Իկեբանա
Իկեբանա (ճապոներեն՝ 生け花), ծաղկեփնջեր կազմելու ճապոնական արվեստ։ Սկիզբ է առնում Ճապոնիայում բուդդայականության տարածման ժամանակներից։
Իկեբանան՝ ճապոնական ծաղկահարդարման արվեստը, աշխարհում մեծ մասսայականություն է վայելում։ Այն բնությանն անմիջապես մերձենալու ունակությամբ կամուրջ է հանդիսանում մարդ-բնություն հաղորդակցման մեջ և այդքանով գրավել միլիոնավոր մարդկանց։ Սովորաբար իկեբանայի արվեստն իր եվրոպական իմաստային տարբերակով ընկալվում է որպես «ծաղկահարդարման ճապոնական արվեստ»։ Իրենք՝ ճապոնացիները գտնում են, որ իկեբանան ծաղիկների բնական հատկությունները ի հայտ բերելուն, ցուցադրելուն օգնող արվեստ է։ Ընդունված է իկեբանան բաժանել երեք մեծ խմբերի՝ ծիսակատարությունների, հանգստի ու ուրախության և հարդարանքի կամ դեկորատիվ իկեբանա։ Այդ երեք խմբերից, թերևս, հնագույնը՝ ծիսակատարությունների իկեբանան, ըստ իր նշանակության տարբերվում է մի քանի ձևերի՝ շնորհավորանքի ծիսակատարության իկեբանա, թեյի ծիսակատարության իկեբանա՝ հաբանա և այլն։ Ըստ ճապոնացի նկարիչների, բուսական աշխարհի գծապատկերների անսահման գեղեցկություններն իրենց արտահայտություն են գտնում իկեբանա արվեստում։ Դա ծաղկահարդարման կամ ծաղկեփունջ կազմելու արվեստ է, բայց ոչ սովորական հասկացությամբ, այլ ծաղիկներից, տերևներից, ճյուղերից և այլ դեկորատիվ նյութերից կոմպոզիցիաներ ստեղծելու արվեստ։ Իկեբանան ունի 800 տարվա պատմություն։ Այն ստեղծվել է Բուդդայի տաճարում հոգևորականների կողմից։ 13-րդ դարում իկեբանան ընդօրինկվեց նաև Ճապոնիայի զինվորական կաստայի կողմից։
Ըստ ավանդույթի, ճապոնուհիները ամուսնության դաշինք չեն կարող կնքել առանց կարուձևի, խոհարարության և իկեբանայի արվեստն իմանալու։ Դեռևս 7 տարեկան հասակից ճապոնացի աղջիկներին ուսուցանում են ծաղիներից կոմպոզիցիաներ ստեղծելու արվեստը, միաժամանակ երեխաների մեջ դաստիարակում ներդաշնակության և կատարելության զգացում։ Յուրաքանչյուր կին Ճապոնիայում ինչ-որ չափով տիրապետում է այդ արվեստին։ Իկեբանան իգական դպրոցներում և քոլեջներում համարվում է հիմնական և պարտադիր առարկա։ Մասնագետներ դառնալու համար ուսանում են 3 տարի և 10 ամիս, որի ընթացքում ծանոթանում են գեղանկարչության, ծաղիկների բուրմունքի, գույների, երանգների և բույսերի կազմաբանության հետ։ Ամեն տարի Տոկիոյում հայտարարվում են իկեբանայի մրցույթներ։
Ուղղություններ և ոճեր
խմբագրելԺամանակակից Ճապոնիայում կարելի է հաշվել իկեբանայի ավելի քան երկու հարյուր ուղղություններ ու ոճեր, սակայն ընդունված է դրանցից գլխավորները համարել ութը՝ դասական սյոկա, դասական ռիկկա, ժամանակակից սյոկա, ժամանակակից ռիկկա, մորիբանա, նագէհիրե, ազատ և ավանգարդիստական ոճեր[1]։
