Դետեկտիվ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դետեկտիվ (անգլ.՝ detective, լատին․՝ detego բացահայտել, հետաքննել բառից), գրականության և կինեմատոգրաֆիայի ժանր։ Այս ժանրի ստեղծագործություններում նկարագրվում է առեղծվածային իրադարձությունների բացահայտման ընթացքը, որի արդյունքում պարզ են դառնում իրադարձության բոլոր հանգամանքները։ Սովորաբար նմանատիպ սյուժեի զարգացման հիմք է հանդիսանում մի որևէ հանցագործություն, և դետեկտիվը նկարագրում է մեղավորների բացահայտման ընթացքը։ Այս ժանրի ստեղծագործություններում կոնֆլիկտը ստեղծվում է արդարության և անարդարության միջև և ավարտվում է արդարության հաղթանակով։
Սահմանում
խմբագրելԴետեկտիվի, որպես ժանրի, հիմնական առանձնահատկությունը ստեղծագործության մեջ որևէ առեղծվածային միջադեպի առկայությունն է, որի հանգամանքներն անհայտ են և պետք է բացահայտվեն։ Ամենից հաճախ նկարագրվող միջադեպը հանցագործությունն է, թեև կան դետեկտիվներ, որոնցում հետաքննվում են դեպքեր, որոնք չեն համարվում հանցավոր (ինչպես օրինակ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գրքում, որն անշուշտ հանդիսանում է դետեկտիվ ժանրի ստեղծագործություն, 18 պատմվածքներից 5-ում հանցագործություն չկա)։
Դետեկտիվի կարևոր առանձնահատկությունն այն է, որ մինչև հետաքննության ավարտը միջադեպի իրական հանգամանքները չեն հաղորդվում ընթերցողին, համենայն դեպս՝ ամբողջությամբ։ Փոխարենը, ընթերցողը հեղինակի ուղորդմամբ անցնում է ընթացիկ հետաքննության վրայով՝ հնարավորություն ստանալով դրա ամեն մի փուլում անել սեփական եզրակացություններն ու գնահատել հայտի փաստերը։ Եթե ստեղծագործությունում հենց սկզբից էլ նկարագրվում է միջադեպի բոլոր հանգամանքները, կամ միջադեպը անսովոր, խորհրդավոր ոչինչ չի պարունակում, ապա այն վերագրվում է ոչ թե դետեկտիվ, այլ դրա հարակից ժանրերին (մարտավեպ, ոստիկանական վեպ և այլն)։
Ըստ հայտնի դետեկտիվ գրող Վել Մակդերմիդի դետեկտիվը որպես ժանր հնարավոր է դարձել միայն ապացույցներով հիմնավորված դատական գործընթացի ի հայտ գալու շնորհիվ[1]։
Ժանրի առանձնահատկությունները
խմբագրելԴասական դետեկտիվ ստեղծագործության կարևոր առանձնահատկությունը փաստերի ամբողջությունն է։ Առեղծվածի լուծումը չի կարող հիմնվել այն տեղեկատվության վրա, որը չի ներկայացվել ընթերցողին հետաքննությունը նկարագրելիս։ Հետաքննությունն ավարտվելիս ընթերցողը պետք է բավականաչափ տեղեկություն ունենա, որպեսզի դրա հիման վրա ինքնուրույն լուծում գտնի։ Կարող են թաքցվել միայն որոշ աննշան մանրամասներ, որոնք չեն ազդում առեղծվածի հնարավոր բացահայտման վրա։ Հետաքննության ավարտին բոլոր հանելուկները պետք է լինեն լուծված, իսկ հարցերը՝ պատասխանված։
Դասական դետեկտիվի մի քանի առանձնահատկություններ էլ Ն. Ն. Վոլսկին համախմբել է դետեկտիվ աշխարհի հիպերդետերմինացվածություն (գերսահմանվածություն) անվան տակ («դետեկտիվ աշխարհը շատ ավելի կանոնակարգված է, քան մեր շրջապատի կյանքը»).
