Կառլ Օրֆ
Կառլ Օրֆ (գերմ.՝ Carl Orff, ամբողջական անունը՝ Կառլ Հենրիխ Մարիա Օրֆ, գերմ.՝ Karl Heinrich Maria Orff, հուլիսի 10, 1895[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4] - մարտի 29, 1982[1][2][3][…], Մյունխեն, Գերմանիա[5]), գերմանացի երգահան։ Նրա ստեղծագործություններից առավել հայտնի է «Կարմինա Բուրանա» (1937) կանտատը։ Մեծ ավանդ ունի երաժշտական կրթության զարգացման գործում։
Կառլ Օրֆ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Carl Orff |
Ծնվել է | հուլիսի 10, 1895[1][2][3][…] Մյունխեն, Գերմանական ռայխ[4] |
Երկիր | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն, Նացիստական Գերմանիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և Գերմանիա |
Մահացել է | մարտի 29, 1982[1][2][3][…] (86 տարեկան) Մյունխեն, Գերմանիա[5] |
Գերեզման | Andechs Abbey |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, երաժշտության տեսաբան և լիբրետիստ |
Գործիքներ | երգեհոն, դաշնամուր, թավջութակ, percussion? և Քսիլոֆոն |
Աշխատավայր | Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց և Մոցարտեում |
Կրթություն | Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց, Wittelsbacher-Gymnasium München?, Ludwigsgymnasium? և Մոցարտեում |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Liselotte Orff?, Luise Rinser?, Gertrud Orff? և Alice Solscher? |
Պարգևներ | |
Կայք | orff.de/carl-orff |
Carl Orff Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿառլի պապը հայրական գծով մկրտված հրեա էր, իսկ մյուս նախնիները բավարացիներ էին։ Հայրը սպա էր, նվագում էր տարբեր գործիքներ՝ դաշնամուր և լարային մի քանի նվագարաններ։ Մայրը, որը սիրողական դաշնակահար էր, որդու մոտ վաղ տարիքում է նկատում երաժշտական տաղանդ և սկսում է սովորեցնել նրան։ Եվ այդպես, արդեն ինը տարեկանում Կառլը գրում էր երաժշտական երկար և կարճ ստեղծագործություններ՝ իր սեփական տիկնիկային թատրոնի համար։
1912-1914 թվականներին Կառլը սովորում է Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում։ 1914 թվականից ուսումը շարունակում է Հերման Զիլչերի մոտ։ Դրանից երկու տարի անց արդեն դառնում է Մյունխենի կամերային թատրոնի կապելմայստերը։ 1917 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Կառլ Օրֆը կամավոր մեկնում է ծառայելու բանակում, Բավարական առաջին դաշտային հրետանային գնդում։ 1918 թվականին, պատերազմից հետո, նրան հրավիրում են ստանձնելու Մանհայմի Ազգային թատրոնի կապելմայստերի պաշտոնը՝ Վիլհելմ Ֆուրտվենգլերի ղեկավարությամբ։ Այնուհետև Կառլ Օրֆն սկսում է աշխատել Դարմշտադտի մեծ դքսության Պալատական թատրոնում։
1920 թվականին Կառլ Օրֆն ամուսնանում է Ալիսե Զոլշերի (գերմ.՝ Alice Solscher) հետ։ Մեկ տարի անց ծնվում է նրանց միակ զավակը՝ Գոդելան։ Դստեր ծննդից չորս տարի անց Օրֆը բաժանվում է կնոջից։ 1923 թվականին Կառլը ծանոթանում է Դորոթի Գյունտերի հետ (գերմ.՝ Dorothee Günther) և հաջորդ տարվա մեջ Մյունխենում միասին հիմնում են գիմնաստիկայի, պարի և երաժշտության «Գյունտերշյուլե» դպրոցը։ 1925 թվականից մինչև մահը Կառլ Օրֆը մնաց այդ դպրոցի ղեկավարը՝ աշխատելով սկսնակ երաժիշտների հետ։ Մշտապես շփվելով երեխաների հետ՝ նա մշակում է երաժշտական կրթության իր թեորիան։
«Կարմինա Բուրանա» կանտատան (լատին․՝ Carmina Burana) շատ հանրահայտ էր Երրորդ Ռայխում։ Պրեմիերան կայացել է Ֆրանկֆուրտում 1937 թվականին։ Կանտատան հանդիսավոր, գովերգական ժանրի երաժշտական ծավալուն ստեղծագործություն է՝ մեներգչի, երգեցիկ խմբի և նվագախմբի համար։ Նացիստական քննադատներից ոմանք այս ստեղծագործությունն անվանեցին «դեգեներատիվ», մինչդեռ ուրիշները, ինչպես օրինակ Յոզեֆ Գեբելսը, այն համարեցին «գերմանական երաժշտության օրինակ»։ Նացիստական տարիներին Օրֆը միակ կոմպոզիտորն էր, որ արձագանքեց Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի համար նոր երաժշտություն գրելու պաշտոնական հրավերին։ Դա եղավ այն բանից հետո, երբ արգելվեց Ֆելիքս Մենդելսոնի երաժշտությունը։ Այն գրելու համար Օրֆն օգտվեց իր նախկին սևագրերից։
