Սալարկ

ավտոմոբիլային ճանապարհի կամ փողոցի բանուկ մասի պատվածք

Սալարկ, ավտոմոբիլային ճանապարհի կամ փողոցի բանուկ մասի պատվածք։ Պատրաստվում է բնական և արհեստական հատային այնպիսի նյութերից, ինչպիսիք են գրանիտե չորսվակասալը, գետաքարը, բետոնաքարը, գերթրծած աղյուսը, բիտումով հագեցված սիլիկատային աղյուսը, ասֆալտբետոնե աղյուսը, փայտե (ճակատափայտի սալարկ) չորսվակասալը, թուջե բլոկը, ռետինի շերտով բլոկը և այլն։ Առավել տարածված է քարե սալարկը։

Գրանիտե սալահատակ Խրուդիմում, Չեխոսլովակիա

Պատմություն

խմբագրել
 
Հռոմեական սալարկված ճանապարհները Պալատինում, Հին Հռոմ

Փողոցների և ճանապարհների ամուր ծածկույթը հին հռոմեական մշակույթի տարբերակիչ հատկանիշն է եղել։ Առաջին աշխատանքը, որ կատարել են հռոմեացիները զավթած տարածքներում, եղել է զորքերի արագ տեղափոխման համար համապատասխանինֆրակառուցվածքների ստեղծումը՝ ճանապարհների, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի կառուցումը։ Այդպիսին է, օրինակ, Պալատինի ճանապարհը Հին Հռոմում։

Լավ պահպանվել են Պոմպեյի ավերակների սալահատակները, ինչը վկայում է այն մասին, որ բնակիչները մեծ ուշադրություն են դարձրել տեղաշարժման համար անհրաժեշտ հարմարություններ ստեղծելուն։ Դրանք տարածական ճիշտ բաժանում են ունեցել բեռնափոխադրումների և սայլերի տեղաշարժման համար, որոնք հետիոտների համար նախատեսված այսօրվա մայթերի նախատիպ են հանդիսացել։

Ռուսաստանի անտառներով հարուստ շրջաններում շատ հաճախ հետիոտների համար կառուցվել են տախտակյա ճանապարհներ[1]։ Ցայտուն օրինակ են Մեծ Նովգորոդի փայտասալարկները, որոնք մի քանի դարերի ընթացքում շերտ առ շերտ դարսվել են իրար վրա։ Այդ սովորույթը պահպանվել է Արխանգելսկի տայգայաբնակ բնակավայրերում մինչև հիմա։ Ինչ վերաբերում է փողոցի երթևեկելի հատվածին, ապա պատմականորեն դրանց սալահատակելու հիմնական եղանակը եղել է անմշակ քարերը՝ գլաքարերն իրար միացնելը[2]։

Ռուսաստանում խճուղիների կառուցման գործով առաջին պաշտոնական նիստը կայացել է 1914 թվականի հունվարի 28-ին, որտեղ Ռուսաստանի կայսրության ճանապարհային հաղորդակցման նախարար Սերգեյ Վասիլևիչ Ռուխլովը Ռուսաստանի ճանապարհների կապը ըստ ծածկույթի տիպերի պլանավորել է, որ պետք է ունենան հետևյալ համամասնությամբ․

  • 4%-ը կազմում է խճուղային ճանապարհը․
  • 2%-ը կազմում է սալահատակված ճանապարհը․
  • 94%-ը կազմում է գետնային (բնահողային) ճանապարհը։

Տեսակներ

խմբագրել

Սալարկները լինում են[3]

  • գլաքարային (ոչ կանոնավոր մանր քարերով)
  • տաշած քարերով (քառանկյուն տաշած գրանիտ, ավազաքար, կրաքար կամ արհեստական քարերի խորանարդիկներ)
  • ասֆալտե
  • փայտաղյուսե (տախտակյա վեցանիստ շերտիկներ, մանրատախտակի նման կիպ դասավորված)։

