Բժիշկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բժիշկ (այլ կիրառումներ)
Բժիշկ (լատ`. medicus, հուն.` iatros, γιατρός), բարձրագույն բժշկական կրթությամբ (բացի ատամնաբույժներից, որոնք կարող են ունենալ միջնակարգ բժշկական կրթություն) մասնագետ, որն իրավունք ունի զբաղվել բժշկական գործունեությամբ։ Ըստ մասնագիտության բժիշկները լինում են առողջապահության կազմակերպիչներ, թերապևտներ (ներքին հիվանդություններ), մանկաբույժներ, վիրաբույժներ, մանկաբարձ-գինեկոլոգներ (ծննդաբերություն և կանանց հիվանդություններ), ակնաբույժներ, նյարդախտաբաններ (նյարդային հիվանդություններ), հոգեբույժներ (հոգեկան հիվանդություններ), մաշկավեներաբաններ (մաշկային և վեներական հիվանդություններ), ստոմատոլոգներ (ատամների և բերանի խոռոչի հիվանդություններ), քիթկոկորդականջաբաններ, ֆթիզիատրներ (տուբերկուլոզային հիվանդություններ), սանիտարական բժիշկներ և այլն։ Բժշկական կադրերի ճիշտ օգտագործման և կատարելագործման նպատակով կատարվում է բժիշկների ատեստավորում, որն իրականացնում է հատուկ հանձնաժողովը։
Բժիշկ | |
---|---|
Physicians Վիքիպահեստում |
Բժշկական երդում
խմբագրելԴեռևս Հին Եգիպտոսում բժիշկը, նախքան գործնական բժշկությամբ զբաղվելը, երդվում էր հավատարիմ մնալ որոշակի նորմերի։ Ավելի ուշ «բժշկության հայր», հին հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատը մշակել է բժշկի երդման տեքստ, որը հայտնի է իբրև «Հիպոկրատի երդում» և պարտադիր է բոլոր բժիշկների համար։
Հայ բժիշկները մշտապես հետևել են բժշկի բարոյական նորմերին։ Օրինակ՝ միջնադարյան հայ բժշկության հիմնադիր, բժշկապետ Մխիթար Հերացին, որի անունով է կոչվել Երևանի պետական բժշկական համալսարանը, շրջել է վտանգավոր համաճարակների վայրերում, զբաղվել է դողէրոցքի (մալարիա) և այլ վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ։
ՀՀ բուժհիմնարկներում, որպես կանոն, անցկացվում են «Դեոնտոլոգիական օրեր», որոնց ընթացքում բուժաշխատողները քննարկում են բժշկական բարոյագիտության՝ դեոնտոլոգիայի հարցեր։
Բժշկական կրթությունը Հայաստանում
խմբագրելՀայաստանում բժիշկներ պատրաստող հիմնական բուհը Երևանի պետական բժշկական համալսարանն է։ Սովորաբար բժիշկ դառնում են եռաստիճան ուսումնառությամբ. նախ սովորում են բակալավրիատի կրթական մակարդակում և խորությամբ ուսումնասիրում բժշկագիտությունը։ Առաջին 3 տարիներին սովորաբար ուսումնասիրում են բժշկագիտության տեսական գիտությունները (անատոմիա, հյուսվածաբանություն, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, բժշկական տերմինաբանություն, ախտաֆիզիոլոգիա, ախտաբանական անատոմիա, դեղագիտություն, բժշկական մանրէաբանություն, հիգիենա և այլն), իսկ բակալավրիատի մնացած տարիներին՝ կլինիկական գիտությունները (ներքին հիվանդություններ, վիրաբուժություն, ուրոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն, սրտաբանություն, և այլն)։ Այնուհետև՝ ևս 2 տարի, իրենց գիտելիքները խորացնում են մագիստրատուրայում, որտեղ ուսումնառելը պարտադիր է բոլոր բժիշկների համար։ Մագիստրատուրայում ուսումնառելուց հետո ուսումնառությունը շարունակվում է կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա)՝ բժշկագիտության որևէ նեղ բնագավառում։ Գոյություն ունեն 2 կարգի բժիշկներ՝ ընտանեկան բժիշկներ կամ լայն պրոֆիլի թերապևտներ (ներքին հիվանդությունների բժիշկ) և նեղ մասնագետներ (մանկաբույժներ, վիրաբույժներ, հոգեբույժներ, ծերաբույժներ և այլն)։ Հիվանդը սկզբում դիմում է թերապևտին, որն ախտորոշում է հիվանդությունը և որոշում տվյալ հիվանդին բուժելու եղանակը։ Նեղ մասնագետ բժիշկները սովորաբար աշխատում են հիվանդանոցներում (կլինիկաներում)։
Բժիշկների արտոնագրումը Հայաստանում
խմբագրելՀայաստանի կառավարության՝ 1996 թվականի հունիսի 24-ի որոշմամբ սահմանվել է արտոնագրման կարգ բժշկական և դեղագործական, բոլոր հիմնարկների համար՝ անկախ նրանց սեփականության ձևի և գերատեսչական ենթակայության (պետական հիմնարկ, մասնավոր սեփականություն, բաժնետիրական ընկերություն և այլն), ինչպես նաև բոլոր տեսակի մասնագիտական գործունեությամբ զբաղվող անձանց համար։ Բժիշկները, դեղագործները, միջին բուժաշխատողները և դեղագետները արտոնագրեր ստանում են համաձայն իրենց կրթության և գիտելիքների գնահատման։ Արտոնագրումը սկսվում փաստաթղթերի ընդունմամբ, ապա կատարվում է համակարգչային թեսթավորում, որի արդյունքները փաստաթղթերի հետ միասին հանձնվում են ճյուղային հանձնաժողով՝ արտոնագրվողի հետ հետագա մասնագիտ. հարցազրույցի համար, իսկ ճյուղային հանձնաժողովի երաշխավորություններն արտոնագրման կենտրոնական հանձնաժողովին, որը որոշում է ընդունում արտոնագրի տրման կամ մերժման մասին։
Արտոնագրման կենտրոնական հանձնաժողովի որոշումներն օրենքի ուժ են ստանում Հայաստանի առողջապահական և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատումից հետո։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 430)։ |