- Իրավիճակի պարզություն: Պայմանները, որոնցում զարգանում են դետեկտիվի գործողությունները, սովորաբար պարզ են և ընթերցողին քաջ հայտնի (համենայն դեպս, ընթերցողը համարում է, որ լավ կողմնորոշվում է դրանցում)։ Շնորհիվ սրա, ընթերցողին ի սկզբանե պարզ է, թե նկարագրվածից ինչն է սովորական և ինչն է տարօրինակ, նորմայից դուրս։
- Հերոսների կարծրատիպային վարքագիծը: Հերոսները հիմնականում զուրկ են ինքնատիպությունից, նրանց հոգեբանությունն ու վարքագծային մոդելները բավականին թափանցիկ են, կանխատեսելի, իսկ եթե նրանք ինչ-ինչ խիստ աչքի ընկնող առանձնահատկություններ ունեն, ապա դրանք տեղեկացվում են ընթերցողին։ Այդ թվում՝ հերոսների գործողությունների դրդապատճառների (ներառյալ հանցագործության դրդապատճառների) կարծրատիպերը։
- Սյուժեի ձևավորման համար նախապես սահմանված կանոնների առկայությունը, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը։ Օրինակ դասական դետեկտիվ ստեղծագործության մեջ պատմողն ու հետախույզը սկզբունքորեն չեն կարող հանցագործներ լինել։
Վերը նշված առանձնահատկությունները սեղմացնում են հայտնի փաստերի հիման վրա արված հնարավոր տրամաբանական զարգացումների դաշտը։ Ինչևէ, դետեկտիվի ոչ բոլոր ենթաժանրերն են միանշանակ հետևում նշված կանոններին։
Կա ևս մեկ սահմանափակում, որին դասական դետեկտիվը գրեթե միշտ հետևում է. թույլ չտալ պատահական սխալներ և չպարզաբանված զուգադիպություններ։ Օրինակ իրական կյանքում վկան կարող է ասել ճշմարտությունը, ստել, սխալվել կամ մոլորեցվել, բայց կարող է պարզապես սխալվել աջանց պատճառի (պատահականորեն շփոթել ամսաթվերը, ընդհանուր քանակը, ազգանունները)։ Դետեկտիվում վերջինս բացառվում է. վկան կամ ճիշտն է ասում, կամ ստում է, կամ նրա սխալը տրամաբանական հիմնավորում ունի։
Երեմեյ Պարնովը մատնանշում է դասական դետեկտիվ ժանրի հետևյալ առանձնահատկությունները.
- դետեկտիվ ընթերցողին առաջարկվում է մասնակցել գաղտնիքը կամ հանցագործի անունը բացահայտելու մի տեսակ խաղի,
- «գոթական էկզոտիկա»—
Սկսած Ալան Պոյի սարսափազդու կապիկից, որը երկու ժանրերի (ֆանտաստիկ և դետեկտիվ) նախահայրն է, Կոնան Դոյլի կապույտ կարբունկուլից և արևադարձային իժից, Ուիլքի Քոլինսի հնդկական լուսնաքարից և ավարտած Ագաթա Քրիստիի մեկուսացված ամրոցներով ու Չարլզ Սնոուի նավակի դիակով, արևմտյան դետեկտիվը աննկարագրելի էկզոտիկ է։ Բացի այդ, գոթական վեպը (միջնադարյան ամրոց՝ սիրված բեմական նախադրյալներ, որոնց ֆոնի վրա տեղի են ունենում արյունոտ դրամաներ) պաթոլոգիական (աննորմալ, հիվանդագին) ազդեցություն ունի դրա վրա[2]։
- սխեմա—
Ի տարբերություն գիտական ֆանտաստիկայի, դետեկտիվը գրվում է հիմնականում դետեկտիվի՝ այսինքն խուզարկուի, համար։ Այլ կերպ ասած, հանցագործն իր արյունոտ հանցանքը հարմարեցնում է դետեկտիվին, ինչպես օրինակ փորձառու դրամատուրգը դերերը հարմարեցնում է կոնկրետ դերակատարների[2]։
- այս կանոններից կա մեկ բացառություն՝ օրինակ «Շրջված դետեկտիվ»-ը (հանցագորը հայտնի է հենց սկզբից)։
Տիպիկ հերոսներ
