Հերպես վիրուսները (լատին․՝ Herpesviridae) մեծ ընտանիք է (ԴՆԹ պարունակող վիրուսներ, ԴՆԹ պարունակող վիրուսոիդներ են), որոնք առաջացնում են տարաբնույթ հիվանդություններ ոչ միայն մարդկանց, այլև կաթնասունների և թռչունների մոտ[1]։

Հերպես վիրուսներ
Herpesviridae
Տեսակտաքսոն
 Herpesviridae Վիքիպահեստում

Կան մոտ 200 տեսակի հերպես վիրուսներ։ Այս վիրուսների առանձնահատկությունն այն է, որ երկար ժամանակահատված պահպանվում են բջիջներում (պերսիստենցիա), շատ երկարաժամկետ, առանց կլինիկական նշանների արտահայտման։

Վիրուսների պերսիստենցիան (լատին․՝ persistere-մնալ, համառել), այս տերմինը առաջարկված 1923 թվականին ֆրանսիացի վիրուսաբան, մանրէաբան, իմունոլոգ Կոնստանտին Լևատիդիի և ռումինացի վիրուսաբան Շտեֆան Նիկոլաուի կողմից, նշանակում է վիրուսի պահպանումը երկար ժամանակ մարդու օրգանիզմում կամ բջջային կուլտուրայում։ Ընտանիքի անվանումը եկել է հունական ἕρπειν (herpein) սողել, լատինական herро սողում եմ անվանումնորից։ Այս վիրուսներով հարուցված հիվանդությունները ընթանում են սուր, անցնելով լատենտ գաղտնի շրջան, ընթանում են որոշ ժամանակ առանց կլինիկական նշանների։ Օրգանիզմի վիճակի վատթարացման հետ, բացասական ազդակների ազդեցության ժամանակ (մրսածություն, սթրես, հոգնածություն․․) վիրուսը գլուխ է բարձրացնում։

Հերպես վիրուսները ունեն ընդհանուր կենսաբանական հատկությունները։ Նրանք ունեն վիրուսակիրի օրգանիզմի իմունային համակարգի հետ փոխազդեցության արդյունավետ մեխանզմներ, որի շնորհիվ կարողանում են առավելագույն տարածվածության հասնել և պահպանվել երկարատև ժամանակահատված։ Բջիջների տրանսֆորմացիան բերում է իմունոպաթոլոգիական պրոցեների զարգացմանը, որոնք ուղղված են սեփական օրգանիզմի նկատմամբ՝ պայմանավորված վիրուս-ինդուկցված իմունոդեպրեսիայով և վիրուսի երկար պերսիստենցիայով մարդու օրգանիզմում։ Լատենտ շրջանում խախտվում է բջջի ռեպրոդուկցիայի փուլերը։ Այն գտնվում է տիրոջ օրգանիզմի բջիջներում ենթավիրուսային կառույցների տեսքով։

Կլինիկական դրսևորումները հերպես-վիրուսային ինֆեցկցիաների շատ բազմազան են։ Ամեն դեպքում, անկախ կլինկական դրսևորումներից, վիրուսը օրգանիզմում պահպանվում է մինչ կյանքի վերջ։ Վիրուսը կարող է պարբերաբար կրկնվել, որոշ դեպքերում արտահայտված կլինիկական նշաններով, երբեմն՝ առանց, երբեմն՝ գեներալիզացված (տարածուն)՝ունենալով լետալ (մահացու) ելք։

