Ֆանտաստիկա (հին հունարեն՝ φανταστική - երևակայության արվեստ, ֆանտազիա), ժանր և ստեղծագործական մեթոդ գեղարվեստական գրականության, կինոյի, կերպարվեստի և արվեստի այլ ձևերում, որը բնութագրվում է ֆանտաստիկական ենթադրության, «արտասովորի տարրի» օգտագործմամբ[1][2][3], իրականության, ընդունված պայմանականությունների սահմաններից շեղմամաբ[4][5]։ Ժամանակակից գեղարվեստական գրականությունը ներառում է այնպիսի ժանրեր, ինչպիսիք են գիտական ֆանտաստիկա, ֆենտեզի, սարսափ, մոգական ռեալիզմ և շատ ուրիշներ։

Ֆանտաստիկա
Տեսակfiction genre?
 Speculative fiction
«Amazing Stories» Ամսագրի առաջին համարի (ապրիլ 1926 թ.) կազմը
Amazing Stories ամսագրի շապիկ, (1926 թվականի դեկտեմբեր ). պատկերված է «դեռևս չգրված պատմություն»

Ֆանտաստիկական ենթադրություն

խմբագրել

Ֆանտաստիկական ենթադրությունը կամ ֆանտաստիկական մտահղացումը ֆանտաստիկա ժանրի հիմնական տարրն է։ Այն բաղկացած է ստեղծագործության մեջ այնպիսի գործոնի ներմուծումից, որը չի հանդիպում կամ անհնար է իրական աշխարհում, որտեղ ապրում է ընթերցողը, կամ ստեղծագործության հերոսները (դրա «ենթադրյալ» գոյությունը ստեղծագործության միջավայրում)։

Ֆանտաստիկ ենթադրությունը հակադրվում է իրատեսական ենթադրությանը` հորինվածքին, որը չի հակասում հնարավորին, և որն օգտագործվում է ռեալիստական գեղարվեստական գրականության մեջ։ Միևնույն ժամանակ, ֆանտաստիկական ստեղծագործություններում մնացած տարրերը՝ պրոբլեմատիկան, գրական հնարքները, սյուժեի կառուցումը, սկզբունքորեն չեն տարբերվում ռեալիստականներից։ Ֆանտաստիկ ենթադրությունն օգտագործվում է ստեղծագործության պրոբլեմատիկայի, հերոսների կերպարների առավել ամբողջական բացահայտման համար՝ դրանք դնելով ոչ ստանդարտ պայմաններում, գիտական և ոչ գիտական վարկածներ առաջարկելով. էկզոտիկ միջավայր ստեղծելու համար։

Այս սահմանումը կիսում են բազմաթիվ գիտաֆանտաստիկ գրողներ և գրականագետներ։ Ստրուգացկի եղբայրներն առաջարկել են գիտաֆանտաստիկայի սահմանումը որպես գրականության ճյուղ, որը «բնորոշվում է հատուկ գրական ոճաձևով` արտասովորի տարրի ներմուծմամբ»[6][7]։ Օլեգ Լադիժենսկու և Դ. Գրոմովի սահմանման համաձայն՝ «ֆանտազիան գրականություն է, գումարած ֆանտաստիկ ենթադրություն»[1]։

Ըստ Ա . Շալգանովի, ֆանտաստիկան մի տեսակ «զուգահեռ գրականություն» է, որում գոյություն ունեն բոլոր ժանրերն ու ուղղությունները, բայց միայն ինվարիանտության լրացուցիչ տարրով[8][9]։ Ըատ Սովետական Հանրագիտարանի՝ «նրա [ֆանտաստիկայի] մեկնարկային գաղափարա-գեղագիտական ուղղվածությունը երևակայության թելադրանքն է իրականության նկատմամբ»[10]։

Գրոմովը և Լադիժենսկին առաջարկում են ենթադրությունների հետևյալ դասակարգումը[1][11].

  • Գիտական ֆանտաստիկական ենթադրություն - ստեղծագործության մեջ գիտական նորարարության ներմուծում`
    • Բնագիտական-գիտական - տեխնիկական հայտնագործություններ, բնության օրենքների նոր բացահայտումներ։ Բնորոշ է խիստ գիտական ֆանտասիկային։
    • Հումանիտար-գիտական - ենթադրություն սոցիոլոգիայի, պատմության, քաղաքականության, հոգեբանության, էթիկայի, կրոնի բնագավառում։ Հասարակության կամ գիտակցության նոր մոդելների ներդրում. Բնորոշ է ուտոպիայի, անտիուտոպիայի, սոցիալական ֆանտաստիկայի համար։
  • Ֆուտուրոլոգիական ենթադրություն - գործողությունների տեղափոխումը դեպի ապագա։ Բնորոշ գիտաֆանտաստիկայի տեսակների մեծ մասի համար։
  • Բանահյուսական ենթադրություն (առասպելական, դիցաբանական, ավանդապատումային) - արարածների, առարկաների, երևույթների ներմուծում մարդկային դիցաբանությունից (նրանց իրական գոյության ենթադրություն)։ Բնորոշ է ֆենտեզիին, «քաղաքային ֆենտեզիին»։
  • Աշխարհաստեղծման ենթադրություն - գործողությունների տեղափոխում ամբողջովին հորինված աշխարհ (այդպիսի աշխարհի գոյության ենթադրություն)։ Բնորոշ է ավանդական ֆանտաստիկայի ժանրերին։
  • Միստիկական ենթադրություն՝ ստեղծագործության մեջ ֆանտաստիկ գործոնի ներմուծում, որին ռացիոնալ բացատրություն չի տրվում։ Բնորոշ է միստիկայի և սարսափի ժանրերին։
  • Ֆանտասմագորիկ ենթադրություն - ստեղծագործության մեջ այնպիսի գործոնի ներմուծում, որը հակասում է որևէ ողջախոհությանը և ունակ չէ որևէ տրամաբանական հիմք ունենալ։ Սա հաճախ ներառում է զվարճանքի ֆանտաստիկան (սև հումոր, սուպերհերոսներ և այլն)։

Յուրի Զուբակինը ենթադրությունները բաժանում է երկու մասի` ուղղակի գիտա-ֆանտաստիկա (որոնք չեն հակասում գիտությանը և բնության օրենքներին) և ոչ գիտաֆանտաստիկա (որոնք հակասում են դրանց)։ Դմիտրի Տարաբանովը կարևորում է այլընտրանքային պատմությունը, այլընտրանքային թվաբանությունը, այլընտրանքային կրոնը, այլընտրանքային էվոլյուցիան, այլընտրանքային հանքաբանությունը և այլընտրանքային աշխարհագրությունը[12]։ Միևնույն ստեղծագործությունում կարելի է համատեղել տարբեր տեսակի ենթադրություններ։

Անգլերենում ռուսերեն «ֆանտաստիկա» բառի ճշգրիտ համարժեքը չկա։ Որպես համարժեք երբեմն օգտագործվում են մոտ տերմիններ, ինչպիսիք են «fantastic» («ֆանտաստիկական») կամ «speculative fiction» («մտահայացական գեղարվեստական հորինվածք»), երբեմն այն թարգմանվում է որպես «ֆենտեզի և գիտաֆանտաստիկա»։ Միևնույն ժամանակ, շատ այլ լեզուներում տերմինաբանությունն ավելի մոտ է ռուսերենին։ «Fantastique» հասկացությունը ֆրանսերենում և «Phantastik» գերմաներենում ունեն ռուսական «ֆանտաստիկա» տերմինին մոտ իմաստ։

Պատմություն

խմբագրել

Ակունքներ

խմբագրել
 
Թեսևս և Մինոտավրոս, վաղ հունական խեցեղեն

Ֆանտաստիկայի ակունքները հետ-դիցաբանական բանահյուսական գիտակցության մեջ են[Ն 1], առաջին հերթին՝ կախարդական հեքիաթում։ Ֆանտաստիկան առանձնանում է որպես գեղարվեստական ստեղծագործության հատուկ տեսակ, քանի որ ֆոլկլորի ձևերը հեռանում են իրականության դիցաբանական ըմբռնման գործնական խնդիրներից (ամենավաղ կոսմոգոնիկ առասպելները, ըստ էության, ֆանտաստիկ չեն[Ն 2]: Պարզունակ աշխարհընկալումը բախվում է իրականության մասին նոր պատկերացումներին, առասպելական ու իրական պլանները միախառնվում են, և այս խառնուրդը զուտ ֆանտաստիկա է[Ն 3]:

Ֆանտաստիկան, Օլգա Ֆրեյդենբերգի խոսքերով, «ռեալիզմի առաջին սերունդն է». ռեալիզմի մեջ առասպելի ներխուժման բնորոշ նշանն է «ֆանտաստիկ արարածների» (կենդանական և մարդկային հատկանիշների համադրությամբ աստվածություններ, կենտավրոսներ և այլն) հայտնվելը[Ն 4]։ Ֆանտաստիկայի առաջին ժանրերը, ուտոպիան և ֆանտաստիկ ճանապարհորդությունը, որպես այդպիսին նաև պատմվածքի ամենավաղ ձևերն են եղել[Ն 5], առաջին հերթին` Հոմերոսի «Ոդիսականում»[Ն 6]: «Ոդիսականի» սյուժեն, պատկերները և միջադեպերը արևմտաեվրոպական գրական գեղարվեստական ողջ ֆանտաստիկայի սկիզբն են։ Այնուամենայնիվ, միմեսիսն (կենդանիներին նմանակում) դիցաբանության մեջ առաջացնում է ֆանտաստիկայի էֆեկտ, սակայն դեռևս կրում է ակամա բնույթ։ Առաջինը, ով միտումնավոր է դրանք համատեղել, և, հետևաբար, առաջին գիտակցաբար ֆանտաստ գրողը` «կատակերգության հայր» Արիստոֆանեսն է[Ն 7]:

