Որմզդեղն, իշայծյամ, ճղնեղնիկ, բահեղջյուր, (լատին․՝ Alces alces), երկկճղակավոր կաթնասուն, եղջերուների ընտանիքի առավել խոշոր տեսակը։ Արուների իրանի երկարությունը՝ 3, մնդավի բարձրությունը 2,3 մ է, կենդանի միջին զանգվածը՝ մինչև 570 կգ, էգերն ավելի փոքր են։ Նեղ սուր կճղակներով վերջավորությունները երկար են։ Գլուխը՝ երկար, վերին շրթունքը՝ գեր, կախված, ականջները՝ երկար, շարժուն, կոկորդի հատվածում ունի «մորուքով» մաշկային ծալք։ Պոչը կարճ է։ Արուներն ունեն թիակաձև եղջյուրներ (էգերն անեղջյուր են)։ Որմզդեղնի բուրդը կոպիտ է։ Թույրը՝ ձմռանը՝ մուգ գորշագույն, ամռանը՝ գրեթե սև, ոտքերի հատվածում՝ սպիտակ։ Որմզդեղնը տարածված է Եվրոպայի անտառային գոտում և Ասիայում։ Ձմռանը սնվում է տարբեր ծառատեսակների (ուռենի, բարդի, արոսի, սոճի) ընձյուղներով և կեղևով, ամռանը՝ նաև խոտաբույսերով։ Ապրում է միայնակ կամ խմբերով (5—8, երբեմն մինչև 20 գլուխ)։ Զուգավորվում են սեպտեմբեր—հոկտեմբերին, ծնում՝ մայիս-հունիսին։ Եղջյուրներն ընկնում են դեկտեմբերին, նորերն աճում են օգոստոսի սկզբներին։ Որմզդեղն արժեքավոր արդյունագործական կենդանի է (օգտագործվում են միսը և մորթին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 645)։