Ճապոնիայում գոյություն ունի իկեբանայի 300 դպրոց, որտեղ ծաղկահարդարման արվեստը դասավանդում են 1,5 միլիոն ուսուցիչներ՝ 16 միլիոն աշակերտների համար։ Ամենամեծ և ամենաժամանակակից դպրոցներից է Սոգետցուն, որի ղեկավարներից էր տաղանդավոր մասնագետ և շատ խոշոր արվեստագետ Սոֆու Տաշիգահարան։ Սոֆույի ամենատաղանդավոր աշակերտն էր նրա դուստրը՝ Կասումին։ 1926 թվականին նա ստեղծեց իր նոր դպրոցը, որը զարգացնում է ծաղկահարմարման 2 հինական ձև՝ ծաղկեփունջ ստեղծելը ցածր ծաղկամանում և բարձր ծաղկամանում։ Կոմպոզիցիան ստեղծելը ցածր ծակամանում համարվում է ավելի ժամանակակից ոճ և կոչվում է մորիբանա։ Ճապոնական ծաղկեփնջի հիմքը կազմում են 3 հիմնական խորհրդանիշ-ցողուններ։ Իկեբանայի սկզբունքների համաձայն ծաղկային կոմպոզիցիայի համար նախապատրաստված ցողունները մետաղյա խոզանակ- հենարանի վրա, որը կոչվում է կենզան, ամրացվում են ոչ թե քմահաճ կարգով, այլ հետևյալ կերպ՝ երեք ցողոններից ամենաերկարը՝ սինը խորհրդանշում է երկինքը, կոմպոզիցիայում շատ կարևոր տարր է, քանի որ նրա դիրքից և դինամիկայից է կախված կոմպոզիցիայի տպավորությունը, ուստի այն ամրացվում է ծաղկամանում դրված մետաղյա հարմարանքի կենտրոնում։ Երկրորդ ցողունը՝ յյուսին, խորհրդանշում է մարդը և առաջին ցողունից կարճ է։ Այն ամրացնում են առաջին ցողոնի առջև և նրանից դեպի ձախ, 40-50° թեքությամբ։ Երրորդ, ամենակարճ ցողունը՝ խիկեան, խորհրդանշում է գետինը, իր դիրքով հավասարակշռում է ողջ կոմպոզիցիան։ Ամրացվում է 2 ցողուններից դեպի աջ՝ 75-80° անկյան տակ և դարձյալ ավելի թեքված դեպի դիտողը, քան նախորդ ցողունները[2]։
Իկեբանա ստեղծելիս օգտագործում են ոչ միայն թարմ ծաղիկներ, այլև տարբեր բույսերի ծռմռված և բազմաձև չոր ճյուղեր՝ իրենց վրա մնացած չոր պտուղներով, զանազան շիվեր, արմատներ և կեղևներ, մի խոսքով բոլոր այն բնական միջոցները, որոնք կնպաստեն արհեստական բնապատկեր ստեղծելուն։
Ստեղծված կոմպոզիցիան դրվում է հատուկ պատվանդանի վրա և բնակարանում ունի իր սրբագործված անկյունը, որը կոչվում է տոկոնոմա։
Ճապոնական ընտանիք այցելող հյուրը առաջին հերթին մոտենում է տոկոնոմային, ուշադիր զննում իկեբանան, ձգտելով հասկանալ տանտիրոջ կամ տանտիրուհու տրամադրությունը, սկզբում խոնարհվում է իկեբանային, ապա տանտիրոջը և նոր անցնում առօրյա զրույցին, անպատճառ ընդգծելով կոմպոզիցիայից ստացած իր տպավորությունը։ Իսկ եթե կոմպոզիցիան հյուրին զգացնել տա, որ տանտերը անտրամադիր է, հյուրը պարտավոր է անմիջապես հեռանալ։
Բարձր ծաղկամաններում կոմպոզիցիա ստեղծելու հինավուց ոճը կոչվում է նագեիրե։ Որպեսզի այդ ծաղկամաններում դրվող ծաղիկները և ճյուղերը որոշակի դիրք ունենան, ճապոնացիները հորինել են մի քանի հարմարանքներ։ Այդ հարմարանքներից մեկը մի խաչափայտ է, որի ծայրերը կտրված են թեք անկյան տակ այնպես, որպեսզի իջնելով ծաղկամանի վզիկի քիչ ներքև, հենվի ծաղկամանի պատերին։
Ճապոնական մի քանի տոներ, ինչպես և ճապոնացու անձնական կյանքի մի շարք դեպքեր, կապված են ծաղիկների և բույսերի հետ։ Դեռևս հին ժամանակներում ճապոնացի տղամարդիկ իրենց գլխարկներին կրել են որևէ ծաղիկ, մեծ մասամբ քրիզանթեմ։
Հարսանյաց հանդեսներին հարսնացուի տանը պատրաստվում են շքեղ և վառ գույների կոմպոզիցիզներ, որտեղ լրիվ բացված ծաղիկները և չոր տերևները արտահայտում են անցյալը, կիսաբաց ծաղիկները և թարմ տերևները՝ ներկան, իսկ ապագան արտահայտում է բողբոջներով և դեռևս չբացված կոկոն ծաղիկներով։
Աղբյուրներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 321)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իկեբանա» հոդվածին։ |