Անտիկ աշխարհում

խմբագրել
 
Ապուլեոսի «Մետամորֆոզներ» (կամ «Ոսկե ավանակ») վեպից անտիկ աշխարհի սոցիալական ֆանտաստիկա: 5-րդ դարի բյուզանդական խճանկար

Հելլենիզմի դարաշրջանում Հեքաթեոս Ավդիրացին, Էվհեմերոսը, Յամբուլոսն իրենց ստեղծագործություններում համատեղել են ֆանտաստիկ ճանապարհորդության և ուտոպիայի ժանրերը։

Հռոմեական ժամանակներում հասարակական-քաղաքական ուտոպիայի պահը, որը բնորոշ է հելլենիստական կեղծ-ճամփորդություններին, արդեն անցել էր. միայն մի շարք ֆանտաստիկ արկածներ էին մնացել երկրագնդի տարբեր ծայրերում և դրանից դուրս՝ լուսնի վրա՝ կապված սիրո պատմության թեմայի հետ։ Այս տեսակին է պատկանում Անտոնիոս Դիոգենեսի «Անհավանական հրաշքները Թուլեից[Ն 8] այն կողմ» ֆանտաստիկական վեպը (մ. թ. II դար)[14]։

Շատ առումներով, ֆանտաստիկական ճամփորդության ավանդույթի շարունակությունն է Կեղծ-Կալիսթենեսի «Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» վեպը, որտեղ հերոսը հայտնվում է հսկաների, թզուկների, մարդակերների, հրեշների թագավորությունում, հանդիպում է զարմանալի մարդակերպ էակների՝ վեցձեռքանիներ, անգլուխներ, մարդիկ, որոնց աչքերը կրծքի վրա են, երեքաչքանիներ, շան գլխով կամ թռչնի մարմնով մարդիկ և այլն։ Տեղի բնությունը տարօրինակ է` անսովոր կենդանիներով և բույսերով։ Շատ տեղ է հատկացված Հնդկաստանի և նրա «տկլոր իմաստունների» հրաշքներին՝ բրահմաններին։ Հիշատակվում է նաև երանելիների երկիր այցելությունը` այս բոլոր հեքիաթային թափառումների դիցաբանական նախատիպը։

Մետամորֆոզների վեպում ֆանտաստիկան արխայիկ է (Լուցիուս Պատրացու կորսված «Մետամորֆոզներ», կեղծ-Լուկիանոսի «Լուկիոս կամ ավանակ», Ապուլեոսի «Մետամորֆոզներ կամ Ոսկե ավանակ»)։ Վերջինս «ֆանտաստիկական պատմվածք է, որտեղ հոգու մասին պատմությունը ներկայացված է մարմնի մասին պատմության պատմվածքի ձևով»[15]։

Պետրոնիուսի «Սատիրիկոն» վեպի երգիծական հատվածը (Կրոտոնե քաղաքի նկարագրությունը, որը բնակեցված է անզավակ ժառանգություն տվողներով և նրանց «բռնող» ժառանգություն փնտրողներով), հասնելով միմին, կանխատեսել է երգիծական-ֆանտաստիկ մի քանի պատկերներ Ռաբլեի «Գարգանտուա և Պանտագրյուել» վեպի վերջին մասից կամ Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպից։ Այս դրվագում երգիծական ֆանտաստիկան հակադրվում է «Սատիրիկոնում» Տրիմալկիոյի խնջույքի նատուրալիստական գրոտեսկի տեսարաններին և որոշ այլ դրվագներին։

Ֆանտաստիկայով առատ է 2-րդ դարի ապոկրիֆ հուշարձան համարվող հանրահայտ վաղ քրիստոնեական վեպը՝ այսպես կոչված «Կլեմենտիններ» (գլխավոր հերոսներից մեկի՝ Կլեմենտի / Կղեմեսի անունով, որի անունից պատմվում է պատմությունը)։ Կերպարներից են Պետրոս առաքյալը, Սիմոն Մոգը, Ապպիանոսը, նրա ուղեկիցը՝ Ելենա Գեղեցիկը (նույն ինքը՝ Իլիականից), ինչպես նաև ալքիմիկոս Ֆաուստը՝ ավելի ուշ կերպարի նախատիպը, որն առաջին անգամ է հայտնվում այնտեղ։

Հետաքրքրությունը կախարդականի նկատմամբ առաջացել և աճել է դեռևս մ. թ. ա. 5-րդ դարից սկսած։ Դրա արտահայտությունն է ոչ գեղարվեստական արձակի հատուկ ժանրը՝ պարադոքսոգրաֆիան (παραδοξογράφοι)։ Այս տեսակի պահպանված սակավաթիվ գրություններից, ֆանտաստիկայի տեսանկյունից, ուշադրության են արժանի Ֆրեգոնտ Տրալլեցու «Զարմանահրաշ պատմությունները» (մ.թ. 2-րդ դար), որին հատկապես գրավում էին ուրվականների մասին հաղորդումները։

Միջնադարում

խմբագրել
 
Արթուր արքան, բրիտանական ասպետական սիրավեպերի գլխավոր հերոս

Վաղ միջնադարի ժամանակաշրջանում՝ մոտավորապես 5-11-րդ դարերում, եթե ոչ մերժվում, ապա գոնե զսպվում են ֆանտաստիկայի հիմք հանդիսացող հրաշքների մասին պատմությունները[16]։ XII-XIII դարերում, ըստ Ժակ լը Գոֆֆի, «տեղի է ունենում հրաշքների իսկական ներխուժում գիտական մշակույթ»։ Այս ժամանակ մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս այսպես կոչված «հրաշքների գրքերը» (Ջերվասիոս Թիլբերիացին, Մարկո Պոլո, Ռայմունդ Լուլի, Ջոն Մանդևիլ և այլն)՝ վերածնելով պարադոքսոգրաֆիայի ժանրը։

Սկսած 12-րդ դարից, կախարդական հեքիաթների մոտիվները (կելտական դիցաբանությունից բխող) թափանցում են ինչպես արդեն մարող հերոսապատումի մեջ[Ն 9] (հատկապես այնպիսի ուշ ոտանավորներում, ինչպիսիք են «Օբերոն» կամ «Տրիստան դը Նանթեիլ»[18]), այնպես էլ նոր ձևավորվող ասպետական սիրավեպի ժանր՝ դառնալով դրա պատկերավորության հիմքը. սկսած Կրետիեն դը Տրուայի «Պերսևալ կամ պատմություն Գրաալի մասին» վեպից (մոտ 1182 թ.) մինչև Թ. Մելորիի «Արթուրի մահը» վեպը (1469)։ «Մինչև 15-րդ դարը և նույնիսկ ավելի ուշ, վեպը մնում է ամեն հրաշքի և տարօրինակի գլխավոր ապաստանը»[19]։

Արթուր թագավորի արքունիքի լեգենդը, իր ծագմամբ կելտական, դարձավ ֆանտաստիկական սյուժեների շրջանակ։ Ուրիշ աշխարհի իռլանդական ֆանտաստիկան, այնտեղի դժվար անցումներով, վտանգավոր փորձություններով, բայց նաև հավերժական երիտասարդությամբ, առատությամբ և այլն, գունավորում է շատ դրվագներ Կրետիենի գրեթե բոլոր վեպերում և «Պերսևալի» շարունակություններում։ Միևնույն ժամանակ, հրաշքը միահյուսվում է առօրեական հետ, ասպետական աշխարհն ինքնին բարդ փոխազդեցության մեջ է մի ֆանտաստիկ հեքիաթային երկրի հետ, որտեղ ասպետներն ուղևորվում են արկածներ փնտրելու։

Կելտական հեքիաթա-դիցաբանական ֆանտաստիկայի նկատմամբ գրավչությունն ինչ-որ կերպ կապված է որոշակի անհամապատասխանության հետ` աստիճանաբար էմանսիպացվող անհատականության հարստացող հոգևոր աշխարհի և 12-րդ դարի եկեղեցական կաթոլիկ կանոնական աշխարհայացքի նեղ շրջանակի միջև։ «Տրիստան և Իզոլդայում» կամ Կրետիենի վեպերում մենք, ըստ էության, գործ ունենք ոչ թե նոր կրոնական որոնումների, այլ ստեղծագործական երևակայության որոշակի ազատության, նոր անհատական հոգեբանական և բարոյական փորձի հետ, որը չի տեղավորվում կանոնական եկեղեցական գաղափարների շրջանակում։ .

