Փոքր ձկնկուլ
Փոքր ձկնկուլ | |
Փոքր ձկնկուլ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Խոլահավազգիներ (Suliformes) |
Ընտանիք | Ձկնկուլներ (Phalacrocoracidae) |
Ցեղ | Microcarbo |
Տեսակ | Փոքր ձկնկուլ (M. pygmaeus) |
Միջազգային անվանում | |
Microcarbo pygmaeus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Փոքր ձկնկուլ (լատին․՝ Phalacrocorax pygmeus), ձկնկուլների ընտանիքին պատկանող թռչուն։ Տարածված է Ալժիրում, Բալկանյան թերակղզում, Հունգարիայում, Սև և Կասպից ծովերում, Սիրդարիայում, Փոքր Ասիայում և Իրաքում։ Քաշը կազմում է 600-1000 գրամ։ Հայաստանում համարվում է որպես ձմեռող տեսակ (նախկինում՝ բնակվող, չվող)։ Թվաքանակը փոքր է։ Մինչ Սևանա լճի մակարդակի նվազելը նրանք բնադրվում էին Գիլլիի եղեգնուտներում, մեծ ձկնկուլների հետ։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 5-6 երկնագույն ձու։ Սնվում է մանր ձկներով։ Միսը որպես սնունդ պիտանի չէ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում[1]։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Հարավային Եվրոպայում, Առաջավոր և Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Իրաքում և Հարավային Կովկասում։ Հայաստանում չուի ընթացքում հանդիպում է Սևանա լճի ավազանում և հազվադեպ նաև ամռանը։ Տարածված է Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում և Սևջուր գետի եղեգնի բուսուտներում։ Բնադրող զույգերի քանակը տատանվում է 200-400-ի սահմաններում, ներկայումս հիմնականում ապրում և ձվադրում են Արմաշի ձկնաբուծական լճակներում՝ մեծ ձկնկուլի հետ համատեղ[2]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում են լճերում, ճահճուտներում, գետերում, ձկնաբուծական լճակներում, ճահճային բուսուտներում, Սևջուր գետի համակարգի ջրաճահճային մացառներում և եղեգնուտներում, որտեղ եղեգնուտների այրման հետևանքով ապրելավայրերը խիստ դեգրադացվել են։ 10-20 զույգից կազմված փոքր գաղութներով բնադրվում են Սևջուր գետի համակարգում, հաճախ՝ նաև ջրաճահճային այլ թռչունների հետ։ Նստակյաց են։ Բույնը աղուտային, կոնաձև, եղեգից է, ջրաճահճային բուսուտներում, եղեգնի ջարդված ցողունների վրա։ Ձվերը 42,5-53,5 մմ են, 4-5 հատ, բաց երկնագույն։ Թխսումը մոտ մեկ ամիս է, ձագերը լինում են մերկ և անօգնական, արագորեն աճում են և 2,5 ամսականում կարողանում են թռչել[2]։
Պահպանություն
խմբագրելՀազվագյուտ, անհետացող տեսակ է, որը գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։
Չուի և ձմեռման ժամանակ Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում հաշվառվում է 1500-3000 առանձնյակ։ Բնադրող և ձմեռող անհատների թվաքանակի աճը նկատվում է տարեցտարի։
Վտանգման հիմնական գործոններն են տնտեսական գործունեության և եղեգնուտների հրդեհման հետևանքով բնադրավայրերի ոչնչացումը և ձմռան ամիսներին որսագողությունը։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մ. Ս. Ադամյան - «Հայաստանի թռչունները», Երևան, Սովետական հրատարակչություն, 1985
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ձկնկուլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ձկնկուլ» հոդվածին։ |