Մուշկ (լատին․՝ muscus, սանսկրիտ՝ मुष्क՝ մուշկաս - ամորձապարկ), բուսական կամ կենդանական ծագում ունեցող հոտավետ նյութ։ Կենդանական մուշկը արտադրվում է որոշ կաթնասունների (մշկայծյամ, մշկամուկ և այլն) արուների մշկագեղձերից և լինում է հատիկավոր կամ քսուքանման, գորշ գույնի, յուրահատուկ հոտով։ Պարունակում է մակրոցիկլային կետոններ (մուսկոն, ցիբետոն և այլն), ինչպես նաև սպիտակուցներ, ճարպեր, խոլեսթերին, տարբեր աղեր։ Կենդանիների համար մուշկն ունի քիմիական ազդանշանային նշանակություն՝ տարածման վայրը նշելու, էգերին գրավելու համար։ Ջրային կաթնասունները (մշկամուկ, կուղբ և այլն) մուշկով օծում են մորթին՝ ջրում չթրջվելու համար։ Բուսական մուշկը պարունակում է մակրոցիկլային լակտոններ՝ տիբետոլիդ, ամբերտոլիդ և այլն։ Մուշկի հոտով օժտված են նաև որոշ սինթետիկ նյութեր, որոնք արդյունաբերության մեջ փոխարինում են բնական մուշկին։ Մուշկը օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։

Մշկայծյամ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 84


  NODES