Այս սյուժեների հետագա վերափոխումները մոնումենտալ-ֆանտաստիկ են, գրեթե ամբողջությամբ կորցրել են իրենց պատմա-էպիկական նախադրյալները (Բոյարդոյի «Սիրահարված Ռոլանդը», Լ. Արիոստոյի «Կատաղած Ռոլանդը», Տ. Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմը» Է. Սպենսերի «Հեքիաթների թագուհին»)։ Օվիդիոսի ստեղծած ֆանտաստիկ այլաբանության զարգացման նշաձողը եղավ 13-րդ դարի «Վարդի սիրավեպը» (Գիլոմ դե Լորիս և Ժան դը Մյոն)[20]։

«Հազար ու մի գիշեր» հեքիաթները ֆանտաստիկայով հարուստ չեն, քանի որ «արաբական հեքիաթներում կախարդական տարրի դերը շատ սահմանափակ է»[21]։ Ժողովրդական հեքիաթների, լեգենդների և հավատալիքների մի տեսակ գրական ձուլում են ճապոնական բազմաթիվ գործեր (օրինակ, «պատմություն սարսափելիի և արտասովորի մասին» ժանրը՝ կայդան) և չինական ֆանտաստիկան (Սունլինի «Պատմություններ հրաշքների մասին Լյաոյի կաբինետից» ժողովածուն, որն ամփոփում է չինական վիպական ողջ ավանդույթը, ներառյալ նրան բնորոշ ֆանտաստիկան)։

Վերածննդի դարաշրջանում

խմբագրել
 
Դանթեն և Վերգիլիոսը դժոխքում: «Աստվածային կատակերգության» նկարազարդում
նկարիչ` Յան վան դեր Ստրատ

Վերածննդի դարաշրջանում ֆանտաստիկայի զարգացումն ավարտում են Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտը» (ասպետական արկածների ֆանտաստիկայի ծաղրերգությունը և միևնույն ժամանակ ռեալիստական վեպի սկիզբը), և Ֆ. Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպը, որն օգտագործում է ասպետական վեպի լեզվի գռեհկացված (профанированный) լեզուն հումանիստական ուտոպիայի և հումանիստական երգիծանքի մշակման համար։ Ռաբլեի վեպում (Թելեմի աբբայության մասին գլուխներում) հանդիպում է ուտոպիստական ժանրի ֆանտաստիկայի առաջին օրինակներից մեկը, թեև այն ի սկզբանե աննշան է. չէ՞ որ ժանրի հիմնադիրներից Թ. Մորի (1516) և Թ. Կամպանելայի (1602) ուտոպիան հակված է դեպի դիդակտիկ տրակտատ և միայն Ֆ. Բեկոնի «Նոր Ատլանտիդա»-յում է իրենից ներկայացնում երևակայության գիտաֆանտաստիկ խաղ։ Արդարության հեքիաթային թագավորության երազանքի հետ ֆանտաստիկայի առավել ավանդական համադրության օրինակ է Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսը։

Աստվածաշնչյան կրոնա-դիցաբանական կերպարները հնագույն դիցաբանությունից ու ֆոլկլորից ավելի քիչ են խթանել ֆանտազիան։ Քրիստոնեական ֆանտաստիկական գրականության ամենամեծ գործերը՝ Ջ. Միլթոնի «Կորուսյալ դրախտը» և «Վերադարձյալ դրախտը», հիմնված են ապոկրիֆների վրա։ Սա, սակայն, չի նսեմացնում այն փաստը, որ միջնադարի և վերածննդի եվրոպական ֆանտաստիկայի ստեղծագործությունները, որպես կանոն, ունեն երկրորդական, բարոյական քրիստոնեական երանգավորում կամ ներկայացնում են ֆանտաստիկական կերպարների խաղ՝ քրիստոնեական ապոկրիֆային դիվաբանության ոգով։ Ֆանտազիայից դուրս են սրբերի կյանքը նկարագրող տեքստերը, որտեղ հրաշքները սկզբունքորեն առանձնացվում են որպես արտասովոր իրադարձություններ։

 
Օբերոնը, Տիտանիան և Պակը պարում են փերիների հետ։ Ուիլյամ Բլեյք, ջրաներկ, 1786 թվական

Այնուամենայնիվ, քրիստոնեական-դիցաբանական գիտակցությունը նպաստում է առանձնահատուկ ժանրի՝ տեսիլքների ֆանտաստիկայի ծաղկմանը։ Սկսած սուրբ Հովհաննես Աստվածաբանի ապոկալիպսիսից՝ «տեսիլքները» կամ «հայտնությունները» դառնում են լիարժեք գրական ժանր. դրա տարբեր կողմերը ներկայացված են Վ. Լանգլանդի «Մաճկալ Պիտերի տեսիլքը» (1362)[22] և Դանթեի «Աստվածային կատակերգությունը» ստեղծագործություններում։ «Հայտնության» գաղափարը, ի տարբերություն սրբերի վարքագրության, երկրային իրականության հակադրությունն է գոյության մեկ այլ՝ գերբնական հարթության։

Կրոնական «հայտնության» պոետիկան սահմանում է Վ. Բլեյքի ֆանտաստիկան. նրա պատկերած վիթխարի «մարգարեական» կերպարները ժանրի վերջին գագաթնակետն են։

Կլասիցիզմում։ XVII-XVIII դարեր

խմբագրել

17-րդ դարի վերջում մաներիզմին և բարոկկոյին, որոնց համար ֆանտաստիկան մշտական ֆոն էր, լրացուցիչ գեղարվեստական հարթություն (միևնույն ժամանակ, տեղի էր ունենում ֆանտաստիկայի ընկալման գեղագիտականացում, հրաշքի կենդանի զգացողության կորուստ), փոխարինելու եկավ կլասիցիզմը, որն իր բնույթվ խորթ է ֆանտաստիկային. առասպելին անդրադառնում է միանգամայն ռացիոնալիստականորեն։

 
«Գուլիվորի ճանապարհորդությունները» — XVIII դարի ֆանտաստիկական երգիծանք

17-րդ դարի ֆրանսիական «Ողբերգական պատմությունների»[23] ժանրը նյութ է քաղում տարեգրություններից և պատկերում ճակատագրական կրքեր, սպանություններ և դաժանություններ, հրեշային դիվահարություն և այլն (ինչպես նուար ֆիլմում)։ Սրանք Մարկիզ դե Սադ վիպասանի և առհասարակ «սև վեպի» (տես նաև` նուար ֆիլմ) հեռավոր նախորդներն են՝ պարադոքսոգրաֆիկ ավանդույթը զուգորդելով պատմողական հորինվածքի հետ։ Դժոխային թեմաները բարեպաշտ շրջանակում (Աստծուն ծառայելու ճանապարհին սարսափելի կրքերի հետ պայքարի պատմությունը) հայտնվում են եպիսկոպոս Ժան-Պիեռ Կամյուի վեպերում[24]։

17-18-րդ դարերի վեպերում ինտրիգը բարդացնելու համար անցողակի օգտագործվում են ֆանտաստիկայի մոտիվներն ու պատկերները։ Ֆանտաստիկական որոնումը մեկնաբանվում է որպես էրոտիկ արկածներ («փերիների հեքիաթներ», օրինակ, «Աքաջոու և Զիրֆիլա», 1744, Շառլ Դուկլո)։ Ֆանտաստիկան, չունենալով ինքնուրույն նշանակություն, օժանդակում է պիկարոյապատում վեպին (Ա. Ռ. Լըսաժի «Կաղ սատանան», Ժակ Կազոտի «Սիրահարված սատանան»), փիլիսոփայական տրակտատին (Վոլտերի «Միկրոմեգաս») և այլն։

Ջ. Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպում Ռաբլեի և Սիրանո դը Բերժերակի ոգով ֆանտաստիկան դրվում է գաղափարական երգիծանքի ծառայության։ Լուսավորական ռացիոնալիզմի գերակայության արձագանքը եղավ 18-րդ դարի երկրորդ կեսին. անգլիացի Ռ. Հերդը կոչ է անում զգալով ուսումնասիրել ֆանտաստիկան («Նամակներ ասպետության և միջնադարյան սիրավեպերի մասին», 1762); «Կոմս Ֆերդինանդ Ֆաթոմի արկածներում» Տ. Սմոլեթը նախադրում է Հ. Ուոլփոլի, Է. Ռեդքլիֆի, Մ. Լյուիսի, Ու. Բեքֆորդի «գոթական վեպը», որը դարձավ 19-20-րդ դարերի ֆանտաստիկայի զարգացման սկիզբը։ Ռոմանտիկական սյուժեների համար աքսեսուարներ մատակարարելով՝ ֆանտաստիկան մնում է երկրորդական դերում՝ դրա օգնությամբ պատկերների և իրադարձությունների երկակիությունը դառնում է նախառոմանտիզմի պատկերավոր սկզբունք[25]։

Ռոմանտիզմում

խմբագրել

Ռոմանտիկների համար երկակիությունը հանգեցնում է անհատականության երկատման՝ տանելով դեպի բանաստեղծական բարենպաստ «սրբազան խելագարություն»։ «Ֆանտազիայի թագավորությունում ապաստան» փնտրում էին բոլոր ռոմանտիկները. «ենայականների» համար ֆանտազիան, այսինքն՝ երևակայության ձգտումը դեպի առասպելների և լեգենդների տրանսցենդենտալ աշխարհ, առաջ քաշվեց որպես ավելի բարձր խորաթափանցության հաղորդակից լինելու գործոն, որպես կյանքի ծրագիր - ըստ Լյուդվիգ Թիքի` համեմատաբար բարգավաճ (ռոմանտիկական հեգնանքի հաշվին), ըստ Նովալիսի` պաթետիկ և ողբերգական։ Վերջինիս «Հայնրիխ ֆոն Օֆտերդինգենը»[26] նորացված ֆանտաստիկական այլաբանության օրինակ է, որն իմաստավորված է անհասանելի և անհասկանալի իդեալական հոգևոր աշխարհի որոնումների ոգով։ Հեյդելբերգականները ֆանտաստիկան օգտագործում էին որպես սյուժեների աղբյուր, որը լրացուցիչ հետաքրքրություն էր հաղորդում երկրային իրադարձություններին (օրինակ, Լ. Ա. Արնիմի «Իզաբելլա Եգիպտացին»[27] Չարլզ V-ի կյանքի սիրային մի դրվագի ֆանտաստիկորեն վերաձևակերպումն է)[28]։ Առավել հեռանկարային եղավ ֆանտազիայի նկատմամբ նման պրագմատիկ մոտեցումը։