խմբագրել- Խուզարկու կամ դետեկտիվ— ուղղակիորեն զբաղվում է հետաքննությամբ։ Որպես խուզարկու կարող են հանդես գալ տարբեր մարդիկ՝ իրավապահ մարմնի աշխատակիցներ, մասնավոր դետեկտիվներ, բարեկամներ, ընկերներ, տուժածի ծանոթներ, երբեմն լրիվ պատահական մարդիկ։ Դետեկտիվը չի կարող վերջում հանցագործ դուրս գալ։ Խուզարկուն դետեկտիվ ստեղծագործության կենտրոնական կերպարն է։
- Պրոֆեսիոնալ դետեկտիվ— իրավապահ մարմնի աշխատակից։ Նա կարող է շատ բարձր մակարդակի մասնագետ լինել, կամ գուցե նույնիսկ՝ ոստիկանության սովորական աշխատակից, ով բարդ իրավիճակներում կարող է դիմել խորհրդատուի օգնությանը։
- Մասնավոր դետեկտիվ— հիմնական աշխատանքը հանցագործութան հետաքննությունն է, բայց նա ոստիկանությունում չի աշխատում, թեև կարող է պաշտոնաթող ոստիկան լինել։ Որպես կանոն, ունի չափազանց բարձր որակավորում, ակտիվ է ու էներգիայով լի։ Ամենից հաճախ մասնավոր դետեկտիվը դառնում է հիմնական գործող անձ, իսկ նրա արժանիքներն ընդգծելու համար, հետաքննության մեջ կարող են ներառվել պրոֆեսիոնալ հետախույզներ, որոնք անընդհատ սխալներ են անում, ընկնում են հանցագործի ծուղակը, կանգնում են սխալ հետքի վրա և կասկածում են անմեղ մարդկանց։ Օգտագործվում է «միայնակ հերոսն ընդդեմ բյուրոկրատական կազմակերպության և դրա պաշտոնյաների» սխեման, որտեղ հեղինակի և ընթերցողի համակրանքը հերոսի կողմն է։
- Սիրողական հետախույզ— նույնն է ինչ մասնավոր դետեկտիը, միայն այն տարբերությամբ, որ գործի քննությունը նրա համար ոչ թե մասնագիտություն, այլ հոբի է, որով նա զբաղվում է միայն ժամանակ առ ժամանակ։ Սիրողական հետախույզի առանձին ենթատեսակ է այն պատահական անձը, ով երբեք նմանատիպ աշխատանք չի կատարել, բայց ստիպված է լինում հետաքննություն իրականացնել՝ խիստ անհրաժեշտությունից դրդված, օրինակ, որպեսզի փրկի անարդարացիորեն մեղադրված մտերիմ մարդու կամ կասկածն իրենից հեռու վանի (հենց այսպիսին են Դիք Ֆրենսիսի բոլոր վեպերի գլխավոր հերոսները)։ Սիրողական հետախույզը հետաքննությունը մոտեցնում է ընթերցողին։ Մի շարք դետեկտիվներում սիրողական հետախույզի (ինչպես օրինակ միսս Մարփլը) դերը պայմանավորված է նրանով, որ իրական կյանքում մարդուն դժվար թե հանդիպեն նման քանակությամբ հանցագործություններ ու առեղծվածային միջադեպեր, եթե, իհարկե, նա չի զբաղվում հանցանքի պրոֆեսիոնալ հետաքննությամբ։
- Հանցագործ— հանցանք է գործում, մաքրում է հետքերը, խոչընդոտում հետաքննությանը։ Դասական դետեկտիվում հանցագործի կերպարը հստակորեն նշվում է միայն հետաքննության ավարտին, մինչ այդ հանցագործը կարող է լինել վկա, կասկածյալ կամ տուժած։ Երբեմն հանցագործի գործողությունները նկարագվում են հիմնական գործընթացի հետ համընթաց, բայց այնպես, որ չբացահայտվի նրա ինքնությունն ու ընթերցողին չհաղորդվի տեղեկություններ, որոնք հնարավոր չէին լինի պարզել հետաքննության արդյունքում։ Որոշ ստեղծագործություններում հանցագործը կարող է բացակայել, օրինակ, եթե միջադեպը դժբախտ պատահար է, ոչ թե հանցագործություն (Ա. Կոնան Դոյլ՝ «Առյուծի բաշը»)։