Դաղձ
Դաղձ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
Տրիբա | Mentheae |
Ենթատրիբա | Menthinae |
Ցեղ | Դաղձ (Mentha) L., 1753 |
Դաղձ (լատին․՝ Méntha), շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Բոլոր տեսակներին բնորոշ է սուր հոտավետ հոտ, նրանցից մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ մենթոլ։
Այս ընտանիքի բույսերն իրարից տարբերվում են քիմիական կազմով, արտադրում են նյութափոխանակության տարբեր ցնդող նյութեր՝ մետաբոլիտներ (նյութափոխանակիչներ), այսպես կոչված՝ ցնդող արոմատիկ նյութեր, որոնք արտադրում են տարբեր հոտեր և այլ քանակությամբ եթերային յուղեր։
Ըստ ավանդության՝ դաղձ (անանուխը ) Mentha է կոչվել Մենտա հավերժահարսի անունով, ում Պերսեփոնեն՝ Զևսի և Դեմետրեի դուստրը, բուսական աշխարհի թագուհին, հոտավետ բույս դարձրեց՝ բուրավետ դաղձ[1] ու Աֆրոդիտեին ընծայեց։
Անվան ծագում
խմբագրելԴաղձը (ասորերեն՝ անանուխ) հիշատակվել է դեռևս Աստվածաշնչում՝ Մատթեոսի ավետարանում, բարձր գնահատվել Հին Հունաստանում։ Հին Հռոմում համոզված էին, որ անանուխի բույրը տրամադրություն է բարձրացնում, այդ պատճառով խնջույքի սրահները ցողում էին անանուխի ջրով, սեղանները շփում տերևներով։ Հռոմեացի գիտնական, ռազմական և պետական գործիչ Պլինիոս Ավագը գտնում էր, որ անանուխի բույրը նպաստում է ուղեղի արդյունավետ գործունեությանը, այդ պատճառով միշտ դալար ընձյուղներից հյուսված պսակ էր կրում, նույնը խորհուրդ էր տալիս աշակերտներին։
Կիրառում
խմբագրելԲույսը լայնորեն օգտագործվում է սննդային ապարանքների պատրաստման, կոսմետիկայի՝ դաղձ ճապոնական (Mentha japonica) և կծու դաղձ (Mentha piperita), բուսական բժշկությունում և արոմաթերապիայում՝ կծու դաղձ, դաղձ ջրային (Mentha aquatica), դաղձ ճահճային (Mentha pulegium), դեղագործության մեջ հիմնականում օգտագործում են կծու դաղձը։
Դաղձի յուղ
խմբագրելԴաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից։ Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները։ Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային հատկությամբ և թեթև թմրեցնող արդյունքով։
Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկանքը, մաքրում օրգանիզմը խարամներից, բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում։
Ավիցեննան ջրային անանուխ է առաջարկել ներքին արյունահոսության, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, լվիճային անանուխ՝ արյունատար անոթների լայնացման, ախորժակի բարելավման, աղիների գործունեության կանոնավորման համար։
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս անանուխ օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների, մանկական գեղձախտի (ռախիտի) բուժման համար։
Անանուխի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։ Այն կենարար ըմպելիք է։
Վայրի, օրգանական դաղձի չորացված հումքը օգտագործվում է սնունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը։
Բաղադրություն
խմբագրելԲույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4-6, տերևներում՝ 2,4-2,75, իսկ ցողուններում՝ մինչև 0,3%։ Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով՝ թրման եղանակով։ Նրա հիմնական մասը (41-65%) երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր։
Մշակման եղանակ
խմբագրելՀումքը հավաքում են ծաղկման սեզոնում։ Մշակման ժամանակ առանձնացնում ենք թարմ, վայրի խոտաբույսի ոչ պիտանի մասերը, չորացնում չորանոցներում և անմիջապես փաթեթավորում թղթե փաթեթներում, որտեղ բույսը կարողանում է պահպանել իր արոմատիկ գամման։
Տեսակներ
խմբագրելԸնտանիքը ընդգրկում է մոտավորապես 250 տեսակ և շուրջ 10 բնական հիբրիդներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Страбон. География VIII.3.14
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 266)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաղձ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաղձ» հոդվածին։ |