Ոճիր և պատիժ (ռուս.՝ Преступление и наказание), ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու վեպը, առաջին անգամ հրատարակվել է Ռուսական պարբերականում 1866 թվականին (№ 1, 2, 4, 6-8, 11, 12)։ Հայերեն թարգմանվել է Համբարձում Մազմանյանի կողմից[3]։ Վեպը բազմաթիվ անգամներ բեմականացվել և էկրանավորվել է, այդ թվում նաև Հայաստանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (բեմականացումը, բեմադրությունը, զգեստների ձևավորումը՝ Տիգրան Գասպարյանի[4]

Ոճիր և պատիժ
ռուս.՝ Преступленіе и наказаніе և անգլ.՝ Crime and Punishment
ԵնթավերնագիրРоманъ въ шести частяхъ съ эпилогомъ
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոգեբանական վեպ[1], փիլիսոփայական գեղարվեստական գրականություն, վեպ-թերթոն և քրեական
Թեմասպանություն և Կարոտ
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Rodion Romanovich Raskolnikov?, Sofya Semyonovna Marmeladova?, Pyotr Petrovich Luzhin?, Arkady Ivanovich Svidrigaïlov?, Semjon Marmeladov?, Q128906158?, Andrey Semyonovich Lebezyatnikov?, Pulkheria Alexandrovna Raskolnikova?, Dmitry Prokofyich Razumíkhin? և Katerina Ivanovna Marmeladova?
Ստեղծման տարեթիվ1865
Նկարագրում էՍանկտ Պետերբուրգ
ՆախորդԳրառումներ ընդհատակից
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակված էՌուսական պարբերական[2]
Հրատարակման տարեթիվ1866[2]
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/fyodor-dostoevsky/crime-and-punishment/constance-garnett
ՎիքիքաղվածքՈճիր և պատիժ
 Crime and Punishment Վիքիպահեստում

1870 թվականին վեպն առանց լրացուցիչ ուղղումների զետեղվում է Դոստոևսկու Երկերի ժողովածուի չորրորդ հատորում, իսկ 1877 թվականին հեղինակի կենդանության օրոք լույս է տեսնում վեպի առաջին հրատարակությունը՝ ոճային աննշան ուղղումներով ու կրճատումներով։ Ինչպես և Դոստոևսկու մյուս ստեղծագործություններում, այստեղ ևս փիլիսոփայական ու բարոյական խնդիրների լայն շրջանակը դրված է ժամանակակից և առօրյա կյանքի հարթության վրա։

Վեպի կենտրոնական թեման XIX դարի 60-ական թվականների ռուս երիտասարդության հոգևոր պատկերն է։ Վեպում արծածված գլխավոր խնդիրներից է 1860-ական թվականներին արմատական երիտասարդության շրջանում լայն տարածում գտած նիհիլիզմի կրոնափիլիսոփայական միտքը, որի միջոցով Դոստոևսկին ցանկանում էր ցույց տալ, թե ինչի կարող է հանգեցնել Աստծո նկատմամբ հավատը կորցնելն ու բարոյականությունից հրաժարվելը։

Ստեղծման պատմություն

խմբագրել
 
Էջ Դոստոևսկու տետրից

Վեպի մտահղացումն ու սյուժեն միանգամից չէ, որ պարզ էին Դոստոևսկու համար։ Գաղափարը հասունացել է տարիների ընթացքում։ Սկզբում նա մտադրվում է երկ գրել, որի կենտրոնական կերպարն, ըստ էության, Մարմելադովն էր լինելու։ Սակայն քիչ ժամանակ անց այդ գաղափարն սկսում է ավելի քիչ հետաքրքրել Դոստոևսկուն, քանի որ շուտով նա մտադրվում է գրել մի վիպակ երիտասարդ սերնդի ներկայացուցչի մասին։ Դոստոևսկին ձգտում էր նոր երկում պատկերել իր ժամանակի երիտասարդությանը, նրա հասարակական լայն հետաքրքրությունները, նրա աղմկալից վեճերը բարոյական ու քաղաքական հրատապ հարցերի մասին, նրա մատերիալիստական ու աթեիստական հայացքները, որը նա բնորոշում էր որպես «բարոյական անկայունություն»։

1865 թվականի սեպտեմբերին «Ռուսական լրաբեր» («Русский вестник») ամսագրի գլխավոր խմբագիր Մ. Ն. Կատկովին ուղղված նամակում Դոստոևսկին գրում է.