Օրֆը մտերիմ ընկերական հարաբերություններ ուներ Վիեննայի գաուլայտեր և «Երիտասարդ հիտլերականների» ղեկավարներից մեկի՝ Բալդուր ֆոն Շիրախի հետ։ Նա մտերիմ էր նաև Կուրտ Հյուբերի հետ, որը «Սպիտակ վարդ» ընդդիմադիր շարժման հիմնադիրներից մեկն էր և մահվան դատապարտվեց Ազգային դատական պալատի կողմից և սպանվեց 1943 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Օրֆը հայտարարեց, որ ինքն էլ այդ շարժման մասնակից էր և անձամբ ընդգրկված էր դիմադրության թևի աշխատանքներում։ Սակայն այդ առթիվ չկա ոչ մի փաստ, բացի նրա խոսքերից, ուստի որոշ ուսումնասիրողներ կասկածի տակ են առնում Օրֆի այդ հայտարարության իսկությունը։ Հայտնի է, որ Օրֆը չի օգտագործել իր կապերն ու մտերմությունը ֆոն Շիրախի հետ՝ Հյուբերին մահից ազատելու համար՝ զգուշանալով սեփական կյանքը վտանգի տակ դնելուց։ Բայց, դրան զուգահեռ, նա երբեք ի պաշտպանություն նացիստական ռեժիմի ոչ մի հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել։
Անձնական կյանքը
խմբագրելՕրֆը եղել է Հռոմի Կաթողիկե եկեղեցու հետևորդ։ Ամուսնացել է չորս անգամ՝ Ալիսե Զոլշերի (1920-1925 թթ.), Գերտրուդ Վիլլերտի (1939-1953 թթ.), Լուիզ Ռինսերի (1954-1959 թթ.) և Լիզելոտ Շմիտցի (1960 թ.) հետ։ Նրա միակ զավակը՝ Գոդելա դուստրը (1924-2013), ինչպես նշվեց, ծնվել էր առաջին ամուսնությունից։ Նա հիշում էր, որ հոր հետ հարաբերությունները երբեմն դժվար էին կառուցվում։
Մահը
խմբագրելԿառլ Օրֆը մահացել է քաղցկեղից 1982 թվականին 86 տարեկան հասակում։ Նա ապրել է չորս իշխանությունների օրոք՝ Գերմանական կայսրության, Վայմարյան հանրապետության, Նացիստական Գերմանիայում և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում։ Թաղված է Բենեդիկտյան միաբանության Անդեխ վանքի բարոկկո ոճի եկեղեցում։
Ստեղծագործությունը
խմբագրելԿառլ Օրֆն առավելապես հայտնի է իր «Կարմինա Բուրանա» կանտատայով։ Վերնագիրը նշանակում է Բոյերնի երգերը (Բոյերնը վարչական շրջան է Գերմանիայի Բավարիա երկրամասում)։ Գրվել է 1935-1936 թվականների ընթացքում։ Ստեղծագործության լրիվ վերնագիրը լատիներենով «Carmina Burana: Cantiones profanae cantoribus et choris cantandae comitantibus instrumentis atque imaginibus magicis» է։ Այն Օրֆի եռագրության առաջին մասն է, որի հաջորդ մասերն են «Կատուլլայի երգերը» (լատին․՝ Catulli Carmina) և «Ափրոդիտեի հաղթանակը» (իտալ.՝ Trionfo di Afrodite): «Կարմինա Բուրանան» արտահայտում է կոմպոզիտորի հետաքրքրությունը գերմանական միջնադարյան պոեզիայի նկատմամբ։ Ամբողջ եռագրությունը կոչվում է «Trionfi» («Հաղթանակներ»)։ Կառլ Օրֆն իր այս ստեղծագործությունը բնութագրել է որպես տոնակատարություն մարդկության հաղթանակի, որը կայացել է մարմնի և տիեզերքի հավասարակշռության շնորհիվ։ Երաժշտությունը գրվել է հիստրիոնյան բանաստեղծությունների հիման վրա, որոնք պահպանվել են 13-րդ դարի մի ձեռագրում։ Այն հայտնաբերվել էր 1803 թվականին Բենեդիկտյան միաբանության Բոյերնի վանքում, որը գտնվում է Բավարիայի տարածքում։ Բոյերն անվանումը լատիներենում հնչում է Բուրանա (Burana), և միջնադարյան թափառաշրջիկ դերասանների բանաստեղծական այդ ժողովածուն հայտնի է «Բոյերնի (կամ Բուրանայի) երգեր» անվամբ։ Չնայած եռագրության որոշ հատվածներում առկա են ժամանակակից կոմպոզիցիոն մոտեցումներ, սակայն Օրֆը փայլուն կերպով արտահայտել է միջին դարերի ոգին՝ գրավիչ ռիթմերի ու պարզ տոնայնությունների միջոցով։ «Կարմինա Բուրանայի» հաջողությունը ստվերի մեջ թողեց Կառլ Օրֆի՝ նախկինում հրապարակած ստեղծագործությունները, բացի «Catulli Carmina»-յից և «Entrata»-յից։ Պատմական տեսանկյունից «Կարմինա Բուրանան», հավանաբար, Նացիստական Գերմանիայում ստեղծված և հրապարակավ առաջինը կատարված ամենահայտնի ստեղծագործությունն է։ Այս ստեղծագործությունը հանրության հավանությանն արժանացավ այն աստիճան, որ Օրֆը շուտով Ֆրանկֆուրտում պատվեր ստացավ գրելու նոր երաժշտություն՝ «Միջամառային գիշերվա երազ» պիեսի համար, քանի որ արգելվել էր Ֆելիքս Մենդելսոնի երաժշտությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Օրֆը հայտարարեց, որ իրեն չի գոհացնում իր գրած երաժշտությունը, սկսեց մշակել դրա վերջնական տարբերակը, որն առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվեց 1964 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Орф Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.musicstack.com/records-cds/orff+carl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Օրֆ» հոդվածին։ |