Բորբորիտներ, գնոստիկյան աղանդ, ծագել է II–V դարերում Ասորիոքում, մեծ տարաածում է գտել Միջագետքում, Եգիպտոսում և Հայաստանում։ Անվանումը որոշակիորեն ստուգաբանված չէ։ Որոշ ուսումնասիրողներ` այն կապում են բորբորիտների գերագույն սրբության՝ Բարբելոյի անվան հետ։ Նմանաձայնության պատճառով այս աղանդավորների անունը հետագայում կապել են հունարեն «բորբորոս» տիղմ, կեղտ բառի հետ և մատնանշել նրանց անմաքուր բարքերն ու անկարգ սեռական կյանքը։ Այլ Հետազոտողների կարծիքով, բորբորիտների անվանումը «բարբարիտ» («անապատի որդի») բառի յուրատեսակ իմաստավորումն է։ Աղբյուրներում անվանվում են նաև բարբելիոտներ, բորբորիանոսներ, բարրուրյաններ, բորբորիտոններ, զաքքեոսներ, կոդդիանոսներ, ստրատիոիկոսներ, ֆիբիոտներ[1]։

Պատմություն

խմբագրել

Բորբորիտների գաղափարախոսության մասին հիմնական աղբյուրները եկեղեցու հայրերի գործերն են։ Հնագույն հիշատակությունը հանդիպում է II դ. եկեղեցական պատմիչ Իրենիոս Լուգդունացու «Ընդդեմ Հերձվա ծոց» աշխատության մեջ, ապա նրանց մասին գրում է V դ. եկեղեցական պատմիչ Թեոդորետոսը, ամենից Հանգամանորեն՝ V դ. պատմիչ Եպիփան Կիպրացին իր «Ընդդեմ 80 աղան դոց» («Պանարիոն») գրքում։ Բորբորիտներին խիստ հալածանքների է ենթարկել Եդեսիայի եպիսկոպոս Ռաբուլասը (412–435թթ․)։ Նրա կենսագրության մեջ պատմվում է, որ նա իր թեմում ի թիվս այլ աղանդների բնաջնջել է նաև բորբորիտներին։

Ըստ աղբյուրների, բորբորիտները  «Մարիամի ծնունդը» վերնագրով մի գիրք են ունեցել, որտեղ քարոզել են, թե «Հրեաների աստվածը էշի կերպարանք է ունեցել»։

Բոլոր աղբյուրներն առանձնապես չեշտում են բորբորիտների սանձարձակ անբարոյականությունը, անմաքուր բարքերն ու գործերը։ Նրանք բարոյական ոչ մի օրենք չեն ճանաչել, քարոզել են, թե ո՛չ մի օրենք, ո՛չ մի բարոյական նորմ պարտադիր չէ։ Պետք է այդ օրենքի և նրա պահանջների հակառակը գործել, եթե մարդ ուզում է ապացուցել, որ հակառակ է ստորին աստծուն։ Բորբորիտների պատկերացմամբ` մարդկային մարմինն ապականացու է, չի կարող հարություն առնել, այն այս աշխարհի արարիչ վիչապաձև արքոնի (իշխանի) ստեղծագործությունն է։ Հոգի ունեն ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները, ձկներն ու սողունները, ծառերն ու տունկերը։ Քրիստոսը Մարիամից չի ծնվել, նա ինքնածին է, մարմին չի ունեցել, նրա մարմինը երևակայական է։

Ըստ բորբորիտնորի, գոյություն ունի ութ` երկինք, որոնցից յուրաքանչյուրի վրա բազմած են արքոններ։ Վերին՝ ութերորդ երկնքում է Բարբելոն՝ կենդանի էակների մայրը։ Հայրն ամենեցուն և ինքնածին Քրիստոսն է, որն աշխարհ եկավ և մարդկանց ցույց տվեց գնոսիսը (իմացությունը)։ Յոթերորդ երկնքում է գտնվում Բարբելոյի որդին՝ էշի կամ խոզի կերպարանք ունեցող արքոն Սարառթը (կամ՝ Խալդարաոթը)՝ տերը զորությանց, իրենից ներքև գտնվող երկինքների և երկրի արարիչը։ Հոգին, Հեռանալով երկրից, անցնում է յոթ երկինքների վրա գտնվող արքոնների միջով և, հասնելով Բարբելոյին, փրկվում է, ընդ որում, նա կարող է անցնել այդ արքոնների միջով և փրկվել միայն այն ժամանակ, երբ լցվի` գնոսիսով։ Գնոսիսին անհասու հոգիները կուլ են գնում այս աշխարհի արքոնին՝ Սաբառթին, ապա վերադառնում երկիր և մտնում խոզերի ու այլ կենդանիների մեջ[1]։

