Հրանուկ, Գայլաթաթ կամ յուղածաղիկ (լատին․՝ Ranunculus) հրանուկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա, ցամաքային կամ ջրային խոտաբույսերի ցեղ։
Տերևները կտրտված են, բլթակավոր, ծաղիկները՝ երկսեռ, սովորաբար՝ դեղին կամ կարմրավուն։ Պտուղը բազմաընկուզիկ է։
Հայաստանում հանդիպում է հրանուկի 28 տեսակ (սողացող, կովկասյան, լեռնային, նրբագեղ, բազմարմատ, սրապտուղ, դաշտային, կողածաղիկ ևն), որոնք տարածված են ամենուրեք, առավել հաճախ՝ խոնավ վայրերում, ճահիճներում, գետահովիտներում։ Մեծ մասը լեռնային կերահանդակների ու գյուղատնտեսական ցանքատարածությունների թունավոր մոլախոտեր են։ Ռադեի, Շովիցի, սրաբլթակ, Կոչիի և այլ տեսակներն էնդեմիկ կամ հազվադեպ հանդիպող են։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|