իրականացվում է արքան պաշտպանելու և մյուս խաղաքարերը զարգացնելու նպատակով։ Միջնախաղում արքան հաճախ դառնում է գրոհների թիրախ, որոնք հանգեցնում են կողմերից մեկի հաղթանակի։ Վերջնախաղում արքաները սովորաբար ակտիվ մասնակցություն են ունենում խաղին՝ օգնելով սեփական զինվորներին վերածվելու թագուհու կամ խոչընդոտելով մրցակցի զինվորներին հասնելու նույն նպատակին։
Խաղում արքայի հատուկ դերի պատճառով արքան ուժով գրեթե չեն համեմատում այլ խաղաքարերի հետ։
Աղբյուրներ
խմբագրել
Շախմատ | ||||||
---|---|---|---|---|---|---|
|