Յոգեր, հին հնդկական փիլիսոփայության ուղղություններից մեկի հետևորդներ։ Յոգայի փիլիսոփայությունն ընդունում է «հոգու և մարմնի մաքրությունը», հրաժարումը ստից և այլ թերություններից ու արատներից։ Յոգայի ուսմունքը նախատեսում է ինքնաներշնչման ունակությունների զարգացում, որոշակի սևեռված կեցվածքների՝ ասանաների ընդունում, շնչառության ղեկավարում, զգայությունների ընկճում, ինքնահայեցում, կիսաքաղց սննդակարգ (դիետա)։ Յոգայի գործն, նպատակն այնպիսի վիճակի հասնելն է, որի դեպքում մարդն իբր ազատագրվում է բացասական գործոնների ազդեցությունից։ Դրա համար խորհուրդ է տրվում մարզումների բարդ և երկարատև ուղի, ընդ որում կատարելության է հասնում նա, ով սկսում է շատ վաղ տարիքից և ամբողջ կյանքի ընթացքում խստորեն կատարում է բոլոր պահանջները։ Հնդկաստանում յոգայի մարզումներն ու բուժ, ֆիզ վարժություններն անցկացվում են հատուկ մարզիչների հսկողությամբ։ Դարերով կուտակված փորձն ու ավանդույթները հնարավորություն են տալիս չափավորել բեռնվածություններն աշակերտի օրգանիզմի վիճակին համապատասխան՝ հաշվի առնելով նրա կաստայական (մասնագիտական) պատկանելությունը, կենսակերպը, սնման ձևը, ինչպես նաև տարվա և օրվա ժամը, տեղի կլիման։ Ժամանակակից բժշկության տեսակետից այդ նշանակումները ֆիզիոլոգիորեն անբավարար են հիմնավորված, հետևաբար և անվտանգ չեն օրգանիզմի համար։ Առանձնապես վտանգավոր է յոգայի վարժություններով ինքնուրույն զբաղվելը։ Շատ կեցվածքներ ուժեղ ազդեցություն են ունենում ներզատիչ, սիրտանոթային, կենտրոնական նյարդային, ստամոքսաղիքային համակարգերի, ինչպես նաև երիկամների, արյունաստեղծ օրգանների ֆունկցիաների վրա։ Առանց հսկողության յոգայիի ֆիզ վարժություններով զբաղվելը կարող է հանգեցնել օրգանիզմի կենսագործունեության էական խանգարումների։ Շատ վտանգավոր է նաև ձեռնարկների օգնությամբ յոգայի վարժություններով զբաղվելը։ Նշված վարժություններն անուղղելի վնաս կարող են հասցնել սիրտանոթային համակարգի և ողնաշարի հիվանդություններով, հիպերտոնիկ հիվանդությամբ, աթերոսկլերոզով տառապողներին, ինչպես նաև տարեց անձանց, որոնց արյան անոթները, կորցնելով առաձգականությունը, հեշտորեն վնասվում են բավականին ուժեղ լարվածությունից։ Յոգայի ամենատարածված վարժություններից գլխի վրա կանգնելը կարող է առաջացնել ցանցաթաղանթի շերտազատում, պարանոցային ողների կոտրվածք, գլխուղեղի արյունազեղում (տես Կաթված)։ «Կոբրայի դիրքը», որն ընդունում են փորի վրա պառկած, ուղղած և կրծքի տակ դրած ձեռքերով, մարմնի վերին մասը բարձրացրած մինչև ողնաշարի առավելագույն ուղղվելն ու հետ թեքած գլխով, վտանգավոր է, որովհետև գերլարման և շնչառության կասեցման դեպքում կարող է հանգեցնել պարանոցի մկանների կողմից քնային զարկերակների սեղմման և գիտակցության կորստի։ «Մորեխի դիրքը», որը նույնպես ընդունում են երեսնիվայր պառկած և շատ վեր բարձրացրած ոտքերով ու շնչառության կասեցմամբ (10 վրկ տևողությամբ), զգալիորեն բարձրացնում է որովայնի և կրծքի խոռոչների, ինչպես նաև զարկերակային ճնշումները։ Խոր հարգանք տածելով հնդիկ ժողովրդի բազմադարյան ավանդույթների, հնագույն մշակույթի, Հնդկաստանի արդի գիտական բժշկության նկատմամբ՝ այնուամենայնիվ, ժամանակակից բժշկագիտությունը խորհուրդ չի տալիս առողջության ամրապնդման համար ինքնուրույն զբաղվել յոգայի վարժություններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
  NODES