Գլաքարե սալարկ

խմբագրել

Գետաքարե սալարկը լինում է ոչ կանոնավոր քարերից պատրաստված։ Առավել հաճախ կիրառվել է Ռուսաստանում՝ սալարկների մյուս տեսակների համեմատ վերանորոգման մատչելիության տեսանկյունից ելնելով[4]։ Դրանք երևան են եկել տասնյոթերորդ դարի վերջերին, 1692 թվականին հրամայվել է մոսկովյան փողոցները քարերով սալարկել[4]։ 1714 թվականին Պետերբուրգի փողոցների սալարկման համար հրամայվել է հավաքել անմշակ քարեր։ Նավերը, որոնք քաղաք էին մտնում Լադոգա լիճից, պետք է իրենց հետ բերեին 10, 20 կամ 30 քար՝ կախված իրենց մեծությունից։ Գյուղական սայլային փոխադրամիջոցները պետք է բերեին 5 ֆունտ կշռով 3-ական քար։ Հրամանը չկատարելու դեպքում ամեն քարի համար նշանակվել էր մեկ գրիվնա[Ն 1] տուգանք։ 1716 թվականին պետերգբուրցի բոլոր տանուտերերին հանձնարարվել էր իրենց տան դիմաց գտնվող փողոցի մեկ սաժեն[Ն 2] լայնությամբ հատվածը սալարկել, իսկ 1718 թվականից սալարկման հատվածն ավելացվել է ևս երկու արշինով[Ն 3]։ 1718 թվականին Պետերբուրգի գեներալ-պոլիցմեյստեր Ա․ Է․ Դեվիերի նշանակումից հետո ընդունած առաջին որոշումներից մեկը եղել է« Փողոցների սալարկման մասին կանոնների» սահմանումը․

  Յուրաքանչյուր բնակիչ իր դռան դիմաց ավազ շաղ տա և քարերով հարթ սալարկ անի, ինչպես վարպետները ցույց կտան, և որպեսզի պինդ ամրացվեն, որ գարնան անձրևները չքշեն-տանեն[5]։  

Պետերբուրգի առաջին գլաքարե սալարկները տարբերվում էին ծածկույթի խիստ ցածրորակությամբ[6]։ Սակայն շուտով Պետերբուրգի փողոցների սալարկումը դադարեցվել է, քանի որ լուրեր էին տարածվել, թե քաղաքի փողոցներում ջրանցքներ են փորվելու։

Ժամանակի ընթացքում գլաքարե սալարկները փոխարինվել են չորսուանման քառակող հեսանաքարերով (Брусчатка), իսկ ավելի ուշ՝ ասֆալտե ծածկույթով։

Տաշած քարերով սալարկ

խմբագրել
 
Տաշած քարերով սալարկ՝ քառակողմ սալիկներից պատրաստված Պալատական հրապարակ (Սանկտ Պետերբուրգ)ում,(Ռուսաստան)

Տաշած քարերից սալարկները լինում են տաշած քառանկյուն գրանիտից, ավազաքարից, կրաքարից կամ արհեստական քարերի խորանարդիկներից։ Դրանք ավելի աշխատատար են, որը պայմանավորված է նրանց ստացման և վերանորոգման բարդությամբ, և, հետևաբար, նաև՝ արժողությամբ թանկ են։ Քարակոփ սալարկները ստեղծվում են սովորական կոպիտ մշակված, տաշված կամ սղոցված (իսկ հետագայում նաև արհեստականորեն պատրաստված) քարերից։ Դրանք մշակվում են այնքան, որ ստացվեն քառակուսանման կամ ուղղանկյունանման ձևի քարեր, որից հետո գետնին փռված ավազե բարձիկի վրա հատուկ կարգով դասավորվում են այնպես, որ առավելագույնս ապահովվի փողոցների, հրապարակների կամ ճանապարհների հարթ ու կոկիկ մակերեսը։ Քարե խորանադիկների, չորսուների և սալիկների մակերեսը, հատկապես սղոցած տեսակների մակերևույթը երբեմն հղկվում է։

Ասֆալտե սալարկ

խմբագրել

Սկսած 19-րդ դարի կեսերից՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում սալահատակի պատրաստման համար սկսել են ասֆալտ օգտագործել։ 1830-ական թվականներից ասֆալտե ծածկույթը (ասֆալտի և խիճի խառնուրդ) առաջին անգամ կիրառվել է Փարիզի Թագավորական կամրջի (Pont Royal) մայթերի ծածկույթի համար։ Գրեթե այդ նույն ժամանակ էլ կառուցվել է Լիոն քաղաքի Ռոն գետի վրայի Մորանի կամուրջը (ճարտարապետ՝ ժան Անտուան Մորան)։

Փայտաղյուսե սալահատակ

խմբագրել
 
Թուջե սալահատակ։ Կրոնշտադտ (քաղաք)

