Հայերեն

«փոքր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ փոքր

վանկեր՝ փոքր 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական՝ *phuku-` *pōk- «փաքր» արմատից. հմմտ. լատիներեն paucus «քիչ», հունարեն παüρος «սակավություն», գոթերեն fawai «քիչ»։

Ածական

  1. չափսերով՝ ծավալով ոչ մեծ, սովորական կամ միջին ծավալից՝ չափից նվազ չափ՝ ծավալ ունեցող ◆ Փոքր սեղան։
  2. ոչ բարձրահասակ, ցածր հասակ ունեցող, ցածրահասակ ◆ Փոքր ծառ՝ տղամարդ։
  3. կարճ, համառոտ, ոչ ընդարձակ ◆ Փոքր առաջաբան՝ ճառ՝ շարադրություն։
  4. ոչ բազմաթիվ, փոքրաթիվ, փոքրաքանակ, ոչ մեծաքանակ ◆ Փոքր զորք՝ խումբ՝ ջոկատ։
  5. ոչ երկար, կարճ, նվազ երկարություն ունեցող ◆ Փոքր ճանապարհ՝ գերան՝ կոթ։
  6. քիչ տևողություն ունեցող, կարճատև ◆ Փոքր ժամանակ՝ հանգիստ՝ դադար։
  7. քիչ քանակությամբ միավորներ պարունակող, քիչ միավորներից բաղկացած ◆ Փոքր թիվ՝ մեծություն՝ քանակություն։
  8. նվազ տարողություն՝ ծավալ ունեցող, քիչ բան տանող ◆ Փոքր աման՝ բաժակ՝ կարաս։
  9. նվազ կամ քիչ բարձրություն ունեցող, ցածր, ոչ բարձր ◆ Փոքր պատ՝ լեռ՝ բլուր։
  10. բնակչությամբ ոչ մեծ, փոքրաթիվ բնակչություն ունեցող, ոչ մեծ ◆ Փոքր քաղաք՝ գյուղ՝ երկիր։
  11. ոչ մեծ տարածություն գրավող, փոքրածավալ, ոչ մեծ մակերես ունեցող, ոչ ընդարձակածավալ ◆ Նաիրյան հնամյա քաղաքը… փոքր էր, ոչ բազմամարդ։ Եղիշե Չարենց
  12. զորությամբ՝ ուժով՝ դրսևորման աստիճանով ոչ նշանակալից՝ ոչ ուժգին, թույլ ◆ Այդպիսի մի փոքր բախումով հազիվ թե կարելի լիներ որոշել ուժերի հարաբերակցությունը։
  13. ոչ կարևոր, էական նշանակություն չունեցող, ոչ լուրջ, թեթև ◆ Մի՞թե դու փոքր գործ ես համարում այդ։ (Րաֆֆի)
  14. մանկական տարիք ունեցող, փոքրահասակ, անչափահաս ◆ Ինչպես փոքր տղա, նա հրճվանքով դիտում էր գույնզգույն թղթերից սարքած… օդապարիկները։ (Ակսել Բակունց)
  15. կրտսեր, մյուսներից պակաս տարիք ունեցող ◆ Նրա փոքր տղան հինգերորդն էր, որ այժմ աշխատում էր քաղաքի գործարաններից մեկում։
  16. քիչ (քանակությամբ, տևողությամբ, ուժգնությամբ և այլնով) ◆ Փոքր համբերիր, թող որ անցնի փոթորիկ։ Հովհաննես Հովհաննիսյան
  17. հասարակական կամ պաշտոնական ոչ բարձր դիրք գրավող, ցածր դիրք՝ աստիճան ունեցող ◆ Փոքր մարդիկ։
  18. ոչ լուրջ, ոչ խիստ, թեթև, մեծ նշանակություն՝ ազդեցություն չունեցող ◆ Տղաներն ամեն օր նրան ընդունում էին նորանոր մեծ ու փոքր դավերով։ (Անահիտ Սահինյան)
  19. որևէ բանի՝ երևույթի՝ նշանավոր անձի և այլնի աննշան դրսևորում՝ մարմնացում հանդիսացող, որևէ մեծ բանի չնչին ներկայացուցիչ ◆ Նա այդտեղ իրեն մի փոքր հրամանատար էր համարում։
  20. ցածրորակ, վատորակ, ոչ առաջնակարգ, ոչ լավ ◆ Մեծ Համլետի փոքր դերակատար։

Գոյական

  1. երեխա, մանուկ
  2. կրտսեր մարդ, ոչ ավագ

Հոմանիշներ

խմբագրել
  1. փոքրիկ, փոքրածավալ, մանր, մանրիկ, (գվռ․)՝ պստիկ, պստի, պստլիկ, պիծի, պիծիկ, պիծիլիկ, պծի, պծար, պճլա, պճլի, պճլիկ, պճիկ, պիճիլիկ, պուճուր, պուճուրիկ, պլուլիկ, պլուզիկ, պնտլիկ, պպլիկ, պտլիկ, պտըտիկ, կուճի, կուճուր, կուճուլ, կուճուրիկ, կուճին, կխթիկ, կխթլիկ, կճատիկ, ճմբլիկ, ճմլի, ճստիկ, ճմլիկ, մնտլիկ, մնդլիկ, մինտիլիկ, միտիլիկ, միտիկ, ծեթ, ծիծլան, քոնտոզիկ, քստիկ, քցափիկ, վրնիկ, մինի-մինի
  2. ցածրահասակ, փոքրահասակ, փոքրիկ, գաճաճ, (գվռ․)՝ պստիկ, պստլիկ, պստի, պճլիկ, պիճի, պիճիլիկ, պիճիկ, պուճուր, պուճուրիկ, ճստիկ, մստլիկ, մնդլիկ, մինտիլիկ, միտիլիկ, միտիկ, թելիկ-մելիկ
  3. կարճ, համառոտ
  4. տե՛ս փոքրաթիվ
  5. կարճ, կարճատև
  6. ցածր
  7. անկարևոր, աննշան, թեթև, դույզն
  8. անչափահաս, փոքրահասակ
  9. կրտսեր
  10. տե՛ս վատորակ
  11. տե՛ս երեխա

Արտահայտություններ

խմբագրել
  1. փոքր առ փոքր - քիչ-քիչ, աստիճանաբար, հետզհետե
  2. Փոքր արջ (աստղգ․) - երկնակամարի հյուսիսային կիսագնդի համաստեղություններից մեկը, որի մեջ մտնող աստղերը դասավորված են շերեփի ձևով, Փոքր սայլ, Փոքր սայլակ
  3. փոքր գալ՝ լինել - պահանջված չափից՝ ծավալից փոքր լինել, պահանջված չափին չհամապատասխանել
  4. փոքր գերերի - տե՛ս գետնասունկ, գերուկ
  5. փոքր եղինջ - տե՛ս եղինջիկ
  6. փոքր ինդուստրիա - տե՛ս տեղական արդյունաբերություն
  7. փոքր-ինչ
    1. մի կարճ ժամանակ
    2. մի քիչ
    3. որոշ չափով
  8. փոքր ի շատե - նույնն է՝ փոքրիշատե
  9. փոքր լուսավոր - տե՛ս լուսին
  10. փոքր կակուլա - տե՛ս հիլ
  11. փոքր մի ևս (հնց․) - մի քիչ էլ եթե, քիչ մնաց՝ քիչ էր մնացել որ …
  12. փոքր մնալ - քիչ մնալ, այն է հա …, համարյա
  13. փոքր մշկածաղիկ - տե՛ս մարեմախնկենի
  14. փոքր մոլախինդ - տե՛ս գարշահոտ շնկարոս
  15. փոքր շուշմիլ - տե՛ս հիլ
  16. փոքր ջերմատակ - տե՛ս արյունակուլ
  17. փոքր ցաբ - տե՛ս գետնատափ
  18. փոքր ցախ - տե՛ս ցախավել, կանտորի
  19. մի փոքր
    1. մի կարճ ժամանակ
    2. մի քիչ
    3. որոշ չափով

Աղբյուրներ

խմբագրել
  NODES