Օկուլյար(լատին․՝ oculus – աչք), ակնապակի, օպտիկական համակարգի (դիտակի, հեռադիտակի, մանրադիտակի և այլն) մաս, որի օգնությամբ դիտվում է օբյեկտիվով կամ համակարգի՝ օկուլյարին նախորդող այլ մասերով ձևավորված իրական օպտիկական պատկերը։ Գործողության բնույթով նման է խոշորացույցին, սակայն օկուլյարի մեջ ընկնող ճառագայթների փնջի բացվածքը զգալիորեն փոքր է։ Օկուլյարի օպտիկական հատկությունների բնութագրերն են՝ կիզակետային հեռավորությունը (f), որը որոշում է անկյունային օպտիկական խոշորացումը (Г=250/f, 250 մմ-ը լավագույն տեսույթի հեռավորությունն է), տեսադաշտի (պատկերման դաշտի) անկյունը, վերջին ոսպնյակից մինչև ելքի բիբը եղած հեռավորությունը (d)։ Առաջին պարզագույն օկուլյարը, որը կիրառել է Գալիլեո Գալիլեյը, բացասական (ցրող) ոսպնյակ է, ունի տեսադաշտի փոքր անկյուն, փոքր խոշորացում և օգտագործվում է գլխավորապես թատերական հեռադիտակներում։ Հյուգենսի և Ռամսդենի օկուլյարները բաղկացած են երկու հարթ-ուռուցիկ դրական (հավաքող) ոսպնյակներից։ Չնայած պարզ կառուցվածքին, այդ օկուլյարներում վերացված են օպտիկական համակարգերի հիմնական թերությունները։ Հյուգենսի օկուլյարը սովորաբար կիրառվում է մանրադիտակներում, իսկ Ռամսդենի օկուլյար՝ հեռադիտակներում։

Օկուլյարներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 535
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկուլյար» հոդվածին։
  NODES