Դիագրամ ( հուն․՝ Διάγραμμα (diagramma) - պատկեր, գծանկար) - գծային հատվածների կամ երկրաչափական պատկերների միջոցով տվյալների արտահայտում, որը թույլ է տալիս արագ գնահատելու մի քանի մեծությունների հարաբերությունը[1]։ Այն իրենից ներկայացնում է տեղեկատվության երկրաչափական սիմվոլիկ պատկեր, որը կառուցված է վիզուալիզացման տարբեր մեթոդների օգնությամբ[2] :

Սյունակաձև դիագրամ

Երբեմն դիագրամների կառուցման համար օգտագործվում է հարթության վրա պրոյեկտված եռաչափ վիզուալիզացում։ Դա դիագրամը դարձնում է ավելի տարբերվող և տալիս է պատկերացում, թե որ ոլորտում է այն օգտագործվում։ Իրենց հարմարության և պարզության շնորհիվ դիագրամնները հաճախ են օգտագործվում հաշվապահերի, մենեջերների և այլ աշխատողների կողմից, օրինակ՝ տարբեր տվյալներ ներկայացնող սահիկաշարերում։

Դիագրամների հիմնական տեսակներ

խմբագրել

Դիագրամները հիմնականում կազմված են տարբեր երկրաչափական օբյեկտներից ( կետեր, գծեր, տարբեր գույների ու ձևերի պատկերներ) և օժանդակ տարրերից (կոորդիանատային առանցքներ, պայմանական նշաններ, վերնագրեր)։ Բացի այդ, դիագրամները լինում են երկչափ և եռաչափ։ Դիագրամների մեջ երկրաչափական առարկաների համեմատությունը կարող է կատարվել տարբեր չափումների միջոցով, օրինակ՝ պատկերի մակերես, բարձրություն, կետերի խտություն և այլն։

Գծային դիագրամներ (գրաֆիկներ)

խմբագրել
 
p, դիզելային ցիկլի V- դիագրամ (գրաֆիկներ)
 
RSG դիագրամ (գրաֆիկ)

Գծային դիագրամները կամ գրաֆիկները տվյալները ներկայացնում են գծերով իրար միացված կետերի միջոցով։ Կետերը կարող են լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի (միայն բեկյալ գծեր)։ Նաև կարող են հանդիպել միայն կետեր պարունակող դիագրամներ (կետային դիագրամներ)։ Գծային դիագրամներ կառուցելու համար օգտագործվում է ուղղանկյուն կոորդինատային համակարգ։ Սովորաբար, աբսցիսսների առանցքը ներկայացնում է ժամանակը ( տարիներ, ամիսներ և այլն), իսկ օրդինատների առանցքը՝ երևույթների, պրոցեսների չափը։ Առանցքների վրա նշվում են մասշտաբները։

Գծային դիագրամները նպատակահարմար են, երբ անհրաժեշտ է պատկերել երևույթի կամ երևույթների բնույթը կամ զարգացման ձևը։ Այս դիագրամը թույլ է տալիս մի քանի գծերի միջոցով համեմատել մի քանի երևույթների զարգացման դինամիկան։ Ցանկալի չէ մեկ դիագրամի վրա ներառել երեքից ավել երևույթ, քանի որ գծաատկերը շատ կբարդանա և կկորցնի իր հստակությունը։

Սյունակաձև դիագրամներ (հիստոգրամներ)

խմբագրել
 
Հիստոգրամ

Սյունակաձև դիագրամները դասական դիագրամներն են։ Դրանց նաև անվանում են հիստոգրամներ։ Սյունակաձև դիագրամները հիմնականում օգտագործվում են ստացված վիճակագրական տվյալները տեսողականորեն համեմատելու կամ որոշակի ժամանակահատվածում դրանց փոփոխությունները վերլուծելու համար։ Սյունակաձև դիագրամներում վիճակագրական տվյալները ներկայացված են ուղղահայաց ուղղանկյունների կամ եռաչափ ուղղանկյուն սյուների տեսքով։ Բոլոր համեմատված ցուցանիշները արտահայտվում են չափման մեկ միավորով, ինչը հնարավորություն է տալիս համեմատել երևույթի ցուցանիշները։

Շրջանաձև (սեկտորային դիագրամներ)

խմբագրել
 
Շրջանաձև դիագրամ

Այս դիագրամը իրենից ներկայացնում է շրջան, որը բաժանված է սեկտորների։ Յուրաքանչյուր սեկտորի մակերեսից կարելի է ենթադրել, թե ամբողջի մեջ տվյալ արժեքը որ մասն է կազմում։ Ամբողջության տարբեր հատվածները պատկերելու համար ամենից հաճախ օգտագործվում է հենց այս դիագրամը, քանի որ շրջանը տեսանելիորեն ներկայացնում է ամբողջությունը, իսկ սեկտորները՝ դրա հատվածները։ Այս տեսակի գրաֆիկները հարմար են օգտագործել, երբ անհրաժեշտ է ցույց տալ յուրաքանչյուր արժեքի բաժինը ընդհանուր ծավալի մեջ։

Տարածական (3D) դիագրամներ

խմբագրել

Գոյություն ունի 3D դիագրամների երկու տեսակ։

  1. Տարածական դարձված գծային, սեկտորային և այլ դիագրամներ։ Դրանք ունեն ավելի գեղեցիկ տեսք, այդ պատճառով հաճախ օգտագործվում են հեռուստատեսության և բիզնեսի մեջ։ Սակայն դրանք հաճախ կորցնում են իրենց հստակությունը։ Օրինակ՝ երկրորդ նկարում, եռաչափության աղավաղումները հանգեցրել են նրան, որ 22% -ը և 35% -ը ունեն գրեթե նույն չափը, իսկ երրորդ նկարում`22% -ը գրեթե երկու ագամ փոքր է 35%–ից։
  2. Հատուկ դիագրամներ, որոնք չունեն երկչափ անալոգներ։ Այս դիագրամներից շատերը անօգուտ են թղթի վրա կամ հեռուստատեսության մեջ, քանի որ դիտողը պատկերը մկնիկով պտտելու հնարավորություն չունի։

Դիագրամների առավելությունները

խմբագրել

Ի տարբերություն վիճակագրական տվյալների ներկայացման այլ ձևերին՝ դիագրամները թույլ են տալիս տվյալների մեծ քանակից կատարել արագ հետևություն։

Դիագրամների պատկերումը թույլ է տալիս ստուգել ստացված տվյալների արժանահավատությունը, քանի որ գրաֆիկի վրա ի հայտ են գալիս ոչ ճշգրիտ տվյալները, որոնք կարող են կապված լինել հետազոտությունների ընթացքում կատարված սխալների հետ։

Դիագրամների առաջացման պատմությունը

խմբագրել
 
Ֆունկցիայի գրաֆիկ  

Բոլոր դիագրամներում առկա է ամենաքիչը երկու տեսակ տվյալների ֆունկցիոնալ կախում։ Հետևաբար, առաջին դիագրամները եղել են ֆունկցիայի գրաֆիկները։

Ֆունկցիոնալ կախման գաղափարներն օգտագործվել են դեռ հին ժամանակներում։ Այն առկա է առաջին թվաբանական կանոններում և երկրաչափական պատկերների մակերեսների ու ծավալների բանաձևերում։

XVII դարում ֆրանսիացի գիտնականներ Ֆրանսուա Վիետը և Ռենե Դեկարտը ստեղծեցին ֆունկցիա հասկացությունը։ Դեկարտի և Պիեռ Ֆերմայի կողմից ստեղծվեց ուղղանկյուն կոորդինատային համակարգը`բոլոր ժամանակակից դիագրամների օժանդակ տարրը[3] :

Առաջին վիճակագրական գրաֆիկները կառուցել է անգլիացի տնտեսագետ Վ․ Պլեյֆերը իր 1786 թվականի «Առևտրային և քաղաքական ատլաս» աշխատության մեջ։ Այս աշխատանքը խթան հանդիսացավ սոցիալական գիտություններում գրաֆիկական մեթոդների մշակման համար[4] :

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Значение слова «диаграмма» на Deport.ru
  2. [dic.academic.ru/dic.nsf/enc3p/118858 Значение слова «диаграмма» на «Академике»]
  3. ««Исторические сюжеты о функциях»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  4. Теория статистики / под ред. Шмойловой Р. А. — третье издание, переработанное. — Москва: Финансы и статистика, 2002. — 560 с. — 5000 экз. — ISBN 5-279-01951-8
  NODES