Ա
Ա, ա, հայերեն այբուբենի առաջին տառը[1], ստորին բարձրացման, ըստ որոշների՝ միջին բարձրացման ետին շարքի ձայնավոր հնչույթի գրային նշանը[2]։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին[1]։ Անունն է «այբ»[1]։ Որպես թվանշան նշանակել է 1[1], իսկ բյուրի նշանով ա = 10.000։ Թվային կարգի արժեքով նշանակում է առաջին։ Կազմված է 3 հաստ ուղղաձիգ՝ երկար և դրա աջ կողմում հավասար հեռավորությամբ կարճ ու լայն տարրերից, երկարը ստորին ծայրից՝ հորիզոնական, իսկ կարճը 2 ուղղաձիգ նուրբերով միանում է լայնին։ Ունի գրչագիր, երկաթագիր, բոլորգիր, շղագիր և նոտրգիր տառատեսակները՝ իրենց տարբեր ձևերով, որոնց մեջ պահպանվել են նրա բուն գծագրական յուրահատկությունները[3]։
Ա, ա | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Ա |
Փոքրատառ | ա |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 1-ին |
Հայերենի այբուբեն | ||
---|---|---|
Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
Բ բ | Կ կ | Ռ ռ |
Գ գ | Հ հ | Ս ս |
Դ դ | Ձ ձ | Վ վ |
Ե ե | Ղ ղ | Տ տ |
Զ զ | Ճ ճ | Ր ր |
Է է | Մ մ | Ց ց |
Ը ը | Յ յ | Ւ ւ |
Թ թ | Ն ն | Փ փ |
Ժ ժ | Շ շ | Ք ք |
Ի ի | Ո ո | և |
Լ լ | Չ չ | Օ օ |
Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Որպես այբուբենի առաջին տառ, նշանակել է մեկ և առաջին, բյուրի նշանով (Ա)՝ հազար։ Արաբական թվանշանների ընդունումից հետո օգտագործվել է թվային կարգի արժեքով։ Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական (օր.՝ մաս Ա-մաս առաջին)։
Ա տառի այբ անունը բ տառի բեն անվան հետ միասին կազմավորում է հետևյալ գոյականները՝
- այբուբեն
- այբբենարան։
- Անգրագետ մարդուն բնորոշելու համար ասում են՝
- Փորի մեջ մի կտոր այբ չկա։
- Ա- ն հայերենի ամենատարածված տառն է։
Յունիկոդում ներկայացված է՝
- Մեծատառ Ա ՝ U+0531
- Փոքրատառ՝ U+0561։
Ստեղծում
խմբագրելՍտեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին Եդեսիայում՝ իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին[1]։ Կազմվել է երեք հաստ ուղղաձիգ՝ երկար և դրա աջ կողմում հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերից, ուր երկարը ստորին ծայրից՝ հորիզոնական, իսկ կարճը երկու ուղղաձիգ նուրբերով միացել է լայնին։ Գրի զարգացման հետ որոշ փոփոխություններ են կրել լայնը (թեքվել է դեպի աջ, երբեմն երկարել) և ուղղաձիգ նուրբերը (ներսինը իջել է կարճի վերին մասից, դրսինը երբեմն ձուլվել է կարճին)։
Նոր գրի օգնությամբ Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ Աստվածաշնչից թարգմանել է Սողոմոնի առակները, որոնց սկիզբն է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»[1]։
Ձևեր
խմբագրելՈւնի գրչագիր, երկաթագիր, բոլորագիր, շղագիր և նոտրգիր տառատեսակները՝ իրենց տարբեր ձևերով, որոնց մեջ պահպանվել են նրա բուն գծագրական յուրահատկությունները։
- Գրչագիր Ա - ունի քառանկյունի ձև, որի զուգահեռ ուղղահայաց գծերը միացել են իրար ուղիղ նուրբերով, գրվել է ուղղահայաց և դեպի աջ թեքված, մեծ միջակ և մանր չափերով։
- Երկաթագիր կամ գլխագիր Ա, ստեղծվել է գրչագրի հենքից, երբ երկար ու լայն գծերը իրար են միացել ոչ թե ուղիղ, այլ կիսակոր նուրբով, գրվում է ուղղաձիգ և շատ քիչ՝ դեպի աջ թեքված, մեծ և միջակ չափերով։
- Բոլորագիր կամ բոլորակ գիր Ա, մարմնածիր է, առաջ է եկել գրչագրից և կազմվել է երեք հավասար, ուղղաձիգ գծերից, որոնք գրվել են կողք-կողքի և տողի վրա ստորին ծայրերից իրար միացել երկու նուրբերով, գրվել է ուղղաձիգ և թեք, մեծ, միջակ, մանր և մանրագույն չափերով։ Միջնադարում գործածվել է մի գծով, որը կոչվել է «միագիծ այբ»։
- Շղագիր կամ շեղագիր Ա, առաջացել է բոլորագրից։
- Նոտրգիր Ա, ստեղծվել է շղագրից։
Արտասանություն
խմբագրելՀայերեն Ա հնչյունը արտասանելիս բերանը բացվում է չափավոր, շրթունքները, ծնոտները և լեզուն ընդունում են ազատ դիրք, լեզուն փռված է բերանի հատակին այնպես, որ եզրերով հպվում է ստորին ատամնաշարին, իսկ ետևի մասը, թեթևակիորեն բարձրանալով, երկու կողմից հպվում է կարծր քիմքի ու կատիկի միջնամասին։
Ժամանակակից գրական հայերենում ա-ն հնչյունափոխության չի ենթարկվում, սակայն որոշ բառերում սղվում է (կոճակ-կոճկել, ամառ-ամռան, քաղաք-քաղքենի)։ Ծառայում է որպես հոդակապ բարդ և ածանցավոր բառերի մեջ (գրարախտակ, հուշագիր, բարձրագույն)։ Ա տառը ի սկզբանե օգտագործվել է թվային և թվային կարգի արժեքներով։
Թվային արժեք
խմբագրելՈրպես թվանշան նշանակել է 1, իսկ բյուրի նշանով ա = 10.000։ Թվային կարգի արժեքով նշանակում է առաջին (Ա հատոր - առաջին հատոր, գլուխ Ա - գլուխ առաջին)։
Կիրառությունը
խմբագրելՄեծատառ Ա- ն գործածվում է հոսանքի ուժի միավոր Ամպերը նշանակելու համար։
Բրայլով ներկայացումը
խմբագրելDots-1 |
Կրկնակ գրություն
խմբագրելՈրպես կրկնակ ձայնավոր ա տառը հանդիպում է հատուկ անուններում՝
- վրացական՝
- Պաատա
- Սաակաշվիլի
- էստոնական՝
- այլ լեզուների՝
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 3.
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 1։
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 7, էջեր 7 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
Գրականություն
խմբագրել- Նոր բառգիրք Հայկազեան լեզուի - Վենետիկ 1836
- Ի. Հարությունյան, Հայոց գիրը - Թիֆլիս 1892
- Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա - Վենետիկ 1898
- Կ. Ղաքադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները - Երևան 1939
- Ա. Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա Երևան - 1948
- Հ. Աճառյան Հայոց գրերը - Երևան 1968
- Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն - Երևան 1972
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ա» հոդվածից (հ․ 1, էջ 11 )։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |