Հայերեն

«չար» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ չար

վանկեր՝ չար 

Ստուգաբանություն

խմբագրել

Թերևս հին կազմություն՝ (ո)չ-ար։

Ածական

  1. ոչ բարի, չարությամբ լցված, չարիք գործելու հատկություն ունեցող ◆ Չար մարդ։
  2. չարություն պարունակող, չարիք արտահայտող ◆ Չար ժպիտ՝ հայացք։
  3. չարիք պատճառող՝ բերող, չարիք ծնող ◆ Չար արարք՝ գործ։
  4. ոչ հաջողակ, ձախորդ, աղետավոր ◆ Չար ժամի երկար։
  5. դաժան, դժնի ◆ Գազանի պես չար, օձի պես նենգ թշնամի։
  6. զայրալից, զայրույթ՝ բարկություն արտահայտող, չարացած ◆ Չար դեմք՝ կերպարանք՝ ձայն։
  7. չարաճճի, անհանգիստ ◆ Չար երեխա։
  8. վատ, հոռի, անպիտան ◆ Չար պտուղ։
  9. չարախոս, ուրիշների մասին աննպաստ բաներ խոսող՝ ասող ◆ Նա ամենից շատ վախենում էր չար բերաններն ընկնելուց։
  10. կատաղի ◆ Մեր շները բավական չար են, տեր սեպուհ։ (Րաֆֆի)
  11. անխիղճ, անգութ, անողորմ ◆ Մենք կփոխենք դրանց համոզումը և կստիպենք հավատալ, որ չարերից զատ, կան աշխարհում կարեկից մարդիկ։ (Մուրացան)
  12. որտեղ կամ երբ շատ չարագործություններ են լինում, չարագործություններով լցված, չարիքներով պատված՝ բռնված ◆ Էլ ինչո՞ւ ես քարը թողնում քարի վրա, չար աշխարհ։ (Ավետիք Իսահակյան)
  13. (բրգ․) բարոյագիտության կատեգորիա, որն իր բովանդակությամբ հակադիր է բարուն, և բարոյական գիտակցության հասկացություն, որը ծառայում է որպես անբարոյականի մասին պատկերացումների առավել ընդհանրացված արտահայտություն, որոնք հակասում են բարոյականության պահանջներին, արժանի են դատապարտման, ինչպես նաև բացասական բարոյական հատկությունների ընդհանուր վերացական բնութագիր

Հոմանիշներ

խմբագրել
  1. անբարի, ապիրատ, խուծած
  2. վնասաբեր, վնասակար, շառ (ժղ․)
  3. անհաջողակ, ձախորդ, նաֆս (գվռ․)
  4. նենգ, նենգավոր, նենգամիտ, չարանենգ, քինոտ, քինախնդիր, ոխակալ, նեռ (գրք․), վատշավեր, դժոխակեզ, սադայելական, օձի կծած (ժղ․)
  5. դաժան, դժնի, բիրտ, վայրագ, անգութ, անողորմ, անողոք, անագորույն, անխիղճ, անսիրտ, անգթասիրտ, անաստված, ժանտ, դժնյա, դժնդակ, վայրի, վայրենի, դաժանասիրտ, չարասիրտ, քարսիրտ, դառնամաղձ, դառնամաղձոտ, դառնասիրտ, դառնահոգի, դաժանագին, արյունարբու, արյունռուշտ, դաժանաբարո, վայրենաբարո, գազանաբարո, չարաբարո, չար, դժոխաբարո, դժնդակաբարո, օձաբարո, անբարիշտ, մոլագար, բարբարոս, բարբարոսական, վանդալ, վանդալական, դրակոնական, դրակոնյան, գազանաշունչ, գազանասիրտ, գազանակերպ, գազանամիտ, գազանաբնույթ, գազանային, դիվանային, (գրք․) անոպա, նեռ, ահեղ, (ժղ․) ժանտկեն, ժանգոտ, օձափոր, չարամհակ, (փխբ․) արյունոտ, գայլ, բորենի, աստծու կրակ, օձի փուշ, կաշի քերթող, աստծու երեսից ընկած (թափած), աստծու կրակ
  6. տե՛ս անխիղճ
  7. տե՛ս զայրալից
  8. տե՛ս վատ
  9. տե՛ս չարաճճի
  10. տե՛ս չարախոս
  11. տե՛ս կատաղի

Գոյական

  1. չարություն, չարիք ◆ Ես չեմ ցանկանա նրա չարության փոխարեն չար գործել։ (Րաֆֆի)
  2. աղետ ◆ Այս ի՞նչ չարի հանդիպեցինք։
  3. չարագործություն, չարիք, վնասակար գործ ◆ Նա մտածում Է միայն չարի մասին, վնասելու մասին, սպանությունների ու կողոպուտների մասին։
  4. չարագործ, չարիք գործող մարդ ◆ Չարն էլ է միշտ ապրում անմեռ, անեծք նրա չար գործին։ Հովհաննես Թումանյան
  5. չարք, քաջք, չար ոգի
  6. ցավ, հիվանդություն ◆ Չարդ թշնամին տանի։

Հոմանիշներ

խմբագրել
  1. տե՛ս չարիք
  2. տե՛ս չարք
  3. տե՛ս աղետ
  4. տե՛ս ցավ

Արտահայտություններ

խմբագրել
  1. չար աչք (սնոտ․) - չարագուշակ՝ չարաբեր հայացք՝ աչք
  2. չար աչքի գալ - մեկի չարաբեր աչքից՝ հայացքից անհաջողության՝ փորձանքի մեջ ընկնել
  3. չար աչքի դիպչել - չար աչքի պատճառած վնասի հանդիպել
  4. չար աչքից հեռու - վնասից՝ փորձանքից հեռու
  5. չար աչքով նայել - անբարյացակամորեն՝ աննպաստ հայացքով նայել
  6. չար աչքով տալ - նույնն է՝ աչքով տալ
  7. չար աստղի տակ ծնվել - անհաջողությունների՝ դժբախտության մեջ լինել
  8. չար թել ոլորել - չարիք նյութել
  9. չար լեզու
    1. չարախոս՝ բամբասասեր լեզու
    2. չարախոս մարդ
  10. չար լեզուներն ասում են - չարախոսները ասում են
  11. չար խաղ - անախորժություններ
  12. չար խաղ խաղալ - անախորժություն պատճառել
  13. չար ճանապարհ, չար ճամփա - վատ՝ մոլոր՝ վնասակար ընթացք՝ վարքագիծ՝ գործելակերպ
  14. չար հոգի, չար ոգի - չարաբեր ոգի
  15. չարը առնել մեկի, չարը տանել մեկի - մեկի դժբախտությունը՝ ցավը՝ հիվանդությունը և այլն առնել՝ իր վրա կրել՝ տանել
  16. չարը խափանել (սնոտ․) - չարը՝ չարիքը վերացնել՝ հեռացնել
  17. չարը չարով վճարել - չարագործությանը չարագործությամբ պատասխանել, հատուցել
  18. չարն ու բարին հասկանալ - վատն ու լավը՝ վնասակարն ու օգտակարը հասկանալ
  19. չարի գալ - չարիքի՝ անհաջողության՝ վնասի հանդիպել

Աղբյուրներ

խմբագրել
  • Խմբագրությամբ Ի․ Ս․ Կոնի, Բարոյագիտական բառարան, Երևան, ««Հայաստան» հրատարակչություն», 1985 — 200 էջ։
  NODES