Ձգտելով հարստացնել ֆանտաստիկայի ռեսուրսները, գերմանացի ռոմանտիկները դիմեցին դրա հիմնական աղբյուրներին. նրանք հավաքեցին և մշակեցին հեքիաթներ և լեգենդներ (Թիքի մշակած «Պիտեր Լեբրեխտի ժողովրդական հեքիաթները» ժողովածուն (1797), Գրիմ եղբայրների «Մանկական և ընտանեկան հեքիաթները» (1812- 1814) և «Գերմանական ավանդապատումները» (1816-1818))։ Սա նպաստեց եվրոպական բոլոր գրականության մեջ գրական հեքիաթի ժանրի ձևավորմանը, որը մինչ օրս մնում է մանկական գեղարվեստական գրականության առաջատար ժանրը։ Դրա դասական օրինակը Հ. Կ. Անդերսենի հեքիաթներն են։

 
Ֆաուստի գործարքը Մեֆիստոֆելեսի հետ ըստ Գյոթեի Ֆաուստի

Ռոմանտիկական ֆանտաստիկան սինթեզվել է Է. Հոֆմանի ստեղծագործությամբ, որտեղ մեկտեղված են և' գոթական վեպը («Սատանայի էլիքսիրը») և' գրական հեքիաթը («Լվերի տիրակալը», «Մարդուկ-Զարդուկը և մկնիկի թագավորը») և եթերային ֆանտազմագորիան («Արքայադուստր Բրամբիլա») և ֆանտաստիկական ֆոնով ռեալիստական վեպը («Հարսնացուի ընտրությունը», «Ոսկե կաթսա»)։

Գյոթեի «Ֆաուստը» ներկայացնում է ֆանտաստիկայի ձգողությունը որպես «այլաշխարհի անդունդ» բուժելու փորձ` օգտագործելով հոգին սատանային վաճառելու ավանդական ֆանտաստիկական մոտիվը, բանաստեղծը բացահայտում է ոգու թափառման անիմաստությունը ֆանտաստիկայի հարթություններում և հաստատում է երկրային կյանքը, որը փոխակերպում է աշխարհը որպես վերջնական արժեք (այսինքն՝ ուտոպիստական իդեալը դուրս է մղվում ֆանտաստիկայի ոլորտից և արտապատկերվում է ապագայի վրա)։

Ռուսաստանում ռոմանտիկական ֆանտաստիկան ներկայացված է Վ. Ա. Ժուկովսկու, Վլադիմիր Օդոևսկու, Անտոնի Պոգորելսկու, Ալեքսանդր Վելտմանի ստեղծագործություններում։ Ֆանտաստիկային են դիմել Պուշկինը (Ռուսլան և Լյուդմիլա, որտեղ հատկապես կարևոր է ֆանտազիայի էպիկական-հեքիաթային կոլորիտը) և Ն. Վ. Գոգոլը, որի ֆանտաստիական կերպարները օրգանապես շաղկապված են Ուկրաինայի ժողովրդական-պոետական իդեալական պատկերին («Սարսափելի վրեժ», «Վիյ»)։ Նրա «Պետերբուրգյան վիպակներ» ժողովածուի ֆանտաստիկան («Քիթը», «Դիմանկար», «Նևսկի պողոտա») չափազանց նյութական և «մեռելային» է, այլ կերպ ասած, պայմանավորված է իրականության ընդհանուր պատկերով, որի խտացումը, բնականաբար, ծնում է ֆանտաստիկական կերպարներ ( ինչպես Պուշկինի «Պիկովայա դամա» կամ Ֆ. Մ. Դոստոևսկու «Երկվորյակ»)։

Գոթական գրականության ավանդույթը մշակել է Է. Ա. Պոն («Աշերների տան անկումը», «Ջրհորն ու ճոճանակը»)։ Այնուամենայնիվ, նա նաև կռահել է («Արթուր Գորդոն Փիմի պատմությունը», «Անկում Մալստրյոմ հորձանուտի մեջ», «Ոմն Հանս Պֆաալի արտասովոր արկածը») ֆանտաստիկայի նոր ճյուղի՝ գիտաֆանտաստիկայի ի հայտ գալը։

Ռեալիզմում

խմբագրել

Ռեալիզմի դարաշրջանում ֆանտաստիկան կրկին հայտնվում է գրականության եզրագծի վրա, թեև այն հաճախ օգտագործվում էր երգիծական և ուտոպիստական նպատակներով (ինչպես Դոստոևսկու «Բոբոկ» և «Ծիծաղելի մարդու երազը» պատմվածքներում)։ Միևնույն ժամանակ հենց այդ ժամանակ է ծնվում գիտական ֆանտաստիկան, որը ռոմանտիզմի էպիգոն (կույր հետևորդ) Ժ. Վեռնի («Հինգ շաբաթ օդապարիկով», «Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը», «Երկրից դեպի Լուսին», «Քսան հազար լյո ջրի տակ», «Խորհրդավոր կղզին», «Ռոբուր նվաճողը») և ֆանտաստ գրող Հ. Ուելսի ստեղծագործության մեջ սկզբունքորեն անջատված է ընդհանուր ֆանտաստիկայի ավանդույթից. այն նկարագրում է իրական աշխարհ, որը գիտությամբ վերափոխված է (դեպի վատ կամ լավ) և նորովի բացվում է հետազոտողի հայացքի առաջ։ (Ճիշտ է, տիեզերական ֆանտաստիկայի զարգացումը հանգեցնում է նոր աշխարհների բացահայտմանը, որոնք անխուսափելիորեն ինչ-որ կերպ առնչվում են ավանդական հեքիաթի հետ, բայց սա կողմնակի պահ է)։

 
Հ. Ուելսի «Աշխարհների պատերազմ» վեպը գիտական ֆանտաստիկայի դասականներից է

Ֆանտաստիկայի վերածնունդ XIX դարում

խմբագրել

Ֆանտաստիկայի նկատմամբ հետաքրքրությունը որպես այդպիսին վերածնվում է 19-րդ դարի վերջին նեոռոմանտիկների (Ռ. Լ. Սթիվենսոն), դեկադենտների (Մարսե Շվոբ, Ֆ. Սոլոգուբ), սիմվոլիստների (Մ. Մեթերլինկ, Ալ. Բլոկ), էքսպրեսիոնիստների (Գ. Մայրինկ), սյուրռեալիստների (Գերման Կազակ, Է. Կրեյդեր) շրջանում։ Մանկական գրականության զարգացումը ծնում է ֆանտաստիկական աշխարհի նոր նկարագիր՝ խաղալիքների աշխարհ (Լ. Քերոլ, Կ. Կոլոդի, Ա. Միլն, Ա. Ն. Տոլստոյ («Ոսկե բանալին»), Ն. Ն. Նոսով, Կ. ՉուկովսկիԱ. Գրինը արևմտյան արկածային գրականության մոտիվների և պատկերների ներգրավմամբ ստեղծվում է երևակայական, մասամբ հեքիաթային աշխարհ։ Այս շրջանի Գերմանիան ներկայացնում է Կ. Լասվիցը, նրանից հետո սկսվում է գերմանական գիտական ֆանտաստիկան։

XX-XXI դարեր։ Գիտական ֆանտաստիկա

խմբագրել

XX դարի սկիզբ. ձևավորում

խմբագրել

20-րդ դարի առաջին կեսը նշանավորվեց գիտական ֆանտաստիկայի ծաղկման շրջանով։ Այս ժանրի առանցքային դեմքը անգլիացի Հ. Ուելսն է, ում գրքերը («Ժամանակի մեքենա», «Աշխարհների պատերազմ», «Երբ քնածն արթնանա», «Անտեսանելի մարդը») բազմաթիվ նմանակումների հիմք են ծառայել։ Այս ժամանակահատվածում գիտաֆանտաստիկ գրականությունը ձգտում էր «կանխատեսել», գիտության և տեխնիկայի զարգացումից առաջ անցնել, հատկապես տիեզերքի ուսումնասրության մեջ։ ԳՖ գրքերի գործողությունները հաճախ կատարվում էին ապագայում, և հերոսները զբաղվում էին նորագույն հայտնագործություններով, գյուտերով և անհայտ երևույթներով։

Լեհական գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից մեկը՝ լեհ գրող Եժի Ժուլավսկին հայտնի դարձավ իր անկումային, ֆանտաստիկական «Լուսնային եռերգությամբ» («Արծաթե մոլորակի վրա» (1901), «Հաղթողը» (1908 թ.), «Հին Երկիր» (1910 թ.)): Գիտաֆանտաստիկ ժանրի հիմնադիրներից մեկը, բելգիական ծագումով ֆրանսիացի գրող` վեպերի և պատմվածքների հեղինակ Ժոզեֆ Անրի Ռոնի ավագն է։ Նրա ստեղծագործություններից «Կսիպեհուզներ» (Les Xipéhuz, [The Shapes] 1888) պատմվածքում առաջին անգամ համաշխարհային գեղարվեստական գրականության մեջ այլմոլորակայինները անտրոպոմորֆ տեսքով չեն ներկայացված, «Պայքար հանուն կրակի» վեպը պատմությունէ կրակի որոնման մասին, որն այնքան անհրաժեշտ է նախնադարյան հասարակությունում (1909 թ.), «Աստղային լողորդները» պատմում է Մարսի վրա հնագույն քաղաքակրթության կամաց-կամաց մարելու մասին, և, որ դրան փոխարինում են պրոտոպլազմային «զոոմորֆները»։ Այս աշխատության մեջ առաջին անգամ օգտագործվել է «տիեզերագնացություն» տերմինը (1925 թ.)։