  Վիպակը պատկերում է մի ոճրագործի հոգեբանական վիճակը։ Գործողությունը կատարվում է մեր օրերում, ներկա տարում։ Համալսարանից հեռացված մի երիտասարդ, որն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, ենթարկվելով որոշ տարօրինակ, «անավարտ» գաղափարների, որոնք պտտվում են օդում՝ որոշում է միանգամից վերջ տալ իր վատթար դրությունն ու սպանել մի պառավի, որը տոկոսով փող է տալիս... Բայց սպանությունից հետո ծավալվում է ոճրագործության ամբողջ հոգեբանական գործընթացքը։ Մարդասպանի առջև ծառանում են չլուծված հարցեր, չենթադրված և անակնկալ զգացմունքները տանջում են նրա սիրտը... Աստծո ճշմարտությունը, երկրային օրենքը հաղթանակում են, և ամեն ինչ վերջանում է նրանով, որ մարդասպանը հարկադրված էր մատնել իրեն, որպեսզի թեկուզև կործանվի տաժանակրության մեջ, բայց դարձյալ հարի մարդկանց. Մարդկությունից տարանջատվելու և մեկուսանալու զգացմունքը, որ նա ապրել էր ոճիրը կատարելուց անմիջապես հետո, մաշում է նրան... ոճրագործն ինքն է որոշում ընդունել տառապանքը, որպեսզի այդ կերպ քավի իր ոճրագործությունը[5]  

Հերոսի հոգեբանական վիճակը դառնում է վեպի համընդհանուր տարերքը, և, առհասարակ, Դոստոևսկու բոլոր ստեղծագործություններում կերպարների ներաշխարհը պատկերված է գերլարված ժամանակաշրջաններում, երբ անձի հոգեվիճակն ու զգացմունքները ծայրահեղ սրված են։ Հենց այդ իրավիճակն է, որ հեղինակին հնարավորություն է տալիս ներթափանցել մարդկային հոգու խորը հորձանուտն ու բացահայտել մարդկային բնության բարդությունն ու հակասականությունը։

Այստեղ գլխավոր կերպար Ռասկոյլնիկովը ևս ներկայանում է նման հոգեվիճակում՝ օրորվելով իր երազանքները ժխտելու ու դրանք իրականացնելու հորձանուտում։ Դոստոևսկին ոչ միայն ցույց է տալիս հերոսի հոգեկան ներքին պայքարը, այլ նաև հատուկ ընդգծում է մի ծայրահեղությունից մյուսին անցնելու վիճակը։

Ռասկոյլնիկովի հենց բնավորությունը բացառում է ստոր նպատակների ու անձնական հարստացման համար ոճրագործություն կատարելու ամեն մի հնարավորություն։ Նրան տանջում են իրականության ծանր տպավորությունները՝ Մարմելադովների ընտանիքի կյանքը, Սվիդրիգայլովների կալվածքում Դունեչկայի տարած ստորացումները, Կանոգվարդեյսկի բուլվարում հարբած աղջկան հանդիպելը։ Այդ բոլոր տպավորությունները կենտրոնանում են Ռասկոյլնիկովի երազում, որտեղ խորհրդանշական կերպով մարմնավորված են տանջամեռ և հլու-հնազանդ մարդկանց տառապանքներն իրենց թշնամի սեփականատիրական աշխարհում, մի պատկեր, որը վկայում է չքավորների մարդկային գոյության անկարելիությունը հաջողությունների հասնող սեփականատերեր Լուժինների աշխարհում։ Եվ Ռասկոյլնիկովի ոճրագործությունն ընթերցողի առաջ ներկայանում է առաջին հերթին որպես փորձ՝ այդ փակուղուց ինչ-որ մի ելք գտնելու համար։

Ռասկոյլնիկով-անհատապաշտը ծանր կերպով է ապրում շրջապատողների նկատմամբ իր գերակշռության հավատի կործանումը։ Միևնույն ժամանակ նա տանջվում է բարոյական մաքրության կորստից, որովհետև մարդուն ոչնչացրած մարդը, Դոստոևսկու տեսակետով, ամենից առաջ ինքնասպան է։

Վեպում իբրև քրիստոնեական գաղափարի մարմնացում է հանդես գալիս Սոնյա Մարմելադովայի կերպարը, որը տառապանքների ապոթեզ է, բարձրագույն անձնվիրության, սեփական անձի լիակատար մոռացման օրինակ։ Սոնյայի համար կյանքն աներևակայելի է առանց Աստծո և հոգու անմահությանը հավատալու.