Ախտածագում

խմբագրել

Հերպեսի վարակման աղբյուրը հիվանդն է կամ վիրուսակիրը։ Վարակի փոխանցումն իրականացվում է շփման միջոցով։ Օդակաթիլային վարակման դեպքում վիրուսի ներթափանցումը մուտքի դռների շրջանում ուղեկցվում է մաշկի կամ լորձաթաղանթի էպիթելի վնասմամբ, հետագայում շրջանային լիմֆադենիտի զարգացմամբ և վիրուսի արյունածին տարածմամբ, վիրուսաարյունությամբ ու վիրուսամիզությամբ։ Վիրուսի արյունածին տարածումը նպաստում է նրա աբսորբցիային էրիթրոցիտների մակերեսին և կլանումը լեյկոցիտների ու մակրոֆագերի կողմից անավարտ ֆագոցիտոզի տիպով։ Վիրուսաարյունությունը լինում է հերպեսի ոչ միայն համատարած, այլև տեղակայված ձևերի ժամանակ։ Հերպեսի վիրուսն օժտված է նյարդահակությամբ (նեյրոտրոպ) և այդ պատճառով երկար ժամանակ կարող է պահպանվել նյարդային հյուսվածքում՝ չհարուցելով ոչ մի հիվանդագին դրսևորումներ։ Հերպեսի քրոնիկ ձևերի դեպքում, որոնք հանդիպում են առավելապես մեծահասակների շրջանում, վարակի սրացումները կապված են գերսառեցման, այլ վարակային հիվանդությունների հետ և այլն։ Տեղային սուր առաջնային հերպեսը երեխաների շրջանում ավելի հաճախ դիտվում է 6 ամսականից մինչև 5 տարեկան հասակում։ Համատարած ձևերն առավելապես հանդիպում են նորածինների, և բնածին, և ձեռքբերովի իմունային անբավարարություններ, և այլ ծանրացնող ֆոնային վիճակներ ունեցող երեխաների շրջանում։

Հերպես վիրուսներ և հերպեսի տեսակներ

խմբագրել

Herpesviridae (հուն. herpes - տենդ) ընտանիքն ընդգրկում է Alphaherpesvirinae, Bthaherpesvirinae, Gammaherpesvirinae ենթաընտանիքները, որոնք միմյանցից որոշակիորեն տարբերվում են գենոմի կառուցվածքով, հյուսվածքների նկատմամբ խնամակցությամբ և թաքնված վարակի տեղակայմամբ։ Նշված ենթաընտանիքներում տարբերում են մարդու բազմաբնույթ վարակիչ հիվանդություններ առաջացնող մի շարք վիրուսներ՝

  • Alphaherpesvirinae – Հասարակ հերպես վիրուս Ι և ΙΙ տիպ (Simplexvirus, Herpessimplex virus-HSV) Ջրծաղկի վիրուս (Varicellovirus, Varicella zoster virus- VZV)
  • Bethaherpesvirinae – Ցիտոմեգալովիրուս (Cytomegalovirus-CMV)
  • Gammaherpesvirinae – Էպշտեյն-Բարրի վիրուս (Lymphocryptovirus, Epstein-Barr virus-EBV)

Հայտնի են հերպես վիրուսների 100-ավոր տեսակներ, որոնցից 8-ն առավել վտանգավոր են մարդու առողջության համար։ Ամենատարածվածը համարվում է HSV-1 տիպի հերպես վիրուսը։ Որպես կանոն վարակումը տեղի է ունենում դեռ մանկական և դեռահասության տարիքում, չնայած որ այն երբեմն արտաքուստ ոչ մի կերպ չի դրսևորվում։ HSV-2 տիպի հերպես վիրուսով վարակումն ավելի հաճախ սկսվում է սեռական կյանքի սկզբում։ Հերպես վիրուսի 3-րդ տիպն առաջանում է բոլորին դեռ մանկուց հայտնի ‹‹Ջրծաղիկ›› հիվանդության արդյունքում։ Հերպես վիրուսների 4-րդ տիպին անվանում են նաև Էպշտեյն-Բարրի վիրուս։ Այն ամենավտանգավոր վիրուսներից մեկն է։ Ընդունակ է հարուցել բազմաթիվ քաղցկեղային հիվանդություններ՝ ավշահանգույցների, լեզվի և այլ օրգանների։ Քաղցկեղային հիվանդություններ կարող է առաջացնել նաև 6-րդ տիպը։ Վիրուսի 5-րդ տիպի առաջացման պատճառը ցիտոմեգալովիրուսային վարակն է, որը վտանգավոր է հատկապես հղի կանանց համար, քանի որ կարող է բերել ոչ միայն վիժումների և վաղաժամ ծննդաբերության, այլև ծանր հետևանքներ թողնել նորածին երեխայի վրա։ 7-րդ և 8-րդ տիպերն այդքան լավ ուսումնասիրված չեն, բայց արդեն հայտնի է, որ նրանք նույնպես առաջացնում են քաղցկեղային հիվանդություններ։