Գերմանացի գրող Հանս Դոմինիկին անվանում են գերմանացի Ժյուլ Վեռն, և նա հանդիսանում է Գերմանիայում ապագայի մասին գրականության կարևորագույն առաջամարտիկներից մեկը։ Անցյալ դարի կեսերին շատ ընթերցվող գերմանացի հեղինակը Պոլ Էուգեն Զիգն (գերմ.` Paul Eugen Sieg) է՝ ապագայի մասին իր տեխնիկական վեպերով։

ԽՍՀՄ-ում ֆանտաստիկական հատկանիշներ են դրսևորվում Բուլգակովի («Ճակատագրական ձվեր», «Շան սիրտը»), Ալ. Բելյաևի («Երկկենցաղ մարդը», «Պայքար օդում», «Պրոֆեսոր Դոուելի գլուխը»), Ա. Ն. Տոլստոյի («Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը», «Աելիտա») և Վ. Օբրուչևի («Սաննիկովի երկիր», «Պլուտոնիա») ստեղծագործություններում։

Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը օժտված է մոգական ռեալիզմի հիմնական գծերով։

Մոտավորապես 1930-ականների վերջից մինչև 1950-ական թվականները, երբ գիտաֆանտաստիկ ժանրը շատ տարածված է դառնում անգլիախոս երկրներում, երբ առաջին անգամ հրատարակվել են ժանրի շատ դասականներ, կոչվում է գիտաֆանտաստիկայի ոսկե դար։ Գիտաֆանտաստիկայի պատմության մեջ Ոսկե դարը գալիս է 1920-ականների և 1930-ականների pulp-ամսագրերի տիեզերական օպերայի դարաշրջանից հետո[29] և նախորդում է գիտաֆանտաստիկայի նոր ալիքին ( 1960 -ականներ)[30]։

Ժամանակակից ֆանտաստիկայի առաջին նշանակալից գործերը՝ առասպելական միջնադարյան ֆանտաստիկան, ծնունդ են առնում Ռոբերտ Ի. Հովարդի («Քոնան»), Ջոն Ռ. Ռ. Թոլքինի («Հոբիթ», «Մատանիների տիրակալը»), Քլայվ Ս. Լյուիսի («Նարնիայի ժամանակագրություններ») ստեղծագործություններից։ Բացի այդ, սարսափ գրականությունը առատորեն ներկայացված է 20-րդ դարի սկզբի արևմտյան գրականության մեջ (Ուոլտեր Դե լա Մար, Հ. Լավքրաֆթ (Կտուլհուի կանչը), Ջոն Կոլմեր)։

Գիտաֆանտաստիկայի առաջամարտիկը ֆրանսիացի ռեժիսոր Ժորժ Մելիեսն է, ով 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին նկարահանեց մի շարք գիտաֆանտաստիկ ֆիլմեր, այդ թվում՝ հայտնի «Ճանապարհորդություն դեպի Լուսին»։ Գեղարվեստական գրականությունը մեծ զարգացում է ստացել գերմանական կինոյում 1920-ականներին, մասնավորապես, «Մետրոպոլիս» (1927 թ.) հակաուտոպիկ համր ֆիլմը շատ փորձագետների կողմից ճանաչվել է պատմության լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմերից մեկը։

XX դարի երկրորդ կես. ֆենտեզի

խմբագրել
 
Ջոն Թոլքինի վեպերի առանցքային կերպար Գոլումի մոմե արձանիկ

20-րդ դարի կեսերին խիստ ԳՖ-ն վերածվեց զվարճալի տիեզերական օպերայի ժանրի։ ԳՖ գրողների նոր սերունդը աստիճանաբար հիասթափվեց առաջընթացը կանխատեսելուց։ ԳՖ-ի շուրջ գնալով ավելի ու ավելի են հրապարակվում հակաուտոպիստական նախազգուշացումներ և սոցիալական երգիծանք։ Հոգեբանական և սոցիալական դրամաներն են

20-րդ դարի երրորդ քառորդի ֆանտաստ գրողներ Ռեյ Բրեդբերիի, Ֆրենկ Հերբերտի, Ֆիլիպ Կ. Դիկի, Իսահակ Ազիմովի, Ռոբերտ Հայնլայնի, Սայմակ Քլիֆորդ ֆանտաստիկայի հիմքում հոգեբանական և սոցիալական դրաման է[31]։

Գիության առաջադիմությունից հիասթափվածությունը խթան հաղորդեց «փախուստի գրականությանը», ֆանտաստիկայի, որն անիրական բաների հետ է կապված։ 20-րդ դարի երկրորդ կեսին սկսվում է ֆտենեզիի բում։ Հովարդին և Թոլքինին հետևելով՝ հայտնվում են բազմաթիվ գրողներ, որոնց ստեղծագործությունը հիմնված է դիցաբանության, միստիկայի և միջնադարյան սիրավեպի վրա։ Դրանցից են՝ Ուրսուլա Լը Գուինը, Ռոջեր Ժելազնին, Փոլ Անդերսոնը, Մայքլ Մուրքոկը և այլք։

20-րդ դարի երկրորդ կեսին սկսեց զարգանալ հումորային ֆանտաստիկայի ժանրը, որի վառ ներկայացուցիչներից է Շեքլին( «Այն, ինչ ոչինչ չարժե»[32], «Կաթնային ֆուրգոնի թռիչքը», «Տոմս դեպի Տրանայ մոլորակ»)։

20-րդ դարում ֆանտաստիկան դադարում է լինել զուտ գրական ժանր։ 20-րդ դարի հենց սկզբից սկսեցին նկարահանվել ֆանտաստիկական ֆիլմեր («Ճանապարհորդություն դեպի Լուսին», 1902)։ Դարի երկրորդ կեսին սկսվում է կինոֆանտաստիկայի ծաղկման շրջանը։ Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին էկրանին մարմնավորել այն, ինչ նախկինում անհասանելի էր՝ ֆանտաստիկական տեխնիկա, հորինված արարածներ, այլ աշխարհների դեկորացիաներ։ Կինո-հեռուստատեսային ֆանտաստիկան մեծապես ծավալվում է ԱՄՆ-ում, որտեղ նկարահանվում են հայտնի ֆիլմեր («Օտարը», «Աստղային դեսանտ», «Տերմինատոր», «Հինգերորդ տարրը», «Մատրիցա»), իսկ մի շարք գործեր վերածվում են մեդիաֆրանչայզների («Աստղային պատերազմներ», «Աստղային ճանապարհ», «Բատլսթար Գալակտիկա», «Աստղային դարպասներ»)։ Կինոֆանտաստիկայի ժանրում հայտնի են դարձել այնպիսի կինոռեժիսորներ և պրոդյուսերներ, ինչպիսիք են Ջեյմս Քեմերոնը, Սթիվեն Սփիլբերգը, Փիթեր Ջեքսոնը, Ջորջ Լուկասը, Թիմ Բարթոնը, Ռիդլի Սքոթը, Փոլ Վերհուվենը և Ջոն Քարփենթերը։ Զանգվածային կինոֆանտաստիկային զուգահեռ գործում է էլիտար, փորձարարական կինոֆանտաստիկան, օրինակ՝ Տարկովսկու, Կուբրիկի, Թերի Գիլիամի ֆիլմերը։

Կոմիքսը դառնում է ֆանտաստիկայի ևս մեկ հայտնի ձև, հատկապես ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ճապոնիայում։ Սկզբում դրանք զվարճալի կոմիքսներ են սուպերհերոսների մասին, ինչպիսիք են Սուպերմենը, Բեթմենը, Սարդ-մարդը, Ֆանտաստիկ քառյակը։ XX դարի երկրորդ կեսին ի հայտ են գալիս նաև կոմիքիստների ավելի լուրջ գործեր, ինչպիսիք են Ալան Մուրը, Ֆրենկ Միլլերը, Մարկ Միլարը, Նիլ Գեյմանը ԱՄՆ-ում, Ժան Ժիրոն, Ալեխանդրո Խոդորովսկին, Էնկի Բիլալը Ֆրանսիայում։

XX-ի վերջ - XXI դարի սկիզբ. պոստմոդեռնիզմ

խմբագրել
 
Երկաթե մարդ սուպերհերոսի զրահապատ թռչող կոստյում (Քոսփլեյ)

20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբին ֆանտաստիկան կրկին կոմերցիոն է դառնում։ Դեռահասների համար նախատեսված ժամանցային ֆանտաստիկան մեծ պահանջարկ է ստանում, ինչպես, օրինակ, Ջ. Կ. Ռոուլինգի Հարի Փոթերի շարքը։ Բում են ապրում նախ սեղանի խաղերը, իսկ հետո ֆանտաստիկայի վրա հիմնված համակարգչային խաղերը։ Ֆանտաստիկական տիեզերքները դառնում են հանրային մշակույթի մաս, որոնք մարմնավորվում են գրականության, կինոյի, խաղերի, կոմիքսների մեջ։

Հազարամյակի սկզբին ֆանտաստիկայի սոցիալական և փիլիսոփայական խնդիրները կրկնվելով սպառում են իրենց և սկսում են իրենց տեղը զիջել ոճային փորձարարություններին։ Նիլ Գեյմանի, Չայնա Միևիլի, Նիլ Սթիվենսոնի, Փոլ դի Ֆիլիպոյի արձակը պոստմոդեռնիստական երանգներ ունի։ Մեծ ճանաչում է վայելում Փրաթչեթի հումորային ֆենտեզին։

20-րդ դարի վերջը համակարգչային խաղերի առաջացման դարաշրջան է, իսկ 21-րդ դարի սկիզբը՝ նրանց ծաղկման շրջանը։ Հսկայական թվով խաղերում սյուժեն հիմնվում է ֆանտաստիկայի վրա՝ RPG (համակարգչային դերային խաղ) ժանրի գրեթե ցանկացած խաղում, ռազմավարությունների, շութերների, քվեստների զգալի մասում։ Շատ խաղեր հիմնված են տիեզերքների վրա, որոնք հիմնված են նաև գրքերի, ֆիլմերի, սեղանի խաղերի, կոմիքսների վրա (Աստղային պատերազմներ, Warhammer, Forgotten Realms և Warcraft):

21-րդ դարի սկզբին սուպերհերոսապատումների ժանրը ժողովրդականության աճ է ապրում։ Marvel-ի և DC-ի սուպերհերոսների կոմիքսների հիման վրա ֆանտաստիկական ֆիլմեր են թողարկվում ամեն տարի։ Դրանք զուտ ժամանցայինից մինչև քիչ թե շատ լուրջ և գեղարվեստական արժեք ունեցող ֆիլմեր են։ Օրինակ՝ «Լոգան» ֆիլմը առաջադրվել է «Օսկարի» լավագույն սցենարի համար, իսկ Հիթ Լեջերը «Խավարի ասպետը» ֆիլմում Ջոկերի դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։ Հատկապես հանրահայտ են Marvel -ի այնպիսի հերոսների մասին ֆիլմերը, ինչպիսին է Երկաթե մարդ սուպերհերոսը։ Այդ ֆիլմերում համատեղված են սուպերհերոսապատումների, գիտաֆանտաստիկայի, ֆենտեզիի և կատակերգության ժանրերի առանձնահատկությունները։

Դասական ֆանտաստիկա

խմբագրել

Ֆանտաստիկայի դասակարգումը բարդ և վիճելի հարց է ֆանտաստիկագիտության մեջ։ Ներկայումս ֆանտաստիկայի ընդհանուր ընդունված դասակարգում չկա։ Դասակարգման խնդիրը կապված է բուն ֆանտաստիկա տերմինի անորոշության հետ։ Ֆանտաստիկայի սահմանման երկու մոտեցում կա[7].

  1. ֆանտաստիկան սահմանվում է որպես գրականության և արվեստի ժանր
  2. ֆանտաստիկան անվանում է գեղարվեստական հնարք գրականության և արվեստի մեջ[33]։

Մի շարք հետազոտողներ փորձում են համատեղել երկու մոտեցումները։ Օրինակ, Օլգա Չիգիրինսկայան իր «Ֆանտաստիկա. ժանրի ընտրություն, քրոնոտոպի ընտրություն» հոդվածում նշում է երկու մոտեցումների թերությունները և առաջարկում է դասակարգել ֆանտաստիկայի ժանրը կոնկրետ քրոնոտոպների համադրությամբ։

Ֆանտաստիկան որպես գրականության և արվեստի ժանր

խմբագրել

Ֆանտաստիկայի ժանրեր

խմբագրել

Տեսակետ կա, որ ֆանտաստիկան գրականություն է, որը համալրված է ֆանտաստիկական ենթադրություններով[1][7]։ Այս պահին գոյություն ունեն ֆանտաստիկայի հետևյալ հիմնական ժանրերը՝

Դրանք նաև հաճախ դրանք բաժանում են տարատեսակների կամ ենթաժանրերի (օրինակ՝ այլընտրանքային պատմություն, կիբերպանկ կամ սթիմպանկ)։ Անցյալում տարածված, բայց ժամանակակից հեղինակների կողմից հազվադեպ օգտագործվող ֆանտաստիկական ժանրերից են ֆանտաստիկական ճանապարհորդությունը և ուտոպիան։

Ֆանտաստիկայի ձևեր

խմբագրել

Ֆանտաստիկայի ոճական և ժանրային ձևերը՝ գրոտեսկը, ֆանտասմագորիան և փերի խաղը (Féerie, կամ fairy play), դարձել են երգիծանքի ավանդական օժանդակ միջոց՝ Ռաբլեից մինչև Մ. Է. Սալտիկով-Շչեդրին («Մի քաղաքի պատմություն») և Վ. Մայակովսկի («Փայտոջիլ»[34], «Բաղնիք»[35]) 20-րդ դարի ֆանտաստիկական գրականության ոչ ժանրային տարատեսակներն են ֆանտաստիկական ռեալիզմը, մոգական ռեալիզմը։

Ֆանտաստիկան գեղարվեստական հնարք արվեստի և գրականության մեջ

խմբագրել

Դասակարգման այս մեթոդի կիրառումը սկսվել է «պատշաճ ֆանտաստիկայի» («բովանդակային ֆանտաստիկայի») և «արվեստի ֆորմալ ֆանտաստիկայի» միջև սահմանագիծ քաշելով։ Առաջին դեպքում խոսքը ֆանտաստիկայի մասին է՝ որպես գրականության ժանրի, որտեղ ֆանտաստիկական ենթադրությունը կառուցվածքաձևավորող սկզբունք է։ Երկրորդում խոսքը գրականության այլ ժանրերի մասին է, որտեղ ֆանտաստիկ ենթադրությունը հեղինակի մտահղացման բացահայտման օժանդակ տարր է[36]։

Ներկայումս ֆանտաստիկան դուրս է եկել իր ժանրային սահմաններից[37]։ Ֆանտաստիկան գերազանցում է ոչ միայն գրականության ժանրերի (օրինակ՝ ֆանտաստիկական դետեկտիվ և հումորային ֆանտաստիկա) և սեռերի (օրինակ՝ ֆանտաստիկական պոեզիա և ֆանտաստիկական դրամատուրգիա) սահմանները, այլև արվեստի սեռերը (օրինակ՝ ֆանտաստիկական երաժշտություն[38][39][40], կինոֆանտաստիկա, ֆանտաստիկական գեղանկարչություն[41]

Այդպիսով, ներկայումս գեղարվեստական գրականության սահմանման երկու մոտեցում կա[7][42]. Ըստ առաջին ավանդական մոտեցոման գիտաֆանտաստիկան սահմանվում է որպես գրականության և արվեստի ժանր, ըստ երկրորդ մոտեցման` ֆանտաստիկան գեղարվեստական տեխնիկա կամ մեթոդ է գրականության և արվեստի մեջ[33]։ Այս մեթոդը կիրառում է հատուկ տեխնիկա՝ ֆանտաստիկ ենթադրություն։

Որոշ աղբյուրներում ֆանտաստիկայի ժանրը համարվում է մեգաժանր, որտեղ բոլոր ժանրերը և բոլոր ուղղությունները գոյություն ունեն անփոփոխության լրացուցիչ տարրով[7][9]։ Ըստ այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Գրոմովը և Լադիժենսկին (Օլդի), «ֆանտաստիկան գրականություն է, գումարած ֆանտաստիկ ենթադրություն»[7]։

Ըստ Բորիս Ստրուգացկու՝ ստեղծագործության մեջ արտասովոր տարրի ներմուծումը ֆանտաստիկան ֆանտաստիկա է դարձնում[1]։ Ֆանտաստիկական մեգաժանրի տիպաբանության խնդիրները քննարկվել են «Ֆանտաստիկան և ժամանակակից առասպելագործությունը» համառուսաստանյան գիտաժողովում[43]։

Գիտաֆանտաստիկայի դասակարգումը որպես հնարք տրված է Գեորգի Գուրևիչի «Զրույցներ ֆանտաստիկայի մասին. Չորրորդ զրույց. ֆանտաստիկայի բազմազանության մասին» գրքում։ Մի շարք հետազոտողներ փորձում են համատեղել երկու մոտեցումները։ Օրինակ, Օլգա Չիգիրինսկայան առաջարկում է դասակարգել գիտաֆանտաստիկ ժանրը կոնկրետ քրոնոտոպների համադրությամբ։