Մինչև 1924 թվականը Պետերբուրգի գլխավոր փողոցները, այդ թվում Նևայի պողոտան, սալարկված էին վեցանկյուն փայտե չորսուիկներով (կաղապարներով), որոնք վերջնականապես մշակվել էին, և դրանցով սալարկվել էին փողոցները։ 1820 թվականին այդ տեխնոլոգիայով փողոցների ծածկույթը ապահովելու համար առաջին անգամ առաջարկել է գործող պետական խարհրդատու Վասիլի Պետրովիչ Գուրևը, ով Պետերբուրգի քաղաքային կոմիտեի շինարարական բաժնի աշխատակից էր[7]։ Նոր ծածկույթը ոչ միայն գեղեցիկ էր, այլև ապահովում էր ճանապարհային սահուն և անաղմուկ երթևեկությունը։ «Նևայի պողոտայի բոլոր տները վերջապես ազատվեցին փողոցի երթևեկությունից առաջացած ցնցումներից, ինչի պատճառով խարխլվում էին ամուր տները։ Բնակիչներն ազատվել էին թխկթխկոցից, ձիերը նոր ուժ էին հավաքում և առանց ոտքերը ջարդելու ավելի շատ բեռ էին տեղափոխում։ Նույնիսկ ստորին խավի մարդիկ նկատում էին հաճելի երթևեկության ազդեցությունը»[8]։ 19-րդ դարի 40-ական թվականներին Մոսկվայում կիրառվեցին փայտաղյուսե սալարկները, իսկ հետո դրանք ի հայտ եկան Լոնդոնում, Փարիզում և Եվրոպայի ու Ամերիկայի այլ խոշոր քաղաքներում[9]։

Փայտաղյուսե սալարկումը Պետերբուրգում տևեց մոտ 100 տարի, սալարկվեցին քաղաքի քիչ թե շատ հարուստ թաղամասերը։ Մշտական ֆինանսավորման դեպքում այդ սալարկների պահանջարկը ավելանում էր։ Փայտաղյուսե սալարկները մաքուր պահելը խնդրահարույց էր, քանի որ ջրերից փայտե աղյուսները փչանում էին և շարքից դուրս գալիս։ Բեռնատարների համար կային որոշ սահմանափակումներ․ օրվա մեջ մի քանի ժամով արգելվում էր նրանց երթևեկը։ Բեռնասայլերը տեղաշարժվում էին փողոցով, որոնք սալարկված էին գլաքարերով։ Մշտապես ծանր բեռների փոխադրման համար ծառայող փողոցների սալարկման համար ժամանակ առ ժամանակ օգտագործվում էր մետաղ։ Այդպիսի թուջե սալարկներ կան Կրոնշտադտում։

Նշումներ

խմբագրել
  1. Գրիվնա (հին Ռուսիայի հիմնական դրամական միավորը՝ շուրջ մեկ ֆունտ ձույլ արծաթ։
  2. Մեկ սաժենը համապատասխանել է 213,36 սմ-ի։
  3. Արշինը գործածության մեջ է եղել մինչև մետրական համակարգի ընդունումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սալարկ հոդվածին
  1. Фрик Э. Л. (1890–1907). «Бревенчатые мостовые». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Булыжник». Minecraft Wiki (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  3. Мостовая // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  4. 4,0 4,1 НЭС/Мостовая
  5. С. Князьков. Очерки из истории Петра Великого и его времени. Культура. 1990. ISBN 5-7158-0005-6. с. 600.
  6. С. Князьков. Очерки из истории Петра Великого и его времени. Культура. 1990. ISBN 5-7158-0005-6. с. 601.
  7. Гурьев, Василий Петрович.
  8. Денис Алексеев, к.и.н. Мостовые старого Петербурга // Бизнес сегодня. — 2008. — С. 24—25. Архивировано из первоисточника 1 Դեկտեմբերի 2020.
  9. «Из истории мостовых». www.vestnik.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Пятунников, «Мостовые Западной Европы», — М.
  • Щербо Г. М. Московские мостовые за 900 лет / РАН, Институт истории естествознания и техники им. С. И. Вавилова. — М.: ТОО «Янус», 1996. — 152, [4] с. — (Библиотека «История Москвы с древнейших времен до наших дней»). — 1000 экз. — ISBN 5-88929-008-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 117  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալարկ» հոդվածին։
  NODES