Հերպեսը հասարակ հերպեսի (herpes simplex) հարուցիչով պայմանավորված վարակային հիվանդություն է, որը բնութագրվում է հիվանդության դրսևորումների բազմազանությամբ՝ մաշկի, լորձաթաղանթի ու նյարդային համակարգի առավել ախտահարմամբ։ Հասարակ հերպեսի հարուցիչը ԴՆԹ պարունակող՝ HSV-1 և HSV-2 տիպի վիրուսներն է, որոնցից առաջինն ախտահարում է գերազանցապես բերանի լորձաթաղանթը, շուրթերն ու շրջակա մաշկը, աչքերը և կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ)։ HSV-2- ը հիմնականում առաջացնում է սեռական օրգանների ախտահարումներ։ HSV-ներն առաջացնում են ֆիբրոբլաստների, էպիթելային բջիջների լիտիկ, իսկ նեյրոնների թաքնված վարակներ։ Վիրիոնը բարդ է, խոշոր չափերի՝ 150-200 նմ։ Նուկլեոկապսիդը բաղկացած է 162 կապսոմերից, որը շրջափակված է գլիկոպրոտեիդային ելուններով՝ ընկղմված թիրախ բջջի կորիզաթաղանթներից ձևավորված սուպերկապսիդով։ Կապսիդի և արտաքին թաղանթի միջև գտնվում են վիրուսի վերարտադրողականությունն ապահովող ֆերմենտներ ու սպիտակուցներ։ Գենոմը ներկառուցված է գծային երկթել ԴՆԹ-ով։ Օժտված է միջուկային խմբասպեցիֆիկ և մակերեսային տիպային սպեցիֆիկությամբ անտիգեններով։ Մեծահասակների շրջանում հերպեսը հաճախ ընդունում է քրոնիկ կրկնվող ընթացք։ Հերպեսի վիրուսի լայն տարածումը կապված է մարդու օրգանիզմում դրա մշտակայման և վարակի անախտանշային ձևերի առկայության հետ։ Տարբերում են սուր և սրացումով քրոնիկ հերպես, ինչպես նաև սահմանափակ (տեղակայված) և համատարած հերպես։ Ըստ կլինիկական դրսևորումների առաջացնում են մաշկի ու լորձաթաղանթների հերպես, ակնահերպես, գինեկոլոգիական հերպես, հերպեսային բերանաբորբ, հերպեսային մենինգոէնցեֆալիտ, համատարած (ավելի հաճախ ներարգանդային) հերպես։