Նշումներ

խմբագրել
  1. Դիցաբանությունից բանահյուսություն անցման գործում հիմնական դերը պատկանում է հասկացությունների տեսքով ռեալիստական աշխարհայացքի առաջացմանը։ Հասկացությունների միջոցով դիցաբանությունից առանձնացվում էին նրա կոնկրետ և ուղիղ իմաստները։ Սա ֆոլկլորի հիմքը դրեց, որը խնամքով վերարտադրում էր դիցաբանության ողջ ժառանգությունը՝ հասկանալի, սակայն, իրատեսական ըմբռնմամբ։ Այս հիմքի վրա մեկը կարծրացավ ավանդական ձևի տեսքով, մյուսը դարձավ ֆանտաստիկական, երրորդը փոխակերպվեց[13] (էջ 17)։
  2. Պարտադիր չէ հասկանալ այս հատուկ, օրիգինալ պլանը ո'չ որպես ինչ-որ ֆանտաստիկ բան, ոչ էլ որպես պատմականորեն իրական բան։ Ֆանտազիան ուշ է ծնվում, և ես դրա մասին կխոսեմ իմ տեղում։ Խթոնյան առասպելի խթոնիկ հարթությունն արեալային է, բայց ոչ մի կապ չունի ֆանտազիայի հետ[13] (էջ 38)։
  3. Այո, որքան լայնանում է վաղ հասարակության տեսադաշտը, այնքան ավելի ու ավելի է նրա գիտակցությունը կորցնում առասպելական իր նախկին բնույթը, այնքան ռեալիզմի տարրերն ավելի ուժեղ են ներխուժում այս գիտակցություն և հակասության մեջ մտնում սովորական, վաղուց հաստատված առասպելական պատկերների հետ։ Երկու գաղափարական մեթոդների այս հանդիպումից, նրանց անգիտակցական պայքարից ստացվում է առասպելական կերպարի մի տեսակ միաձուլում (ամալգամա)՝ իրատեսական դիտարկմամբ, որի արդյունքում առաջանում է ֆանտաստիկան[13] (էջ 112)։
  4. Ֆանտաստիկական պատկերներում կենդանին կարող է ունենալ մարդկային որոշ հատկանիշներ, իսկ մարդը՝ կենդանական։ Ֆանտաստիկ արարածը արարածների խառնուրդ է։ Եգիպտոսում աստվածները պահպանել են ամենահին ձևը՝ գազանային կամ կիսագազանային, Բաբելոնում` ֆանտաստիկական, հույների մոտ ավելի ուշ մարդկային կերպարանքը, իսկ Հռոմում կան բազմաթիվ նախաանձնական, ամորֆ աստվածներ։ Տոհմային հասարակությունը պատկերացնում է աշխարհում բնակվող կերպարներին հրեշների, հսկաների, թզուկների, տարօրինակ կենդանիների, թռչունների և ձկների տեսքով։ Այս ֆանտաստիկ արարածները մասամբ մի ցեղից են, մասամբ՝ մյուս ցեղից, բայց նրանք այլևս չեն լինում առանց մարդու արտաքին տեսքի։ Հետաքրքիր է, որ դրանք բոլորը, բացի այս խառնուրդից, ունեն նաև մետաղի, փայտի, քարի բնույթ և, անշուշտ, ունեն տիեզերքի բնույթ՝ լույս, կրակ, ջուր, հող։ Այսպիսին են բոլոր դիցաբանական դեմքերը՝ քողարկված մարդկային արտաքինով և մարդկային սովորություններով, բայց լիովին հակաիրական, ըստ էության ֆանտաստիկական, ինչպես մի աչքը ճակատին հսկա Պոլիֆեմոսը, կամ Հեփեստոսի մետաղյա ծառաները, կամ ինչ-որ Փսիքեներ, Սկիլլա և Քարիբդիսի ապառաժ-կանայք և հարյուրավոր ուրիշներ։ Դժվար է ասել, թե ովքե՞ր են նրանք արտաքուստ՝ աստվածներ թե մարդիկ, գազաններ թե տարերք, շնչավոր թե անշունչ առարկաներ։ Նրանք բոլորը միասին ամբողջություն են, բայց առանձին-առանձին նրանք ոչ մեկը չեն։ Ավելի գիտական կլիներ այս ֆանտաստիկական արարածներին անվանել պոլիմորֆ։ Ավելորդ է ասել, որ ֆանտաստիկական արտաքինն ուղեկցվում է դիցաբանական դեմքերի ֆանտաստիկական հարաբերություններով, շրջապատող ողջ իրականության ֆանտաստիկ դիմապատկերով[13] (էջ 112—113):
  5. Պատմվածքի գենետիկական կապերը հեռավոր ճամփորդություններով և տարօրինակ «հրաշքների» հետ կապելով, զարմանահրաշքով, իրենց զգացնել տվեցին այն փաստով, որ հնագույն պատմությունները խոսում էին գոյություն չունեցող անդրծովյան երկրներ, ֆանտաստիկ բնակիչների մոտ գնալու մասին։ «Այլաշխարհիկ» երկրի՝ «ստորգետնյա երկրի» (χθων) հրաշքները վերածվեցին պատմությունների հեռու-հեռավոր ու անհավանական երկրների, ուտոպիստական թագավորությունների, «ոչ մի տեղում» գտնվող աննախադեպ դաշտերի ու այգիների մասին։ Այսպիսին են հին լոգոգրաֆիայի պատմությունները. նրանցում ժամանակ չկա, նրանցում գործողությունը չի զարգանում։ Բայց այդպիսին են նարատիվները էպոսում, այդպիսին են ուտոպիստական նարատիվների տարատեսակները՝ պատում-միրաժների տեսքով[13] (էջ 278)։
  6. Նրանց սկիզբը մեզ է հասել «Ոդիսականով»։ Այս պոեմը բնույթով ձևով կենցաղային է («Իլիական»ի կենցաղի պլանի էկֆրազների (արտահայտությունների) և ծավալված համեմատությունների լիովին համապատասխանություն), բովանդակությամբ այն կախարդական է։ Մենք դա անվանում ենք «հեքիաթային»։ «Ոդիսականը» պարունակում է տարրեր, որոնք կարելի է գտնել միջակ կատակերգության մեջ՝ կեղծ կերպար, ուրվական քաղաքներ և բնակիչներ, ինքնակոչներ, խաբեբաներ, իրականությանը «նման» թրակիաական միրաժ, «տեսքով» իրականանման տեսիլքներ, ոորոնք իրենցից վիզիոնար «պատկերներ» են ներայացնում։ «Ոդիսականի» մոգությունը «հրաշքներն» են՝ սուբյեկտիվ աշխարհի պատրանքային և ընդօրինակող իրականություն, ինչպես այն սկսեց երևալ մարդուն. առասպելականությունը մարդկանց նոր գիտակցության մեջ ընդունեց իրականության «պատկերի» (είκών) բնույթ, այն, ինչ «համընկնող», «նման» է իրեն։ Ճանապարհորդություններ դեպի հեռավոր անդրծովյան երկրներ, ուրվական մարդիկ և քաղաքներ, հրաշք արկածներ, կախարդների հմայքներ, ֆանտաստիկ արարածներ - այս ամենն ինքն իրեն բացահայտում է հետագա «ճշմարիտ պատմություններում» ու հրաշալի երկրների ու հրաշալի պատկերների, ժողովրդական թատրոնի հրաշալի տեսիլների «պատկերներում»[13] (էջ 278)։
  7. Կերպարի և իրավիճակների ֆանտաստիկ բնույթը բնորոշ է հին կատակերգությանը, քանի որ այն միտումնավոր շփոթում է դիցաբանական պատկերը հայեցակարգի հետ։ <...> Ֆանտաստիկ ոչինչ չկա նրանում, որ հոմերոսյան աքայացիներին նմանեցնում են իշամեղուներին, բայց արիստոֆանեսյան աթենացիները, որոնք նմանեցնում են իշամեղուներին կամ իշամեղուների տեսքով, ֆանտաստիկ, գրոտեսկային տեսք ունեն։ Ինչո՞ւ։ Որովհետև Հոմերոսի մեջ անգամ ողբերգության մեջ չկա կոնցեպտուալ և կենցաղային ֆոն, բայց անտիկ կատակերգության մեջ դա ընդգծված է, և այն ամենը, ինչ ակնհայտորեն չի համապատասխանում դրան, նպաստում է ֆանտաստիկային կամ ծիծաղին[13] (էջ 370—371):
  8. Թուլե կամ Ֆուլե (հուն․՝ Θούλη, լատին․՝ Thule) հայտնի է որպես ծայրհյուսիսային ուրվական կղզի հյուսիսային Եվրոպայում, որի մասին նկարագրել է Պիթեասը (մ. թ. ա. մոտ 350 - մոտ 320) իր «Օվկիանոսի մասին» գրքում (հուն․՝ Περί τού Ωκεανού, լատին․՝ De Oceano):
  9. Զգացմունքների պաշտամունքը մարմնավորված է ոչ ճշմարտանման և անհավանական տեսարաններում, որոնց ֆանտաստիկությունն ու անիրականությունը բանաստեղծը լիովին գիտակցում է, բայց նրանց հմայքը կոչված է շեղելու մեզ առօրյա կյանքի կոպտությունից։ Դրանք ոչ մի կապ չունեն նախահերոսական կամ շամանական արվեստի հետ, որտեղ բանաստեղծը հավատում է մոգությանը և հրաշքներին, կամ գոնե հավատում է, որ ունկնդիրները կհավատան դրանց։ Հրաշքը գիտակցաբար օգտագործվում է հաճույքի համար, ուստի առեղծվածայինի տարրը, որը գրեթե իսպառ բացակայում է «Ռոլանդի երգի» նման իսկապես հերոսական պոեմներում, առաջին պլան է մղվում և, ըստ էության, որոշում է բանաստեղծական շարադրանքի ողջ ձևը։ Սկզբում այնպիսի պոեմներում, ինչպիսիք են «Ռաուլ դե Կամբրեն» և «Հուոն Բորդոյացին», հերոսականն ու ռոմանտիկը անհարմար գոյակցում են, ինչպես, եթե բանաստեղծները՝ դաստիարակված հին դպրոցի ավանդույթներով, զգային նոր միտումներին զիջումների գնալու անհրաժեշտություն։ Բայց շատ շուտով սիրավեպը սկսում է գերակշռել և իր ձեռքն է վերցնում ղեկը։ Ընթերցողի երևակայությունը գրավում են անհավանական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հեռավոր երկրներում, օրինակ առասպելական Արևելքում, որոնք ծանոթ են Ալեքսանդրի և Ապոլոնիուս Տյուրոսի լեգենդներից։ Սյուժեները, որոնք նախկինում ուղղակի պատմություն էին հերոսությունների մասին, վերամշակվում են նոր մարտահրավերներին համապատասխան, և արդյունքում հայտնվում են «Գարեն դե Մոնգլանը» կամ «Ռենո դե Մոնտոբանը» («Էմոնի չորս որդիներից» մեկը), որը տարբեր դրվագների շղթա է, որոնք ոչ միայն ինքնին անհավանական են, բայց այնպես լեցուն են հրաշքի հանդեպ փափագով, որ ամբողջովին ստվերում է հերոսական առաքինությունների հանդեպ ավանդական ուշադրությունը։ Առեղծվածայինի ոգին զուգակցվում է սիրո պաշտամունքի հետ, իսկ հերոսական պոեմը չափածո վեպ է դառնում[17]։