Բորբորիտներն ընդունել են Հին և Նոր կտակարանները, որոնք մեկնաբանել են յուրովի, բայց ունեցել են բազմաթիվ պարականոն գրքեր և ավետարաններ։ Չեն ընդունել մարգարեներին, նրանց պաշտած Աստծուն, չեն հավատացել՝ վերջին դատաստանին, մեռելների հարությանը։

Ինչպես հայտնի է, Փոքր Հայքում գոյություն են ունեցել բազմաթիվ սոցիալական, աղանդավորական շարժումներ, որոնցից էր բորբորիտներ կոչված աղանդը։ Այս աղանդը գաղափարապես հարում էր մծղնեությանը[2]։ Այս շարժման մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Հայաստանում տարածված բորբորիտների մասին վկայում են Կորյունը և Մովսես Խորենացին՝ կապված Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի՝ հեթանոսության, զանազան աղանդների դեմ պայքարի, քրիստոնեության քարոզչության և ավետարանչական գործունեության հետ։ Կորյունի և Խորենացու մոտ բորբորիտներն անվանված են «ժպիրհ և կամակոր աղանդ բորբորիանոսաց», «ժանտագործ ազգ բարբարիանոսաց», որոնց Կ. Պոլսի պատրիարք Ատտիկոսի (405–426) պահանջով Հայոց կաթողիկոսը վտարել է երկրի սահմաններից` 415-423 թվականների ընթացքում։ Մնացած աղանդավորները հարել են մծղնեականներին, նրանց հետ միասին հետագայում ձուլվել մանիքեության մեջ[3]։

Բորբորիտների անվանումը հետագայում դարձել է հայհոյական ածական։ Մովսես Խորենացին Շամիրամին անվանում է «վաւաշն և բորբորիտն Շամիրամ», իսկ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին Թոնդրակյան շարժման հիմնադիր Սմբատ Զարեհավանցուն կոչում է «վաւաչ չամբուշ բորբորիտն, պիղծն Սմբատ անիծեալն»[1]։

Պատմիչների հաղորդած տեղեկություններից մենք իմանում ենք, որ այս շարժումը լայնածավալ գործունեություն է ծավալել ոչ միայն Արևմտյան Հայաստանում այլև Գողթան գավառում և այլ վայրերում։ Այս աղանդի դեմ պայքարել է Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը։ Պատմահայրը պատմում է, որ Կ․ Պոլսի Ատտիկոս պատրիարքը գրություն է ուղարկել Սահակ Պարթևին և հայտնել, որ նա քարոզիչներ է ուղարկելու Արևմտյան Հայաստան՝ բորբորիտ կոչվող աղանդավորներին կաարգի բերելու համար[4]։

Բարբորիտների շարժումը Հայաստանում լայն տարածում է գտել և անհանգստացրել ինչպես պետական, այնպես էլ եկեղեցական պաշտոնական շրջաններին։ Հայոց եկեղեցին ստանալով խոշոր ֆեոդալների գործուն աջակցությունը և գործի դնելով իր «թշվառացուցիչ գավազանը» վճռական միջոցների է դիմում բորբորիտների դեմ պայքարում՝ բանտարկում, հալածում, տանջում է նրանց և ճնշում շարժումը[4]։ Այս գործում Սահակ Պարթջին մեծ աջակցություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցը, ով գրերի գյուտից հետո լայնածավալ քարոզչական գործունեություն է ծավալել։ Անցնելով Արևմտյան Հայաստան՝ նա պայքարել է այս աղանդի դեմ և պարտության մատնել նրանց։ Միայն հայտնի է որ այս շարժումը մարել է Մաշտոցի իրականացրած քարոզչությունից հետո։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Այվազյան, Հովհաննես (2002). Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 181–182. ISBN 5-89700-016-6.
  2. Երվանդ Տեր-Մինասյան, հայ աղանդավորոիթյան պատմությունից, Երևան 1973, էջ 57-58։
  3. Կորյուն, Վարք Մաշտոցի, Երևան, 1969, էջ 115-118։
  4. 4,0 4,1 Ժամկոչյան, Հ․; Աբրահամյան, Ա․; Մելիք-Բախշյան, Ստ․; Պողոսյան, Ս․ (1975թ․). Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջ. Երևան: Երևանի Պետական Համալսարան. էջեր 266–267.

Աղբյուրներ

խմբագրել

Կորյուն, Վարք Մաշտոցի, Երևան, 1969։

Գրականություն

խմբագրել
  1. Երվանդ Տեր-Մինասյան, հայ աղանդավորոիթյան պատմությունից, Երևան 1973։
  2. Լ. Խաչիկյան Փոքր Հայքի սոցիալական շարժումները, Երևան, 1981։
  3. Կորյուն, Վարք Մաշտոցի, Երևան, 1969։
  NODES