Սահմանափակ հերպես

խմբագրել

Սահմանափակ հերպեսի տարածված ձևը շրթունքների կարմիր երիզի, դեմքի մաշկի, բերանի խոռոչի, լնդերի, քթի, աչքերի շաղկապենու, սեռական օրգանների լորձաթաղանթի էպիթելի ախտահարումն է։ Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 2-12 օր, որին հաջորդում է ախտահարված հատվածներում ուժեղ քորի, կարմրության, այտուցի, հեղուկով լցված բշտերի առաջացումը։ Վեզիկուլների տեղում հիվանդները նշում են այրող, ուժեղ ցավեր։ Բշտիկների չորացման ընթացքում գոյանում է կեղևիկ, որն այնուհետև ընկնում է և սպիներ չեն մնում։ Էպիթելում մանրադիտակով հայտնաբերվում է բալոնային դիստրոֆիա՝ էպիթելային բջիջների կործանմամբ և շճային էքսուդատի կուտակմամբ։ Բուն մաշկն այտուցված է, անոթները՝ խիստ գերարյունային, շուրջանոթային հյուսվածքում կան լինֆոհիստիոցիտային ներառումներ։ Բշտիկների ծայրամասերի երկարությամբ տեղակայված են բազմաթիվ հսկա բջիջներ։ Էպիթելի բջիջների կորիզներում հայտնաբերվում են հիմնամասեր, ներառումներ, որոնք շրջապատված են լուսագոտիով (Կոունդրիի մարմնիկներ)։ Ախտահարված բջիջների կորիզներում էլեկտրոնային մանրադիտարկման ժամանակ կարելի է հայտնաբերել վիրուսի կապսիդներ, որոնք վիրուսային մասնիկների հասունացմանը զուգնթաց կորիզից անցնում են բջջապլազմա, և այստեղ ամփոփվում են վակուոլների մեջ։ Բջջի մահվան դեպքում վիրուսներն ազատվում են։ HSV-2 տիպի հերպեսի վիրուսներով պայմանավորված հերպեսային սուր մեռուկային մենինգոէնցեֆալիտը (գլխուղեղուղեղապատյանաբորբ) հազվադեպ է հանդիպում։ 80-90% մահացություն է տալիս և հիվանդի վերապրելու դեպքում հանգեցնում է խորը թուլամտության։ Երեխաների շրջանում հերպեսային մենինգոէնցեֆալիտն ավելի հաճախ դիտվում է 5 ամսականից մինչև 2 տարեկան հասակում առաջնային վարակման դեպքում, մաշկային ախտահարումների հետ զուգակցությամբ՝ հանդիպում է ընդամենը սոսկ 8% դեպքերում։ Բացի արյունածին ուղուց հնարավոր է համարվում վիրուսի տարածումը նաև նյարդաբներով, ինչը հաստատված է փորձարարական տվյալներով։ Հերպեսային մենիգոէնցեֆալիտի դեպքում գլխուղեղը չափազանց թորշոմած է։ Փափուկ ուղեղաթաղանթները գերարյունային են, այտուցված։ Կտրվածքի վրա երևում են ուղեղանյութի փափկեցման օջախներ, երբեմն պղտորավուն մոխրավարդագույն շիլայանման պարունակությամբ լցված խոռոչների տեսքով։ Դրանք առավելապես տեղակայված են մեծ կիսագնդերի շրջանում։ Բնորոշ է համարվում քունքային բլթերի ախտահարումը։ Օջախները կարող են լինել մանր կամ շատ խոշոր, տեղակայված լինել տեղ-տեղ կամ սփռուն, ընդհուպ մինչև մեծ կիսագնդերի գորշ նյութի ու ենթակեղևային հանգույցների ամբողջական ախտահարումը։ Նկատելի է նաև ուղեղանյութի այտուց ու բազմաթիվ ջրիկացումային մեռուկները՝ շուրջանոթային լիմֆոիդային աննշան ներսփռման առկայությամբ, որը դիտվում է նաև փափուկ ուղեղաթաղանթներում՝ սրանց այտուցի և գերարյունության ֆոնի վրա։ Անոթներում՝ արյունազեղումներ պայմանավորող անոթաբորբեր և թրոմբանոթաբորբեր են։ Ախտորոշումը հաստատվում է նեյրոններում վիրուսային մասնիկների ներկորիզային ներառումների և հերպեսի վիրուսի հակածնի (իմունոֆլյուորեսցենտային եղանակով) հայտնաբերմամբ։ Որոշ դեպքերում մեռուկային մենինգոէցեֆալիտն ընդունում է ընթացքի քրոնիկական ձևը՝ պարբերական սրացումներով։ Ընդ որում նկատվում է հիդրոցեֆալիա։ Ուղեղանյութում և ենթակեղևային հանգույցներում բազմաթիվ բշտեր են՝ ջրիկացումային մեռուկների, կրակալման և ուղեղային հյուսվածքի պնդացման (գլիոզ) թարմ օջախների հետ մեկտեղ։ Առկա է նաև այտուց, կրակալման օջախներ, լիմֆոիդային շուրջանոթային մանր ներսփռանքներ։