  Առանց Աստծո ես ի՞նչ եմ եղել որ։  

Վեպի սևագրություններում այս միտքը շատ պարզ է արտահայտել նաև Մարմելադովը։ Պատասխանելով Ռասկոյլնիկովի այն դիտողությանը, թե Աստված գուցե չկա՝ Մարմելադովն ասում է.

  Այսինքն՝ Ատված չկա ու նրա գալուստը չի՞ լինի... այդ դեպքում... այդ դեպքում անկարելի է... այդ դեպքում ես էլ անմիջապես կընկնեի Նևա գետը։ Բայց, հարգելի՛ պարոն, այդ կլինի, այդ խոստացված է ապրողների համար... Ով էլ որ լինի ապրողը՝ թեկուզև մեղքի մեջ կորած, եթե նա իսկապես ապրող է, ապա նա տանջվում է, Քրիստոսը հարկավոր է նրան, հետևաբար Քրիստոսը կգա։ Քրիստոսին չեն հավատում միայն նրանք, որոնք նրա կարիքը չեն զգում, որոնք քիչ են ապրում և որոնց հոգին անօրգանական քարի է նման։  

Արտաքին և ներքին աշխարհների միջև բախումով Դոստոևսկին ցույց է տալիս կյանքի «ուրվականության» զգացողությունը։ Իրականությունը կարծես դառնում է գիտակցության շարունակությունը՝ ընկղմված թանձր մառախուղի մեջ։ Տվյալ ժամանակի բնորոշ գծերից է վեպի հերոսների գաղափարական ինքնաճանաչումը։ Եվ՝ ստորացվածներն ու նվաստացվածները (Ռասկոյլնիկով, Մարմելադովներ), և՛ նրանք, ովքեր կարծում են իրենց «կյանքի տերը» (Լուժին, Սվիդրիգայլով) ստիպված են հստակեցնել ու ձևավորել իրենց դիրքորոշումը, նրանք սահմանափակված են զգում քրիստոնեական ավանդական բարոյախոսության կաղապարների մեջ։ Հենց դրա մեջ էլ, ըստ Դոստոևսկու, արտահայտվում էր իր ժամանակների աշխարհայացքի անկայունությունը։

Դոստոևսկին անբարոյական էր համարում այն թեորիաները, որոնք արդարացնում էին նպատակի իրականացմանն ուղղված այն միջոցները, որոնց համար պետք էր զոհաբերել բարոյական արժեքներն ու արգելքները։

Վեպում մենախոսություններն ու երկխոսություններն իրենց վրա կրում են մտավոր հսկայական ծանրություն։ Դոստոևսկին առաջին անգամ գրականության մեջ մտցնում է գրական նոր հնարք. Հերոսներն իրենք են պատմում իրենց հոգեբանական վիճակի մասին։ «Ոճիր և պատիժ» վեպով Դոստոևսկին բացում է իր իսկ ստեղծագործության նոր, բարձրագույն շրջանը՝ դառնալով համաշխարհային գրականության մեջ վեպի նորարարության հեղինակ, քանի որ հենց այս վեպով է ստեղծվում պոլիֆոն (բազմաձայն) վեպը։ Կերպարների խոսքը աներևակայելի արտահայտիչ է։ Դիմանկարային բնութագիրները ևս վեպում կարևոր դեր են խաղում՝ նպաստելով մարդու ներաշխարհի հոգեբանական ընկալմանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.litcharts.com/lit/crime-and-punishment
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #4099168-4 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Ոճիր և պատիժ = Преступление и наказание : Վեպ / Ֆ. Դոստոևսկի; Թարգմ.՝ Հ. Մազմանյան; Խմբ.՝ Դ. Եսայան. - Երևան։ Հայպետհրատ, 1962. - 613 էջ։
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. Белов, 1979, էջ 11—13

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ոճիր և պատիժ հոդվածին

Քննադատություններ

Առցանց տեքստ

Քարտեզներ

Կարծիքներ

Գրականություն

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոճիր և պատիժ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոճիր և պատիժ» հոդվածին։
  NODES
Idea 1
idea 1
INTERN 4