Գուջարաթ (գուջարաթի՝ ગુજરાત, հինդի՝ गुजरात, անգլ.՝ Gujarat), նահանգ Հնդկաստանում (կազմվել է 1960 թվականին), Հնդստան թերակղզու հյուսիս-արևմուտքում։ Տարածությունը 196 հազար կմ² է, բնակչությունը՝ 29, 6 միլիոն (1975 թվականի դրությամբ), վարչական կենտրոնը՝ Գանդինագար։ Մակերևույթի մեծ մասը հարթավայր է՝ կազմված ծովային ալյուվիալ նստվածքներից։ Կլիման մերձհասարակածային է, տարեկան տեղումները՝ 500—1000 մմ, արևմուտքում՝ 250— 500 մմ։ Արևմուտքում տարածված են սավաննաները, արևելքում՝ արևադարձային չորասեր անտառները և փշոտ թփուտները։ Գուջարաթը երկրի կարևոր բամբակագործական շրջաններից է։ Մշակում են նաև գետնընկույզ, բրինձ, հացահատիկային կուլտուրաներ, լոբազգիներ, զբաղվում՝ անասնապահությամբ։ Արդյունահանվում է աղ, մանգանի հանքաքար, կրաքար, բոքսիտներ, նավթ։ Զարգացած է տեքստիլ (հատկապես բամբակեղենի) արդյունաբերությունը։ Զարգանում է էլեկտրամեքենաշինությունը, քիմիական, ցեմենտի, յուղի արդյունաբերությունը։ Հիմնական նավահանգիստներն են Կանդլան, Օկհան, Բեդին, Բհավանգարը և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 681)։
|