Համատարած բնածին հերպես

խմբագրել

Համատարած բնածին հերպեսը կլինիկորեն մեծ մասամբ ընթանում է առանց մաշկի ու լորձաթաղանթների հերպեսային ախտահարումների։ Լյարդը մեծացած է, կտրվածքի վրա՝ խայտաբղետ, պարեն իմում՝ ցրված դեղնավուն սպիտակ, մանր, 2-3 մմ տրամագծով օջախիկներով։ Մակերիկամների կեղևում կան կետային արյունազեղումներ, թոքերում՝ թոքաբորբի մանր հնոցներ։ Ուղեղում, հատկապես, հարփորոքային, վեր- և ենթատեսաթմբային բաժիններում, ճակատային բլթերում մեռուկների հազիվ տարբերվող հնոցներ։ Երբեմն դիտվում են օջախային գլիոզ, չափավոր հիդրոցեֆալիա։ Լյարդում հայտնաբերվում են մակարդումային մեռուկներ՝ բեկորավոր քայքայմամբ։ Մեռուկները հանդիպում են նաև մակերիկամներում, փայծաղում, երիկամներում, ոսկրածուծում, թոքերում, գլխուղեղում։ Բացի մեռուկներից լյարդում նկատվում են լյարդաբջիջների տարահամալրում (դիսկոմպլեքսացիա) և դիստրոֆիա, մեռուկների ծայրամասերի երկարությամբ՝ աննշան լեյկո- և լիմֆոցիտային ներսփռում։ Ավելի հաճախ այլ օրգաններում հայտնաբերվում են ներկորիզային ներառոււմներ։ Գլխուղեղում կան մեռուկների մանր օջախներ և նեյրոնների դիստրոֆիկ փոփոխություններ՝ գլիոզի օջախների հետ համակցված։ Ներարգանդային հերպեսային վարակը լինում է համատարած՝ շատ օրգանների և ԿՆՀ-ի ախտահարմամբ կամ ԿՆՀ-ի տեղային ախտահարման տեսքով։ Վարակումը տեղի է ունենում մորից անդրընկերքային կամ վերնթաց ուղով նախա- կամ ներծննդյան շրջանում։ Վարակման աղբյուրը մոր քրոնիկ կրկնվող սեռական հերպեսն է կամ անախտանշան կրությունը։ Հղիության վերջին ամիսներին՝ հերպեսի սրացման ժամանակ, պտղի վարակման հավանական վտանգը 40% է։ Նորածինների շրջանում համատարած ձևը տալիս է 80% մահացու ելք, ԿՆՀ-ի մեկուսացված ախտահարման դեպքում՝ 50%: Բնածին լորձենամաշկային ձևը բնութագրվում է ամբողջ մարմնի, դեմքի ու վերջույթների` նույնիսկ ափերի ու ներբանների վրա բշտիկային ցանով, որը մշտապես թարմանում է 2-3 շաբաթվա կամ 1,5 ամսվա ընթացքում։ Կարող են ախտահարվել բերանի, քթի, ըմպանի, կոկորդի, շնչափողի, աչքերի շաղկապենու լորձաթաղանթը, դիտվում են կերատոկոնյուկտիվիտ, շրջանային լիմֆադենիտ։ Լորձենամաշկային ձևի կանխարգելումը բարենպաստ է երկրորդային վարակի կանխմամբ համապատասխան բուժման դեպքում։