Գրականություն

խմբագրել
  • Aldiss, Brian. Billion Year Spree: The True History of Science Fiction, 1973.
  • Aldiss, Brian, and Wingrove, David. Trillion Year Spree: The History of Science Fiction, revised and updated edition, 1986.
  • Amis, Kingsley. New Maps of Hell: A Survey of Science Fiction, 1958.
  • Barron, Neil, ed. Anatomy of Wonder: A Critical Guide to Science Fiction (5th ed.). Westport, Conn.: Libraries Unlimited, 2004. 1-59158-171-0.
  • Broderick, Damien. Reading by Starlight: Postmodern Science Fiction. London: Routledge, 1995. Print.
  • Clute, John Science Fiction: The Illustrated Encyclopedia. London: Dorling Kindersley, 1995. 0-7513-0202-3.
  • Clute, John and Peter Nicholls, eds., The Encyclopedia of Science Fiction. St Albans, Herts, UK: Granada Publishing, 1979. 0-586-05380-8.
  • Clute, John and Peter Nicholls, eds., The Encyclopedia of Science Fiction. New York: St Martin's Press, 1995. 0-312-13486-X.
  • Disch, Thomas M. The Dreams Our Stuff Is Made Of. New York: The Free Press, 1998. 978-0-684-82405-5.
  • Jameson, Fredric. Archaeologies of the Future: This Desire Called Utopia and Other Science Fictions. London and New York: Verso, 2005.
  • Milner, Andrew. Locating Science Fiction. Liverpool: Liverpool University Press, 2012.
  • Raja, Masood Ashraf, Jason W. Ellis and Swaralipi Nandi. eds., The Postnational Fantasy: Essays on Postcolonialism, Cosmopolitics and Science Fiction. McFarland 2011. 978-0-7864-6141-7.
  • Reginald, Robert. Science Fiction and Fantasy Literature, 1975–1991. Detroit, MI/Washington, D.C./London: Gale Research, 1992. 0-8103-1825-3.
  • Roy, Pinaki. "Science Fiction: Some Reflections". Shodh Sanchar Bulletin, 10.39 (July–September 2020): 138–42.
  • Scholes, Robert E.; Rabkin, Eric S. (1977). Science fiction: history, science, vision. Oxford University Press. ISBN 978-0-19-502174-5.
  • Suvin, Darko. Metamorphoses of Science Fiction: on the Poetics and History of a Literary Genre, New Haven : Yale University Press, 1979.
  • Weldes, Jutta, ed. To Seek Out New Worlds: Exploring Links between Science Fiction and World Politics. New York: Palgrave Macmillan, 2003. 0-312-29557-X.
  • Westfahl, Gary, ed. The Greenwood Encyclopedia of Science Fiction and Fantasy: Themes, Works, and Wonders (three volumes). Westport, Conn.: Greenwood Press, 2005.
  • Wolfe, Gary K. Critical Terms for Science Fiction and Fantasy: A Glossary and Guide to Scholarship. New York: Greenwood Press, 1986. 0-313-22981-3.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Генри Лайон Олди Мастер-класс. Генри Лайон Олди. Фантастическое допущение // Мир фантастики. — февраль 2008. — № 54. Архивировано из первоисточника 24 հունվարի 2010.
  2. Павел Амнуэль. Магический кристалл фантазии. Алгоритм новых идей? Արխիվացված 2014-03-11 Wayback Machine
  3. «Зубакин Юрий - Применение фантастических допущений в курсе "Развитие Творческого Воображения", скачать бесплатно книгу в формате fb2, doc, rtf, html, txt». royallib.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  4. «ЛОТМАН. Ю.М. Статьи по семиотике и топологии культуры». yanko.lib.ru. էջեր 285–287. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  5. Роже Кайуа (2006). В глубь фантастического. Отраженные камни. էջեր 110–111.
  6. Аркадий Стругацкий, Борис Стругацкий. «Фантастика — литература! Արխիվացված 2015-07-11 Wayback Machine» — О литературе для детей. Вып. 10. — Л.: Детская литература, 1965.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Борис Стругацкий. Что такое фантастика? Արխիվացված 2011-11-23 Wayback Machine — День свершений. — Л.: Советский писатель, 1988
  8. к.ф.н. ЕГУ Подлубнова Ю. С. Метажанры, мегажанры и другие жанровые образования в русской литературе Արխիվացված 2013-12-19 Wayback Machine. Доклад. — Ставропольский государственный университет, 4.10.2006
  9. 9,0 9,1 В. С. Мартыненков. О. А. Сысоева. К проблеме функционирования мегажанров в современной массовой литературе
  10. Фантастика / В. С. Муравьев // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978. գլխ. խմբ.` Ալեքսանդր Պրոխորով
  11. Олег Ладыженский, Дмитрий Громов (2016 թ․ հունվարի 21). «Что такое фантастика? Фантастическое допущение | Книги, Мастер-класс». Мир фантастики и фэнтези (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  12. «журнал «Мир фантастики». Дмитрий Тарабанов. Альтернативная география». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Ольга Фрейденберг, Миф и литература древности. М., «Восточная литература» РАН, 1998
  14. Antonius Diogenes. «166 [The incredible wonders beyond Thule]». www.tertullian.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  15. Полякова С. В. «Метаморфозы» или «Золотой осел» Апулея. М., 1988, с. 54.
  16. Жак Ле Гофф Чудесное на средневековом Западе // Средневековый мир воображаемого / под общ. ред. С.К. Цатуровой. — М.: Издательская группа «Прогресс», 2001. — С. 45. — 440 с.
  17. Сесил Морис Боура (2002). «Героическая поэзия (Heroic Poetry) читать онлайн». КнигоГид (ռուսերեն). էջ 736. ISBN 5-86793-207-9. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  18. Михайлов А. Д., Французский героический эпос, М., 1995, էջ 233—234.
  19. Поль Зюмтор (2002). «Опыт построения средневековой поэтики». dokumen.pub (ռուսերեն). էջ 143. ISBN 5-89329-566-8. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  20. «Роман о Розе (Гийом де Лоррис) Страница 1 - ЛитВек - Читать онлайн полностью». Электронная библиотека ЛитВек (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  21. «Книга «Введение в историческую поэтику эпоса и романа»» (ռուսերեն). 1986. էջ 196. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  22. «Christian Works : Vision of Piers Plowman». Cambridge Digital Library. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  23. «Histoires tragiques». gallica.bnf.fr (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  24. «Authors: Camus Jean Pierre (sorted by popularity)». Project Gutenberg. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  25. «ПРЕДРОМАНТИЗМ». web.archive.org. 2009 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  26. «Новалис. Гейнрих фон Офтердинген». www.lib.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  27. «Achim von Arnim: Isabella von Ägypten». www.projekt-gutenberg.org. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  28. Наталья Будур Арним Людвиг Ахим фон // Сказочная энциклопедия. — М.: «Олма медиа групп» издательство, 2005. — С. 26. — 606 с. — ISBN 9785224048182
  29. Trachtenberg, Marc (2012 թ․ մարտի 12). «America, Europe, and German Rearmament, August–September 1950: A Critique of a Myth» (անգլերեն). doi:10.23943/princeton/9780691152028.003.0004. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  30. «Сорочан Александр Юрьевич. Новая волна в литературе второй половины Хх века. Материалы к указателю». samlib.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
  31. Борис Невский. «То взлет, то посадка… „Твердая“ научная фантастика» Արխիվացված 2015-07-14 Wayback Machine. Журнал «Мир фантастики» № 47; июль 2007
  32. «Ռոբերտ Շեքլի «Այն, ինչ ոչինչ չարժե»». Հարմոնիա (ռուսերեն). 2016 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
  33. 33,0 33,1 Литературная газета. Интервью с главным редактором журнала «Если» А. М. Шалгановым
  34. «Клоп (Маяковский) — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
  35. «Баня (Маяковский) — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
  36. Ковтун, 2008, էջ 74
  37. Татьяна Чернышёва. Природа фантастики. Монография. Издательство Иркутского университета, Иркутск, 1985.
  38. Дмитрий Злотницкий. «Магия ритма. Фантастическая музыка» Արխիվացված 2013-05-21 Wayback Machine. Журнал «Мир фантастики» № 34; июнь 2006
  39. СТАТЬИ МФ: Музыкальный центр — Фантастическая музыка Արխիվացված 2011-11-28 Wayback Machine — рубрика в журнале «Мир фантастики»
  40. Сергей Канунников, Александр Гагинский. «Звуковые миры. Фантастические истории в музыке» Արխիվացված 2009-11-07 Wayback Machine. Журнал «Мир фантастики» № 72; август 2009
  41. Дмитрий Злотницкий. «Галерея на книжной полке. Фантастические альбомы» Արխիվացված 2013-05-21 Wayback Machine. Журнал «Мир фантастики» № 56; апрель 2008
  42. В. Чумаков. Фантастика и её виды Արխիվացված 2013-06-16 Wayback Machine. Вестник Московского университета. — Серия 10: Филология. — М., 1974. — Выпуск 2. — С.68-74.
  43. Кафедра литературы и культурологии ДВГГУ. Всероссийской научной конференции «Фантастика и современное мифотворчество»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանտաստիկա» հոդվածին։
  NODES
Project 1