Կազմություն

խմբագրել

Հերպես վիրուսների վիրիոնը սֆերիկ է, տրամագիծը 120-ից 300 նմ է։ Հասուն վիրիոնը պարունակում է 35—45 մոլեկուլ սպիտակուց։ Վիրիոնի կենտրոնում գտնվում է բջիջը, որը պարունակում է ԴՆԹ։ Կորիզը շրջապատում է կապսիդը՝ 100—110 նմ, որը կազմված է միևնույն երկրաչափական կառուցվածք ունեցող սպիատակուցային կառույցներով՝ կապսոմերներով։ Կապսոմերները միմյանց միանալով առաջացնում են իկոսաէդր։ Կապսիդը պարունակում է 16 կապսոմերներ՝150։վեցանկյունաձևլ(հեքսամերներ), 12 հնգակյունաձև (պենտամերներ)։ Կապսիկի շրջապատված է տձև սպիտակուց տեգումենտով՝ շրջապատված գլիկոպրոտեինային թաղանթով։

Կանխարգելում և բուժում

խմբագրել

Ներկայումս, հերպեսն ամբողջությամբ չի բուժվում, բայց կարելի է կանխել ախտադարձությունը և փոքր-ինչ բարելավել կյանքի որակը։ Հիվանդության կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում կոփել օրգանիզմը, կրել եղանակին հարմար հագուստ՝ բացառելով շոգ եղանակին գերտաքացումը, իսկ խոնավ ու ցուրտ եղանակին՝ գերսառեցումը, զերծ մնալ սթրեսային իրավիճակներից։ Բուժման նպատակով օգտագործում են ինտերֆերոնի և էնդոգեն ինտերֆերոնի սինթեզը խթանող դեղամիջոցներ։ Որպես հակավիրուսային միջոցներ կիրառվում են ացկլովիրը, ֆամցիկլովիրը, վալացիկլովիրը, վիդարաբինը և այլն։ Հերպեսի բուժման համար նախատեսված ամենահայտնի դեղամիջոցը համարվում է ացիկլովիրը կամ զովիրակսը, որն արտադրվում է հաբերի կամ քսուքների ձևով։ Ընդ որում, դրա ստեղծման համար 1988 թվականին Հերտրուդ Էլայոն ստացել է Նոբելյան մրցանակ։ Վալացիկլովիր քսուքը կիրառում են հիվանդության թեթև ձևի դեպքում։ Այն քսվում է ախտահարված հատվածին օրվա ընթացքում մի քանի անգամ, 5 օրից ոչ պակաս։ Պետք է օգտագործել անգամ ախտանշանների անհետանալուց հետո։ Հաբերը, հիմնականում, նախատեսված են սեռական հերպեսի համար։ Բացի դրանից վալացիկլովիրով հերպեսի բուժումը նպաստում է նաև արյան մեջ ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) վիրուսի քանակի նվազմանը և այն կարող է օգտագործվել ՁԻԱՀ-ի համաճարակի վերահսկման համար։ Հերպեսի բուժման նպատակով կիրառվում է նաև վիտամինաթերապիան (B12, B1, B6), ցավազրկման համար ոչ ստերոիդային հակաբորբոքիչ միջոցները (նիմեսիլ, ինդոմետացին, լիդոկայինով քսուքներ), ֆիզիոթերապիա (կվարց)։ ֆերմենտները, որոնք գլխավոր դեր են խաղում հերպես վիրուսների ընկճման և ակտիվացման գործընթացում։ Չբարդացած հերպեսային վարակը բուժվում է նաև տան պայմաններում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Вирусы Герпеса. Герпесвирусная инфекция». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.

Գրականություն

խմբագրել
  • Այվազյան Հ. Մ. /Հանրամատչելի բժշկական հանրագիտարան, Եր.: Հայկ. հանրագիտարանի գլխ. խմբ., 2001
  • Վարդազարյան Ն. Դ. /Պաթոլոգիական անատոմիա, ‹‹0066›› - Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ, 2002
  • Շեկոյան Վ. Ա., Մանուկյան Կ. Ղ. /Բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն և իմունաբանություն, Եր.: ԵՊԲՀ հրատարակչություն, 2009

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES
os 1